Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Դրա՞մ, թե՞ ռուբլի

Դրա՞մ, թե՞ ռուբլի
16.01.2015 | 02:33

«ԸՆԿՃՎԱԾ ՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼ»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ պատգամավոր, «Կիլիկիա» ընկերության համասեփականատեր)

-Պարոն Հակոբյան, ի՞նչ եք կարծում, դրամը ռուբլով կփոխարինվի՞, և ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց՝ դրամո՞վ, թե՞ արտարժույթով պահեն իրենց խնայողությունները։

-Ընդհանրապես խորհուրդ տալ չեմ սիրում՝ անշնորհակալ գործ է, քանի որ սխալվելու հավանականությունը մեծ է։ Ակներև է, որ ազգային արժույթի տատանման խնդիրն առկա է, սակայն այն ոչ միայն Հայաստանում է խնդիր, այլև գրեթե ամբողջ աշխարհում։ Կարծում եմ, մի քանի ամսում խնդիրը կլուծվի, և որևէ կտրուկ փոփոխություն չի լինի։ Այսինքն, փոխարժեքը կկայունանա, և աշխատանքները բնականոն հունով կընթանան։ -Նավթի միջազգային գները գնալով նվազում են, ինչն անուղղակիորեն կարող է ազդեցություն ունենալ արտարժույթի վրա։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում այն ինչպե՞ս կդրսևորվի։

-Եթե բենզինի և դիզվառելիքի գների փոփոխություն տեղի ունենա, ապա, այո, այն ազդեցություն կթողնի, սակայն այս պահին նման բան չի նկատվում Հայաստանում։

-Այո, սակայն երբ Ռուսաստանում որևէ փոփոխություն է տեղի ունենում, Հայաստանում այն անմիջապես զգացվում է։

-Դա բնական է, քանի որ տասնյակ տարիներ տարբեր ոլորտներում մենք կապված ենք եղել Ռուսաստանի հետ, և դա նոր երևույթ չէ, որ պայմանավորենք ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։ Ինչո՞ւ եմ բնական համարում այդ կապվածությունը. մեր արտահանման շուկաները Ռուսաստանում են, ուստի ՌԴ-ի շուկաներում ցանկացած դրական կամ բացասական զարգացում ազդելու է մեր տեղական շուկաների վրա։

-Հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, ըստ Ձեզ, այս օրերին նկատվե՞լ են բացասական կամ դրական հետևանքներ։

-15 օր է, ինչ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին, և դա շատ կարճ ժամանակահատված է որևէ գնահատական տալու համար։

-Գուցե ընդհանուր առմամբ վաղ է, սակայն հետաքրքիր է Ձեր՝ անհատի տեսակետը։

-Հայ ժողովուրդն աշխատասեր, ստեղծագործող ժողովուրդ է, և կարծում եմ, եթե պայմաններ ստեղծվեն, ապա գործարարները կգտնեն նպաստավոր շուկաների ուղիները, ինչը դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության զարգացման վրա։

-Չգիտեմ՝ նպաստավոր պայմաններ ասելով ինչ նկատի ունեք, սակայն գործարարների մեծ մասը, այդ թվում՝ խոշոր գործարարները, համոզված է, որ անհրաժեշտ է էապես կրճատել ստուգումների քանակը։ Նրանք համոզված են, որ այդ ստուգումները խանգարում են աշխատանքների բնականոն ընթացքին։ Համամի՞տ եք այդ կարծիքին։

-Այո, այդ մտահոգությունը կիսում եմ։ Իհարկե, բոլոր տեսակի ստուգումների քանակի նվազեցման անհրաժեշտություն կա։ Այդ դեպքում գործարարն ավելի շատ ժամանակ կունենա զբաղվելու բուն աշխատանքով, նորանոր շուկաների գրավմամբ, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելով։

-Փաստորեն, կարելի՞ է ասել, որ դա 2015-ի Ձեր մաղթանքն է։

-Այո, կարելի է այդպես համարել։ Բիզնեսը պետք է ոգևորել, քաջալերել, «դուխ» տալ։ Ընկճված մարդը չի կարող արդյունավետ աշխատել։

«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՈՐԵՎԷ ԵՐԿՐԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ»

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)

-Ի՞նչ եք կարծում, պարոն Մինասյան, առաջիկայում դրամը ռուբլի կդառնա՞։

-Ոչ միայն այդ մտավախությունը չեմ կիսում, այլև դրա ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ էլ քաղաքական հիմքերը չեմ տեսնում, չկան։ Առավել ևս, երբ խոսում ենք ազգային արժույթի մասին, չպետք է մոռանանք, որ այն չի կարող փոխարինվել որևէ երկրի արժույթով, քանի դեռ չկան վերը նշված հիմքերի առարկայական համակարգված դրսևորումները։ Այնպես որ, մեր քաղաքացիներն այդ առումով թող որևէ մտավախություն չունենան։ Առավել ևս, թե՛ երկրի ներկա տնտեսական իրավիճակը, թե՛ բանկային համակարգի գործունեությունը նման մտահոգության հիմքեր չեն տալիս։

«ԸՆԹԱՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՉԵՆ»

ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆ (Բանկերի միության նախագահ)

-Պարոն Ճզմաչյան, դրամը ռուբլի դառնալու սցենարն իրատեսակա՞ն եք համարում։

-Ոչ, երբեք։

-Ինչո՞ւ, դրա քաղաքական պահանջա՞րկը չկա, թե՞ բանկերը կարող են խնդիրներ ունենալ։

-Այսօր ընթացող զարգացումներն ազգային արժույթի փոփոխությանը միտված չեն։

-Իսկ ի՞նչ զարգացումներ կարող են սպասվել, հատկապես նավթի միջազգային գնի նվազեցման պայմաններում։

-Դեռևս վաղ է կանխատեսումներ անելը։ Կարծում եմ՝ գոնե կես տարի անհրաժեշտ է, որ տեսանելի լինեն ԵԱՏՄ-ին ինտեգրումից հետո ընթացող զարգացումները։ Հասկանալի է, որ Ձեր հարցի նպատակն է հասկանալ, թե Ռուսաստանում ընթացող այսօրվա տնտեսական զարգացումներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ Սակայն այս դեպքում ևս դժվարանում եմ կանխատեսում անել։ Ի դեպ, եթե նկատել եք, ես ընդհանրապես կանխատեսումներ անել չեմ սիրում։

Ճեպազրույցները՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ