«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ծայրահեղականների խնդիրն առկա է նաև Կովկասում»

«Ծայրահեղականների խնդիրն առկա է նաև Կովկասում»
16.01.2015 | 12:27

Պատմական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ զրուցում ենք օրերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառների ու հետևանքների մասին։

-Պարոն Մելքոնյան, վերջին օրերի ահաբեկչություններն ի՞նչ «ուղերձ» են հղում աշխարհին։

-Երբ խոսում ենք Ֆրանսիայում տեղի ունեցած ցավալի ահաբեկչությունների մասին, չպետք է մոռանանք, որ դրա նախադեպերը բազմիցս եղել են։ Այնպես որ, նման ակցիաները պետք է անակնկալ չլինեին։ Ցավոք, ահաբեկչություններն աշխարհի տարբեր կետերում դեռ կշարունակվեն։ Կարծում եմ՝ խնդիրն ավելի խորքային է։ Հարցն իսլամիստների հետ կապված չէ, որքան էլ փորձում են այդպես ներկայացնել։

-Կմանրամասնե՞ք, ի՞նչ նկատի ունեք։

-Մենք պետք է շատ զգույշ լինենք ահաբեկչությունները բացառապես իսլամիստ ծայրահեղականների հետ կապելու հարցում։ Գործընթացներն իսկապես ավելի խորքային են։ Իսլամիստ ծայրահեղականները շատ լուրջ աջակցություն են ստանում տարբեր պետություններից, և հետաքրքիր է, որ նման ահաբեկչություններ կազմակերպած մարդիկ (օրինակ, Ցառնաև եղբայրները ԱՄՆ-ում) գտնվել են պետական մարմինների հսկողության ներքո, սակայն վերջում պարզվում է, որ կարողանում են իրենց ահաբեկչական գործողությունները կատարել։ Միգուցե կան ուժեր, որոնք ցանկանում են փոխել խաղաքարտերն ու պղտոր ջրում ձուկ որսալ։ Ես չեմ կարծում, թե խնդիրը իսլամն է։ Իսլամ դավանող շատ պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ հանդես եկան դատապարտող հայտարարություններով, նշելով, որ այդ ահաբեկիչներն իսլամի հետ որևէ առնչություն չունեն, ընդամենը փորձում են օգտագործել իսլամի անունը։ Այստեղ հարցն այն է, թե ում է ձեռնտու համաշխարհային քաղաքականության խաղաքարտերի փոփոխումը։

-Հայաստանն այս իրադարձությունների համատեքստում ի՞նչ դիրք պետք է գրավի։

-Մենք դեռ 1990-ականներին ականատես եղանք փոքր-ինչ այլ ձևով իրականացված ադրբեջանական ահաբեկչության։ Երբ Արցախյան պատերազմի տարիներին տարբեր ծայրահեղական իսլամիստներ Հայաստանի դեմ ջիհադ կազմակերպելու կոչեր էին հնչեցնում, իսկ մոջահեդներն ադրբեջանական բանակի կազմում անմիջական մասնակցություն էին ունենում ռազմական գործողություններին, միջազգային հանրությունը, ցավոք, չէր արձագանքում։ Տասնամյակներ անց միջազգային կազմակերպությունները, եվրոպական պետությունները կանգնեցին նույն վտանգի առջև։ Մեզ՝ հայերիս համար այս պահին շատ կարևոր է զգոն լինել, որովհետև չպետք է մոռանանք, որ այսօր Մերձավոր Արևելքում իսլամիստ ծայրահեղականների հետ ռազմական գործողություններին մասնակցում են նաև բավականին մեծ թվով ադրբեջանցի ծայրահեղականներ։ Ի՞նչ երաշխիք ունենք, որ հետագայում նրանք չեն փորձի նման ահաբեկչական գործողություններ կատարել մեր պետության և ժողովրդի նկատմամբ։ Այս առիթը ևս մեկ անգամ պետք է օգտագործենք` միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու ոչ միայն իսլամիստ ծայրահեղականների խնդիրը Եվրոպայում, այլև Կովկասում։ Եվ եթե ժամանակին դատապարտեին վերջիններիս կոչերը Հայաստանի դեմ, այսօր եվրոպական պետությունները ինչ-որ չափով մեղմած կլինեին ահաբեկչական ալիքները։

-Ի՞նչ զարգացումներ են սպասվում։

-Կարծում եմ՝ իրադարձությունները կզարգանան։ Այս ամենին կհետևեն պատասխանները, իրավիճակը բավականին կսրվի։ Մեր պետության, քաղաքական մտքի խնդիրն է այդ ֆոնին ևս մեկ անգամ ցույց տալ, որ պետք չէ կենտրոնանալ միայն Մերձավոր Արևելքի կամ Եվրոպայի վրա, ծայրահեղականների խնդիրն առկա է նաև Կովկասում` անմիջապես Ադրբեջանի աջակցությամբ։ Արցախյան հարցում պետք է փորձենք ևս մեկ անգամ շեշտել, միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ադրբեջանը ահաբեկչությանը սատարող երկիր է։

Զրուցեց

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ