«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մանկական ուռուցքային հիվանդությունների շարքում արյան քաղցկեղը ՀՀ-ում մինչև 25 տոկոս է»

«Մանկական ուռուցքային հիվանդությունների  շարքում արյան քաղցկեղը ՀՀ-ում մինչև 25 տոկոս է»
13.02.2015 | 11:09

Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ առիթով նշված հիվանդության դեմ պայքարող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամները արշավ են նախաձեռնում՝ երկրների բնակչության լայն շերտերին տեղեկացնելու մանկական ուռուցքային հիվանդությունների վաղ նախանշանների մասին:
ԱՀԿ վիճակագրության համաձայն` ամբողջ աշխարհում տարեկան 200 հազար երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով, իսկ օրական 250 երեխա մահանում է այդ հիվանդությունից:
Ըստ վիճակագրության, ուռուցքային հիվանդությունները զարգացած երկրներում, ընդհանուր առմամբ, 1-16 տարեկան երեխաների մահացության պատճառների շարքում երկրորդ տեղն են զբաղեցնում: ԱՀԿ-ի մասնագետների կարծիքով, վաղ, ճիշտ ախտորոշման և ժամանակին բուժում ստանալու պարագայում մանկական չարորակ ուռուցքների շուրջ 70 տոկոսը բուժվում է:
Վերջին 10 տարում Հայաստանում հայտնաբերվել են չարորակ նորագոյացություններով 0-17 տարեկան 714 առաջնակի հիվանդներ (տարեկան միջինը` 70 հիվանդ): Հիվանդացության ցուցանիշը համեմատաբար բարձր է եղել 2004 և 2005 թվականներին: Նշված ժամանակահատվածում են հիմնականում արձանագրվել արյունաստեղծ, ավշային, գլխուղեղային, նյարդային համակարգերի, ոսկրային հյուսվածքների, ինչպես նաև երիկամային չարորակ նորագոյացությունները:
«Մանկական օնկոլոգիական հիվանդություններից ո՞րն է մյուսների համեմատ գերակշռում կամ ավելի հաճախ հանդիպում Հայաստանում» հարցով սկսեցինք զրույցը «Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի» նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան «ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳՐԻԳՈՐ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

-Ամենից հաճախ հանդիպող տեսակը արյան քաղցկեղն է կամ լեյկոզը, որը տվյալ հիվանդության մեջ կազմում է մինչև 25 տոկոս: Երկրորդ տեղում լիմֆոմաներն են, որոնք ախտահարում են ավշային համակարգը (մոտ 15-18 տոկոս), և երրորդում` կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները (15 տոկոս): Ախտահարվում են նաև առանձին օրգաններ` երիկամներ, լյարդ, աչք, փափուկ հյուսվածքներ ու ոսկրեր:
-Մանկական օրգանիզմում առաջնային չարորակ ուռուցքներն ու դրանց առաջացման հիմնական պատճառները ինչի՞ հետևանք են:
-Առաջնային չարորակ ուռուցքները կարող են զարգանալ անգամ սաղմնային փուլում, և դրանց առաջացման պատճառները դեռևս լիովին բացահայտված չեն: Եթե ավելի բարձր տարիքի անձանց մոտ որոշ դեպքերում կարելի է հայտնաբերել քաղցկեղի առաջացման պատճառը` հիմնվելով ստամոքսի խոցի, արգանդի վզիկի էրոզիաների կամ կրծքագեղձի ուռուցքի առկայության վրա, ապա երեխաների մոտ, որպես կանոն, նախաքաղցկեղային հիվանդություններ հայտնաբերելն ավելի դժվար է, քանի որ վերջիններս դրանցով չեն հիվանդանում:
Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները (ըստ իս) կարող են լինել սննդում և օդում առկա քաղցկեղածին նյութերը, ծնողների կողմից ծխախոտի, ալկոհոլի չարաշահումները, մոր` մինչև հղիությունն ունեցած առողջական խնդիրները, էկոլոգիական աղետալի վիճակը, ինչպես նաև արևային ճառագայթման հետևանքները:
ԱՀԿ-ի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդ երեխաների մեծ մասը լույս աշխարհ են բերել հիմնականում 35-40 տարեկան մայրերը: Թե ինչի հետևանք է այդ երևույթը, ոչ մի ուռուցքաբան մինչ օրս չի կարողացել հիմնավորապես բացատրել: Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս ավելի վաղ տարիքում երեխա ունենալ:
-Առաջնային չարորակ ուռուցքով հիվանդ երեխաների թիվը կենտրոնում ինչքա՞ն է: Նրանցից քանի՞սն են բուժվում, և քանի՞սն են հսկողության տակ:
-Հայաստանում տարեկան գրանցվում է առաջնային չարորակ ուռուցքով մանկական հիվանդության 80-90 դեպք: Ներկայումս ՈՒԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում օնկոլոգիական նորագոյացություններ ունեցող մոտ 30 երեխա կա, որոնցից բուժում է ստանում շուրջ 10-ը: Չարորակ ուռուցքներով երեխաների բուժումը (քիմիաթերապիա, վիրահատություն, ճառագայթ) տևում է 8-10 ամիս:
Նշեմ, որ ՈՒԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունքը տարեկան ընդունում է 200-ից ավելի երեխա, այդ թվում՝ բուժման կրկնակի կուրսի կարիք ունեցող երեխաներին: Վերջին տարիներին բաժանմունքում սկսել են կիրառվել ինտենսիվ և արդյունավետ բուժման սխեմաներ, ինչպես նաև զուգակվցող թերապիա, որն օրգանիզմին թույլ չի տալիս տուժել քիմիաթերապիայից: Այդ է վկայում բաժանմունք ընդունվողների ու կրկնակի կուրսեր ստացողների թիվը:
Ներկայումս բաժանմունքի վերահսկողության տակ է մոտ 350 երեխա, ովքեր վերջին 5-15 տարվա ընթացքում արդեն բուժվել են:
-Բուժումն ի՞նչ ձևով և մեթոդներով եք իրականացնում:
-Հիմնական բուժումը կատարվում է քիմիաթերապիայի, մասամբ էլ վիրահատության և ճառագայթային թերապիայի միջոցով: Մանկական ուռուցքները շատ զգայուն են քիմիայի նկատմամբ, և սկզբնական փուլում հայտնաբերելիս հնարավոր է լինում արագ, արդյունավետ բուժել: Եթե համալիր բուժումից հետո չարորակ ուռուցքը երկու-երեք տարի անց չի կրկնվում, բժիշկները համարում են, որ երեխան լիովին բուժվել է և ամբողջ կյանքում ապրելու է առանց այդ հիվանդության վտանգի: Մեծահասակների դեպքում ռիսկային գործոնն ավելի տևական է՝ մինչև 5 տարի:
Քաղցկեղից լիովին բուժված երեխաների (հիվանդության ցանկացած փուլում) ցուցանիշը զարգացած երկրներում 75-80 տոկոս է, իսկ զարգացողներում լիովին բուժվածների թիվը չի գերազանցում 20-30 տոկոսը: Հայաստանում քաղցկեղից լիովին բուժված երեխաների միջին տոկոսը 65 է:
Նշեմ, որ երեխաների քաղցկեղի վաղ հայտնաբերման գործում կարևոր է առաջին օղակի՝ մանկաբույժների, ընտանեկան բժիշկների դերը, ովքեր պետք է ուղղորդեն նաև ծնողներին, քանի որ երեխայի չարորակ ուռուցքի առաջացման նախնական փուլում ի հայտ եկած ախտանշանները ծնողները հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ:
ՈՒԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունք ամեն օր կոնսուլտացիայի (մասնագիտական խորհրդատվության) դիմում է 4-5 երեխա, որոնց մի մասի դեպքում չարորակ ուռուցքի առկայությունը ժխտվում է:
-Քաղցկեղը ժառանգաբար փոխանցվո՞ւմ է:
-Գենետիկան թեև այստեղ էլ կարևոր դեր ունի, սակայն ուռուցքները հիմնականում ժառանգաբար չեն փոխանցվում: Ժառանգաբար փոխանցվում է ուռուցքի միայն մեկ տեսակ` ռետինոբլաստոման (աչքի չարորակ ուռուցք), որը հիմնականում երեխաների 2-4 տոկոսի մոտ է հանդիպում: Այսօր կենտրոնի մասնագետների վերահսկողության տակ մի ընտանիք կա, որի հինգ երեխաներից երեքը հիվանդ են ռետինոբլաստոմայով:
- Որո՞նք են այսօր ՀՀ-ում մանկական ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրները:
-Վերջին տարիներին մեր երկրում մանկական ուռուցքաբանության ոլորտում քիչ են ներդրվում նոր տեխնոլոգիաներ: Եվ հենց այդ ժամանակակից տեխնոլոգիաների պակասի պատճառով արտասահման բուժման մեկնողների թիվն ավելացել է, չնայած այնտեղ բուժումը 50-70 հազար եվրո է:
ՈՒԱԿ-ում չարորակ ուռուցքների բուժումը պետպատվերի շրջանակներում է, բայց եթե անհրաժեշտ դեղորայքը պետականորեն կամ հովանավորի կողմից հումանիտար ձևով չի հատկացվում կենտրոնին, ծնողն իր հաշվին ստիպված գնում է շուկայից: Այստեղ մեծ օգնություն է ցուցաբերում «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որն ամբողջովին փոխհատուցում է ծնողների վճարումները դեղորայքի համար:
Զարգացած երկրներում առաջին, ամենաարդյունավետ տեխնոլոգիան, ինչպես նաև ամենաթանկարժեք և նոր ստեղծված դեղորայքը այսօր հատկացվում են երեխային: Եթե ստեղծվել է ճառագայթային, ախտորոշիչ, վիրահատական կամ էնդոսկոպիկ նոր սարք, տրվում է մանկական ուռուցքաբանությանը: Մեզ համար, հասկանալի պատճառներով, դեռևս անմատչելի են այդ սարքավորումներն ու տեխնոլոգիաները:
Իմ կարծիքով, եթե Հայաստանն ունենար ժամանակից բոլոր սարքավորումները, ապա քաղցկեղից լիովին բուժված երեխաների թիվը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին:
-Ի՞նչ կասեք մեծերի և մանկական ուռուցքների տարբերության և առանձնահատկությունների մասին:
-Քաղցկեղի այն տեսակները, որոնք հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե բացակայում են: Տարբերություն կա նաև ուռուցքների և բուժման մեթոդների միջև:
Եթե մեծահասակների մոտ կա վիզուալ, այսինքն` տեսանելի ուռուցքների շարք, ապա մանկական ուռուցքները գտնվում են մարմնի ավելի խոր հատվածներում` որովայնում, ուղեղում և այլն: Դրանք մեծ մասամբ հայտնաբերվում են հանկարծակի, քանի որ երեխան սկզբնական փուլում չի կարող մանրազնին շոշափել և նկատել ուռուցքը: Այդ պատճառով սկզբնական փուլում ախտորոշումը բավականին դժվար գործընթաց է:
-Ոլորտը զարգացնելու և ավելի արդյունավետ բուժում կազմակերպելու համար ինչպիսի՞ հեռանկարներ և ծրագրեր ունեք:
-Կան որոշ մեթոդներ (ոչ ստանդարտ քիմիաթերապիան), որոնք առայժմ ներդրված չեն Հայաստանում: Դրանցից է գերբարձր քիմիաթերապիան, որը պարտադիր շարունակվում է ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Ներկայումս ընթացող հիմնարար աշխատանքների շնորհիվ այդ մեթոդները շուտով կներդրվեն նաև ՀՀ-ում, որոնց չկիրառվելն է հիմնականում ստիպում հիվանդ երեխաներին տանել արտասահման բուժման:
-Ներկայումս քանի՞ բժիշկ-ուռուցքաբան է աշխատում բաժանմունքում, և քանի՞ մանկական ապագա ուռուցքաբան է ուսում ստանում մայր բուհում:
-Բաժանմունքում ներկայումս աշխատող բժիշկ-ուռուցքաբանների թիվը ընդամենը հինգն է: Ոլորտի ամենամեծ խնդիրներից է, որ Երևանի պետական բժշկական համալսարանում արդեն 5 տարի է, ինչ չի դասավանդվում մանկական ուռուցքաբանություն: Ամբիոնը տարանջատված գործում է տարբեր հիվանդանոցներում` դժվարամատչելի դարձնելով բարձր մակարդակով ուսուցումը:
Այդ պատճառով է, որ մենք հիմա չունենք այնպիսի երիտասարդ բժիշկ-օրդինատորներ, որոնք ցանկանան դառնալ մանկական ուռուցքաբան:
-Խնդրում եմ ներկայացնեք երեխաների քաղցկեղի կանխարգելման և բուժման համար կենտրոնում սահմանված գները:
-Նշեմ, որ չարորակ ուռուցքներով բոլոր երեխաները ՈՒԱԿ-ում բուժվում են պետպատվերի շրջանակներում: Բարորակ ուռուցքների վիրահատության պարագայում կենտրոնում յոթից բարձր տարիքի երեխաները և մեծահասակները բուժվում են վճարովի հիմունքներով՝ բացառությամբ հատուկ խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 3450

Մեկնաբանություններ