«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Էլիտա Հավելե. «Շատ կարևոր է, որ ԵՄ-ն ու Հայաստանը արդյունավետ աշխատում են նոր՝ հնարավոր շփումների շրջանակը գտնելու վրա»

Էլիտա Հավելե. «Շատ կարևոր է, որ ԵՄ-ն ու Հայաստանը արդյունավետ աշխատում են նոր՝ հնարավոր շփումների շրջանակը գտնելու վրա»
13.02.2015 | 13:33

Փետրվարի 12-ին Հայաստանում Լատվիայի դեսպան Էլիտա Հավելեն մասնակցում էր «Լատվիայի նախագահությունը ԵՄ-ում ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը», «Լատվիական նախագահության գերակայությունները և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» քննարկմանը «Կոնգրես» հյուրանոցում, որ կազմակերպել էին Հայաստանում Լատվիայի դեսպանատունը և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Քննարկման թեմային ու թեմայից դուրս հարցերին դեսպան Էլիտա Հավելեն սիրով պատասխանեց:

-Ի՞նչ գիտեք Դուք 1915-ի Հայոց ցեղասպանության մասին:
-Չեմ կարող ասել, որ ես պատմաբան եմ ու ամեն ինչ գիտեմ, բայց իբրև Հայաստանում Լատվիայի դեսպան՝ կարող են ասել, որ այս տարի ապրիլի 24-ին հիշատակի մեծ միջոցառումներ են կազմակերպվելու Հայաստանում ու սփյուռքում այդ ողբերգական դեպքերի կապակցությամբ: Լատվիան չի անվանել այդ իրադարձությունները ցեղասպանություն, բայց մենք բոլորս հիանալի հասկանում ենք, որ մեծագույն ողբերգություն է կատարվել ու մեկուկես միլիոն մարդու կյանք է խլել: Ապրիլի 24-ին Լատվիան հիշատակի միջոցառումներին կմասնակցի բարձր պատվիրակությամբ:
-Լատվիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է, որ 100-րդ տարելիցի նախօրեին Ձեր երկիրը ճանաչի ցեղասպանությունը:
-Դա խորհրդարանի և կառավարության իրավասությունների շրջանակում է, և ես նման տեղեկություններ չունեմ:
-Ի՞նչ եք կարծում՝ դա ճշմարտության պահ է Թուրքիայի՞ համար, Հայաստանի՞, թե՞ ողջ աշխարհի:
-Ինձ շատ ուրախացնում է, որ Հայաստանում նախատեսված հիշատակի միջոցառումները միայն 100-րդ տարելիցի շրջանակներում չեն, այլ ուղղված են լինելու ընդհանրապես ցեղասպանության դեմ ողջ աշխարհում: Ես համոզված եմ, որ ապրիլի 24-ը աշխարհի համար դա է լինելու, որովհետև չկենտրոնանալով սեփական սարսափելի ցավի վրա՝ Հայաստանը ուշադրություն է հրավիրում աշխարհում ցանկացած սարսափելի իրադարձության կանխման անհրաժեշտության վրա: Դա ձեր կառավարության շատ ճիշտ որոշումն է՝ ուշադրությունը բևեռել ոճիրների կանխման վրա:
-Ինչպե՞ս եք Թուրքիայի դիրքորոշումը գնահատում ցեղասպանության ճանաչման հարցում:
-Լինելով Հայաստանում ու Վրաստանում Լատվիայի դեսպան, կարծում եմ, որ վայել չէ անձնական վերաբերմունք արտահայտել Թուրքիայի կառավարության որոշումների վերաբերյալ: Լատվիական կողմը նորից ու նորից հաստատում է, որ բոլոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով պետք է լուծվեն՝ առանց ագրեսիայի ու հանգիստ իրավիճակում:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, կստորագրվի՞ քաղաքական, տնտեսական համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից հետո:
-Ես հասկանում եմ, որ դա մեծ անակնկալ էր ու շոկ, երբ 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանը որոշեց ստորագրել Մաքսային միության հետ, ինձ շատ ուրախացնում է, որ մենք չդադարեցրինք մեր բանակցությունները: Դժվար է կանխատեսել, թե ինչպես իրադարձությունները կզարգանան մեկ ամիս հետո, երկու ամիս, կոնկրետ ինչ պայմանագրեր կստորագրվեն Արևելյան հարևանության գագաթնաժողովում Ռիգայում, շատ կարևոր է, որ ԵՄ-ն ու Հայաստանը արդյունավետ աշխատում են նոր՝ հնարավոր շփումների շրջանակը գտնելու վրա, ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Դա ամենակարևորն է, հունվարի 20-ին ԵՄ խորհրդի նիստն էր և մեր արտաքին գործերի նախարարը, իբրև ԵՄ խորհրդում նախագահող երկրի նախարար, շատ արդյունավետ ու բովանդակալից բանակցություններ անցկացրեց: Ոչ միայն Հայաստանի դեպքում՝ շատ կարևոր է, որ ԵՄ-ում պահպանվի Արևելյան գործընկերության ձևաչափը, որովհետև մենք դա համարում ենք շատ հաջող ձևաչափ, որը բոլոր վեց երկրներին հնարավորություն է տալիս իրենց կամքով մասնակցել ԵՄ-ի հետ հետագա բանակցություններին: ԵՄ-ն պատրաստ է առավել մեծ տարբերակումների հնարավորություն տալ, որպեսզի յուրաքանչյուր երկիր հնարավորինս խոր ու անհատական կարողանա զարգացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:
-ՈՒկրաինայի հարցում ՌԴ-Արևմուտք դիմակայությունը ի՞նչ ազդեցություն կունենա ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահության շրջանի վրա:
-Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ արտաքին քաղաքականություն կվարեն երկրները: Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո նոր շատ մարտահրավերներ են հայտնվում Լատվիայի նախագահության օրակարգում: Փարիզում կատարվածը, ՈՒկրաինայի ու Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները, գիշերային բանակցությունները նոր մարտահրավերներ են բերում մեր նախագահության շրջան: Սա մեր առաջին նախագահությունն է և առայժմ մեր գործընկերների գնահատականով՝ մենք կարողանում ենք հաջողություններ գրանցել:
-ՀՀ-Լատվիա հարաբերություններն այս պահին ինչպե՞ս եք գնահատում:
-Անկախ, թե Հայաստանն ինչ ճանապարհ է ընտրել, միշտ շատ լավ երկկողմանի հարաբերություններ ենք ունեցել: Խոսուն փաստ է, որ դեռ մեր նախագահությունից առաջ Հայաստան եկավ մեր արտաքին գործերի նախարարը, որ նա ԵՄ խորհրդի ու ՀՀ-ի քննարկումները կազմակերպեց, այս տարի Հայաստան կգա Լատվիայի խորհրդարանի նախագահը: Քաղաքական հարաբերությունները իսկապես բարեկամական են ու շատ կառուցողական, տնտեսական հարաբերություններում առաջընթաց կա, բայց երկու երկրների հեռավորությունը խանգարում է տոկոսային առումով բարձր ցուցանիշներ ունենալուն: Այս տարի ծրագրել ենք տնտեսական ֆորում անցկացնել: Ռիգայում Արևելյան հարևանության գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում կկազմակերպվի բիզնես ֆորում, որին հրավիրված են բիզնեսի բոլոր ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են այդ հարցով: Կարծում եմ՝ նրանք նոր հնարավորություն կունենան բիզնես երկխոսությունը զարգացնելու, շփումների, ընդհանուր գործ սկսելու համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ