ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Բոլորն էին այդ կերպ՝ խոնարհվելով մտնում հացի այդ խանութը. պատճառը հացավաճառն էր՝ Մաշոն»

«Բոլորն էին այդ կերպ՝ խոնարհվելով մտնում հացի  այդ խանութը. պատճառը հացավաճառն էր՝ Մաշոն»
13.02.2015 | 11:30

«Իրատես de facto»-ի հյուրն է մանկավարժական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, դոցենտ ՍԻՐԱՄԱՐԳ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ: Նրա հետ հանդիպման հիմնական նպատակն է անդրադառնալ իր ընտանիքի պատմության ճակատագրական ժամանակահատվածին, որը լույս կսփռի Հայոց ցեղասպանության բազմաթիվ ցնցող դրվագներից ու դրանց մասնակիցներից մեկի վրա: Թեև պակաս ուշագրավ չեն նաև նրա մանկական հիշողություններն իրենց երևանյան բակի մասին, որ առնչվում են հայ դասական Դերենիկ Դեմիրճյանի հետ:

«ՄԱՇՈՆ»


-Տիկին Սիրամարգ, Ձեզ հետ զրուցելու բուն նպատակը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ձեր ընտանիքին պատուհասած ողբերգության մասին պահպանվող բանավոր հիշողության գրավոր ամրագրումն է մեր թերթի էջերում: Փորձեք հիշել այդ պատմությունը՝ բոլոր մանրամասնություններով, և փոխանցել այն մեր ընթերցողներին:
-Ես ավելի շատ ուզում եմ պատմել ոչ թե իմ ընտանիքի, այլ մի կնոջ մասին, որը մեծ գործ է կատարել Հայոց ցեղասպանության շրջանում, բայց անիրավացիորեն մնացել է ստվերում, մոռացվել: Պատմեմ այնպես, ինչպես ինքս եմ լսել այդ պատմությունը:
-Խնդրեմ:
-Ես խորհրդային ժամանակաշրջանի ծնունդ եմ, մի ժամանակաշրջան, երբ ընդունված չէր խոսել ցեղասպանության մասին, ավելին՝ դա ցանկալի չէր ծնողների համար, որովհետև իրենց երեխաներին այդպիսի պատմություններ պատմելով՝ ենթարկում էին հոգեբանական ցնցման և դնում վտանգավոր վիճակի մեջ՝ այն օրերի վարչակարգի հետապնդումներին ենթարկվելու առումով: Սա էր հիմնական պատճառը, որ ես «մութ ու խավարի» մեջ եմ մեծացել: Իհարկե, գիտեի, որ մայրս Կարսից է, բայց ոչ մի մանրամասնություն ինձ հայտնի չէր: Առաջին ինֆորմացիան մորս ընտանիքի անցյալի մասին ինձ հասավ, երբ 14-15 տարեկան էի: Ձմեռային արձակուրդներին գնացել էի Թբիլիսի՝ քեռուս տուն: Քեռիս ինձ իր հետ տարավ հաց գնելու, բայց ոչ թե իրենց շենքի տակ գտնվող հացի խանութից: Մենք բավական երկար ճանապարհ կտրեցինք տրամվայով, հասանք մի հացի խանութի, որի դռնից ներս մտնելիս քեռիս կոկեց իրեն, հանեց ցիլինդրն ու հարգալից խոնարհվեց: Հետո պիտի իմանայի, որ բոլորն էին այդ կերպ՝ խոնարհվելով մտնում հացի այդ խանութը. պատճառը հացավաճառն էր՝ Մաշոն:
-ՈՒմ մասին հուշն էլ ցանկանում եք հասցնել մարդկանց, այո՞:
-Այո: Իմ մոր հայրական ընտանիքն ապրել է Կարսում մինչև տեղահանությունն ու կոտորածը: ՈՒնեցել են մեծ, շքեղ տուն՝ Կարսի կենտրոնական մասում: Մորս ծնողներն ունեցել են հինգ երեխա՝ երեք աղջիկ, երկու տղա: Նրանց հետ է ապրել նաև տատիկը, ինչպես որ ընդունված էր հայկական ավանդական ընտանիքներում: Տատիս մեծ աղջիկն ամուսնացել էր, տեղափոխվել Լենինական: Երբ մոտեցել էր նրա ծննդաբերելու ժամանակը, մայրը եկել էր Լենինական, որպեսզի աղջկա կողքին լիներ: Հենց այդ ժամանակ է Կարսում սկսվել տեղահանությունը: Մերոնց տանը մնացել էին փոքր երեխաները՝ մայրս, մորաքույրս՝ տատիկի և մի բարեկամի՝ 17-18 տարեկան գեղեցկատես աղջկա հետ: Իմանալով, որ քաղաքի բոլոր ելքերը փակ են՝ բացի մի դարպասից, նրանք շտապել են այնտեղ: Մինչև հասել են դարպասին, այն փակվել է, հիմա էլ ստիպված են եղել այլ ելք փնտրել: Մինչև հասել են մյուս դարպասին, դա էլ է փակվել: Վազել են կամրջի կողմը, տեսել, թե ինչպես են մարդիկ իրենց մեջքներին կապած փախցրել երեխաներին: Հասնելով գետին՝ երեխաներին գցել են գետը, որպեսզի հետ գնան ու փրկեն մյուսներին: Մի սարսափելի տեսարան է եղել: Բոլոր ճանապարհները փակ գտնելով՝ վերադարձել են տուն, որն արդեն հիմնիվեր ավերված ու թալանված է եղել: Այստեղ իմացել են, որ պապիս թուրքերը քշել-տարել են: Հետո ինչ-որ հայ ընտանիք նրանց ապաստան է տվել իր տանը: Այդ տանը նաև բազմաթիվ ուրիշ հայեր են եղել: Մի գիշեր պահելուց հետո մորս ու մորաքրոջս դուրս են թողել, պահել են տատիկին, որովհետև ծեր կին էր, նրա հետ դժվար կլիներ փախչել: Պահել են նաև բարեկամի աղջկան: Իսկ փոքրիկները նորից գնացել են իրենց տուն, էլ ո՞ւր պիտի գնային երկու փոքր երեխաները:
-Իսկ տան տղամարդի՞կ:
-Նրանց մասին հարևաններն են պատմել մորս տատիկին: Ասել են, որ պապս ու մեծ քեռիս եկել են տուն՝ փորձելով տան իրերից ինչ-որ բան վերցնել: Վրա են հասել թուրքերը, բռնել նրանց: Պահանջել են, որ քեռիս հանի վերարկուն, որի տակ նրա զինվորական համազգեստն էր. նա ծառայում էր ռուսական բանակում: Համազգեստը տեսնելով՝ թուրքերը գնդակահարել են նրան: Իսկ պապիս իրենց հետ տարել են: Այդ ամենը կատարվել է երկու մանկահասակ աղջիկների՝ մորս ու մորաքրոջս աչքերի առաջ: Նրանք տեսել են, թե ինչպես է իրենց մեծ եղբայրն ընկել տան աստիճանների վրա: Բայց թուրքերի գնալուց հետո բազմաթիվ դիակների մեջ չեն կարողացել նրանը գտնել: Տեսել են, որ նրա ընկած տեղից արյան հետք է ձգվում դեպի փողոց, որտեղ՝ իրենց տան դիմացի մայթին, գտնվում էր ամերիկյան որբանոցը: Մեծ քեռուս այդպես էլ չեն կարողացել գտնել: Իսկ պապս, որ լավ արհեստավոր է եղել, որոշ ժամանակ հետո թուրքերը բաց են թողել, և նա վերադարձել է իր ընտանիքի մոտ: Բայց ես պիտի վերադառնամ Մաշոյին: Նույնիսկ չգիտեմ էլ, ասեմ, թե չասեմ նրա մասին իմ իմացած ողջ ինֆորմացիան:
-Ինչ-որ վարկաբեկիչ բա՞ն կա դրանում:
-Ասում են, որ նա թուրք փաշայի սիրուհին է եղել, և օգտագործելով այդ կապը, քարավաններով հայերի է փրկել և ուղարկել Արևելյան Հայաստան:
-Ի՞նչ ասես, գեհենից փրկվելու միջոցներից մեկն էլ դա է եղել:
-Այո՛, և փրկվածները մեկ-երկուսը չեն եղել, հարյուր-հազարներ են եղել, որոնց Մաշոն ոտքով, գնացքով ուղարկել է Լենինական: Իմ տատի երեխաներին էլ է նա փրկել: Երբ տատս իմացել է իր ընտանիքի հետ կատարվածի մասին, գտել է Մաշոյին, խնդրել, որ գտնի ու իրեն հասցնի իր երեխաներին՝ մորս, մորաքրոջս, քեռիներիս: ՈՒ վրայից ցանկացել է հանել ամբողջ ոսկեղենը, որպեսզի տա Մաշոյին: Մաշոն ոչինչ չի վերցրել, խոստացել է գտնել տատիս երեխաներին: ՈՒ գտել է: Մի մանկատանը գտել է մորս ու մորաքրոջս: Մեկ ուրիշ մանկատանը գտել է քեռուս:
-Որի վրա կրակե՞լ էին թուրքերը:
-Ո՛չ, այդ քեռիս չի գտնվել: Գտնվել է փոքր քեռիս:
-Որն էլ Ձեզ տարել էր Մաշոյի մոտ՝ հացի խանո՞ւթ:
-Այո՛: Մորս ու մորաքրոջս Մաշոն տատիս մոտ է ուղարկել գնացքով, քեռուս՝ ոտքով: Բոլոր քարավաններն ուղեկցում էին ասկյարները՝ ապահովելով հայերի անվտանգությունը:
-Ասկյարը հայի անվտանգությո՞ւն էր ապահովում:
-Նրանք ասել են. «Սա Մաշոյի քարավանն է, ոչ ոք չմոտենա»: ՈՒ բոլորին Մաշոն փրկել է անվարձահատույց կերպով: Սա էր պատճառը, որ քեռիս ու Մաշոյի խանութ մտնող յուրաքանչյուր հայ, եթե անգամ չէր եղել Մաշոյի փրկած քարավաններում, խոնարհվում էր և հարգանքի տուրք մատուցում այդ կնոջը:
-Ձեր նպատակն այս կնոջ մասին հնարավորինս լայն զանգվածներին տեղեկացնելն է: Ի՞նչ տարբերակով կնախընտրեիք, որ արվեր դա՝ ֆիլմի՞ տեսքով, գեղարվեստական գրականությա՞ն:
-Ինձ համար միևնույն է, միայն թե մարդիկ իմանան ու բարի անունով հիշեն այդ կնոջը:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼԸ «ԽԱՐԱԿԻՐԻԻ» ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ ԿԼԻՆԻ»


-Դուք եղե՞լ եք Արևմտյան Հայաստանում, այն բնօրրանում, որտեղ ապրել են Ձեր նախնիները և նույն այդ Մաշոն:
-Չեմ եղել և վախենում եմ լինել: Ես ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում: Ինձ համար Արևմտյան Հայաստան այցելելը «խարակիրիի» նման մի բան կլինի:
-Իմ հեռավոր ազգականներից մեկը գնացել էր Մուշ, տեսել պապի տունն ու վերադարձին հանկարծամահ եղել հենց գնացքում՝ չհասնելով Երևան:
-Չեմ զարմանում, ես էլ եմ նման բան կանխազգում: Շատ եմ ուզում մերոնց տունը տեսնել, որն այնքան լավ են նկարագրել, որ հաստատ կգտնեմ, բայց վախը չեմ հաղթահարում:

«ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՆՍՏԱԾ ԷՐ «ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ»


-Ձեր մանկությունն անցել է Երևանի ամենահին բակերից մեկում՝ շրջապատված նշանավոր հարևաններով: Կպատմե՞ք նրանց մասին:
-Ես ապրում էի Վահան Միրաքյանի և Դերենիկ Դեմիրճյանի հարևանությամբ, որոնց հետ մտերիմ էր պապիկս: Ես շատ փոքր էի, բայց հիշում եմ, թե ամբողջ բակն ինչպիսի ակնածանքով էր վերաբերվում նրանց: Իհարկե, Դեմիրճյանի հանդեպ վերաբերմունքն առանձնակի էր: Հիշում եմ ոչ միայն Դեմիրճյանին, այլև նրա որդիներին՝ Վիգեններին: Ի դեպ, ավագ Վիգենը, թեև հիվանդ էր, բայց շատ սոլիդ տեսք ուներ, երբեք իրենից չէր վանում: Մեկ-երկու դեպք եմ հիշում՝ կապված Դերենիկ Դեմիրճյանի հետ: Առաջ ամռանը բակային ճամբարներ էին կազմակերպվում, և բակի հարգված բնակիչներն անպայման նստած էին լինում «նախագահության» կազմում: Մեր բակի ճամբարի բացմանը ես՝ որպես բակի ամենափոքրը, պիտի առաջինը ելույթ ունենայի՝ արտասանեի: Բայց հենց եկավ ելույթիս պահը, մոռացա ոտանավորս ու սկսեցի լաց լինել: Դեմիրճյանը, որ հայրիկիս հետ նստած էր «նախագահությունում», ինձ գրկեց, սկսեց շոյել մազերս և ամբողջ այդ երեկոյի ընթացքում գրկից չիջեցրեց: Մյուս պատմությունը կապված է շնիկների հետ:
-Դեմիրճյանին ամենաբնորոշ թեմաներից մեկը՝ կենդանասիրությունը:
-Այո՛: Եղբայրս գնել էր ցեղական շան երկու քոթոթ: Դեմիրճյանի որդին՝ երկրորդ Վիգենը, շատ էր ուզում, որ եղբայրս մեկը տա իրեն: Եղբայրս նրան չոր մերժել էր. ինչ-որ պատճառով իրար հետ լեզու չէին գտնում այդ տղաները: Բանը հասավ նրան, որ Դեմիրճյանն անձամբ եկավ եղբորս խնդրելու, որ շան քոթոթը տա Վիգենին: Նա կանգնած մեր պատուհանի տակ խոսում էր հորս հետ, հայրս համոզում էր եղբորս՝ ասելով. «Մի տե՛ս, թե ով է քեզ խնդրում, ինչպե՞ս կարող ես Դերենիկ Դեմիրճյանին մերժել»: Եղբայրս համառորեն իրենը պնդեց՝ ասելով. «Ես Դերենիկ Դեմիրճյանին ամեն ինչ էլ կտայի, բայց Վիգենին շուն չեմ տա»: Հետո անցան տարիներ, ու ես Դեմիրճյանի հատորներից մեկում կարդացի պատմվածքի վերնագիր՝ «Խուժանի շունը»։ Մտածեցի, որ իմ իմացած պատմությունն է դարձրել պատմվածքի թեմա:
-Ոչ-ո՜չ, հրաշալի, սրտառուչ այդ պատմվածքն այլ բովանդակություն ունի:
-Գիտեմ, իհարկե: ՈՒ նաև պիտի ասեմ, որ Դեմիրճյանն այդ պատճառով չէր նեղացել մեզնից, հասկանում էր, որ եղբորս՝ Դավթի մեջ ընդամենը տղայական կամակորությունն է խոսում: Իսկ մեծ մարդիկ մեծահոգի են լինում բոլոր դեպքերում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ