«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մեր երկրում վտանգավոր ավանդույթ է ձևավորվել. յուրաքանչյուր չինովնիկ ասպարեզ է մտնում սեփական փոցխով և փորձում է հնարավորինս շատ փոցխել իր կողմը»

«Մեր երկրում վտանգավոր ավանդույթ է  ձևավորվել.  յուրաքանչյուր չինովնիկ ասպարեզ է մտնում սեփական փոցխով և փորձում է հնարավորինս շատ փոցխել իր կողմը»
20.01.2015 | 12:51

«2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Այդ իրողությունն ի՞նչ կտա մեզ» հարցով ենք սկսում զրույցը տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ հետ։

-Ինչպես ասում են` «էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու»: Ժամանակին մեր տնտեսագետները համոզված էին, որ եթե Հայաստանն անկախանա, ապա միայն իր կոմպոտներով ու ջերմուկով իրեն կպահի: Չստացվեց, մեր կոմպոտներն ու ջերմուկը մեզ չպահեցին: Անկախության տարիներին մեր երկիրը հայտնվեց խոր տնտեսական ճգնաժամի մեջ` կորցնելով իր զարգացած գիտատար արդյունաբերությունը: Հիմա նույն տնտեսագետները առավել, քան համոզված են, որ ԵԱՏՄ-ն մեր տնտեսությանը զարգացման լայն հնարավորություններ կտա` մեր ապրանքների առաջ նոր արտաքին շուկաներ բացելով: Կարծես մեր ամենաթույլ տեղը միայն արտահանման շուկաների բացակայությունն է: Ցավն այն է, որ անկախության տարիներին Հայաստանում մրցունակ ապրանքներ չեն արտադրվել, որովհետև մեր գործարանները երկու տասնամյակ շարունակ չեն աշխատել, պարապուրդի մեջ են հայտնվել, չեն զարգացել, մնացել են խորհրդային հետամնաց սարքավորումների ու տեխնոլոգիաների մակարդակին: Մեր արտադրատեսակները հնացած են ու ոչ մի շուկայի էլ պետք չեն, մրցունակ չեն, նորը, մրցունակը չենք ստեղծել: Ի՞նչ իրավիճակում մենք կարող ենք հայտնվել ԵԱՏՄ մտնելով, չգիտեմ, գուշակություններ անել չեմ կարող: Դրությունը շատ լարված է. աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, Ռուսաստանի դեմ կիրառվող ու օրեցօր խստացվող պատժամիջոցներ և այլն: Մեզ մնում է միայն աշխատել ու աշխատել, հնարավոր է, որ այդ դեպքում հաջողվի օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից և հաջողության հասնել: Վերջին հաշվով ամեն ինչ կախված է լինելու Ռուսաստանի վճռականությունից ու ձեռնարկած քայլերից, նրանից, թե նա ինչպես կկարողանա ստեղծված պայմաններում հաղթահարել սեփական տնտեսական ճգնաժամը: Մենք ստիպված ենք դառնալու տնտեսական խոր ճգնաժամում հայտնված պետությունների ակումբի անդամ` դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Կամ մենք միասին հաջողությամբ կհաղթահարենք առկա տնտեսական ճգնաժամը, կամ էլ միասին կսուզվենք անհայտ հորձանուտներ։ Փորձենք։ Ընկերովի մահը հարսանիք է:

-Մտնելով ԵԱՏՄ` ի՞նչ պետք է անի Հայաստանը:

-Պետք է վերջ դնի իր անպտուղ գործելաոճին և ձգտի հումք արտահանող երկրի կարգավիճակից վերադառնալ գիտատար արդյունաբերական երկրի իրեն հարիր կարգավիճակին: Այդ մասին հստակ արտահայտվեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՄ 7-րդ համագումարում ունեցած իր ելույթում: Ավելին, Հայաստանը կարող է իր առջև խնդիր դնել և ձգտել դառնալու ԵԱՏՄ տարածքում գիտատեխնիկական կարևոր կենտրոններից մեկը: Նոր տեխնիկայի ու նոր տեխնոլոգիաների մշակման բնագավառում Հայաստանը կարող է ստանձնել լիդերի դերը` իր մշակումները ներդնելով ռուսական գործարաններում: Օրինակ, իմ ստեղծած արևային տեխնիկայի զանգվածային արտադրությունը կարող է կազմակերպվել Ռուսաստանում և Բելառուսում: Ինձ չեն կարող բավարարել ԵԱՏՄ մտնելու հարցում մեր քաղաքական գործիչների որդեգրած չարչիական պրիմիտիվ փաստարկները. զիջելով մեր անկախությունը` մենք ի՞նչ օգուտներ ենք ստանալու: Հարց է, թե ԵԱՏՄ-ն ի՞նչ օգուտներ կարող է ստանալ մեզնից, բացի մեծ գլխացավանքից: Վերջին հաշվով մենք պատրաստվում ենք մտնելու ԵԱՏՄ որպես ուտող բերաննե՞ր, թե՞ աշխատող ձեռքեր: Իհարկե, ուտող բերանները միանշանակ զիջելու են մեր անկախությունը, իսկ աշխատող ձեռքերը, ընդհակառակը, կամրապնդեն ու որակական նոր աստիճանի կբարձրացնեն մեր անկախությունը` կարևորելով Հայաստանի դերը այդ նոր միությունում: Ամեն ինչ կախված է մեզնից, բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մեր ունակությունից:

-Ի՞նչ կարող էին անել իշխանությունները մեր պայմաններում. քառորդ դար տևող տնտեսական շրջափակում, երկրաշարժի չվերականգնված գոտի, ղարաբաղյան պատերազմ: Հետխորհրդային և ոչ մի երկիր չի հայտնվել նման ծայրահեղ ծանր վիճակում: Նման պայմաններում ինչպե՞ս կարող էր Հայաստանը խուսափել տնտեսական ճգնաժամից:

-Կարող էր, մի բան էլ ավելին: Քառորդ դար Հայաստանը ստացավ գիտության ու արդյունաբերության բնագավառներում ազատ ու անկաշկանդ գործելու բացառիկ հնարավորություն: Շատ պատեհ առիթ էր ներկայացել զբաղվելու մեր գործարանների և գիտական հիմնարկների արդիականացման հարցերով` ազատորեն ներկրելով ու արտադրության մեջ ներդնելով ժամանակակից արևմտյան տեխնիկան ու տեխնոլոգիաները, զարկ տալով սեփական մշակման նոր ու մրցունակ արտադրանքի ստեղծմանը և դրանց զանգվածային արտադրությանը, որպեսզի այսօր արտահանման համար արտադրանք չփնտրեինք: Ոչինչ չարվեց: Այսօր արտահանման համար արտադրանք չունենք` բացառությամբ թարմ ու վերամշակված գյուղմթերքների ու հանքանյութերի: Ավելին, վերացվեցին գիտատար արտադրություններ կազմակերպելու համար ստեղծված մեր բոլոր գործարանները: Հիմա արդեն անիմաստ և ավելորդ է այդ մասին խոսելը: Բոլորին է հայտնի, թե ինչ կատարվեց մեր երկրում, թե ինչպես զրոյացվեց մեր երկրի գիտական ու արտադրական պոտենցիալը: Հիմա մեզ մնում է մտածել` ի՞նչ անել, ինչի՞ց սկսել, ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից:

-Հայաստանի արդյունաբերության կործանումը, անշուշտ, կատարեցին կոնկրետ մարդիկ: Նրանց, ըստ Ձեզ, պե՞տք է հայտնաբերել ու դատի տալ:

-Այդ մարդկանց հայտնաբերել պետք չէ, նրանց բոլորն են ճանաչում, դատի տվող-չտվողներն էլ նրանք են: Նրանց դատի տալու ժամանակը մենք չունենք: Պետք է շտապել, որպեսզի կազմակերպված ձևով կարողանանք օգտագործել ԵԱՏՄ-ի ընձեռած նոր հնարավորությունները, այստեղից էլ չուշանանք: Պուտինն իր օրինազանց օլիգարխների հարցին ճիշտ լուծում տվեց` նրանց ամնիստիա հայտարարելով, պայմանով, որ անօրինական ճանապարհներով ստացված միջոցները հետ բերվեն ու ներդրվեն ռուսական տնտեսության մեջ: Մեր օլիգարխները հայրենիքում դժվարությամբ են ներդրումներ կատարում` վատ օրինակ ծառայելով մեր սփյուռքահայ գործարարներին: Վերջիններս պատրաստ են լուրջ ներդրումներ կատարելու հայրենիքում, բայց միայն տեղական մեծահարուստներից հետո:

Ձեր նշած ծանր պայմանները մեր դեպքում կարող էին պարարտ հող դառնալ երկրի տնտեսությունը ճիշտ կազմակերպելու համար: Կա՞ն արդյոք ազգային խնդիրները լուծելու առավել մոտիվացնող պայմաններ, քան աղետի գոտին, ղարաբաղյան պատերազմը, մեր տարած հաղթանակները: Չկան: Մենք, ի հեճուկս մեր թշնամիների, պետք է կարողանայինք կազմակերպել մեր արդյունաբերությունը այնպես, որ հզորացած դուրս գայինք ստեղծված իրավիճակից: Բայց, նկատի ունենալով մեր երկրում ստեղծված սոցիալական ծայրահեղ բևեռացումը, կարելի է ասել, որ Ձեր նշած ծանր պայմանները խիստ նպաստավոր դարձան մեր որոշ քաղաքացիների համար, որոնք, ոչինչ չտալով մայր հայրենիքին ու մարդկությանը, դարձան միջազգային մասշտաբի օլիգարխներ` խոր աղքատության մեջ թողնելով մեր հասարակության հիմնական զանգվածին` ի դեմս բանվորների, ինժեներների, գիտնականների և այլոց, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ միայն երկիրը կարող էր խուսանավել և տնտեսությունը հեռու պահել ճգնաժամերից` ապահովելով Հայաստանի տնտեսական անվտանգությունը: Տնտեսական անվտանգությունը, ի դեպ, ցանկացած երկրի ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոններից մեկն է, առավել ևս Հայաստանի համար: Ցանկացած երկիր իր զարգացման ռազմավարական ծրագրերի հիմքում դնում է տնտեսական անվտանգության ապահովման խնդիրը: Արդյոք մենք ունե՞նք Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովման որևէ ծրագիր: Չունենք: Երկրի տնտեսությունը 1988 թվականից սկսած մատնված է ինքնահոսի, գտնվում է ազատ նավարկության ռեժիմում: Տնտեսական ճգնաժամից խուսափելու համար մեր իշխանությունները ժամանակին պետք է մշակեին և հետևողականորեն իրականացնեին մեր երկրի տնտեսության զարգացման ռազմավարական մի համալիր ծրագիր` հաշվի առնելով Հայաստանի և սփյուռքի գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական, ֆինանսական հնարավորությունները:

Այսօր մենք ականատեսն ենք այն իրողության, թե մեր բարեկամ, հզորագույն Ռուսաստանն ինչպես է պատերը ճանկռելով փորձում լուծել իր երկրի տնտեսական անվտանգության անլուծելի թվացող խնդիրը: ՈՒկրաինական դեպքերը և դրանց հետևող արևմտյան պատժամիջոցները դժվարին կացության մեջ են դրել Ռուսաստանին: Գազի ու նավթի հաշվին 25 տարի շարունակ թռի-վռի անելուց ու ժամանակի ահռելի կորստից հետո Ռուսաստանը պետք է մտածի ժամանակակից մրցունակ տնտեսություն կազմակերպելու մասին` ամեն ինչ սկսելով զրոյից: Ինչպե՞ս են այդ խնդրի լուծումը տեսնում Ռուսաստանում: Տարակարծություն չկա. պետք է ստեղծել և զարգացնել սեփական տեխնոլոգիաների վրա հիմնված նոր արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը` հույսը դնելով գաղափարների ներքին գեներացիայի վրա: Հայաստանը պետք է հետևի Ռուսաստանի օրինակին և ստեղծի իր նոր արդյունաբերությունը և ժամանակակից գյուղատնտեսությունը:

-Դուք այն համոզմանն եք, որ մեր իշխանությունները չունեն տնտեսության զարգացման հեռանկարային ծրագիր: Իսկ Տիգրան Սարգսյանի 11 կետից բաղկացած ծրագի՞րը:

-Ես անձամբ եմ առաջարկել Տիգրան Սարգսյանին, որ իզուր ժամանակ չվատնի այդ 11- կետանոց անողնաշար ծրագրի վրա ու լրջորեն զբաղվի իմ մշակած Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի ծրագրով: Դա նա չընկալեց ու չընդունեց: Ավելին, անձամբ Տիգրան Սարգսյանը արեց այնպես, որ մեր ծրագիրը տապալվի: Զարմանալի երևույթ է. երկրի վարչապետը դեմ է մի շատ կարևոր ու իրատեսական ծրագրի իրագործմանը այն դեպքում, երբ ասպարեզում աշխատող ծրագրեր ուղղակի գոյություն չունեն: Ինչո՞ւ: Ինչպե՞ս դա հասկանալ ու ընկալել: Եթե երկրի խնդիրները քիչ են մտահոգում վարչապետին, ապա ո՞րն է նրա դերը: Ճիշտ վարչապետը պետք է հակառակն աներ, հնարավորն ու անհնարինը աներ, որ այդ և նմանատիպ այլ` ներքևից եկող ծրագրերը կյանքի կոչվեին: Ավելորդ չեմ համարում հիշեցնել մեր նախկին տնտեսագետ-վարչապետին, որ Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը իր բոլոր տվյալներով բավարարում է երկրների տնտեսական անվտանգության ապահովման հիմնական տնտեսագիտական չափանիշներին: Հույս ունեմ, որ այդ ծրագիրն իր արժանի տեղը կգտնի ու կիրականացվի ԵԱՏՄ սահմաններում:

-Ինչպե՞ս կարող էր երկրի վարչապետը դեմ գնալ գործնական արժեք ներկայացնող ծրագրերի իրականացմանը, այն էլ մերօրյա պայմաններում, երբ աշխատող գաղափարների սով է: Չէ՞ որ ցանկացած երկրի վարչապետի ուղղակի պարտականությունն է` միավորել բոլոր կարող ուժերը, մոբիլիզացնել առկա բոլոր ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման համար: Համենայն դեպս, այդպիսին էր Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտիվացիան: Ի դեպ, Ձեր բառերը հաստատող փաստեր ունե՞ք։

-Փաստերը շատ են ու անհերքելի: Ես չէի ցանկանա քննարկման առարկա դարձնել կոնկրետ վարչապետի աշխատանքային գործունեությունը: Հայաստանի իշխանությունները ընդհանրապես և բոլոր վարչապետերը, մասնավորապես, այդպես էլ չկարողացան ընկալել անկախ Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկան: Ամեն ինչ դրված է մի կերպ յոլա տանելու փիլիսոփայության վրա: 25 տարի առաջ Հայաստանի գիտական հասարակությունը` ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի գլխավորությամբ, հարց էր բարձրացնում, որ պետք է մշակվի ու Հայաստանում հետևողականորեն իրագործվի տնտեսության զարգացման մեր ազգային, ռազմավարական ծրագիրը: Դա չարվեց: Ո՞վ էր դրան դեմ` ՀՀ առաջին նախագահը: Մեզ ծրագրեր պետք չեն, աշխատում ենք, էլի, հայտարարում էր նա: Ինչո՞ւ էր նա դա անում, չգիտեմ: Հիմա ի՞նչ 11-կետանոց «ռազմավարական» ծրագիր ենք առաջարկում, եփած հավի ծիծաղը կգա: Անբացատրելի, բայց փաստ է այն, որ մեր գրագետ ու տաղանդավոր ժողովուրդը իր տնտեսական տվյալներով այսօր հաջողեցրել է հայտնվել աֆրիկյան աբորիգենների շարքերում: Իջնելու տեղ էլ չի մնացել:

Մեր վարչապետերի թվում Տիգրան Սարգսյանը, թերևս, լավագույնն է իր ինտելեկտով, բայց հենց նրա օրոք մեր երկրում գրանցվեց ամենամեծ տնտեսական անկումը` իր կրկնապատկված արտաքին պարտքով: Արևային տեխնիկայի զանգվածային կիրառության կամ երկրի հելիոֆիկացման մեր ծրագիրը այդպես էլ չարժանացավ Հայաստանի իշխանությունների ուշադրությանը: Ավելին, իր տրամադրության տակ ունեցած լծակներով վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ խոչընդոտ դարձավ մեր ծրագրին: Խոսեմ փաստերով: 2011 թվականին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ Սպիտակ քաղաքում գործող մեր արևային պոլիգոն այցելեց շվեյցարացի մի գործարար, որը Հայաստան էր եկել արևային տեխնիկայի բնագավառում 300 միլիոն դոլարի ներդրում կատարելու առաքելությամբ: Մեր աշխատանքները տպավորություն թողեցին շվեյցարացու վրա: Նա հեռախոսով անմիջապես կապվեց վարչապետի հետ և հայտնեց, որ մեր կատարած աշխատանքները բավարարում են իրենց պահանջներին և հնարավոր է համարում ներդրումներ կատարելը: Առաջին պլանում դրվում էր Սպիտակ քաղաքում հայ-շվեյցարական համատեղ հելիոտեխնիկական սարքերի գործարան կազմակերպելու հարցը: Այդ առաջարկությունը նա վերահաստատեց նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Ներդրումների այդ գաղափարը մեր վարչապետը պարզապես մերժեց` միայն իրեն հայտնի պատճառաբանություններով: 300 միլիոն դոլարը, ինչպես հետո պարզվեց, ներդրվեց Ռուսաստանի Սամարա քաղաքում, բայց շվեյցարացին մեզնից ձեռք չքաշեց: Նա առաջարկեց Սպիտակում իրականացնել պիլոտային մեկ բարեգործական ծրագիր` երկու ուղղությամբ. ա) հելիոֆիկացնել Սպիտակ քաղաքի «Շվեյցարական» թաղամասը, բ) կազմակերպել ուսումնական արևային պոլիգոն Լոռու մարզի դպրոցականների համար: Նման բարեգործական ծրագրեր իրականացնելու համար Հայաստանում, ըստ գործող կանոնակարգի, անհրաժեշտ էր ստանալ ՀՀ վարչապետի պաշտոնական համաձայնությունը: Վարչապետի համաձայնությունը ստանալու համար 2012 թ. դեկտեմբերի 17-ին պաշտոնական նամակով (հա.034/01-674) դիմել եմ նրան: Իմ նամակը ուղարկվեց էներգետիկայի, էկոնոմիկայի և բնապահպանության նախարարություններ` կարծիքի համար: «Կարծիքը» երեք դեպքում էլ խիստ դրական էր, ընդգծված էր նախատեսվող ծրագրի հույժ կարևորությունը Հայաստանի համար: Մնում էր ստանալ ՀՀ վարչապետի պաշտոնական համաձայնությունը և շվեյցարական կողմի հետ սկսել բանակցությունները: Նամակիս պատասխանը մինչ օրս չեմ ստացել: Անցել է շուրջ երեք տարի: Պարբերաբար զանգահարել եմ ՀՀ կառավարության նամակների բաժին. ոչինչ չգիտեն: Զանգահարում եմ իմ նամակով զբաղվող քաղծառայողին. չգիտի, թե ինչ պատասխանի: Մեկ անգամ, սակայն, նա անկեղծացավ և ասաց բառացիորեն հետևյալը. «Լավ, էլի, ինձ մի ստիպեք, որ ես Ձեզ բացատրեմ մեր կառավարության ներքին խոհանոցը»: Ահա թե ինչ: Պարզվում է` ՀՀ կառավարությունն ունի իր ներքին խոհանոցը, աշխատում է երկակի ստանդարտներով: Համաձայն ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի` կառավարությունը պարտավոր էր իմ նամակին պատասխանել ողջամիտ ժամկետներում: Բայց իմ նամակը շրջանցել է ՀՀ Սահմանադրությունը և հայտնվել ՀՀ կառավարության ներքին խոհանոցում` տաբուի տակ: Ինչո՞ւ: Եթե մենք կարողանանք բացահայտել այդ ներքին խոհանոցի առանձնահատկությունները, ապա հեշտությամբ կարող ենք բացատրել մեր տնտեսության անհաջողությունների հիմնական, առավելապես սուբյեկտիվ պատճառները: Կառավարության «խոհանոցը» իմ բռնած գործին մեծ վնաս հասցրեց: Ես կորցրի Սպիտակի աղետի գոտում իմ աշխատանքները սկսելու-զարգացնելու համար ընձեռվող հնարավորությունները:

-ՈՒզում եք ասել` ՀՀ նախկին վարչապետը կոնկրետ պատճառներ ուներ Ձեր ճանապարհը փակելու, ավելին, Ձեր բիզնեսը տապալելու համար:

-Այդպիսի անձնավորված պատճառներ չեմ տեսնում: Իմ կոլեգաներից մեկը ժամանակին դիմել էր Տիգրան Սարգսյանին` առաջարկով, որ նա սատար կանգնի հելիոֆիկացիայի մեր ծրագրին: «Ես ինչո՞ւ պետք է օգնեմ Վահան Համազասպյանին, տեսեք, թե նա մամուլում ինչպես է ինձ քննադատում», -ասել է նա` դարակից հանելով և ցույց տալով «Իրատես de facto» թերթի համարներից մեկը:

-Ընթացք չտալով Ձեր ծրագրին` նա ավելի մեծ վնաս է հասցրել իր ղեկավարած երկրի տնտեսությանը: Չէ՞ որ Ձեր ծրագիրը, ըստ Ձեր հաշվարկների, թույլ կտար ստեղծել 400-800 հազար աշխատատեղ, վերականգնել աղետի գոտու արդյունաբերությունը, բարձրացնել մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ու կենսունակությունը, խթանել ներգաղթը և, վերջապես, հզորացնել մեր երկիրը: Մեր քաղաքացիների համար անբացատրելի է մնում այն հանգամանքը, թե ինչու արևի էներգիայի օգտագործման այդքան տրամաբանական և Հայաստանի համար հույժ կարևոր ծրագրերը այդպես էլ կյանք չեն մտնում: Եթե այդ ծրագրերը կյանք չեն մտնում, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ մեր մյուս գիտնականների ծրագրերը կյանք կմտնեն և ի՞նչ հետաքրքրություն ունեն նրանք իրենց գիտական աշխատանքները Հայաստանում ծավալելու համար, եթե ավելի դյուրին է իրենց բիզնեսները արտերկրում կազմակերպել:

-Ո՞Ւր է, թե իմ ծրագրի խափանման հարցում նախկին վարչապետը ղեկավարվեր միայն անձնական մոտիվներով` քննադատողից փոքրիկ վրեժ հանելու մղումով: Պատճառները, իմ կարծիքով, ավելի խորքային և առավել վտանգավոր են: Դրանք խոր վերլուծության կարիք ունեն: Ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում ստեղծել և հաջողությամբ իրականացնել տնտեսությունը նոր պայմաններում զարգացնելու ծրագրերը: Ի՞նչ անուն դնենք տնտեսության զարգացման ռազմավարական կոչվող այն ծրագրին, որը բաղկացած է 11 կետից: Վերցնենք այդ ծրագրի կետերից մեկը, որը կրում է ճշգրիտ մեքենաշինություն (ինժեներինգ) վեհ անվանումը: Ի՞նչ է ճշգրիտ մեքենաշինությունը այսօր: Այդ ոլորտն այսօր ընդգրկում է նանոմետրանոց ճշգրտությամբ հաստոցների, սարքերի ու նրանց մասերի արտադրությունը: Այս տիպի արտադրությունների կազմակերպման հիմնական խնդիրն է արտադրական միջավայրի ջերմաստիճանի պահպանումը 0,010C սահմաններում: Բանվորի ներկայությունը այդ միջավայրում հակացուցված է, որովհետև իր ջերմությամբ նա խախտում է միջավայրի ջերմային ռեժիմը: Մեր մեխանիկական գործարաններում արտադրական միջավայրի ջերմաստիճանային տատանումները հասնում են 40-500C-ի. ձմռանը` մինչև -200C-ի, ամռանը` մինչև +300C-ի: Հիշեցնեմ հայկական ինժեներինգի հեղինակներին, որ մեր գործարանները ընդհանրապես չեն ջեռուցվում: Դեպքեր են հայտնի, որ բանվորը ձեռքը դրել է հաստոցին, ու չի պոկվել: Ինչպե՞ս են նման գործարաններում պատրաստվում կազմակերպելու ճշգրիտ սարքերի արտադրությունը: Առաջարկում են նոր գործարաններ կառուցել, բայց ինչո՞վ: Այդպիսի թանկարժեք գործարանների կառուցման համար անհրաժեշտ գումարներ Հայաստանը չունի: Իսկ մասնագետնե՞րը. որտե՞ղ են նրանք պատրաստվում ու իրենց արտադրական պրակտիկաներն անցնում: Այդպիսի թանկարժեք գործարանների համար Հայաստանը միջոցներ չունի: Որտեղ ենք մենք տեսնում մեր տեղն ու դերը այդ բնագավառում` Գերմանիայի, ճապոնիայի, Հարավային Կորեայի և տեխնոլոգիական զարգացման բարձր մակարդակի հասած այլ պետությունների շարքում, ո՞ւմ ենք պատրաստվում զարմացնեու` մեզ գցելով ինքնաթյուրիմացության մեջ: «Ծրագրի» մյուս կետերը ևս արժանիորեն քննադատում են մեր պրոֆեսիոնալ մասնագետները: Իմ կողմից անազնիվ կլիներ ծափահարել Հայաստանի տնտեսության «առողջացման» անկենդան ծնված 11-կետանոց ծրագրին ու նրա հեղինակներին: Տնտեսության «առողջացման» այդ ծրագրի վրա ՀՀ կառավարությունը մի քանի տարի ժամանակ է կորցրել` չհաշված կատարված մեծածավալ ծախսերը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ կառավարությունն իր փեշի քարերը վայր դներ ու տնտեսության առողջացման ծրագիր մշակելիս որպես անկյունաքար ընդուներ ակադեմիկոս Պարիս Հերունու և իմ մշակած արևային ծրագրերը: Արևային ծրագրերի իրագործումը թույլ կտա Հայաստանի տնտեսությունը միանգամից դուրս բերել ճգնաժամից: Իզուր էր մեր հարգելի Տիգրան Սարգսյանն իմ քննադատությունից նեղվում և ձեռքի տակ եղած վարչապետական լծակներով փորձում ճնշել հայ գիտնականիս` իր նախաձեռնած ծրագրով հանդերձ: Վերջին հաշվով Հայաստանը փորձադաշտ չէ մեր արկածախնդիր իշխանավորների համար: Հայաստանը այն երկիրն է, որտեղ ապրում ենք մենք, մեր երեխաները, մեր թոռները և ապրելու են մեր բոլոր հաջորդ սերունդները: Թող մեր չինովնիկներն այս ամենը իրենց ականջներին օղ անեն: Եթե իշխանության ղեկին նստած մարդիկ չունեն մասնագիտական բավարար մակարդակ` մեր դժվարին ժամանակներում տնտեսության կազմակերպման հարցերում ճիշտ և օպերատիվ ձևով կողմնորոշվելու համար, ապա թող բարի լինեն ու դիմեն բավարար փորձ ու գիտելիքներ ունեցող պրոֆեսիոնալ մասնագետների օգնությանը: Իմ կոլեգաների կողմից երաշխավորում եմ, որ այդ օգնությունը կլինի անվճար ու անշահախնդիր` առանց արտաքին պարտք-տրանշների: Հայաստանի գիտական պոտենցիալը բավարար էր, որ մի քանի տարում երկիրը վերածվի արդյունաբերական դրախտի: Հիմա էլ ուշ չէ այդ անելու համար, բայց այդ ամենը կլինի արդեն ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Վարչապետական ներքին խոհանոցի առեղծվածը պարզաբանման ու բացահայտման կարիք ունի, այլապես հայ գիտնականների նախաձեռնած բոլոր գործնական առաջարկությունները կարժանանան մեր ծրագրի ճակատագրին: Բոլոր կարևոր ծրագրերը մեկը մյուսի հետևից կհեռանան մեր երկրից` իր քաղաքացիների հետ միասին:

Տարբերակ առաջին: ՀՀ կառավարությունում շարունակում է գործել բագրատյանական այն արատավոր պրակտիկան, որ յուրաքանչյուր ստորագրության համար պետք է վճարել: Ցանկանո՞ւմ եք Հայաստանում բիզնես սկսել, հույս ունեք, որ արտասահմանյան լավ գործընկեր է հայտնվել, որը պատրաստ է լուրջ ներդրումներ կատարելու ձեր ուղղությամբ, միայն կառավարության թույլտվություն-համաձայնությունն է պակասում, որը անպայման… «վարչապետեն սենյակեն պիտի ըլլա», վճարեք, վճարեք պատասխան նամակը պատրաստելու ու ստորագրելու համար: Տարբերակ երկրորդ: Պետական պաշտոնյան ցանկանում է փայատիրական հիմունքներով մասնակից դառնալ (օրթախ կանգնել) ձեր սկսվող բիզնեսին: Ձեր նախաձեռնությամբ բանակցեք համապատասխան պետական պաշտոնյայի հետ` որպես առիթ օգտագործելով Ձեր նամակը: Տարբերակ երրորդ: Գոյություն ունի երևակայական մի ցուցակ, կա մի ներքին պայմանավորվածություն, ըստ որի` Հայաստանում բիզնեսով զբաղվելու իրավունք ունեն միայն որոշակի մարդիկ: Դուք այնտեղ չկաք, նոր դեմքեր այնտեղ պետք չեն` անկախ արվող առաջարկությունների որակից: Տարբերակ չորրորդ: Մեր կրեդիտորների կողմից (Ռուսաստան, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, Եվրամիություն) Հայաստանի վզին փաթաթված է թույլատրելի ոլորտների մի երևակայական ցուցակ, որը բացառում է այլ, չնախատեսված ոլորտների զարգացումը Հայաստանում: Հնարավոր է, որ իմ նշած տարբերակներից և ոչ մեկը իրականում չկա: Հնարավոր է, կան այլ, առավել քողարկված տարբերակներ, որոնք հանրությունից գաղտնի են պահվում, և որոնց մասին քչերը գիտեն: Ինչ կարող ես անել, մարդկային երևակայությունը սահմաններ չունի: Մի բան սակայն պարզ է. Հայաստանի տնտեսության զարգացման բոլոր խոչընդոտները արհեստածին են, չինովնիկածին են` խարսխված անձնական շահի գերարժևորման ու պետական շահի ստորադասման կամ, պարզապես, պետական դավաճանության վրա: Այլապես Հայաստանի տնտեսության նմանօրինակ անկումը հնարավոր չէր լինի բացատրել հայտնի տնտեսագիտական կանոններով, որովհետև մեր երկիրը նման թշվառ վիճակում հայտնվելու և նման անկում արձանագրելու տեխնիկական պատճառներ չի ունեցել: Մեկ երիտասարդ քաղծառայողի բերանից դուրս թռած միամիտ խոստովանությունը բավական էր, որ իմ խոսքն այդքան հեռուն գնար ու առաջացներ և խոր հիասթափություն, և կասկածամտություն, և ծայրագույն զգուշավորություն: Այդ ամենը հակացուցված է գիտության և տեխնիկայի զարգացման համար: Գիտությունն ու տեխնիկան զարգանում են այնտեղ, որտեղ կան արդարություն, նպատակի հստակություն, համոզվածության ու համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտություն:

Այսքանից հետո ես չեմ կարող հրաժարվել գայթակղությունից և համեմատական անալիզի չենթարկել մեր հին ու նոր իշխանավորներին: Հայ գիտնականիս աշխատանքների նկատմամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերաբերմունքի մասին ես արդեն պատմեցի: Տեսնենք, թե ինչ վերաբերմունքի արժանացան իմ գիտական աշխատանքները, որոնք ճակատագրի բերումով 1979 թվականին ես պատիվ ունեցա ներկայացնելու ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ կամ այսօրվա լեքսիկոնով ասած` վարչապետ Ալեքսեյ Նիկոլայի Կոսիգինին: Ինձ համար այդ պատմական հանդիպումը տեղի ունեցավ Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ-ի իմ լաբորատորիայում: Հանդիպմանը ներկա էին ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամներ Հեյդար Ալիևը, Էդուարդ Շևարդնաձեն, Հայաստանի ողջ ղեկավար անձնակազմը: Խորհրդային երկրի վարչապետին ես պետք է ներկայացնեի հայկական գիտության և ռազմական արդյունաբերության ձեռքբերումները` իմ լաբորատորիայում կատարված գիտական աշխատանքների օրինակով: Կոսիգինի սուբյեկտիվ ընկալումից և տված գնահատականից շատ բան էր կախված Հայաստանի համար (նոր ոլորտների ֆինանսավորում, գործարանների տեխնիկական վերազինում, նոր գործարանների կառուցման թույլտվություն, բուհերում նոր մասնագիտությունների բացում և այլն): Ա. Կոսիգինին շատ հետաքրքրեցին մեր լաբորատորիայում ստեղծված աշխարհում առաջին նանոսկոպը և չիպերի ստուգման համար նախագծված նանոթեստային էլեմենտները (նկարում դրանք Ա. Կոսիգինի ձեռքերում են, նկարը հրապարակվում է առաջին անգամ):

-Որքան ես գիտեմ, Կոսիգինը մասնագիտությամբ տեքստիլագործ էր, նա ի՞նչ պետք է հասկանար Ձեր նանոգործերից: Ինչ էլ ցույց տայիք, հալած յուղի տեղ էր ընդունելու, այդպես չէ՞:

-Տեքստիլագործը տեքստիլագործ էր, բայց նա այն պատմական պետական գործիչը չէր, որի ժամանակը կարելի լիներ տարբեր հեքիաթներով փչացնել: Դա ես շատ շուտ հասկացա, երբ իմ ելույթը սկսեցին մեկնաբանել նրան ուղեկցող ակադեմիկոս Եվգենի Վելիխովը (Վելիխովն այժմ գլխավորում է Ռուսաստանի հանրային խորհուրդը) և Վալենտին Պրոլեյկոն, ավիացիայի գլխավոր մարշալ Կուտեպովը: Սովետական հզոր գիտնականների ու ռազմական գործիչների ներկայությունը նոր երանգ տվեց մեր հանդիպմանը: Տեղի ունեցավ շատ օգտակար գիտական դիսկուսիա, որի ռեզյումեն այսպիսին էր.«Աբովյանի գիտնականները միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հասել են աննախադեպ հաջողության, անցել են նանոտեխնոլոգիաների տիրույթը` իրենցից հետ թողնելով ճապոնացիներին ու ամերիկացիներին»: Այդ ձևակերպումը շատ դուր եկավ Կոսիգինին ու մեծ հպարտություն պատճառեց Կարեն Դեմիրճյանին: Վերջինս ցուցադրաբար թեթևակի հարվածեց մեջքիս ու ասաց իր հայտնի խոսքը. «Մոլոդեց»: Կոսիգինը շատ գոհ էր մնացել Հայաստանից: Այսօր, երբ աշխարհը թևակոխել է նանոտեխնոլոգիաների դարաշրջանը, 70-ական թվականներին Աբովյանում ստեղծած մեր աշխատանքները դեռևս պահպանում են իրենց կարևորությունը: Կոսիգինի այցից հետո, մեկը մյուսի հետևից Աբովյանի մեր լաբորատորիա էին այցելում ԽՍՀՄ բարձրաստիճան պետական ու քաղաքական գործիչները, այդ թվում` Կոսիգինի առաջին տեղակալ Արխիպովը, ԽՍՀՄ կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղար Բ. Պաստուխովը, ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի նախագահ Սմիռնովը: Վերջինս մեր լաբորատորիայում Կարեն Դեմիրճյանի ու Ֆադեյ Սարգսյանի ներկայությամբ գիշերվա ժամը 23.45-ին ստորագրեց մի որոշում, ըստ որի` պետք էր արագ տեմպերով Հայաստանում զարգացնել մեր գիտական աշխատանքները` ռազմական արդյունաբերության մեջ դրանք շուտափույթ ներդնելու նպատակով: Երկու տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվեցին 4 ԳՀԻ ու գործարան. երկուսը` Աբովյանում, երկուսը` Արտաշատում: Սրանք իրական պատմական փաստերն են: Փորձենք համադրել ու հասկանալ Կոսիգին` ԽՍՀՄ վարչապետի ու Սարգսյան` ՀՀ վարչապետի վերաբերմունքը երկրում կատարված գիտական աշխատանքների նկատմամբ: Համադրություն առաջին: Կոսիգինը ընկալեց մեր գործի կարևորությունը ԽՍՀՄ երկրի համար ու ստեղծեց բոլոր անհրաժեշտ պայմանները մեր աշխատանքները կյանքի կոչելու համար (այստեղ ավելորդ չեմ համարում հիշատակել, որ Կոսիգինը բացասական վերաբերմունք ուներ հայերի և մյուս նացմենների նկատմամբ: Կոսիգինն էր, որը հայտարարեց, թե Թուրքիայից ԽՍՀՄ-ը հողային պահանջներ չունի): Տիգրան Սարգսյան վարչապետը շատ լավ հասկացել էր հելիոֆիկացիայի ծրագրի կարևորությունը Հայաստանի ու Ղարաբաղի համար և արեց իրենից կախված ամեն ինչ, որ տապալի այն: Ո՞Ւմ էր ձեռնտու. Հայաստանին` ոչ, Ադրբեջանին` անշուշտ: Ադրբեջանը հենց դրան էլ սպասում է, որ Հայաստանը տնտեսապես թուլանա և խոցելի դառնա: Համադրություն երկրորդ: Կոսիգինը իրեն շրջապատել էր լուրջ գիտնականներով ու վստահելի պրոֆեսիոնալ մասնագետներով, որոնց խորհուրդներին նա հավատում ու ընդունում էր առանց կասկածելու: Տիգրան Սարգսյանի շրջապատում նման մասնագետներ ես չեմ տեսել: Առիթ եմ ունեցել հանդիպելու նրանցից երկուսի հետ: Մեկը Տիգրան Սարգսյանի հոր ընկերն էր, որը վարչապետի հանձնարարությամբ այցելել էր Աբովյանի մեր արևային պոլիգոնը, մյուսը, որի հետ ես հանդիպեցի ՀՀ կառավարությունում, 25-ին մոտ մի երիտասարդ էր, որը բերանը բացած լսում էր իմ հելիոֆիկացիայի ծրագրի մասին ու ամեն ինչից զարմանում էր: Ի՞նչ հասկացավ ու ի՞նչ փոխանցեց մեր վարչապետին այդ երիտասարդը, ինձ անհայտ մնաց: Ինձ հետ անմիջական հանդիպման վարչապետը չգնաց` հանձնարարելով այդ կարևոր գործը իր երիտասարդ խորհրդականին: Համադրություն երրորդ: Կոսիգինի նախաձեռնությամբ մեր աշխատանքներին ընթացք տալու շնորհիվ սովետական էլեկտրոնային արդյունաբերությունը որոշակի տեխնոլոգիական առաջընթաց ապրեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանի պատճառով Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի գործընթացը հետաձգվեց առնվազն վեց տարով: Կարելի է հաշվարկել այն ուղղակի վնասները, որ կրեց մեր երկիրը հելիոֆիկացիայի անխուսափելի գործընթացը 6 տարով հետաձգելու պատճառով: Մեր երկիրը կորցրեց և ամեն մի ուշացած տարի կորցնելու է տարեկան 700 միլիոն դոլար, վեց տարում` 4,2 միլիարդ դոլար: Վերջինս հավասար է մեր երկրի արտաքին պետական պարտքին: Եզրակացությունները թողնում են մեր ընթերցողներին:

-Ի դեպ, ես ներկա էի ՀՀ էներգախնայողության ու այլընտրանքային էներգետիկայի հիմնադրամի կազմակերպած համաժողովին և արեցի հետևյալ ուշագրավ դիտարկումը. էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանի համար այսօր դարձել է օրհասական խնդիր: Նրա կողքին նստած էր մեկ ուրիշ փոխնախարար` Արեգ Գալստյանը, որը նախկինում մշտապես բարձրաձայնում էր այն միտքը, որ Հայաստանում արևային տեխնիկայի զարգացումը հեռանկար չունի, այն վաղաժամկետ է: Ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ այդպես 180 աստիճանով նախարարությունը երեսով շրջվեց դեպի արևային տեխնիկան: Ինչպե՞ս կմեկնաբանեք հիշյալ իրողությունը:

-Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Արևային տեխնիկայի զարգացումը խիստ կարևոր և արդիական է աշխարհի բոլոր պետությունների, այդ թվում` (և հատկապես) Հայաստանի համար: Եթե առաջիկա 50 տարում էներգետիկայի խնդիրը չգտնի իր վերջնական լուծումը, ապա մարդկությունը պետք է պատրաստ լինի ճաշակելու 3-րդ աշխարհակործան համաշխարհային պատերազմը: Այսօր մենք ականատես ենք այն իրողությանը, որ աշխարհի գերտերությունները մի կողմից մեծ աշխատանքներ են կատարում նավթի ու գազի այլընտրանք գտնելու ուղղությամբ (թերթաքարային գազ, ջրածնով աշխատող մեքենաներ, ջերմամիջուկային էլեկտրակայաններ, նաև ուրիշ երկրների ռեսուրսներին տիրանալու զոռբայական գործընթաց և այլն), մյուս կողմից` նրանք լրջորեն նախապատրաստվում են հնարավոր մեծ պատերազմին (ականջալուր լինենք Ժիրինովսկուն, նա գիժ չէ, հնարավոր համաշխարհային պատերազմի մասին նրա հայտարարությունների մեջ ճշմարտության տարրեր, համենայն դեպս, կան, նա միայն բարձրաձայնում է այն, ինչը երկրների ղեկավարներն իրենց թույլ տալ չեն կարող): Ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» և իմ հելիոֆիկացիայի ծրագրերի մեջ, բացի Հայաստանի համար խիստ կարևոր տնտեսական անվտանգության ապահովման խնդրից, հաշվի են առնված նաև վերը նշված քաղաքական հանգամանքները: Եթե մեր իշխանությունները կարողանային հասկանալ, կողմնորոշվել, գնահատել իրավիճակը և ժամանակին ընթացք տային գոնե Հերունու ծրագրին, ապա մեր երկիրը համաշխարհային հանրության առաջ արդեն լուրջ քաղաքական դիվիդենդներ ստացած կլիներ, ինչը մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է Հայ դատի խնդիրները լուծելու համար: Ընթացքից կլուծվեր նաև մեր երկրի տնտեսության զարգացման խնդիրը, չէինք հայտնվի այսպիսի անօգնական ու թշվառ վիճակում: Այնպես որ, արևային էներգետիկայի զարգացումը օրհասական խնդիր է դարձել ողջ աշխարհի համար: Ինչ վերաբերում է ՀՀ էներգետիկայի նախարարության 180-աստիճանանոց պտույտին, ապա այստեղ նորություն չկա: Այդպիսի պտույտները և ռևերանսները հատուկ են ոչ միայն էներգետիկայի նախարարությանը: Դա հետևանք է այն բանի, որ մենք չունենք տնտեսության զարգացման հստակ ռազմավարություն ու ռազմավարական որևէ ծրագիր, որով կարողանան առաջնորդվել մեր գործարարները, գիտնականները կամ չինովնիկները: Բոլոր պտույտների, հախուռն գործողությունների ու կրակոտ ճառերի հետևում, ցանկության դեպքում, կարելի է փնտրել ու գտնել համաշխարհային բանկի հերթական պարտք-տրանշները: Պե՞տք էր պայքարել Հերունի-Համազասպյանի արևային ծրագրերի դեմ, որպեսզի չստվերվեն էներգետիկայի նախարարության փայլուն աշխատանքները, ուրեմն արևային տեխնիկան մեր երկրի համար վաղաժամկետ է: Եթե պետք է բացատրել, թե մեր չփլաղ ջանին ինչի՞ն է պետք համաշխարհային բանկի 40-միլիոնանոց հերթական պարտքը, ապա, իհարկե, արևային տեխնիկայի զարգացումը Հայաստանի համար այն աստիճանի հրատապ է, որ արդեն հատել է օրհասականի սահմանը: Դա օրհասական է ոչ թե Հայաստանի, այլ առաջին հերթին, ՀՀ էներգետիկայի նախարարության համապատասխան ենթակառույցների համար, որոնք 2015 թվականին լավ ֆինանսավորում կստանան: Ցավալին այն է, որ մեր մանկամիտ մտածողության տեր պետական չինովնիկները զուրկ են պետական մտածողությունից և առայժմ հենց նրանք են որոշում երկրի առջև կանգնած կարևորագույն, օրհասական խնդիրների ճակատագիրը` հարմարեցնելով այն իրենց սեփական գրպաններին: Մեր երկրում վտանգավոր ավանդույթ է ձևավորվել. յուրաքանչյուր չինովնիկ ասպարեզ է մտնում սեփական փոցխով և, պետության շահերը մի կողմ դրած, փորձում է հնարավորինս շատ փոցխել իր կողմը: Մեր անհաջողությունների համար պետք չէ մեղավորներ փնտրել երկրի բարձրագույն իշխանական օղակներում: Նրանք գործում են իշխանական միջին օղակներում` անկախության օրվանից սկսած անվրեպ ու անկաշկանդ քանդելով ու քայքայելով մեր երկրի տնտեսությունը: Արժեր հարցնել հիմնադրամի գաղափարախոսներին ու պատասխանատուներին, թե այդ 40 միլիոնի մեջ քանի՞ ցենտ է նախատեսված, օրինակ, Հերունու ծրագիրը ավարտին հասցնելու համար: Չկա, չի նախատեսված, դրանք այլ նպատակների համար են։ Հենց այդ «այլ նպատակներն» էլ մեր տունը քանդեցին, զանգվածային արտագաղթի, արտաքին պետական պարտքի ավելացման, դրամի արժեզրկման և մեր մյուս անհաջողությունների առիթը դարձան։ Մերբոլորդժվարություններըսերումենայդ«այլնպատակներից»,դրանցածանցյալհետևանքներնեն։Ինչ մնում է Հերունու «Արև» էլեկտրակայանների գաղափարին, ապա այն այսօր իրականացվել ու արագ տեմպերով զարգացվում է Հարավային Կորեայում: Փառք ու պատիվ կորեացի ինժեներներին ու բանվորներին ու ամոթ, հազար ամոթ մեզ, որ չգնահատեցինք այդ Մեծ մարդուն ու նրա աշխատանքները: Ի՞նչ էր Հերունու ուզածը: Օգնել օրհասական ծանր վիճակում հայտնված սեփական ժողովրդին, ուրիշ ոչինչ: Հայաստանում շատերն են նման ձևով մտածում: Պետք է օգնել մեր երկրին տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և հզորանալու գործում: Դա հնարավոր է, եթե մեզ հաջողվի հաղթահարել մեր չինովնիկ-սպառողների դիմադրությունը` երկրի ճակատագիրը տալ մեր հայրենասեր քաղաքացիների ձեռքը: Այսպես մենք շարունակել չենք կարող, այսպես հեռուն չես գնա:

Զրույցը վարեց

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ