«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Երրորդ համաշխարհային պատերազմն ընթանում է»

«Երրորդ համաշխարհային պատերազմն ընթանում է»
30.01.2015 | 00:52

Այսօր ողջ աշխարհը եռման կաթսա է դարձել: Գերտերությունների շահերի բախումը տարբեր երկրներում նոր պատերազմներ է «ծնում» և հազարավոր անմեղ մարդկանց մահվան պատճառ դառնում: Արևմուտքի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սուր դիմակայություն է սկսվել, որը լավ բանի չի հանգեցնելու: Դրա լավագույն օրինակը ՈՒկրաինայում կատարվող իրադարձություններն են: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ծայրաստիճան լարված հարաբերությունները երրորդ համաշխարհային պատերազմի չե՞ն հանգեցնի, այս հարցով սկսեցինք զրույցը քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:

-Գոյություն ունեցող աշխարհակարգը խոր ճգնաժամի մեջ է,- ասաց պարոն Մանուչարյանը:- Սրա կատարյալ ձևը, որն անվանում են սպառողական հասարակարգ, ձևավորվեց վերջին 50-60 տարում: Առաջին ապստամբությունները հասարակարգի դեմ Արևմուտքում տեղի ունեցան 60-70-ականներին երիտասարդների միջոցով, որոնք չէին ցանկանում գնալ այդ ուղիով: Հիմա ունենք այն Արևմուտքը, որն արտաքինից փորձում է ավելի մարդկային երևալ, ազատությունների պաշտպան, մինչդեռ էությունը, որի դեմ ապստամբում էին, պահպանվեց, այսինքն՝ սպառողական հասարակություն, որի պարագայում ավելի ու ավելի շատ հարստություն պիտի կուտակել, հաճույքներ ստանալ: Իրավիճակը ձևակերպեմ ժամանակին նրանց լիդերներից մեկի` Կոն Բենդիկտի, որն այսօր դարձել է ԵԽ պատգամավոր ու այդ աշխարհի մասը, խոսքով. «Մեր հայրերն ունեին ամառանոցներ, մեքենաներ և մարգագետիններ, ու նրանք իրար խաբում էին, սպանում էին, որպեսզի ունենան ավելի մեծ ամառանոցներ, ավելի մեծ մեքենաներ և ավելի մեծ մարգագետիններ: Մենք չէինք հասկանում, թե դա ինչու է պետք, մենք խելագարվում էինք»: Այդ «խելագարվելու» ընթացքում ծնվեցին Բիթլզ, հիպի, ջինս: Սա այս աշխարհակարգի քաղաքակրթական դրսևորումն է, որը փորձում են պահպանել կամ կոտրելով առաջ գնալ: Այս տեսանկյունից ապստամբներն ավելի քիչ են:

Աշխարհակարգի մյուս դրսևորումը կառավարման ձևն է, այսինքն՝ աշխարհի իրական կառավարիչներն ովքեր են: Նրանց մենք չենք էլ տեսնում, պարզապես գիտենք նրանց ֆանտաստիկ հարստության մասին: Վերջին 20-25 տարում բանը հասավ նրան, որ մարդկության 1 տոկոսն ավելի շատ փող ունի, քան 99 տոկոսը: Իրականությունը շատ ավելի ծանր է, քանի որ սա միայն հայտնի հարստությունն է: «Անհայտ» հարուստներն էապես, հարյուր, հազար անգամ ավելի հարուստ են, քան այս մի տոկոսը: Նրանք ստեղծում են կեղծ, պղպջակ համակարգեր` ֆինանսական, բանկային, որտեղ թաքնված է անսահման հարստություն: Նրանք կարող են տապալել պետություններ, ջախջախել ինչ ասես, կազմակերպել պատերազմներ, ընդհարումներ: Աշխարհի այն օլիգարխների, որոնց մենք գիտենք, հարստությունը 100 մլրդ դոլարի չի հասնում, այնինչ «անհայտ» հարուստների գումարներն անցնում են տասնյակ տրիլիոններից, որոնք իրենց ձեռքում են կուտակել նաև հսկայական իշխանություն: Որպեսզի և հարստությունը, և իշխանությունը չկորցնեն, նրանք ամեն ինչ անում են այս աշխարհակարգը պահպանելու համար: Արևմուտքի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող «կռիվները» երկու բանի համար են` կամ կոտրել այս աշխարհակարգը, կամ էլ փոխել խաղացողների կարգավիճակը: Այսօրվա առաջին կարգի «գործիքը» Արևմուտքը և ԱՄՆ-ն են, ոմանք համարում են, որ դա պետք է լինի Չինաստանը, մյուսները` Ռուսաստանը: Այսինքն, տրամաբանությունը հետևյալն է` փոխել ոչ թե քաղաքակրթական մոդելը, այլ գլխավոր ադմինիստրատորին: Այլ խոսքով, «հիմնարկը», դրա տերերը մնում են, բայց առաջին ադմինիստրատորին, որն այսօր ԱՄՆ-ն է, փոխել մեկ ուրիշով:

-Այսօրվա զարգացումները հուշում են, որ «գլխավոր ադմինիստրատորին» են փորձում փոխել: Այդպե՞ս է:

-Այսօրվա գործընթացները երկու ուղղությամբ են գնում: Մեկն այն է, որ դրանք կախված չեն տերերից, տիրակալներից, գաղտնի հարուստների կամքից, այսինքն՝ խորքային գործընթացներ են, օբյեկտիվ իրականություն: Բոլոր մարդիկ բախման մեջ են ստեղծված աշխարհակարգի քաղաքակրթական մոդելի պատճառով: Իմա` չգիտակցելով վերադառնում են սթափ, իսկական մարդ տեսակին: Մյուսն էլ այն է, որ մնում է նույն «տերը», որը փոխում է միայն իր նշանակած կառավարչին: Այսօր համաշխարհային էլիտաները կեղծ էլիտաներ են, որոնք սպասարկում են ոչ թե սեփական երկիրը, այլ աշխարհի տերերին և պատրաստ են իրենց ողջ երկիրն էլ վառելու նրանց հաճոյանալու համար:

-«Գլխավոր ադմինիստրատորի» փոփոխության գործընթացները պարզորոշ երևում են ուկրաինական այսօրվա զարգացումներում: Ի վերջո, այդ երկիրը կվերադառնա՞ նորմալ հուն, թե՞ դա շղթայի մի հատվածն է, որն իր շարունակությունն է ունենալու նաև այլ երկրներում:

-ՈՒկրաինան մի հարթակ է, որտեղ այդ երկու ուժերի միջև պատերազմ է տեղի ունենում: ԱՄՆ-ը փորձում է այս աշխարհակարգը պահպանել այնպես, ինչպես կա` իր գլխավոր ադմինիստրատորով: Ռուսաստանը պիտի հստակեցնի՝ ինչ պատերազմ է վարում` աշխարհակարգի՞, թե՞ ադմինիստրատորի փոփոխության: Սա դեռ հարց է: Բայց փաստն այն է, որ Ռուսաստանն աշխարհակարգի այսօրվա վիճակին մնալուն դիմադրում է: Ինչո՞ւ Ռուսաստանը հայտնվեց այս վիճակում: Վերջին 20 տարում նա փորձում էր պայմանավորվել գլխավոր ադմինիստրատորի հետ, որ իրեն երրորդ կարգի ադմինիստրատորի դերակատարում տա: Ի դեպ, ռուս ժողովուրդը, ի տարբերություն իր թալանչիների, այն քչերից է, որ որպես ամբողջություն, չընդունեց գոյություն ունեցող աշխարհակարգը: Սա խոսում է ռուսական հոգու գաղտնիքների մասին, նրանք հեշտությամբ չեն տրվում: Հիմա Ռուսաստանը բախման հիմնական լիդերն է, կարգը կոտրելու իրական հավակնորդը Չինաստանն է, որն ավելի ծանրակշիռ խաղացող է: Համակարգը որպեսզի պահպանեն, պետք է աշխարհում քաոս տարածել: Այդպես վարվեցին Լիբիայում, Մալիում, ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում: Հսկայական ֆինանսական կորուստներ, ջարդեր: ՈՒ այս ամենը չի ավարտվում, հիմա շարունակվում է իսլամի ոգեկոչման հարցը: Այս բախումները հնարավորություն են տալիս աշխարհակարգը պահպանելու: Նրանք, ովքեր փորձում են «չար» Ռուսաստանի մեջ փնտրել խնդիրները, պիտի հասկանան, որ «չար» Ռուսաստանը ՈՒկրաինայի հետ «ծնվեց», իսկ Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, երբ կատարվում էր այդ ամենը, Ռուսաստանը չկար: Նա սուսուփուս, հօգուտ ԱՄՆ-ի, ձեռքը բարձրացնում էր` փորձելով նրանցից իր կարկանդակի մի մասը ստանալ: Հիմա հիմնական բախումը տեղի է ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ ֆինանսական աշխարհում: Այսօր ստրատեգիական բախումն այն է, որ դոլարից հրաժարվում են: Ֆինանսաբանկային համակարգը հիմնական կողոպուտի համակարգն է: Չինաստանը կռվում է ինչի՞ համար, որպեսզի այդ համակարգը վերացնի՞, թե՞ կենտրոնը տեղափոխի Չինաստան: Այս հարցի պատասխանը կստանանք իրերի զարգացման ընթացքում: Հարց է նաև՝ Չինաստա՞նն է դա անում, թե՞ աշխարհի տերերը ուզում են ԱՄՆ-ից այն տեղափոխել Չինաստան: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ստեղծած վարչարարությամբ այլևս հարցեր չեն լուծվում: Այս բոլորը դեռ հարցեր են, ու պարզ չէ, թե կառավարման ղեկն ում ձեռքում կլինի: Այն աշխարհակարգը, որ պիտի գա, ոչ մեկը ցույց չի տալիս:

-Կարելի՞ է ասել՝ անորոշությունների շրջան ենք ապրում:

-Այդ առումով, այո, չգիտենք՝ ինչ աշխարհակարգ է լինելու: Նոր կտակարանում Պողոս առաքյալն ասում էր, որ դուք սխալ եք ապրում, շատերը ձեզնից հիվանդանում են, շատերը նաև մեռած են: Այսինքն՝ կենդանի մարդը մեռած է, քանի որ նյութականը նրան խեղդել է: Մենք ստրուկ ենք նյութական աշխարհում:

-Այս ամենում Հայաստանն ի՞նչ դերակատարում ունի, որտե՞ղ է նրա տեղը, ո՞ր աշխարհակարգն է նրանը:

-Մենք սկզբունքորեն մշտական պահապաններն ենք մարդկային խոր էության: Թումանյանի բառերով ասենք. «Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս, ու գնում ենք մեր ճամփով»: Իհարկե, Թումանյանը չգիտեր «Բենթլին» ինչ է, բայց սա մեր ընթացիկ, ապուշացման, խոզացման, վայրագության վիճակն է, որն այսօր աշխարհում կատարվող զարգացումների հետևանք է: Եթե այս ամենը հաղթահարենք, կլինենք ավելի խոր, իմաստուն, կամային: Հակառակ դեպքում, եթե այդ հողմերին համընթաց գնանք, կլինենք միշտ դժբախտ: Մեր երկրի համար չափազանց շատ միլիոնատերեր ու միլիարդատերեր ունենք, բայց ավելի շատ էլ քաղաքացիներ ունենք, որոնք երազում են այդպիսին դառնալ: Այս ամենը մեզ բացարձակ հակասող երևույթներ են: Երկիրն այս ամենը վերապրում է որպես մեծագույն ողբերգություն: Բացարձակ պատճառը սահմանադրական կարգը չէ, դրա փոփոխությունից հետո էլ կրկին դժբախտ ենք լինելու, եթե անգամ դառնանք Շվեյցարիա, որովհետև Շվեյցարիան էլ է այս աշխարհի սպառող երկիր: Իսկ մերը ներդաշնակ աշխարհն է, դեպի կատարյալը գնացող մարդը: Հիմա մենք բացարձակ բզկտված, մեր իրական էության հետ ոչ մի կապ չունեցող, անհեթեթ վիճակում ենք:

-Հայաստանում Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախում է տեղի ունենում: Դուք այդ բախումը տեսնո՞ւմ եք:

-Անկասկած, բախում անցյալում էլ էր տեղի ունենում, հիմա նրանք պատերազմի մեջ են: Երրորդ համաշխարհային պատերազմն ընթանում է:

-Մենք ո՞ր կողմում ենք:

-Մենք առայժմ թատերաբեմ ենք: Մենք էությամբ մաքսիմալիստ ենք ու այս աշխարհակարգը կոտրելուն ենք կողմ: Բայց քանի որ մենք «ընթացիկ» վիճակում ենք, Հայաստանում ստեղծվել են բանակներ, որոնք առավոտից իրիկուն գովերգում են այս աշխարհակարգը, լրատվամիջոցներն էլ սպասարկում են դրան: Այսինքն, մենք սպասարկում ենք գլխավոր ադմինիստրատորին: Բայց այդպիսին է միայն ընտրանին, որը մեր երկրի հետ կապ չունի: Այսինքն՝ մեկի բախտը չի բերել, նախագահ է դարձել, մյուսը օլիգարխ, վարչարար: Եթե աշխարհակարգը նրան ասի՝ ողջ Հայաստանն այրիր, նա այդպես էլ վարվելու է, որովհետև ոչ թե նա վատ մարդ է, այլ իրավիճակն է այդպիսին: Վաղը, եթե նա սթափվի, կվերադառնա հայ մարդու իր կարգավիճակին: Վերջին 25 տարում մենք չկարողացանք մերը պահպանել, վերցրինք այլ մոդել, ու ըստ այդ աշխարհակարգի գծագրերի մեզ այլանդակում են: ՈՒ քանի որ մենք կատարյալ ենք ամեն ինչում, հիմա մենք կատարյալ այլանդակ ենք:

-Սահմանային լարվածությունը նոր պատերազմի չի՞ վերաճի, թե՞ բանակցություններով եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը:

-Այս պահին ծավալուն պատերազմը բացառված է: Դիպուկահարների, դիվերսիոն խմբերի գործողությունները մեր դեմ սկսված պատերազմի մի մասն են: Մյուսը հիբրիդային պատերազմն է, երբ տեղի է ունենում տեղեկատվական, ֆինանսական պատերազմ: Հայաստանի քայքայումը շարունակաբար ընթանում է: Այս պատերազմը մեզ հայտարարված է: Ոչ մի երկրի ժողովուրդ այդպես չի լքում իր հայրենիքը, ինչպես մենք: Ոչ մի երկրի իշխանությունն այսքան սանձարձակ չէ: Նույն Ադրբեջանի իշխանությունը, որ երկրի հարստությունը անսահման կողոպտում է, մի մասը բանակին է տալիս: Իսկ մենք բանակի փողն էլ ենք կողոպտում: Մեր բանակը սահմանային գոտում պիտի ունենա սենսորային համակարգ, որի մասին երկար ժամանակ խոսվում է: Բայց այդ փողերը մեր նախարարները «վերածել» են մեքենաների: Մեքենաների համար փող կար, բայց այդ համակարգերի համար, որի դեպքում մեր երեխաները չէին սպանվի սահմանին, չկա: Մեր երեխաներին սպանում են իշխանությունները: Մեր դատախազությունը զոհերի առնչությամբ քրեական գործ է հարուցում, այնինչ առաջինը պետք է մեր նախագահներին, նախարարներին պատասխանատվության կանչեն: Բոլոր նրանց, ովքեր ծառայողական մեքենաների, առանձնասենյակների վերանորոգման համար փող գտել են, բայց սենսորների համար՝ ոչ: Մեր օլիգարխներն իրենց սանձարձակ կյանքի համար փող գտնում են, բայց նրանց «բարեգործական» կիրքը չբերեց նրան, որ բանակն ամենաանհրաժեշտ բաները ստանա: Թե չէ մեր դատախազությունը գործ է հարուցում, որ տեսնի՝ Մահմեդո՞վն է սպանել, թե՞ ուրիշը: Սա ի՞նչ անհեթեթություն է: Այդ Մահմեդովին էլ էն կողմից այդտեղ է բերել մի ուրիշ հանցագործ խումբ:

-Դուք ասացիք, որ էլիտաներն են սպասարկում դրսի ուժերին, իսկ ներսում հաճախ ի պաշտպանություն տարբեր գերտերությունների՝ խմբեր են հայտնվում, նրա՞նք էլ դրսի ազդեցության տակ են:

-Երիտասարդները որպես կանոն իրենց գործողություններում անկեղծ են, բայց քիչ է անկեղծ լինելը, պիտի աշխատել հիմարի վիճակում չհայտնվել: ՈՒկրաինայում անկեղծ երիտասարդությունն էր, որ ուզում էր կաշառակեր Յանուկովիչից ազատվել: Բայց այդ ընթացքում այլ ուժեր, մտքեր մտան, որոնք թվում էին գեղեցիկ: Նրանք ասում են` այ, «վատ» Պուտինը մտավ այնտեղ: Շատ լավ, վերցնենք ձեր տարբերակը, Պուտինը վատ էր, բայց չէ՞ որ հեռուստացույցով տեսանք` ողջ Արևմուտքի «լուսավոր» էլիտան եկավ այնտեղ` խորհուրդներ տալու: Մի՞թե նրանք չզգուշացրին, որ Պուտինը վատ մարդ է, վատ բաներ է անում: Նրանց քայլեր հուշեին, որ այդպես չլիներ: Քանի որ, ի տարբերություն այդտեղի երիտասարդության, նրանք այդքան միամիտ չեն, գիտեն քայլերը, բայց չհուշեցին: Ակնհայտ է դառնում, որ նրանց նպատակը հենց այն էր, ինչ ստացվեց. քաոս, պատերազմ Ռուսաստանի սահմանին: Այսօր մեր խնդիրը մեկն է` Հայաստանը նման թատերաբեմ չդառնա, բայց մենք համառորեն դարձնում ենք, ուզում ենք աշխարհակարգային բախում լինի: Պիտի ուրիշ Հայաստան կառուցենք, որը լինում է տարրական ձևով: Պիտի հստակեցնենք, որն է լինելու ժողովրդական վստահության կառավարության չափորոշիչը, և պիտի կարողանալ ադեկվատ կառավարում իրականացնել երկրում, չթալանել, չկողոպտել: Ժողովուրդն այդ կառավարությունում անվստահելի մարդու չպետք է տեսնի:

Հարցազրույցը`

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ