ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Եթե շոու է, արեք շոու, բայց անունը համաժողովրդական շարժում մի դրեք»

«Եթե շոու է, արեք շոու, բայց անունը  համաժողովրդական շարժում մի դրեք»
09.12.2014 | 00:14

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

-Տարեսկիզբն ու տարեվերջը համեմատելով՝ քաղաքական դաշտում, Ձեր կարծիքով, ի՞նչ փոփոխություններ են եղել:
-Հայաստանի քաղաքական դաշտում ընտրությունից ընտրություն միջակայքում, ու դա նորություն չէ, գրեթե ոչինչ չի լինում: Քաղաքական ուժերը՝ համակերպված իրենց այդ պահի կարգավիճակին, փորձում են հնարավորությունները առավելագույնս օգտագործել և ոտքի վրա մնալ քաղաքական հարթության մեջ: Դա բնական է Հայաստանի քաղաքական դաշտի համար, բայց որպես քաղաքական երևույթ՝ անբնական եմ համարում, որովհետև, ըստ իս, քաղաքական ուժերը մշտապես պետք է ակտիվ լինեն, բայց նաև հասկանում եմ՝ շատերի շնչառությունը չի հերիքում: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, և եթե քաղաքական դաշտը գրագետ ու ակտիվ լինի, այդ խնդիրները կկարողանանք ավելի արագ ու արդյունավետ լուծել: Մի վիճակ է, երբ իշխող քաղաքական ուժը որոշումներ է կայացնում ու իրականացնում, մեկ այլ վիճակ, երբ այդ որոշումների կայացմանը մասնակից են լինում տարբեր քաղաքական ուժեր: Երբ դու իշխանության ներսում ես, իրավիճակը կարող է ոչ ամբողջական ու ճշգրիտ պատկերանալ քեզ, կամ չտեսնես այն զարգացումները, որ պիտի տեսնես, ընդդիմադիր քաղաքական ուժերը պիտի ցույց տան քո չտեսածը, որովհետև դա ոչ թե քեզ համար են անում, այլ երկրի ու պետության: Բայց Հայաստանի քաղաքական դաշտի համար ընդդիմադիր ուժ հասկացությունը այլ է, քան կա դասական քաղաքագիտության մեջ:
-Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ընկալվում է այն ուժը, որ նախագահի հրաժարական է պահանջում, ու դա նոր որակ չէ: Ինչո՞ւ:
-Համամիտ չեմ, ընդդիմադիրի տիտղոսին հավակնող ուժերի մեջ չկա թեկուզ մեկը, որ պահանջում է նախագահի հրաժարականը՝ իշխանափոխություն պահանջելով հանդերձ: Ասածիս ապացույցն է փառահեղ տապալված իմպիչմենտի փորձը, երբ խորհրդարանի ոչ մի ուժ չմիացավ, ասածիս ապացույցն է մի քանի օր առաջ խորհրդարանում քննարկված և 103 կողմ ձայնով ընդունված՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը, որ ներկայացրել էր ՀՀ նախագահը: Իսկ սա շատ լուրջ հաստատումն է այն իրականության, որ Հայաստանում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ունի բոլոր ¥մանր բացառությամբ¤ քաղաքական ուժերի աջակցությունը ամենակարևորում՝ արտաքին քաղաքական ընթացքի հարցում: Բոլորն ընդունեցին, որ միակը, ով ամենաճիշտն ու անսխալական է աշխատում, երկրի նախագահն է:
-Պայմանագրի քննարկման ժամանակ խորհրդարանում տարբեր տեսակետներ հնչեցին, նաև, որ ՀՀ-ի անկախությունն է վտանգվում, իշխող ուժն ու անձամբ Դուք չունե՞ք այդ մտավախությունը:
-Ով՝ ով, բայց երկուսս լավ գիտենք, թե խորհրդարանի ամբիոնից որ քաղաքական գործիչը կամ քաղաքական ուժը երբ, ինչ հայտարարություններ է անում, ելույթներ ունենում ու՝ ինչու: Չքննարկենք այդ հարցը: Ի դեպ, մի մոռացեք, որ բոլոր ուժերի ներկայացուցիչները հանրապետականներից ավելի հանրապետական հայտարարություններ արեցին առ այն, որ այս պայմանագիրը մեր երկրի անկախությունը չնչին անգամ չի վտանգում: Նկատենք նաև, որ ԵԱՏՄ պայմանագրի քննարկման ժամանակ խորհրդարանում հնչեցին նաև սթափ, սառնասիրտ ու իրատեսական գնահատականներ, միանշանակ է, և դա հենց համատեղ ու արդյունավետ աշխատելու օրինակ է: Այնպես չէ, որ պայմանագրին միանում ենք առանց ծանրութեթև անելու, շահեկան ու ոչ շահեկան վիճակները հաշվի առնելու: Քավ լիցի, շատ հստակ գնահատում ենք վիճակը, և բոլոր տեսակետներն ու առաջարկները հաշվի կառնվեն հետագա աշխատանքներում:
-Երբ 2013-ի սեպտեմբերին Հայաստանը պատրաստվում էր անդամակցել ՄՄ-ին, աշխարհում այլ իրավիճակ էր, այսօր Ռուսաստանը տնտեսական ճգնաժամի ու քաղաքական մեկուսացման առաջ կանգնած երկիր է: Մենք չե՞նք վտանգում մեր տնտեսությունը:
-Արդյո՞ք Ռուսաստանը քաղաքական մեկուսացման մեջ գտնվող պետություն է, այսօր Ռուսաստանը շատ լուրջ քաղաքական ու տնտեսական կապեր ունի բազում երկրների ու միությունների հետ, ու նրանց թվում են Չինաստանը, Բրազիլիան, Արգենտինան, Հնդկաստանը: Աշխարհը չի կարելի միանշանակ ընկալել, երբ սև-սպիտակ ես տեսնում ամեն ինչ, դու պարտված ես: Ես չէ, որ ՌԴ-ի պաշտպանը կամ փաստաբանը պիտի լինեմ, բայց հուսով եմ, որ այդ պետությունը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները: ԵԱՏՄ պայմանագրին միանալու ՀՀ որոշումը միլիարդ տարվա համար չէ: Ցանկացած պահի պայմանագրին միացած երկիրը կարող է հայտարարել ու դուրս գալ միությունից: Այս պահին մեր երկրի, պետության, մեր անվտանգության շահը պահանջում է այդ միության մեջ լինել:
-Ռուս-թուրքական մերձեցումը միշտ Հայաստանի համար կորուստների դուռ է բացել: Տարածաշրջանում ազդեցության ոլորտների հերթական վերաբաժանման փորձը Ձեզ չի՞ մտահոգում:
-Աշխարհաքաղաքական ցանկացած գործընթաց, հին կամ նոր ալյանս մտահոգում է ու պիտի մտահոգի՝ մեր սահմանների մոտ, թե հեռու: Մենք նաև հենց այդ պատճառով ուզում ենք լինել ԵԱՏՄ-ում: Գրեթե չկա պետություն, որ որևէ միության անդամ չէ, հակառակ դեպքում դու պարզապես խաղից դուրս ես մնում: Եկեք չգերագնահատենք մեր հնարավորությունները որպես պետություն ու աշխարհաքաղաքական տարածք, իրատես լինենք: Մենք պիտի որևէ միավորման կազմում լինենք, աշխարհաքաղաքական այս իրավիճակում ընտրվել է ԵԱՏՄ-ն:
-Եթե որևէ միության կազմում պիտի լինենք, ինչո՞ւ ոչ եվրաասոցացումը, այլ՝ եվրասիականը:
-ՈՒնենալով ռազմավարական գործընկեր, որի հետ տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների աշխատանքի փորձ ունենք: Այս պահին երկրի համար ամենաճիշտ ընտրությունը ԵԱՏՄ-ն էր: Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կարգախոսը, որի մասին երկրի նախագահը ևս ասաց, որի մասին տարիներ շարունակ խոսվում է, ոչ թե կամ-կամ-ի, այլ և-և-ի քաղաքականությունն է: Բարեբախտաբար, և՛ մեր եվրասիական գործընկերները, և՛ եվրոպական, դա հասկանում են: ԵՄ երկրները չեն փակել իրենց դռները մեր առաջ, Հայաստանի առաջ Արևմուտքի դռները բաց են: Մեր արտաքին քաղաքականության մեխը դա է՝ մենք չենք փակում ոչ մի դուռ և չենք ասում, որ կուսական վիճակում ու մեկընդմիշտ տրվում ենք ինչ-որ մեկին, մենք հավատարիմ ենք միայն մեր պետական շահին:
-Խորհրդարանի քաղաքական ուժերի համատարած ռուսամետությունը վտանգավոր չե՞ք համարում Հայաստանի համար:
-Ոչ, ես վստահ եմ, որ եթե խորհրդարանի դահլիճում քննարկվեր ոչ թե ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագիրը, այլ՝ եվրաասոցացման, բոլոր քաղաքական ուժերը եվրոպամետ կլինեին:
-Դա մեր թուլությո՞ւնն է:
-Դա մեր ուժն է, աշխարհի շատ ժողովուրդներ, որ եղել են, այլևս չկան, իսկ մենք կանք ու հասել ենք 21-րդ դար, որը դաժանաբար դեռ չի ուզում մերը լինել, բայց այն մենք մերը կդարձնենք և շուտով:
-Տարեսկզբից քաղաքական ուժերը առաջադրեցին պահանջներ, որից իրենք էլ, կարծես, հրաժարվում են, հոկտեմբերին երկու հանրահավաք արեցին ու գնացին տուն՝ նորից տուն ուղարկելով ժողովրդին: Ինքնահաստատման փո՞րձ էր՝ ժողովրդի հաշվին, 2017-2018-ի նախապատրաստությո՞ւն:
-Թեպետ քաղաքական կյանքը մեռնում է հետընտրական ժամանակներում, բայց քաղաքական գործիչները պարտավոր են ակտիվ կեցվածք պահպանել: Երեք-չորս քաղաքական ուժերը շատ լավ հասկացան, որ մնում են լուսանցքում: Այդքանը: Օրակարգում ունեինք պայմանագիր, որի քննարկմանը ոչ միայն մեր երկրում են հետևում, այլև՝ դրսում, ու Ձեր ասած բոլոր գործողություններով ոմանք փորձում էին իրենց կուսակցական ու անձնական խնդիրները լուծել: Ի սկզբանե ակնհայտ էր, որ նրանք իշխանափոխության պահանջ չունեն, բառերով կոչեր արեցին ու, ժողովրդին էլ տուն ուղարկեցին, իրենք էլ տուն գնացին: Բայց, մինչև տուն հասնելը, մատնացույց անելով հրապարակը, փորձեցին պայմանավորվածությունների հասնել իշխանության հետ: Սա է քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը: Գուցե բնական է, որ քաղաքական ուժերը հետապնդում են նեղկուսակցական շահեր, բայց այդ շահերի պաշտպանության ճանապարհին չի կարելի գործիք դարձնել ժողովրդին: Չի կարելի մարդկանց տանել հրապարակ անգիր արած ճառերով կամ գիրկապ անելով՝ մի կերպ կարդալով այդ ճառերը՝ հույսեր ներշնչել, հետո նույնիսկ չասել՝ մենք մեր խնդիրները լուծեցինք, ազատ եք, ցրվեք: Սա նշանակում է՝ դու չես հարգում ոչ քո ժողովրդին, ոչ ինքդ քեզ: Ստացվում է, որ ժողովրդին ու հասարակությանը հարգում է միայն իշխանությունը, որ նրա հետ միշտ ազնիվ է ու ապարդյուն հույսեր չի ներշնչում, որ ասում է՝ մի գնացեք հրապարակ, ձեռնունայն հետ եք գալու: Ասում են՝ իշխանությունը վախենում է, ինչի՞ց, իշխանությունը լավ հասկանում է՝ ով ինչ շահեր է հետապնդում, ու չի ուզում, որ ժողովուրդը հերթական հիասթափությունն ապրի, որ այն հնարավորությունը, որ իրականում ժողովրդական զանգվածն ունի, ցաքուցրիվ լինի: Չի կարելի քոռուփուչ անել այդ էներգիան ու մնալ անպատիժ:
-Էներգիան կյանքի կկոչվի դեկտեմբերի 10-ի հանրահավաքում, ի՞նչ քոռուփուչ:
-Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է: Եթե օրացուցային հանրահավաքներ են անում, ուրեմն հաջորդը Նոր տարին է, թող Ձմեռ պապիկների ու Ձյունանուշիկների հագուստով նվերներ բաժանեն ու ասեն՝ իշխանափոխություն ենք ուզում: Եթե շոու է, արեք շոու, բայց անունը համաժողովրդական շարժում մի դրեք, եթե քաղաքականությունը վերածում եք շոուի, շոումենի կարգավիճակից ավելին մի պահանջեք:
-Շոուն կա վաղուց ու երբեմն կոչվում է նաև բարեգործություն:
-Ես հարգում եմ բոլոր բարեգործներին, անգամ՝ սիրում եմ, բայց բարեգործների քաղաքական գործունեության վերաբերյալ ունեմ լուրջ վերապահումներ:
-Ինչո՞ւ է ՀՀԿ-ն սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել:
-Սահմանադրությունը, այո, փոփոխության կարիք ունի: Հաճախ են հակափաստարկ բերում, որ ԱՄՆ-ի Սահմանադրությունը 200 տարվա է, Մեծ Բրիտանիան սահմանադրություն չունի, ընդունեք, որ միշտ չէ, որ ուրիշ երկրների փորձը հնարավոր է պրոյեկտել սեփական երկրում ու ապրել՝ չունենալով այդ երկրների ո՛չ պատմությունը, ո՛չ տնտեսությունը, ո՛չ աշխարհագրական դիրքը, ո՛չ էլ աշխարհաքաղաքական: Իրականում այդ բեռի տակ մտնելը շատ լուրջ քայլ է, որևէ իշխանություն մեծ դժվարությամբ է նման քայլի գնում, որ, բացի ֆինանսական ու վարչական ռեսուրսներից, պահանջում է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ: Եթե քո ներկայացրած սահմանադրական փոփոխությունները չեն անցնում հանրաքվեում, քեզ, հեռանալուց բացի, ոչինչ չի մնում: Եթե այսօր կան այդ քաղաքական կամքն ու այդ գիտակցությունը, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, ու ՀՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է մասնակցել, իրենց առաջարկներն անել, համահեղինակ դառնալ, դա վկայում է փոփոխությունների կարևորությունը: Սահմանադրական փոփոխությունները հնարավոր են համաժողովրդական համաձայնության արդյունքում: Եթե ինչ-որ պահից տեսնենք, որ հասարակությունը չի ցանկանում, իհարկե, չենք գնա փոփոխության, որովհետև դրանք ոչ թե իմ կամ Ձեր շահից են բխում, այլ պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու:
-Ինչո՞ւ ի սկզբանե հասարակությունն առաջարկն ընկալեց իբրև գործող նախագահի իշխանության վերարտադրության տարբերակ:
-Երկրի նախագահի պաշտոնի մասին խոսողներին ուզում եմ հիշեցնել՝ խոսքը Գերագույն գլխավոր հրամանատարի մասին է: Նշաձողը շատ բարձր է, ոմանք չպետք է սա մոռանան: Սա շատ առանցքային հարց է: Մյուս կողմից, սա էլ կա՝ եթե ձյուն է գալիս, անձրև կամ կարկուտ, և պետք է մեղավոր փնտրել, մեղադրում են նախագահին, այդպես է: Ի վերջո, վատ ավանդույթ է՝ եթե որևէ համայնքի ղեկավար թերանում է իր գործում, պոլիկլինիկայի բժիշկը տեղում չէ, դասախոսը գիտակ չէ, սլաքներն ուղղվում են դեպի նախագահը: Չի՞ տեսնում՝ ինչ է կատարվում, չի՞ լսում, ինչո՞ւ մեր բոլոր հարցերը մեր փոխարեն մեզ համար չի լուծում: Ծանր է նախագահի խաչը, բայց երբ բեռի տակ մտել ես, պիտի խաչը տանես: Սերժ Սարգսյանը պատվով է տանում այդ խաչը, ապացույցը՝ արտաքին աշխարհի դրական, եթե չասեմ՝ ջերմ վերաբերմունքը մեր երկրի հանդեպ, ԵԱՏՄ և ԵՄ գրեթե հավասարազոր շփումներն ու պայմանավորվածությունները, Արցախի հարցում մեր անառարկելի ուժեղ դիրքերը և այլն:
-ՈՒ՝ ի՞նչ:
-ՈՒրիշ ի՞նչ եք ուզում՝ աստղե՞ր երկնքից, հավելեք նաև այն, որ թեժ աշնան մասին հայտարարությունները ի դերև ելան, և խորհրդարանի մակարդակով քաղաքական ուժերը հաշտ ու համերաշխ աշխատում են միևնույն տանիքի տակ:
-Համերաշխությո՞ւն էր, որ բյուջեի նախագծին, ՀՀԿ-ից բացի, բոլորը դեմ էին:
-Ինչո՞ւ եք այդքան դաժան ոչիշխանականների հանդեպ, այդ ուժերը գոնե երբեմն պիտի՞ դեմ ակցիաներ անեն: Միայն մեկ օրինակ՝ ոչ փոքրաթիվ քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը բյուջեի նախագծի քննարկումներում ելույթ էր ունենում, թեև բոլորս գիտեինք, որ իրենք դեմ են, բայց ելույթի ամբողջ տրամաբանությունը այն էր, որ հիմա ասելու է՝ այո: ՈՒ երբ նա ելույթի վերջում ասաց՝ մենք դեմ ենք, դահլիճում բոլորը ծիծաղեցին: Սա է պատկերը:
-Լրագրողական փորձը ինձ հուշում է, որ ընդդիմությունը մշտապես պատվի գործ է համարում բյուջեի նախագծին դեմ լինելը, այդպե՞ս է հիմա:
-Հոգու խորքում ոչ մեկն էլ դեմ չէր, դեմ քվեարկած քաղաքական ուժերի անդամներն էլ բազմաթիվ առաջարկներ են արել: Կառավարությունը շատ առաջարկներ ընդունեց՝ համայնքների, բնակավայրերի, դպրոցների, ճանապարհների, այլևայլ խնդիրների վերաբերյալ: Մեր երկրի բյուջեն դեռ բավարար հարուստ չէ ու այնպիսին չէ, որ մենք կարողանանք մեզ մեծ շռայլություններ թույլ տալ մեր ցանկություններում: Պիտի ասեմ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սովորաբար իր խոսքի տեր մարդ է: Բյուջեի քննարկումների ավարտին նա քաղաքական լուրջ ելույթ ունեցավ, ասաց, որ կարող էին շատ ավելին ներկայացնել, ավելի գեղեցիկ ու տպավորիչ թվերով, բայց գերադասում են իրատես մնալ՝ իմանալով հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը խոստացավ իրականություն դարձնել բյուջեի նախագծով ծրագրվածը: Անկախ՝ ով ինչպես է վերաբերվում կառավարությանը ու վարչապետին, ընդունեք, որ բոլորովին հեշտ պահ չէր, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ: Կար ներքաղաքական լարվածություն, կային ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի շուրջ խմորումներ: Հավելեք հիմիկվա վիճակը` դոլար-դրամային տատանումները, տրանսֆերտների կրճատումը՝ ցանկացած կառավարության համար սա անցանկալի վիճակ է, բայց կառավարությունը չնվնվաց, չդժգոհեց, դեսուդեն չընկավ, թե տեսեք-տեսեք՝ ինչ ծանր է, ուժներս չի պատելու: Հակառակը, շատ իրատեսական գնահատականներ տրվեցին ու իրատեսական էլ խոստումներ արվեցին: Համոզված եմ, որ կիրականանան, ու հասարակությունը մի քիչ ավելի ապահով կզգա իրեն ու ավելի հանգիստ կապրի:
-2015-ը 2014-ի պես կանցնի՞, թե 2017-2018-ի հունով՝ նախընտրական-նախապատրաստական:
-2015-ը ավելի լարված կլինի: Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով աշխարհի գրեթե բոլոր երկրներից հյուրեր ունենք, միջազգային հեղինակավոր կառույցներ 2015-ի իրենց նիստերը և վեհաժողովները որոշել են անցկացնել Երևանում, իսկ դա, ամեն ինչից բացի, բարդ ու պատասխանատու կազմակերպական աշխատանք է պահանջում: Վստահ եմ, որ 2015-ը դառնալու է ցեղասպանության ճանաչման վճռական տարի: Քաղաքական տեսանկյունից, կարծում եմ, ավելի հանդարտ կանցնի, միշտ էլ փոթորիկներից (նկատի ունեմ ընտրությունները) առաջ հանդարտության պահ է լինում: Բոլոր քաղաքական ուժերը 2015-ին, կարծում եմ, ծանրութեթև կանեն իրենց հնարավորությունները և 2016-ը կդարձնեն 2017-2018-ի հիմնական նախապատրաստական շրջան՝ տեսակավորելու իրենց կապիտալը, կարգավորելու քաղաքական գզրոցները կամ նոր գզրոցներ գտնելու:


Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ