«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայաստանն ասել է իր խոսքը, Թուրքիան՝ իր»

«Հայաստանն ասել է  իր խոսքը, Թուրքիան՝ իր»
10.02.2015 | 11:46

Երկու հարց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ:

-Ցեղասպանության 100-րդ տարելիցն արժևորող Համահայկական հռչակագիրը Ձեր կարծիքով՝ ամփոփո՞ւմ է պաշտոնական ողջ դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:
-2015-ին իսկապես գլխավորը Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ գործված ոճրագործության 100-ՐԴ տարելիցն է՝ անցալ դարի առաջին ցեղասպանության, բայց ոչ միայն հայերի, քաղաքակրթության ու մարդու հիմնարար իրավունքի՝ ապրելու իրավունքի դեմ գործված ոճրի, որ վաղեմության ժամկետ չունի: Համահայկական հռչակագիրը 100 տարում գրված այն պաշտոնական փաստաթուղթն է, որը ներկայացնում է միասնական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն և սփյուռք: Սա ամենագլխավորն է՝ մեր միասնականությունը մեր ժողովրդի համար ամենացավոտ խնդրի լուծման ճանապարհին, որ վիթխարի ներուժ ունի: Մենք պայմանականորեն ենք 1915-ի ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որովհետև հենց այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ մտավորականները: Բոլորս էլ լավ գիտենք, որ ցեղասպանությունը մեկ օրում, մեկ ամսում ու մեկ տարում չի իրականացվել և շատ կարևոր է, որ հռչակագրում նշված են 1894-1923 թվականները` սկսած սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած ջարդերից մինչև երիտթուրքական կառավարության իրականացրած կոտորածներն ու տեղահանությունը, որ լինելով ցեղասպանություն՝ մարդկության դեմ գործված ոճիր, իրենց ժամանակին չէին կարող որակվել ցեղասպանություն, որովհետև միջազգային ասպարեզում չկար այդ հասկացությունը, 1946-ին Ռաֆայել Լեմկինը պիտի սահմաներ գենոցիդ հասկացությունը՝ հիմքում ունենալով հենց հայերի դեմ Օսմանյան կայսրությունում պետական մակարդակով իրականացված ոճրագործությունը: Ես չեմ կարծում, որ Հռչակագիրը պետք է մանրամասն սահմաներ մեր զգացումները, ցանկությունները, ծրագրերը, պահանջատիրության մեր կետերը: Հռչակագիրը՝ ելնելով իր ձևաչափից, այդ պահանջներին բավարարել չի կարող: Պաշտոնական ողջ դիրքորոշումը մշակվում է, ու վստահ եղեք, որ չի ուշանա և իսկապես կլինի կատարվածին համարժեք, սահմանելով պահանջատիրության բովանդակությունը և պահանջատիրության իրականացման մեխանիզմները:
-Պատասխանը հայտնի է, բայց չեմ կարող չհարցնել՝ 1915-ից 100 տարի անց՝ 2015-ին, Թուրքիան կճանաչի՞ ցեղասպանությունը:
-Պատասխանը, իսկապես, հայտնի է, գուցե տարօրինակ հնչի, բայց ես այն մարդկանցից չեմ, որ ամեն ապրիլի 23-ից սպասում է, թե 24-ին ով ինչ կասի: Ապրիլի 25-ին ևս ցեղասպանությունը մնալու է ցեղասպանություն, Թուրքիան՝ Թուրքիա, Հայաստանը՝ Հայաստան: Առավել կարևորը՝ մարդկանց գիտակցության մեջ սկսված փոփոխություններն են, իրենց երկրի պաշտոնական պատմությունը կասկածի տակ դնող ու ճշմարտություն որոնող թուրքերի գոյությունը և այն փաստը, որ նրանց թիվը տարեցտարի շատանում է՝ ընդգրկելով ոչ միայն պատմաբանների, գրողների, հասարակական-քաղաքական գործիչների, այլև սովորական, շարքային թուրքերի, որոնց պապերը գուցե ներգրավված են եղել հայկական ջարդերում, գուցե փրկել են հայերին ու հայ որբեր են հավաքել, հանձնել որբախնամ կազմակերպություններին կամ իսլամացրել նրանց: Նման պատմություններն այնքան շատ են, որ թուրքերը չեն կարող չհետաքրքրվել իրենց պապերի ու իրենց տոհմի կենսագրությամբ: Ի վերջո, թուրքական ռազմական դատարանը ցեղասպանության կազմակերպիչներին մահապատժի է դատապարտել դեռ 1919-ին, բայց դա չխանգարեց, որ Թուրքիայի Հանրապետությունը, որ ձևավորվեց և կայացավ քրիստոնյաներից, հիմնականում հայերից, կողոպտած ունեցվածքի, նրանց ստեղծած ֆինանսատնտեսական համակարգի հիման վրա, նրանց պատմական հայրենիքում, թեթևորեն մոռանա իր ռազմական ատյանի դատավճիռը ու ապաստան գտնի ժխտողականության դիրքերում: Գալիպոլիի ճակատամարտի օրը մարտից ապրիլ տեղափոխելն էլ, եթե կուզեք, արդարանալու ցանկություն է, եթե մեղավոր չեն՝ ինչո՞ւ են արդարանում: Բայց արդարանում են ստին նոր սուտ ավելացնելով, այդպիսին են, ժամանակակից Թուրքիայի դիվանագիտությունը, ռազմավարությունն ու մարտավարությունը: Նոր ոչինչ նրանք չունեն ասելու՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու չարչրկված առաջարկից ու հայկական սփյուռքին նորից ու նորից մեղադրելուց բացի: Բայց այդքան մեղադրելուց առաջ գոնե մի անգամ իրենք իրենց հարց տան՝ որտեղի՞ց ու ե՞րբ գոյացավ սփյուռքը, ի՞նչ կապ ունի իրենց հետ: Հայաստանը գնում է իր ճանապարհով, Թուրքիան՝ իր: Սա այն հարցն է, երբ միջազգային հանրությունը ընտրության հարցում ընտրում է ոչ թե երկու պետություններից որ մեկի հրավերին արձագանքի կամ որ մեկի կողմը լինի, այլ ընտրում է համամարդկային արժեքների, միջազգային իրավունքի նորմերին իր կողմ կամ դեմ լինելը, սա քաղաքակրթական արժեհամակարգի ընտրություն է, ընտրություն, որի արդյունքները ավելի ուշ են ի հայտ գալիս, քան հետևանքները: Այդ ընտրության մեջ Հայաստանի Հանրապետությունը դառնում է այն հարթակը, որտեղ քաղաքական օրվա խնդիրներից դուրս գալու ու քաղաքակրթական արժեքները պաշտպանելու կամ շրջանցելու հնարավորություն է տրված համաշխարհային հանրությանը: Կընտրեն՝ ինչ կընտրեն: Հայաստանն ասել է իր խոսքը, Թուրքիան՝ իր: Ի վերջո, ապրիլի 25-ին այս պատմությունը չի ավարտվելու: Գուցե նոր բովանդակությամբ ու նոր ուժով է սկսվելու՝ հայ-թուրքական խնդիրները մնում են, ու մնում է այդ խնդիրները լուծելու անհրաժեշտությունը:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ