«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այսպիսին է կյանքը

Այսպիսին է կյանքը
23.12.2014 | 00:08

Դեկտեմբերի 18-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և «Ինտեգրացիա ու զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպությունը համատեղ հրավիրել էին Եվրասիական փորձագիտական ակումբի տարեկան նիստը: Նախքան նիստը «Ինտեգրացիա ու զարգացում» հետազոտական-վերլուծական ՀԿ-ի ղեկավար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ հարցրի, թե ինչ խնդիրներ են քննարկվելու։


-Եվրասիական փորձագիտական ակումբը մինչև այս պահը համախմբել է 16 ճանաչված տնտեսագետների, սոցիոլոգների, քաղաքագետների: Նրանք ակումբի շրջանակներում հնարավորություն են ունեցել հետազոտություններ կատարել ու հրապարակել: Այսօրվա նիստում ակումբի անդամների թիվը կհասնի 20-ի: Մենք տարվա ընթացքում նրանց համար ստեղծել ենք որոշակի ինտելեկտուալ հարթակ՝ եվրասիական հետազոտություններ կատարելու և հասարակությանը իրենց տեսակետները ներկայացնելու:
-Ո՞րն է այսօրվա տարեկան նիստի հիմնական խնդիրը:
-Հիմնականը՝ եկող տարվա աշխատանքների առաջնահերթությունները որոշելը: Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության առաջին տարում անհրաժեշտ է իրականացնել որոշակի դիտարկում, հետևել տնտեսական գործընթացներին, խոսել ընթացքի մասին և, եթե խնդիրներ առաջանան, բարձրաձայնել այդ խնդիրները քաղաքական ու հասարակական դաշտի առջև: Սա մի ասպարեզ է, որտեղ առաջին քայլերն արդեն արվել են՝ հատկապես նկատի ունենալով տնտեսական ցնցումները, որ տեղի ունեցան հետխորհրդային տարածքում: Այսօր նաև գրքի շնորհանդես է կատարվելու՝ գնդապետ Արտաշես Ղազարյանի մասին պատմող «Գնդապետը և նրա ժամանակը» ծավալուն գրքի, որ հեղինակել է նրա որդին: Գիրքը հրապարակվել է ընդառաջ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Գնդապետ Արտաշես Ղազարյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, շքանշանակիր, հետախույզ է եղել, և նրա որդին` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, դառնալով մեր ակումբի անդամ, ներկայացնում է իր հոր մասին մենագրությունը:
-Ակումբը մտադիր չէ՞ անդրադառնալ այս օրերին ստեղծված իրավիճակին:
-Քննարկման երրորդ հարցը հենց դա է՝ բոլոր 20 անդամներին հնարավորություն կտրվի իրենց տեսակետները հայտնել հետխորհրդային տարածքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ տնտեսական և քաղաքական, կանխատեսումներ անել և առաջարկություններ եկող տարվա աշխատանքների վերաբերյալ:
-Ակումբը 2015-ին անդրադառնալո՞ւ է Ցեղասպանության 100-ամյակին:
-Անշուշտ, ինչպես բոլոր հայերը, դա տարվա գլխավոր խնդիրն է, մենք ունենք շատ մարդիկ, որոնց գործունեության առանցքային ուղղություններից մեկը բոլոր ժամանակներում եղել է Ցեղասպանության ճանաչումն ու միջազգային դատապարտումը, փոխհատուցման խնդիրների պարզաբանումը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` ակումբի հերթական նիստը նաև առանձնահատուկ էր: Նա առանձնացրեց «Գնդապետը և նրա ժամանակը» գրքի շնորհանդեսը, ապա անդրադարձավ ԵԱՏՄ-ին վերաբերող խնդիրներին:
-ՌԴ-ի տնտեսական ճգնաժամի, Հայաստանում դոլար-դրամ տատանումների այս խառնաշփոթում ակումբն ուսումնասիրություն արե՞լ է, եզրակացություններ ունի՞:
-Հետազոտություններ կատարվում են, չնայած իրադարձությունները շատ արագ են զարգանում, հիմա, կարծես, մի քիչ հանդարտվել են կրքերը: Դրամի և ռուբլու հարաբերությունները կախված չեն՝ Հայաստանը ԵԱՏՄ մտնո՞ւմ է, թե՞ չի մտնում: Հայաստանի ՀՆԱ-ի 20 տոկոսը տրանսֆերտներն են կազմում՝ մեծ մասը Ռուսաստանից: Մեր մարդկային ու տնտեսական հիմնական կապերը Ռուսաստանի հետ են և բնականաբար՝ Ռուսաստանի վիճակը ազդեցություն պիտի ունենար դրամի վրա: Դա վկայում է, որ տնտեսական դրությունը ծանր է՝ նավթի գնանկումը, պատժամիջոցները և այլ միջոցները, որոնք չեն հրապարակվում: Ամենավատ փուլն արդեն անցել ենք:
-Դուք այդպե՞ս եք գնահատում: Ռուսաստա՞նն է անցել, թե՞ մենք:
-Ես համոզված եմ: Մենք էլ, Ռուսաստանն էլ արդեն ծանր վիճակից դուրս ենք գալիս, հուսանք, որ վիճակը կբարելավվի: Չինացիներն ասում են, որ ամեն մի ճգնաժամ ունի և ռիսկեր, և հնարավորություններ:
-Զարգացման ի՞նչ հնարավորություններ է գնաճը բերելու:
-Միակ ճանապարհը սեփական արտադրության զարգացումն է:
-Դա քաղաքական որոշում է ի վերջո:
-Անպայման պետք է նման քաղաքական որոշում լինի, և դա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին: Մենք կատարել ենք նման հետազոտություն, որի արդյունքները եկող տարի կներկայացնենք: Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը հնարավոր է բարելավել բարձրտեխնոլոգիական արտադրություններ ստեղծելով, որը կկապի մարդկանց իրենց հայրենիքին: Այսպիսին է կյանքը, մենք ավելի ծանր օրեր ենք տեսել, Ռուսաստանը՝ նույնպես: Հիմա շատերն են զուգահեռներ տանում ոչ միայն 1998-1999-ի, այլև 1991-ի հետ: Պետք է հաղթահարենք, այլընտրանք չունենք:
-Ձեր ակումբում կատարվո՞ւմ են հետազոտություններ, որոնք կարող են կանխատեսել ու կանխարգելելու ելքեր տալ: Դուք էլ եք ասում, որ եղել են նման իրավիճակներ, բայց ամեն անգամ մենք անպատրաստ ենք լինում։
-Ռուսները հայտնի ասույթ ունեն՝ «Ամեն տարի ձմեռը գալիս է հանկարծակի»: «Նորավանք» հիմնադրամի մի քանի աշխատակիցներ անդամակցում են եվրասիական ակումբին և իրենց հետազոտությունները կատարում են թե՛ հիմնադրամում, թե՛ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունում: Մենք համատեղ փորձում ենք հասկանալ իրավիճակը: Անցյալ տարի կատարեցինք մի մեծ հետազոտություն, որը դրվեց նաև երկու պետությունների կարևոր մարդկանց գրասեղանին, և նվիրված էր տնտեսական հնարավորություններին ու ռիսկերին: Աշխարհում իդեալական ոչինչ չկա: Կանխատեսումները, ասեմ, որ լավատեսական են:
-Իսկ իրատեսակա՞ն են:
-Իսկ ո՞րն է այլընտրանքը:
-Եթե այլընտրանք չունես, չի նշանակում գլխով պիտի պատին հարվածես, ինչպես հիմա ենք անում:
-Համաձայն չեմ: Միևնույն է, մենք շատ կապված ենք Ռուսաստանին, կորցնել դաշնակցային այդ կապիտալը, որ 200 տարվա պատմություն ունի, խելամիտ չէ: Մենք երրորդ հանրապետություն ստեղծել ենք այն տարածքում, որն ազատագրել է ռուսական բանակը:
-Աշխարհն այսօր շատ արագ է զարգանում, 200 տարվա համագործակցության պատմությամբ շատ երկրներ կան, որ այլընտրանք գտնում են:
-Այո, կա Վրաստանը, որ այսօր մասնատված հանրապետություն է և ավելի փայլուն տնտեսություն չունի Հայաստանից: Թվում էր՝ լիովին հետևում է այն խորհուրդներին, որ դաշնակիցներն են տալիս, բայց իրավիճակը ոչնչով չի տարբերվում: Ավելին ասեմ՝ համեմատեք, Վրաստանը խոսում է արևմտյան ուղու մասին, բայց այսօր Վրաստանում սկսել է իշխել թուրք-ադրբեջանական կապիտալը, և շատ վրացիներ, որ նախկինում եվրոպական-արևմտյան ուղու կողմնակիցներն էին, հասկանում են, որ իրենք Եվրոպա գնալու փոխարեն հասել են Ադրբեջան ու Թուրքիա: Եվ այսօր այդ երկու պետությունների տնտեսական ու բարոյական ճնշման տակ են: Միշտ պետք է հասկանալ սեփական որոշման հետևանքները:
-Վրացիները դա համարում են տարածաշրջանային համագործակցություն:
-Միայն համարելը բավարար չէ, որ իրականություն դառնա: ՈՒնենալով բաց սահմաններ, հոյակապ տարածք, ծով, նրանց տնտեսական վիճակը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արժեքով մեզնից շատ բարձր չէ: Կյանքում շատ ավելի կարևոր ցուցանիշներ կան, քան կարգախոսները:

Հայտնի տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ևս հարցրի, թե ինչպես է գնահատում ԵԱՏՄ տարածքում ստեղծված վիճակը:
-Ես կողմնակից եմ ընդհանրապես ԵԱՏՄ-ին՝ պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով: 2013-ի սեպտեմբերի 3-ից առաջ էլ ես ասել եմ, որ և քաղաքական, և տնտեսական կտրվածքով տեսանելի ապագայում մենք այլընտրանք չենք ունեցել ու չունենք:

Բացելով եվրասիական փորձագիտական ակումբի տարեկան նիստը` Արամ Սաֆարյանը անցյալ տարվա գարնանից մինչև հիմա ակումբի գործունեության արդյունքները հաջողված համարեց, արդյունքներ, որ հրապարակվել են «Նորավանքի» և «Սոյուզ-ինֆո» կայքերում: Երևանում, Մոսկվայում, Մինսկում, Աստանայում հայ փորձագետների մասնակցությամբ յոթ կոնֆերանս է կազմակերպվել, և ակումբի անդամները կարողացել են հավաստել, որ Հայաստանում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով կատարվում են կանխատեսումներ, հետազոտություններ Եվրասիական տնտեսական տարածքի ու ԵԱՏՄ-ի վերաբերյալ: Հունվարի մեկից ԵԱՏՄ-ն կսկսի գործել, արդեն ավարտվել է ազգային խորհրդարաններում պայմանագրերի վավերացման գործընթացը: «Մենք ձեզ հետ հայտնվել ենք դժվարին ֆինանսական ժամանակներում, բայց միակ եզրակացությունը, որ հնարավոր է անել տեղեկատվական հոսքերից, տնտեսական հնարավորությունների և հասարակության համախմբումն է՝ մարտահրավերներին դիմակայելու համար: Տնտեսական պատերազմ է հայտարարված: Միաբևեռ աշխարհը տեղը զիջում է բազմաբևեռ աշխարհին, իսկ բազմաբևեռ աշխարհը պահանջում է մի քանի տնտեսական, տարածաշրջանային մեգակազմակերպությունների ստեղծում: Այդ կազմակերպություններից մեկը ԵԱՏՄ-ն է, և ակնհայտ է, որ այդ միությունը պետք է հուսալի ու հաստատուն լինի, կարողանա պաշտպանել հնարավոր նոր տնտեսական ու գուցե նաև քաղաքական մարտահրավերներից»,- ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը:
Արտաշես Ղազարյանի «Գնդապետը և նրա ժամանակը» գրքի մանրամասն ներկայացումից հետո ակումբին անդամագրվեցին տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՊՃ պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, պաշտոնաթող գնդապետ Միխայիլ Ստեփանյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Գրիգոր Բալասանյանը:
Ակումբի նիստն ավարտվեց ստեղծված իրավիճակի քննարկումով և առաջիկա անելիքների որոշարկումով, որոնց ավելի մանրամասն անդրադառնալու հնարավորություն կունենանք ամբողջ 2015-ին, որ ակումբի անդամները խոստանում են անցկացնել բուռն ու արդյունավետ գործունեության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- «21-րդ դար» և «Գլոբուս» ամսագրերում կարող եք ավելին իմանալ ոչ միայն տարածաշրջանի ու ԵԱՏՄ տարածքի, այլև աշխարհի ընթացիկ ու հնարավոր զարգացումների մասին:

Դիտվել է՝ 1614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ