«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պայմանագրի դեպքում անձը և նրա ընտանիքի անդամները կարող են բազմիցս գալ Հայաստան և կրկին վերադառնալ Ռուսաստան»

«Պայմանագրի դեպքում  անձը և նրա ընտանիքի անդամները կարող են բազմիցս գալ Հայաստան և կրկին վերադառնալ Ռուսաստան»
06.02.2015 | 12:37

ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից հետո գնալով մեծանում է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների և մեկնողների տագնապը իրենց հետագա «ճակատագրի» առնչությամբ։ Իսկ ավելի ստույգ, նրանց հետաքրքրում է ՌԴ-ից Հայաստան և հետ վերադառնալու խնդիրը` կապված պատենտների վճարման և ընդհանրապես իրենց հետագա անելիքների հետ։ Ակնհայտորեն վերջիններիս անհանգիստ վիճակի պատճառն օրենքի չիմացությունն է։ Այս բացը փորձեցինք լրացնել ՀՀ միգրացիայի վարչության ղեկավար ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ զրույցում։

-Խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից. նրանց հետաքրքրում է` արդյոք կարո՞ղ են հանգիստ գալ և Հայաստանից հետ գնալ Ռուսաստան, եթե ժամանակին պատշաճ կերպով Ռուսաստանում կատարում են պատենտի վճարը։
-Եթե մարդը օրենքի շրջանակներում կանոնավոր կատարում է բոլոր պահանջները և վճարում պատենտի գումարը, ապա Հայաստան գալու և կրկին Ռուսաստան վերադառնալու հետ կապված խնդիրներ չի կարող ունենալ։ Սակայն ունիվերսալ պատասխանն այս դեպքում տեղին չէ, քանի որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկել այն պարզ պատճառով, որ քաղաքացիները հաճախ հարցեր ուղղելիս լիարժեք իրենց բոլոր խնդիրները չեն ներկայացնում, և ամբողջական պատկեր չի ստացվում։
-Պարոն Եգանյան, ամեն դեպքում մեր քաղաքացիներն այս պահին լիարժեք տեղեկություն չունեն իրենց անելիքների մասին. եթե պատենտի ժամկետն ավարտվել է, ապա հետագա ի՞նչ քայլեր պետք է անի մեր քաղաքացին։
-Ամենագլխավոր խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները գործեն օրինական դաշտում։ Ի՞նչ է սա նշանակում. եթե մեր քաղաքացին Ռուսաստան է մեկնել աշխատելու նպատակով, ապա պետք է կնքի աշխատանքային պայմանագիր` գրանցելով իր աշխատանքային գործունեությունը։ Ընդ որում, Ռուսաստանում աշխատանքային պայմանագիր կարող են կնքել նաև ֆիզիկական անձի հետ` ծառայություններ մատուցելու տեսքով։ Նման հնարավորություն Ռուսաստանի օրենսդրությունը թույլ է տալիս և դյուրացնում է հարցի լուծումը։ Նշված պայմանագրով մեր քաղաքացիները պետք է ներկայանան ՌԴ միգրացիոն ծառայություն, հաշվառվեն և պայմանագրի գործողության ժամկետներում կհամարվեն օրինական բնակվողներ։ Եթե անձը մինչ այժմ ուներ պատենտ, ապա այն մնում է ուժի մեջ մինչև դրա ժամկետի ավարտը։ ԵԱՏՄ մտնելուց հետո դրանց հետ կապված խնդիրներ չեն կարող ծագել։ Օրինակ, եթե պատենտը տրված է մինչև 2015-ի հուլիսի 1-ը, այն մնում է ուժի մեջ։ Դրանից հետո կամ այդ ընթացքում, խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին կնքել աշխատանքային պայմանագիր և իրենց բնակության իրավունքը հաստատել ոչ թե պատենտով, այլ աշխատանքային պայմանագրով, քանի որ նոր պատենտի ձեռքբերումը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։ Մասնավորապես, պահանջվում է ռուսերենի, ՌԴ սահմանադրության իմացության քննություն, պետք է անցնեն բժշկական հետազոտություններ երեք հիվանդությունների գծով, ինչը բավական ծախսատար է։ Ծախսեր են ենթադրվում նաև ապահովագրության ձեռքբերման, պետական տուրք պատենտի դիմաց և այլն։ Այդ պատճառով էլ շատ ավելի դյուրին է կնքել աշխատանքային պայմանագիր։ Ասեմ նաև հետևյալը` պատենտի ավարտից հետո 30 օրվա ընթացքում անձը իրավունք ունի գտնվելու Ռուսաստանի Դաշնությունում։ Այսինքն, պատենտի ժամկետի լրանալը չի նշանակում, որ անձը պետք է լքի ՌԴ տարածքը։
-Ճի՞շտ հասկացա Ձեզ, որ պատենտի ժամկետը լրանալուց հետո 30 օրվա ընթացքում մարդը կարող է կնքել աշխատանքային պայմանագիր, դրանով իսկ ապահովել իր իրավունքները։
-Միանշանակ այդպես է։ Ավելին, այդ պայմանագրի դեպքում տվյալ անձը և նրա ընտանիքի անդամները կարող են բազմիցս գալ Հայաստան և կրկին վերադառնալ Ռուսաստան ցանկացած ժամանակ։
-Իսկ եթե աշխատողը մեկն է, այսինքն` աշխատանքային պայմանագիրը կնքված է ընտանիքի մեկ անդամի հետ, այդ դեպքում ընտանիքի մյուս անդամների վրա ՌԴ-ից ազատ ելումուտը պահպանվո՞ւմ է, թե՞ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվում։
-Այդ պայմանագիրն անդրադառնում է նաև ընտանիքի մյուս անդամների վրա։ Պարզապես, անձը, ում հետ կնքված է աշխատանքային պայմանագիրը, այն կնքելու ժամանակ պետք է ներկայացնի իր ընտանիքի անդամների փաստաթղթերը` ընտանեկան կապը։ Եվս մի կարևոր հանգամանք ՌԴ աշխատանքի մեկնողների համար. Ռուսաստան մուտք գործելուն պես միգրացիոն քարտի մեջ նշել ժամանման նպատակը։ Այսինքն, եթե ընտանիքի մեկ կամ մի քանի անդամ է մեկնում աշխատանքի, ապա միգրացիոն քարտում անպատճառ նշում պետք է անել։ Իսկ եթե ընտանիքի մյուս անդամները չեն աշխատելու, կարող են նշել «մասնավոր այց» տողը։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ