«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Էն գործողությունները, որ արել է Տիգրան Սարգսյանը, վաղեմության ժամկետ չունեն»

«Էն գործողությունները, որ արել է Տիգրան Սարգսյանը, վաղեմության ժամկետ չունեն»
19.12.2014 | 01:05

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այսօրվա վիճակը:
-Այսօր ունենք իշխանություն, առավել ստույգ` իշխանության մի սեգմենտ, որը Հայաստան ասելով միայն հասկանում է իր շահերը, իր բիզնես-պրոյեկտները, մեկ էլ իր ռեպրեսիվ հնարավորությունները: ՈՒնեինք վարչապետ` Տիգրան Սարգսյան, որը պարզապես…
-Պարոն Արսենյան, Տիգրան Սարգսյանը էլ վարչապետ չէ, տեղեկացնեմ Ձեզ, որ արդեն մեկ տարի, ավելի ստույգ` ինը ամիս ունենք վարչապետ Հովիկ Աբրահամյան անուն-ազգանունով, որի օրոք դոլարը «պար» է բռնել, տնտեսությունն էլ գահավիժում է հսկայական քայլերով:
-Հովիկ Աբրահամյա՞նն է Ձեզ հետաքրքիր, գնացեք Հովիկ Աբրահամյանի հետ խոսեք: Կրկնում եմ` ունեինք Տիգրան Սարգսյան, որը կառավարության ղեկավարն էր վեց տարի, որը ողջ հայությանը հայտարարեց` թողեք գնացեք էս երկրից, մի՛ մնացեք, մեր գործունեությանը մի՛ խանգարեք:
-«Էդպես» էլ հայտարարե՞ց:
-Չասա՞ց էդ բանը։ Էդ հայտարարությունը չե՞ք լսել։ Թողեք գնացեք` ասաց, մոռացե՞լ եք:
-Լսել ենք` լսել, բայց այլ համատեքստում էր ասվել… համ էլ` հանցագործության վաղեմության ժամկետ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունում չկա՞:
-Էն գործողությունները, որ արել է Տիգրան Սարգսյանը, վաղեմության ժամկետ չունեն, որովհետև դրանք հանցագործություններ են հայ ժողովրդի հանդեպ:
-Դո՛ւք ասացիք: Դառնանք Հովիկ Աբրահամյանի կառավարությանը:
-Հովիկ Աբրահամյանի կառավարությունը թող գնահատի Հովիկ Աբրահամյանը:
-Տիգրան Սարգսյանի կառավարությունը գնահատի Գուրգեն Արսենյանը, Հովիկ Աբրահամյանինը` Հովիկ Աբրահամյա՞նը:
-Ասեմ ես հիմա` խի՛. որովհետև Հովիկ Աբրահամյանը թող վերցնի-նայի իր բերած բյուջեի նախագիծը, և նայի, թե հայկական արժույթի ինչ կուրս է ինքը սահմանել: ՈՒ թող դրանից հետևություններ անի:
-Էդտե՞ղ էլ է Տիգրան Սարգսյանը մեղավոր:
-Տիգրան Սարգսյանի թեթև ձեռով է հայկական ժողովրդի մասսայական կողոպուտի էլեմենտը ներդրվել Հայաստանում. հիշեք 2009-ի մարտի 3-ը:
-Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ աշխարհաթող եղած` կուսակրոնների վանքո՞ւմ էր ճգնում:
-Հովիկ Աբրահամյանն էդ ժամանակ կառավարության անդամ էր. Տիգրան Սարգսյանի կառավարությունում:
-Օֆ, պարոն Արսենյան, նույնիսկ այդտեղ «ազնիվ» չեք. նա չի եղել Տիգրան Սարգսյանի կառավարության անդամ, ԱԺ նախագահ էր: Ըստ էության, Տիգրան Սարգսյանը Ձեր ենթագիտակցությունում մնացել է Հովիկ Աբրահամյանի կառավարության ղեկավար:
-Այնպիսի «գործիչ», ինչպիսին Հայաստանի համար բնական աղետ Տիգրան Սարգսյանն էր, ես դեռ հլը մեր պատմության մեջ չեմ տեսել` մեր բազմադարյան պատմության մեջ. երևի թե նրան կարելի է համեմատել միայն Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ:
-Ամենքն իրենց «Պետրոսն» ունեն էս աշխարհում, պարոն Արսենյան: Ներեցեք, իսկ Դուք Ֆրոյդ կարդացե՞լ եք ծերուկն ասում էր` սևեռումները լավ բանի չեն հանգեցնում:
-Շարունակությո՛ւնը... շարունակությունն ասեք:
-Եթե Դուք որևէ մեկին չեք հաղթահարում, նշանակում է՝ նա Ձեր խորքում պինդ նստած է, քանզի նմանը նմանին ձգում ու չի հաղթահարում:
-Ես կարդացող մարդ եմ. դրանով վերջակետ դնենք ու` վերջ:


Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ