Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ինչո՞ւ նման ողբերգություն տեղի ունեցավ

Ինչո՞ւ նման ողբերգություն տեղի ունեցավ
16.01.2015 | 03:43

Գյումրիում կատարված սահմռկեցուցիչ դեպքը ցնցեց ողջ հանրապետությունը: Ոճրագործը, սակայն, տաքուկ նստած, սպասում է, թե ինչպես են «գլուխ կոտրում» ռուս և հայ իրավապահ մարմինները` պարզելու, թե նրանցից ով «կզբաղվի» իրենով: Այս ամենում միակ լուսավոր բանը փոքրիկ Սերյոժայի պատահականությամբ ողջ մնալն է, ում առողջության համար աղոթում է մի ողջ ազգ:
Սա պատվիրված «գործ» չէ՞ր, ի՞նչը կարող էր շարժառիթ լինել, կհաջողվի՞ հայ իրավապահներին հայտնաբերել իրական մեղավորներին, թե՞ սա «չբացահայտվող» գործերի շարքին կդասվի. այս հարցերի շրջանակում մեզ հետ զրույցում քաղաքական մի քանի գործիչներ իրենց դիտարկումները ներկայացրին:

«ՎԻԺՎԱԾՔԸ ՊԻՏԻ ՕՐԵՆՔԻ ՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԻՐ ՊԱՏԻԺԸ ԿՐԻ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ՕԵԿ)
-Սա աննախադեպ հրեշագործություն էր: Ես չգիտեմ ինչ ձևաչափով կանցկացվի քննությունը, բայց ամեն ինչ պիտի արվի, որ հանցագործության դրդապատճառները, մեղավորները բացահայտվեն: Մենք հետևողական ենք լինելու այս հարցում: Պիտի բոլորս համախմբվենք ու ամեն ինչ անենք, որ իրականությունը մինչև վերջ բացահայտվի, ու այդ վիժվածքն օրենքի ողջ խստությամբ իր պատիժը կրի:

«ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՆՔ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ)
-Որպես իրավաբան, կարծում եմ, որ շարժառիթն ու նպատակը պիտի պարզի նախաքննական մարմինը: Երբ գործը լիարժեքորեն քննվի, այն ժամանակ էլ կարելի է տալ գնահատականներ: Չեմ կարծում, թե քաղաքական որակումներ պիտի տալ և եզրակացնել՝ կդասվի այն գործերի շարքին, որոնք չեն բացահայտվում: Հազվադեպ է լինում, որ մի ողջ ընտանիք գնդակահարեն ու անպատիժ մնան: Չպետք է մեր իրավապահների հասցեին այսպիսի գնահատականներ հնչեցնել, թե նրանք չեն ցանկանում գործը մինչև վերջ քննել: Դրա նպատակն ու շարժառիթը չկան: Այս պահին բոլորիս գերնպատակը մեկն է. հասկանալ, թե որն է այս ամենի նպատակը, արդյոք այդ ռուս զինվորը հոգեկան շեղո՞ւմ ուներ, թե՞ պատվեր է կատարել: Քանի դեռ նախաքննական մարմինները հստակ գնահատականներ չեն տվել, հազար ու մի վարկած կարելի է առաջ քաշել: Այս առումով կոչ եմ անում մի փոքր զսպվածություն ցուցաբերել: Ես էլ, որպես հայ մարդ, շահագրգիռ եմ, որպեսզի իրականությունը ջրի երես դուրս գա: Յուրաքանչյուր գյումրեցի այսօր պատկերացնում է, որ այդ ընտանիքի տեղում կարող էր ինքը լինել: Որքան հնարավոր է, պետք է գործն արագ քննվի ու հանրությանը ներկայացվի այդ մասշտաբի դաժանության շարժառիթը: Երկու հարցի պիտի հստակ պատասխան տրվի` ինչո՞ւ և ինչպե՞ս:
-Որպես իշխանության ներկայացուցիչ, տեսնո՞ւմ եք քաղաքական կամք, որպեսզի գործը մինչև վերջ բացահայտվի:
-Հարցը տեղին չէ: Թաքցնելու նպատակը ո՞րն է: Էդ ռուսին արդարացնենք, որ ի՞նչ անենք: Չեմ կարծում, թե կա մի հայ, որ այդպես կմտածի: Վկայակոչելով դատախազության, ոստիկանության ներկայացուցիչների հայտարարությունները, ևս մեկ անգամ փաստում եմ, որ նրանք ամեն ինչ անում են գործը բացահայտելու համար: Գործը գտնվում է մեր տրամադրության տակ, մենք ենք քննելու: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք վճռական ենք` սկսած քննչականից մինչև քրեադատավարական գործեր:

«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆՆ Է»
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀԴԿ)
-Արդյոք նա միայնա՞կ է գործել, թե՞ ուղղորդմամբ: Սա լուրջ քննության հարց է, և մինչև վերջ պետք է պարզել: Բացառված չէ, որ հոգեբանական մանիպուլյացիաների շնորհիվ այդ տականքը կարող էր նման բան կատարել: Չեմ բացառում, որ համապատասխան գաղտնի ծառայություններն իրենց գործը կատարել են: Առավել ևս, որ նա աղանդավորների ընտանիքից է և դրանց ազդեցությունն ունեցել է նաև համացանցի միջոցով: Սա բացառված չէ: Կարծում եմ, մեր իրավապահ մարմիններն այս վարկածը պետք է մինչև վերջ ուսումնասիրեն: Մանավանդ որ առաջին իսկ ցուցմունքներից բացահայտվում է, որ ինքն ինչ-որ անհասկանալի հոգեկան վիճակների մեջ է եղել: Մեկ ամիս է` ինչ Հայաստանում է, բայց իրականում այստեղ չպետք է լիներ, քանի որ նրա ընտանիքում կա մարդասպան: Ընտանեկան այդպիսի կարգավիճակ ունեցողին գործուղում չեն ուղարկում: Սա էլ պետք է պարզաբանվի, թե ով և ինչու է ուղարկել: Ինչ վերաբերում է մեղավորների բացահայտմանը, դա ռուսական կողմն է իրականացնելու, պարզելու համար, թե որ օղակում են եղել թերացումներ: Իսկ այն հանցագործությունը, որը կատարվել է Հայաստանի տարածքում, պետք է քննվի հայ իրավապահների կողմից: Այս հարցը արդեն լուծված է, քանի որ ձևավորված է համատեղ քննչական խումբ: Այստեղ մի խնդիր կա. ե՞րբ այդ տականքին կհանձնեն մեր իրավապահ մարմիններին։ Խնդիրը, կարծում եմ, մոտ ժամանակներս կլուծվի: Այս ամենում ես մի վտանգ եմ տեսնում. մեր արդարացիորեն վրդովված ժողովուրդը հանկարծ ինքնադատաստանի չգնա: Այս պարագայում մենք հաստատ չենք իմանա, թե ով էր մեր դեմ ուզում նման ոճրագործություն իրականացնել:


Պատրաստեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ