«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Եթե չես կարող ստեղծել գործընկերային պայմաններ, մի նեղացիր ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արևմուտքից»

«Եթե չես կարող ստեղծել գործընկերային պայմաններ, մի նեղացիր ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արևմուտքից»
27.01.2015 | 00:16

Գյումրու դեպքերից հետո քաղաքական և վերլուծական շրջանակների որոշ ներկայացուցիչներ բարձրաձայնեցին, թե պետք է «ազատվել» ռուսական 102-րդ ռազմաբազայից: Սակայն այս գաղափարը շատերն անհեռատես համարեցին` նշելով, որ ռազմաբազան Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է։ Այդպես է մտածում նաև ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ «Իրատես de facto»-ի հետ զրույցում նա ռուսական ռազմաբազային դեմ արտահայտվողներին համարեց անլուրջ մարդիկ, որոնք քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում:

-Գյումրու դեպքերը, սահմանային լարվածությունը մեզ թո՞ւյլ են տալիս մտածել, որ Հայաստանը ռուսական ռազմաբազայի կարիքը չունի: Անգամ հայտարարությունների տեսքով նպատակահարմա՞ր է այս պահին մեզ նման շռայլություն թույլ տալ:

-Ցավալի դեպքեր տեղի ունեցան Գյումրիում, սակայն իշխանությունների արձագանքը դրանց համարժեք չէր: Այս իշխանություններին չհանդուրժելով հանդերձ, չեմ կարող մի հարցում համակարծիք չլինել: Խոսքը ԵԱՏՄ-ին անդամակցելն է, որի ընթացակարգը շատ վատ ձևով եղավ, և Հայաստանն այդ ճանապարհին կորուստներ ունեցավ: Խաղեր տվեց Արևմուտքի հետ` չգիտակցելով, որ կրկին նույն կետին է վերադառնալու: Հետևաբար, լայնախոհ իշխանությունը պիտի հաշվարկեր` ունի՞ «և-և»-ի հնարավորությունը, թե՞ «կամ-կամ»-ի տարբերակն է ընդունելու, որի պարագայում ընտրությունը պիտի կանգնի Ռուսաստանի վրա: Ինչո՞ւ Ռուսաստան. ոչ նրա համար, որ ես հիացած եմ այդ երկրի բարքերով, ժողովրդավարության մակարդակով, կոռուպցիայի ցածր աստիճանով: Մեր ողջ պատմությունը, աշխարհաքաղաքական դիրքը մեզ այլ ընտրություն չեն թողնում: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է հասկանա, որ այսօր Հայաստանն այլընտրանք չունի, Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների պահպանումից ու զարգացումից բացի: Բայց գործընթացները հանգեցրին այն բանին, որ մենք դարձանք ոչ թե գործընկեր, այլ վասալ: Կարող էինք արժանապատվորեն, թափանցիկ ձևով անդամակցել ԵԱՏՄ-ին, մինչդեռ այդ քայլը մեզ պարտադրվեց: Մի օրում աշխարհաքաղաքական ուղղությունը չենք փոխում: Բանակցման հնարավորությունները Հայաստանի համար ի չիք դարձան: Այսօր մենք այնպիսի վիճակում ենք, որ որպես ինքնիշխան պետություն, պայմաններ չենք կարող դնել, լիարժեք չենք կարող հանդես գալ: Ինչ վերաբերում է ռազմաբազային, ինձ միշտ զարմացնում են այն քաղաքական գործիչները, ովքեր առանց հիմնավորելու, թե ռազմաբազայի բացակայության դեպքում Հայաստանն ինչ մարտահրավերների առջև է կանգնելու, ինչպես պիտի դիմակայի, հայտարարում են, թե ռուսական ռազմաբազայի գոյությունն այլևս անհրաժեշտություն չէ Հայաստանի համար: Եթե նույնիսկ Հայաստանի սահմանին ռուսական զինուժի երկու զինվոր կանգնած լիներ, բավական էր, որ թուրքական կողմն իրեն զուսպ պահեր: Ռազմաբազայի նույնիսկ սիմվոլիկ գոյությունը մեզ խիստ անհրաժեշտ է, որովհետև ունենք աշխարհագրական շատ վատ դիրք, շրջապատված ենք այնպիսի հարևաններով, որոնք ուշի ուշով հետևում են, թե Հայաստանում ինչ է կատարվում, որ օգտվեն իրավիճակից: Իրավիճակը ճիշտ գնահատելու համար նախ անհրաժեշտ են պատասխանատու իշխանություններ, որոնք գիտակցում են պահի լրջությունը: Այսօրվա իշխանության գործողությունների մեջ չեմ տեսնում այն բանական քայլերը, որոնք ապահովելու են մեր երկրի անվտանգությունը: Աշխարհում չունենք կշիռ և պահանջատեր չենք կարող լինել: Իսկ ռազմաբազայի դուրսբերման մասին խոսողներն անլուրջ մարդիկ են, նմաններին քաղաքական գործիչ չեմ համարում:

-Նշեցիք, որ մեզ անլուրջ են համարում դրսում: Հայաստանի հասցեին նման որակումները մեծ թափ ստացան այն ժամանակ, երբ ընտրեց ԵԱՏՄ-ն: Ցանկացած ճանապարհ էլ ընտրելիս նման գնահատականներ չէի՞ն լինելու:

-Մենք վստահելի ու լուրջ գործընկեր չենք դիտարկվում, որովհետև ինչպե՞ս կարելի էր խաղեր տալ Եվրոպայի հետ, հետո նրան «քցել» ու նորից վերադառնալ Ռուսաստան: Ըստ էության, մենք ունենք մի իշխանություն, որը և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար համարվում է որպես «քցող», որի հետ չարժե լուրջ բանակցությունների մեջ մտնել ու պիտի խոսել միայն ուժ գործադրելով, ինչը և արվում է: Եվրոպան հասկացավ, որ մեզ չի կարող «կամ-կամ»-ը պարտադրել: Նրանք պետք է հասկանային Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական գործակցությունը, որը իրենք մեզ չէին առաջարկում: Այսինքն, Հայաստանի սահմանների պաշտպանությունը նրանց խնդիրը չէր: Մեր երկրի փրկությունը նոր իշխանությունների ձևավորումն է, որը կկարողանա Ռուսաստանի հետ ստանձնած պարտավորությունները, ԵՄ-ի հետ հարաբերությունները մեկ այլ մակարդակի վրա տեղափոխել: Եթե չի փոխվում իշխանությունը, Հայաստանն աշխարհից որևէ դրական ակնկալիք չի կարող ունենալ: Ավելին, Գյումրու դեպքերը ցույց տվեցին, որ իշխանություններն ի զորու չեն արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու, քանի որ ադեկվատության խնդիր ունեն:

-Գյումրու դեպքերից հետո հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ: Այս հարցում որոշ շրջանակներ կրկին ադեկվատության խնդիր ունեին: Այս առումով իշխանությունն ի՞նչ պիտի աներ, որ չարեց:

-Նախ՝ իշխանությունը պիտի իրեն իշխանության պես պահեր, ընտանիքի ղեկավարի պես: Ո՞վ է հարգում ընտանիքի այն ղեկավարին, որն իր ընտանիքը չի հարգում: Եթե երկրի ղեկավարը ժողովրդի պահանջներին համահունչ որոշումներ կարողանար կայացնել, սգո օր հայտարարեր, կարծում եմ, Ռուսաստանը մեզ ավելի էր հարգելու: Ռուսաստանից դժգոհելու խնդիր չեմ տեսնում, մենք պիտի սովորենք ինքներս մեզնից դժգոհել: Մեր քայլերի արդյունքում են տարբեր երկրներ այս կամ այն կերպ մեզ վերաբերվում: Ի՜նչ պիտի անի Ռուսաստանը, եթե Հայաստանը չի պահանջում: Իշխանությունն իր սխալ քայլերով նպաստեց, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ հասունանան: Հույս ունեմ, որ այդ տրամադրությունները շարունակական չեն լինելու: Արդեն Ռուսաստանն անհանգստացած է Հայաստանում տիրող իրավիճակով, պատվիրակություններ են գալիս, հայտարարություններ են արվում: Ռուսաստանը հասկացավ, որ Հայաստանում կարող է ոչ ի նպաստ իրեն իրավիճակ փոխվել: Որքան մենք ենք շահագրգիռ, որ մեր սահմանները պահեն ռուս սահմանապահները, այնքան էլ Ռուսաստանը: Վերջինս նաև պետք է հետևություններ անի, որ Հայաստանում չի կարելի ուկրաինական սցենար թույլ տալ: Հետևաբար, պիտի վերանայի իր վերաբերմունքը Հայաստանի ու հայերի հանդեպ:

-Ներսում ուկրաինական «սցենարիստներ» չկա՞ն:

-Ներսում կան ու կային նաև ԵԱՏՄ-ին անդամակցության ժամանակ: Կան մի քանի «քաղաքական գործիչներ», որոնք իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ հայտարարություններ են անում ու ինչի կհանգեցնեն իրենց պահանջները: Ես չեմ հարգում այդ կարգի «քաղաքական գործիչներին»: Առաջարկելով հանել ռազմաբազան կամ չանդամակցել ԵԱՏՄ-ին, նրանք խուսափում են ներկայացնել, թե այդ պարագայում Հայաստանն ինչպիսի վիճակում կհայտնվի: Նման մարդիկ պատասխանատվություն չեն կրում պետության նկատմամբ:

-Ասել է` դեպի ԵԱՏՄ մեր ճանապարհն անշրջելի է և դրան դեմ խոսողները քաղաքականության հետ կապ չունեն: Իսկ ի՞նչ կպատասխանեք այն բարձրաձայնումներին, թե մենք Ռուսաստանի հետ համագործակցելով՝ լիովին կորցնում ենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը:

-Ես էլ եմ քննադատում Ռուսաստանին: Բայց կա հստակ մի բան. եթե մենք ունենայինք այլընտրանք, կմտածեինք այդ մասին: Ստեղծված իրավիճակում, ղարաբաղյան հիմնախնդրի պարագայում հասկանում ենք, որ Ռուսաստանը մեր անվտանգության միակ երաշխավորն է: Եվրոպան, դժբախտաբար, անվտանգության համակարգ մեզ չի առաջարկում: Այո, այնտեղ կան արժեքներ, որոնք մեր երկրում պետք է ներդնենք, բայց սա չի նշանակում, որ մեր ռազմաքաղաքական գործընկերոջից պիտի հրաժարվենք: Երբ խոսում են ինքնիշխանության կորստից, ես չեմ ճանաչում մի միավոր, որին անդամակցած երկրներն ինչ-որ չափով չեն զիջում իրենց անկախության մի մասը, քանի որ ամեն միավոր ունի իր կանոնները: Բնականաբար, ԵԱՏՄ-ն էլ ունի իր կանոնները, որոնք պետք է մեզ ընդունելի լինեն:

-Մեծ հաշվով Եվրոպան էլ զերծ չէ «անկախության կորստից»: ԱՄՆ-ի ռազմաբազաները «բույն» են դրել նաև նրա սրտում:

-Այո: Եվ երբ խոսում ենք եվրոպական արժեքներից, պիտի հասկանանք, որ դրանցից ոչ բոլորն են մեզ համար ընդունելի: Ավելին, նույն Եվրոպան ժողովրդավարություն չի կիրառում Հայաստանի պարագայում և հաճախ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Արևմուտքի, ավելի ճիշտ, ԱՄՆ-ի նպատակն է մեր տարածաշրջանն իր ազդեցության ոլորտ տեղափոխել` բացառելով Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում և Կովկասում: Ինչպես պիտի վարվեր Ռուսաստանը, երբ տեսնում էր, որ իր ռազմաքաղաքական գործընկերոջ ձեռքով իրեն դուրս են «հրավիրում»: Դրա համար ԵԱՏՄ-ի անդամակցությունը մեզ պարտադրեցին: Մի բան ևս. երբ ասում են` Ռուսաստանը մեր բարեկամն է, պետք է հասկանալ, որ Ռուսաստանն առաջին հերթին իր բարեկամն է: Եթե դու չես կարող ստեղծել գործընկերային պայմաններ, մի՛ նեղացիր ոչ Ռուսաստանից, ոչ Արևմուտքից: Պատճառը փնտրիր քո ներսում, քո տապալած տնտեսության, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի մեջ:

-Չհայտարարված պատերազմի այս օրերին, երբ ՀԱՊԿ-ը լռում է, ԵՄ-ն ոչնչով չի կարող մեզ օգնել, ինչպե՞ս խաղաղություն պարտադրել, ո՞ւմ վրա հույս դնել:

-Հույսը նախ և առաջ ինքներս մեզ վրա պիտի դնենք: Ռուսական սահմանապահների գոյությունը պահպանելը պարտադիր է: Այսօր բանակի համալրման խնդիր ունենք, ինչպե՞ս ենք պատրաստվում այդ բազմակիլոմետրանոց սահմանը պահելու: Եթե նույնիսկ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտության խնդրում համարժեք քայլեր չի ձեռնարկում, միևնույն է, սահմանապահների առկայությունը զսպող գործիք է և Ադրբեջանի, և Թուրքիայի համար: Մեր հույսը պիտի դնենք մեզ վրա, բայց նաև չպետք է հրաժարվենք մեր ռազմաքաղաքական գործընկերոջից:

- Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման արդյունքում Հայաստանում հնարավո՞ր է նոր «մայդան»:

-Ոչ: Անկախ այսօրվա քաղաքական կրքերից, Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան: Տականքն ազգություն չունի: Ռուսաստանում ապրում է ավելի քան երկու միլիոն հայ, որ պահում են այստեղ ապրող իրենց հարազատներին: Մենք իրավունք չունենք վտանգելու նրանց գոյությունը Ռուսաստանում: Սա չի նշանակում, որ պիտի ստորադասենք Հայաստանի ցանկացած քայլ: Մեզանում բացառված է «մայդանը», որովհետև մեր ժողովուրդը շատ բանական է ու զգուշավոր: Հակառակ պարագայում Հայաստանը երկու օրում կոչնչանա, քանի որ չունի ռեսուրսներ, շրջափակված է և ճանապարհ չունի դեպի Արևմուտք: Այս ամենը մեր ժողովուրդը, ի տարբերություն շատ «քաղաքական գործիչների», հրաշալի գիտակցում է:

Զրույցը`

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ