«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Գերխնդիրը քաղաքական ու տնտեսական էլիտաների պարզ ու անկեղծ երկխոսությունն է»

«Գերխնդիրը քաղաքական ու տնտեսական էլիտաների պարզ ու անկեղծ երկխոսությունն է»
27.01.2015 | 00:20

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ինտեգրացիա ու զարգացում» հետազոտության և վերլուծության ՀԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

-Գյումրիի սպանությունների առաջին շոկը փորձում ենք հաղթահարել, ի՞նչ կատարվեց Ձեր կարծիքով:

-Խորապես ցնցված եմ Գյումրիում տեղի ունեցածից, Ավետիսյան ընտանիքի մահն ընդունել եմ մեծ վշտով և սրտի խոր կսկիծով: Կարծում եմ՝ ոճրագործության հետաքննությունը պետք է անցկացվի համատեղ՝ Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների ուժերով, որպեսզի առավելագույնս ապահովվեն հրապարակայնությունն ու թափանցիկությունը, և հասարակությանը պարզ լինի՝ ինչ է կատարվում: Համոզված եմ, որ դատավարությունը պիտի կատարվի Գյումրիում, բոլոր հետաքրքրվածների ներկայությամբ ու լրատվամիջոցների մասնակցությամբ: Միայն այդպես կարելի է ցրել մղձավանջը: Իմ ռուս գործընկերներից շատերը, ինչպես Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն, բազմաթիվ լրագրողներ, վերլուծաբաններ, հասարակական գործիչներ, այս ընթացքում զանգահարել են ինձ՝ իրենց ցավակցությունը հայտնելու: Կարծում եմ՝ անկեղծ ու խոր վիշտ է, որ ապրում են մեր ռուս բարեկամները, և բոլորս միասին հույս ունենք, որ այս ողբերգությունը, սահմռկեցուցիչ հանցանքը չի ստվերելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն ու դաշինքը: Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այնքան խելացի, խոհեմ ու բազմափորձ է, որ սխալ ընդհանրացումներ ու եզրակացություններ չի անելու, որոնք հայ-ռուսական դաշինքը կթուլացնեն կամ կվտանգեն:

-Կհանձնե՞ն կասկածյալին հայ իրավապահներին, թե՞ նա կմնա ռուսական ռազմաբազայում:

-Կան հարցեր, որ առաջին հայացքից գուցե չեն երևում, օրինակ՝ նոր գործող անձինք քրեական գործում, նախապատմություններ կամ պատմություններ, որոնք կարող են բացահայտել հանցագործության պատճառը, արտաքին ազդեցություններ, որոնք կարող են ուղղված լինել ռուսական ռազմաբազայի և նրա առանձին զինծառայողների դեմ, զանազան դավադրություններ, որոնց մասին խոսել դեռ պետք չէ: Եթե կան նման կասկածներ, հետաքննությունը այլ տարբերակ չունի, բացի հայ-ռուսական իրավապահների մասնակցությամբ համատեղ անցկացումից: Եթե թողնենք կողմերից մեկին, բազմաթիվ հարցեր կարող են մնալ չպատասխանված: Հայ-ռուսական համատեղ հետաքննությունն ի զորու է լուսաբանելու բոլոր կասկածները, տագնապները, տեղեկությունները, որոնցով հագեցած է մթնոլորտը:

-Ինչո՞ւ ԱՊՀ սահմանը պաշտպանող ռուս սահմանապահները կասկածյալին հանձնեցին ռազմաբազայի ղեկավարությանը, այլ ոչ հայ իրավապահներին՝ հակառակ գործող պայմանագրերի:

-1997-ի պայմանագիրը 102-րդ ռազմաբազայի մասին նշում է, որ եթե ծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցանք է գործում ռազմաբազայում, դատվում է ՌԴ օրենսդրությամբ, եթե նա կամ նրա ընտանիքի անդամը հանցանք է գործում ռազմաբազայի տարածքից դուրս, գործը քննվում է ՀՀ օրենքներով, և դատում է ՀՀ դատարանը: Հանցանքը երկկողմանի է՝ նա զենքով լքել է պահակակետը, դա քրեական հանցանք է, որի համար պատիժ է սահմանված ՌԴ օրենսդրությամբ, ռուսական զորամասի և ՌԴ քննչական մարմինների խնդիրն է: Հայաստանի տարածքում ավելի ծանր հանցանք է գործվել, որի պատիժը ցմահ բանտարկությունն է՝ մահապատժի վերացումից հետո: Երկու հանցանք է գործվել, և ամենաճիշտը ստեղծված վիճակում սերտ համագործակցությունն է երկու երկրների իրավապահների միջև:

-Ռազմաբազայի հրամանատարությունը պատասխանատու չէ՞ իր զինվորի համար:

-Ես վստահ եմ, որ բոլոր գնահատականները տրվելու են: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարին արդեն հանձնարարել է գործը պարզել և իրավապահներին հանձնել կասկածյալին: ՌԴ քննչական կոմիտեի նախագահի Հայաստան գալը հենց այդ նպատակն ուներ: Համբերություն է պետք: Կրկնում եմ՝ միայն հրապարակային, բաց դատավարությունը կարող է բոլոր կասկածներն ու տագնապները փարատել: Հասարակությունը պիտի տեսնի ու հասկանա կատարված հանցանքի ու պատժի պատճառները, միայն դա կարող է հանդարտեցնել իրավիճակը:

-ՌԴ պաշտպանության նախարարը, որ Թեհրան էր գնացել բանակցությունների, չէ՞ր կարող Հայաստան գալ՝ ՌԴ նախագահի հանձնարարությունը կատարելու և տեղում մեղավորներին պարզելու՝ ռազմակայանի մասով:

-Ես նման հարցերի պատասխանել չեմ կարող: Հետաքննությունը չի կարող անհարկի ձգձգվել և չի կարող այնքան կարճ տևել, որ ստացվի` արագ-արագ գործը կոծկվեց և հանձնվեց դատարան: Քննությունը պիտի պատասխանի եղած ու ծագող հարցերին: Գյումրին փոքր քաղաք է, մարդիկ իրար ճանաչում են ու շփվում, համերաշխ ապրում են: Գյումրիում չի կարող լինել որևէ վարկած ու մտահոգություն, տեղեկություն ու բամբասանք, որը մնա օդում ու քննության առարկա չդառնա:

-ՌԴ արտաքին գործերի նախարարը իր տարեկան ասուլիսում անդրադարձավ Գյումրու դեպքերին ու կոչ արեց չքաղաքականացնել, ո՞ւմ էր կոչը ուղղված, եթե քաղաքականացնողը ռուսական լրատվամիջոցներն էին, որոնց առաջին արձագանքը ոչ այնքան ցավակցությունն էր, որքան ռազմաբազայի հարցը քննարկելը, երբ հայերն այդ մասին ընդհանրապես չէին խոսում:

-Ես ՌԴ արտաքին գործերի նախարարի ասուլիսը մեծ ուշադրությամբ դիտել եմ և որպես հայի՝ ինձ բավարարեցին նրա և ցավակցությունը, և սրտակցության խոսքը, իր բառերով` «հայ հպարտ ժողովրդին»: Միանգամայն արդարացի եմ համարում խնդիրը չքաղաքականացնելու նրա կոչերը: Այս իրավիճակում կարող են գտնվել բազմաթիվ ներքին ու արտաքին ուժեր, որոնք փորձեն իրավիճակը շրջել:

-Այդ թվում՝ Ռուսաստանո՞ւմ:

-Ամեն տեղ կարող են գտնվել ուժեր, որոնք կջանան ստվերել հայ-ռուսական բարեկամությունն ու դաշինքը, կփորձեն ամեն ինչ անել, որ Հայաստանում ռուսների ու Ռուսաստանի մասին հավաքական բացասական կարծիք ձևավորվի: Հենց այդ նպատակով էլ այս օրերին այստեղ էին ոչ միայն մեր սրտացավ ընկերներն ու բարեկամները, այլև մարդիկ, որ փորձում էին հասկանալ՝ այս ամենի հետևանքով Հայաստանում նոր «մայդան» հնարավո՞ր է, թե՞ ոչ: Գյումրիի ժողովուրդն այնքան խելահաս է և այնքան խոհեմ, որ արդարության հաստատման պարզ պահանջներից չի հասնելու աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխմանն ուղղված սադրիչ քայլերի:

-Գյումրիի ժողովուրդը ստորագրահավաք է սկսել կասկածյալին հայկական կողմին հանձնելու պահանջով՝ հայ-ռուսական հարաբերությունները ստվերելու կամ ռազմաբազան քաղաքից հանելու խնդիր չտեսնելով: Կկատարվի՞ Գյումրիի իմաստուն ժողովրդի պահանջը:

-Ես հույս ունեմ, որ հանցագործը դատվելու է Գյումրիում, հրապարակայնորեն, և այդ դատավարությունը վարվելու է այնքան պրոֆեսիոնալ մակարդակով, որ ցրելու է հասարակության կասկածներն ու ծանր տպավորությունը:

-Պատահակա՞ն եք համարում, որ այս օրերին ադրբեջանահայկական սահմաններին դիվերսիաները բազմապատկվեցին:

-Ոչ միայն ղարաբաղաադրբեջանական հակամարտության գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում դիվերսիաների, կազմակերպված սադրանքների թիվը մեծացել է: Ադրբեջանը փորձում է ահաբեկել մեզ: Բաքվի նպատակը ոչ այնքան պատերազմ սկսելն է, որքան հայ ժողովրդին հոգեպես կոտրելը: Ես ավելի քան համոզված եմ, որ այդ սադրանքները դատապարտված են: Չեմ կարող ասել՝ սա ադրբեջանական նոու հաու է, թե արևմտյան հուշարարություն, օրինակ, Թուրքիայից, բայց միանշանակ է, որ պատասխանը լինելու է հայ ժողովրդի համախմբումը: Մեզ այդ միջոցներով հնարավոր չէ ծնկի բերել, անհնար ու անիմաստ է եղել անցած տարիներին, նույնն է հիմա:

-Հակառակ ներգործություն չի՞ ունենում:

-Իհարկե, լինելու են այնպիսի պատասխաններ, որ Ադրբեջանին լուրջ մտածելու պատճառ տան, թե ուր է տանում իր ընտրած ճանապարհը: Հիմա էլ ամենաճիշտը համարում եմ բանակցությունները շարունակելը: Միջազգային ասպարեզում իրավիճակը շատ է բարդացել: Ռուսաստանի դեմ Արևմուտքը սանձազերծեց արգելամիջոցների պատերազմ, որը նպատակ ունի խարխլել Ռուսաստանի տնտեսությունը, թուլացնել աշխարհաքաղաքական կշիռը, սրել ներքին իրավիճակը և հանգեցնել Վլադիմիր Պուտինի վարչակազմի տապալմանը: Դա հստակ շարադրված նպատակ է: Այս պայմաններում մեծանում է Ռուսաստանի շրջապատում հակամարտությունների բռնկման վտանգը և Հարավային Կովկասում, և արդեն սկսված եղբայրասպան պատերազմը ՈՒկրաինայում, սադրանքների հնարավորությունը մեծացել է այլ երկրներում՝ տնտեսական դժվարությունների ու ճգնաժամերի ազդեցությամբ: Այդ պատճառով՝ կարծում եմ, որ մեր առաջին խնդիրը քաղաքական ու տնտեսական էլիտաների պարզ ու անկեղծ երկխոսությունն է միմյանց հետ, ոչ միայն նեղ, խմբային շահերը պաշտպանելու առումով, այլև երկրի անվտանգությունը երաշխավորելու և մեր հավաքական դիմադրության ուժը չթուլացնելու նպատակով:

-Այս իրավիճակում կարծես հետին պլան մղվեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելը, հունվարի 2-ից ՀՀ-ն պաշտոնապես ԵԱՏՄ անդամ է: Մենք կառույցում հայտնվեցինք այն պահին, երբ հիմնադիր անդամները տնտեսական ծանր վիճակում են: Կարո՞ղ ենք հիմա ստանալ այն ամենը, ինչի հավակնում էինք սեպտեմբերի 3-ին:

-Մենք մտել ենք ԵԱՏՄ այն պահին, երբ Ռուսաստանում ու Ղազախստանում տնտեսական լարված իրավիճակ է: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ մի քանի մեծ ծրագրեր, որ պիտի 2015-ին իրականացվեին, ֆինանսական անբարենպաստ պայմաններում հետաձգվում են: Այսուհետ ՌԴ մեկնող մեր միգրանտները Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների հետ օգտվելու են նույն հնարավորություններից ու իրավունքներից, ինչ ունեն ռուսները: Հայաստանի վրա այլևս չեն տարածվելու աշխատուժի ներկրման սահմանափակումները, որոնք կիրառվելու են հետխորհրդային տարածքի մյուս պետությունների նկատմամբ:

-Դուք դրա մեջ վտանգ չե՞ք տեսնում: Հայաստանին՝ ելնելով իր ազգային ու ժողովրդագրական անվտանգությունից, պետք է ոչ թե աշխատուժ արտահանել, այլ ապրանք, իսկ դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները իրենց երկրում պիտի աշխատատեղ ունենան, այդ թվում` օգտագործելով ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում ստեղծված հնարավորությունները:

-Երբ գալիս է ճգնաժամը, վատ է, որովհետև փողդ պակասում է, բայց նաև ինքդ քեզ հետ մենակ մնալու հնարավորություն ես ստանում, որ հասկանաս՝ ինչպե՞ս ես ապրելու: Հայաստանը փոքր երկիր է և մեծապես կախված է արտաքին ազդեցություններից: Բայց մաս դառնալով եվրասիական տարածքի՝ Հայաստանն ավելի հեշտ կհաղթահարի դժվարությունները, հայ ինտելեկտը հնարավորություն կունենա ավելի բարձր մակարդակներով քննարկել այն ճանապարհները, որոնք կարող են տանել ավելի առողջ, կենսունակ տնտեսություն ունենալուն: Վերջին 20 տարում առաջին անգամ Ռուսաստանում սկսեցին մտածել ներկրումը փոխարինելու հնարավորությունների մասին: Պաշտոնական տվյալներով` ներկրումը ՌԴ-ում 200 միլիարդ դոլար է տարեկան, ոչ պաշտոնական տվյալներով՝ 320 միլիարդ դոլար: Մեզ համար եզակի հնարավորություն է ստեղծվում նոր պայմաններում ՌԴ որոշակի ապրանքներ արտահանելու համար: Վերջապես եկել է բացառիկ բարենպաստ պահը, երբ Հայաստանում կարելի է մտածել այդ արտադրությունները զարգացնելու մասին:

-Իսկ որտեղի՞ց ֆինանսներ:

-Մեծ ներդրումների համար առաջին հայացքից վատ պայմաններ են, որովհետև ՀՀ տնտեսական ցուցանիշները լավը չեն: Բայց հիմա ՌԴ տնտեսությունը ձգտում է դառնալ աշխարհի բևեռին վայել ինքնուրույն, այլ ոչ թե Արևմուտքի վառելիքահումքային կցորդ: Եթե քաղաքական այս մտածողությունը, որի կրողը Վլադիմիր Պուտինն է, ՌԴ-ում հաղթանակի ու դառնա ռուսական իստեմբլիշմենտինը, մենք կարող եք հավակնել, որ Հայաստանում մեծ ներդրումներ կարվեն, որովհետև մենք դաշնակիցների ու բարեկամների փոքրիկ ցուցակում ենք: Այս ճգնաժամային օրերին մենք իրական և իրատեսական հնարավորություն ունենք մեր գիտական ներուժը և բիզնես նախաձեռնությունը միատեղելու ու լուրջ ծառայություններ առաջարկելու: Քննարկումները իրականում նոր միայն սկսվում են: Առաջիկայում ես ասուլիսում առաջարկելու եմ, որ ՀՀ վարչապետին կամ փոխվարչապետին առընթեր ստեղծվի եվրասիական ինտեգրման հարցերով գիտափորձագիտական խորհուրդ, որը կընդգրկի տնտեսագետների, միջազգային իրավունքի մասնագետների, ում փորձն ու գիտելիքները ընդունվում ու հարգվում են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում:

-Ի՞նչ խնդիրներ կարող է նման խորհուրդը լուծել:

-Առաջին՝ օգնել ՀՀ կառավարությանը գիտական ու փորձագիտական մակարդակով տիրապետել եվրասիական տարածքի հայտարարություններին, տեղեկություններին, նորություններին՝ տեղեկատվության համակարգում, որը կվերլուծվի ու կմատուցվի իշխանություններին, նրանց համար ստեղծելով գիտելիքի դաշտ, որի վրա հիմնված կլինեն որոշումները: Երկրորդ՝ խորհուրդը կկարողանա կառավարության նպատակները և ծրագրերը հասցնել ժողովրդին՝ հասարակության մեջ ծավալել բացատրական-լուսավորչական աշխատանք, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ է փոխվել, ինչ նոր հնարավորություններ են ստեղծվել: Երրորդ՝ համագործակցությունը ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի գիտական և փորձագիտական հանրության հետ՝ միասնական դաշտ ստեղծելու նպատակով:

-ԵԱՏՄ տարածքում գործո՞ւմ են նման խորհուրդներ:

-Այո, ՌԴ-ում բազմաթիվ նման կառույցներ կան՝ սկսած ակադեմիկոս Գլազևի ղեկավարած խորհրդից, որ մեծ ազդեցություն ունի ռուսական հասարակական-քաղաքական կյանքի վրա: Ես կարծում եմ, որ խորհրդի երեք նպատակներն էլ հույժ արդիական ու կենսական են մեզ համար, որովհետև ճգնաժամը տալիս է բացառիկ հնարավորություն՝ լսելի դարձնել մեր ձայնը: Հիմա իշխանություն-հասարակություն-քաղաքական ուժեր-բիզնես էլիտաներ բաց երկխոսության ժամանակն է: Եթե երկխոսությունը կայանա, հաջողություն կունենանք, եթե չկայանա, ճգնաժամը շատ ու շատ դժվար և ուշ ենք հաղթահարելու: Չի կարելի երկիրը կառավարել միայն բաց կամ փակ բաժնետիրական ընկերության օրենքներով, պետությունն ունի սոցիալական բազում ֆունկցիաներ, պատասխանատու է ոչ միայն հաջողակ մարդկանց համար, այլև ամբողջ հասարակության՝ ամենաչքավորներից մինչև ամենահարուստները: Մեր երկրում հասունացել է լուրջ ներքաղաքական երկխոսության անհրաժեշտությունը: Շուտով ՌԴ կառավարությունը որոշում կընդունի, որի համաձայն հայկական ընկերությունները կարող են ՌԴ պետական գնումներին ռուսական ընկերությունների հետ հավասար իրավունքներով մասնակցել: Գնումների շուկան ՌԴ-ում ամենահամեստ հաշվարկներով 200-միլիարդանոց շուկա է, որտեղ մեր ընկերությունները առավելություն են ստանում, որովհետև Հայաստանում ընկերություն գրանցելն ու պահելը շատ ավելի էժան է, քան ՌԴ-ում ու Բելառուսում:

-Կարծում եք՝ Հայաստանի քաղաքական, ֆինանսական վերնախավը, կառավարող էլիտան գիտակցո՞ւմ են այդ հնարավորություններն ու պարտավորությունները:

-Ես հուսով եմ, որ եթե Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներիս առաջարկը լրջորեն քննարկվի իշխանական վերնախավում, կարող է դառնալ ևս մեկ փոքրիկ քայլ, խթան այդ մեծ երկխոսությունը առաջ մղելու համար: Մի վիճակ է, երբ բիզնես էլիտաներն առաջնորդվում են իրենց բնազդային շահերով, այլ վիճակ է, երբ կառավարման համակարգին մասնակցում է ակադեմիական ու կիրառական գիտությունը: Այս դեպքում ընդունվող որոշումների որակն ու մակարդակը էապես բարձրանում են: ԵԱՏՄ մտնելով՝ մենք եկանք մի իրավիճակի, երբ պարզ երևում են մարդիկ, ում համար 3-միլիոնանոց Հայաստանն անծայրածիր, մեծ երկիր է, և մարդիկ, ում համար 175-միլիոնանոց եվրասիական շուկան փոքր է ու ընդլայնվելու տեղ ունի: Հարցը մտածողության մասշտաբն է: Գալու է ժամանակ, երբ Հայաստանում հաջողություն են ունենալու մեծ մասշտաբներով ու կատեգորիաներով մտածողները:

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ