ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Համահայկական օրակարգի հարցերը

Համահայկական օրակարգի հարցերը
02.12.2014 | 00:32

«Իրատես de facto-ի հյուրն է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

-Համադրելով 2014-ի տարեսկիզբն ու տարեվերջը, ի՞նչ փոփոխություններ եք տեսնում Հայաստանում:
-Կարծում եմ՝ 2014-ը մեծ փորձությունների տարի էր Հայաստանի համար: Տարեկեսին աննախադեպ սրվեց իրավիճակը ԼՂՀ զինված ուժերի և Ադրբեջանի շփման գծում, բազմապատկվեցին ադրբեջանական սադրանքները, մենք հայտնվեցինք պատերազմի վերսկսման լուրջ վտանգի առաջ: Ես հիացած եմ հայ զինվորականներով, որ համարժեք, ճիշտ և ժամանակին կասեցնում են հակամարտությունը սրելու և հաղթական պատերազմ վարելու ադրբեջանական բոլոր փորձերը: Կարծում եմ՝ 2014-ը փորձությունների տարի էր նաև քաղաքական մեծ դաշտում: Տարվա հիմնաթեման համարում եմ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախապատրաստությունը, հասարակական քննարկումներն ու բանավեճերը: Մեր գիտնականներին, փորձագետներին ու քաղաքագետներին հաջողվեց բաց, հասարակական քննարկման ընթացքում բացատրել ժողովրդին ակնկալվող տնտեսական օգուտներն ու սպասելիքները: Այս քննարկումները շարունակվելու են, դրանց պիկը ամռանը կամ աշնան սկզբում չէր, երբ կառավարության ստեղծած 22 աշխատանքային խմբերը նախապատրաստում էին համաձայնագիրը, այլ՝ հոկտեմբերի 10-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց պայմանագիրը: Այսինքն՝ պետության կատարած քաղաքական քայլերից հետո է հասարակության մեծ մասը սկսել լրջորեն հետաքրքրվել այս մեծ գործի էությամբ ու հեռանկարներով: Ինձ օտարերկրյա դիվանագետները հաճախ հարցնում են՝ եթե այդքան համոզված եք, որ ճիշտ ընտրություն է ձեր անդամակցությունը տարածաշրջանային մեգանախագծին, ե՞րբ կկարողանաք համոզվել՝ ընտրությունը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Ես միշտ պատասխանում եմ, որ նույնիսկ ամենաանպաստ տնտեսական կոնյունկտուրայի դեպքում մենք 2015-ին իրավունք ունենք սպասելու տնտեսական աճի հավելյալ ցուցանիշներ: Փոքր երկրները, ինչպես Հայաստանը, ԵԱՏՄ ինտեգրման դեպքում ավելի արագ են զգալու դրական փոփոխություններն իրենց կյանքում, քան մեծ պետությունները:
-Նկատի ունեք փոքր պետությունների տնտեսական մանևրի ավելի մեծ ճկունությո՞ւնը:
-Ոչ միայն, տնտեսագետները լավ գիտեն հիմնավորումները: Ես վստահ եմ, որ 2015-ի համար տնտեսական լուրջ աշխատանքի դաշտ է բացվել ՀԿ-ների առաջ: Որ մենք դառնում ենք ԵԱՏՄ անդամ և ավելի ենք սերտացնում մեր կապերը ՌԴ-ի ու նրա դաշնակիցների հետ, գործի կեսն է, մյուս կեսը նպաստելն է, որ թուլանա լարվածությունը միջազգային հարաբերություններում ու աշխարհաքաղաքական բևեռների միջև: Մեր ժողովրդի ամենամեծ ծառայությունը այս իրավիճակում կարող է լինել երեք խոշոր բևեռների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Եվրասիական տարածքի միջև լարվածությունը թուլացնելուն ուղղված միջնորդական գործունեությունը բոլոր մակարդակներում:
-Ծանր բեռ չե՞ք դնում հայ ժողովրդի վրա:
-Բոլոր ժամանակներում նշանավոր հայերը նպաստել են միջպետական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, բոլոր ժամանակներում հայի լեզուն, որով խոսել է աշխարհի հետ, եղել է համագործակցության լեզուն, արհեստների, առևտրի լեզուն, որ շատ հասկանալի է բոլոր ժողովուրդներին: Եթե Հայաստանում ու սփյուռքում հայկական կառույցները լրջորեն ներգրավվեն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև նոր կամուրջներ գցելուն, լարվածությունը թուլացնելուն և այդ լիցքը համագործակցության դաշտ տեղափոխելուն, շնորհակալությամբ ու ըմբռնումով կընկալվի մեծ բևեռների քաղաքական վերնախավերում: Էմանուիլ Կանտը, որ երբեք դուրս չի եկել Քյոնիգսբերգից, միայն մեկ անգամ պատրաստվել է Բեռլին գնալ, բայց ոտքերը խոնավացրել ու հետ է դարձել, դեռ 18-րդ դարում գրել է «Ժողովուրդների ու երկրների մասին» իր հայտնի աշխատությունը, որտեղ վերլուծել է աշխարհի հին ու մեծ, ինքնուրույն դիմագիծ ունեցող ժողովուրդների բնութագիրը, նա հիացմունքով է խոսել հայ մարդու մասին, որ հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, աշխարհով մեկ անցնում է՝ միմյանց կապելով համաշխարհային մշակույթները: Այսօր մեր բնական առավելությունը, որ երեք դար կատարելագործել ենք, պետք է կարողանանք օգուտի վերածել, փողի, որը կստեղծի համագործակցության ճանապարհներ:
-Կանտը՝ Կանտ, մտավախություն չունե՞ք, որ այսօրվա Ռուսաստանը՝ հայտնի պատճառներով տնտեսապես թուլացած, իրենց տնտեսագետների գնահատականով՝ դեֆոլտի մոտեցող, այն երկիրը չէ, որի հետ Հայաստանը սկսել էր բանակցել ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ:
-Ռուսաստանը տեսել է 1992-1993 թթ., 1998-ի դեֆոլտը, 2000-ականները և բոլոր փորձություններից դուրս է եկել արժանապատվությամբ՝ ավելի համախմբված և ավելի ուժեղ: Համոզված եմ, որ Ռուսաստանի ժողովրդին արտաքին ճնշումներով ծնկի բերել հնարավոր չէ: Այո, Ռուսաստանը հայտնվել է նոր դժվարությունների առաջ, որոնք ստիպված է հաղթահարել և հաղթահարելու է: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մոսկվայում բանակցությունների ժամանակ կոչ արեց համագործակցության կամուրջներ գցել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև: Մենք պիտի ջանանք, որ Շտայնմայերի պես մտածողներն ավելի շատ լինեն և հաջողության հասնեն: Ռուսաստանում որոնվելու են երկարաժամկետ լուծումներ ինքնաբավ տնտեսություն ունենալու ուղղությամբ, հայկական բիզնեսը Հայաստանում ու Հայաստանից դուրս խելամտություն ու ճարպկություն կունենա այդ դժվարությունները հաղթահարելու, քննարկումների մասնակցելու ու նոր զարգացման հնարավորություններ փնտրելու համար: Եթե մենք դա չարեցինք, կորցնելու ենք մեր առաջ բացված պատուհանը՝ մեր տնտեսությունը զարգացնելու, մեր ինքնիշխանությունը փրկելու համար:
-ԵԱՏՄ-ն հաճախ բնորոշում են չորս ազատությունների դաշտ՝ կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ու ապրանքների տեղաշարժի, ինչո՞վ եք բացատրում, որ այդ դաշտում Ռուսաստանն ու Ղազախստանը փոխադարձաբար արգելում են միմյանց արտադրանքի տեղաշարժն ու վաճառքը:
-Աշխարհում չկա որևէ տարածաշրջանային տնտեսական կառույց, որտեղ լարվածություններ չլինեն: Ընդհանուր տարածքի կայացման փուլում մեծ ու փոքր տարաձայնությունները հարթվելու են: Ռուսաստանի և նրա դաշնակիցների տեղը ժամանակակից աշխարհում մի կողմից` ԵՄ-ի, մյուս կողմից՝ Չինաստանի ու նրա դաշնակիցների հետ սերտ համագործակցությունը զարգացնելու մեջ է: Հետխորհրդային Ռուսաստանը ութ անգամ ավելի փոքր տնտեսություն ունի, քան ԵՄ-ն, քան ԱՄՆ-ը, քան ՉԺՀ-ն, բայց Ռուսաստանը Եվրոպա ու Ասիա մայր ցամաքների ամենամեծ պետությունն է, որ ունի աշխարհի ամենամեծ բնական պաշարները: Պարզ է, որ Ռուսաստանը պետք է ջանքեր գործադրի իր փաստացի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, իր քաղաքակրթական յուրօրինակությունը պահպանելու և առաքելությունը իրականացնելու, հարստությունը չկորցնելու համար՝ մի կողմից, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առանց աշխարհի խոշորագույն ուժային բևեռների հետ զարգացող համագործակցության՝ այդ երկիրը չի կարող զարգանալ: Շատ լուրջ քաղաքագետների գնահատականով՝ ՌԴ նախագահի Մեծ Եվրոպայի տեսլականը՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ, անհասկանալի ժամանակով հետաձգվեց: Ես համաձայն չեմ, գործող ու հնարավոր նոր արգելամիջոցների գործողության պահը իսկական ժամանակն է խորությամբ մտածելու այդ հսկայական տեսլականն իրականացնելու մասին:
-ՈՒտոպիստ չե՞ք:
-Եթե մենք չաշխատենք այդ թշնամությունը թուլացնել կամ մնանք անտարբեր, որպես փոքր պետություն՝ ոտատակ ենք ընկնելու: Ոչ ոք չի հավատալու մեր անկեղծ հայտարարություններին, թե՝ կներեք, սխալվել էինք, դարձի ենք եկել, ուրիշ որոշում ենք ընդունել: Աշխարհում արցունքներին ոչ ոք չի հավատացել երբեք և չի հավատալու հիմա: Մենք պիտի ունենանք մեր բնական դերը, որը գծագրված է մեր պատմությամբ, քաղաքական ավանդույթով, ժողովրդի հոգեկերտվածքով՝ համագործակցության լեզու գտնելու և համագործակցության դաշտում օգուտներ փնտրելու քաղաքականությամբ: Երբ ԱԺ-ն կվավերացնի պայմանագիրը, և մենք հունվարի 1-ից կդառնանք ԵԱՏՄ անդամ, ՌԴ-ի հետ միասին, գուցե նաև առանձին պիտի շարունակենք կամուրջների ակտիվ որոնումը Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները նորմալացնելու և կառուցողական հուն տեղափոխելու համար: Անկախ՝ մենք փոքր ենք, թե մեծ, մեր ջանքերը համեստ են, թե գործուն, դա պիտի անենք, այլապես մեր երկրում խարխլվելու է հայկական պետականությունը:
-Նկատի ունեք մենթալ-մշակութային պլաստը, որ ԵԱՏՄ-ն ակնկալում է Հայաստանից ստանա՞լ:
-Մենք լինելով ԵԱՏՄ ամենափոքր անդամ երկիրը՝ արդեն գեներացրել ենք բազում գաղափարներ ու քայլեր, որոնք հաճելի զարմանքով են ընդունել ռուսները, բելառուսներն ու ղազախները: Մեր 350 ՀԿ-ները երեք տարի աշխատելով եվրաինտեգրման ասպարեզում՝ կառուցվածքավորվել ու համախմբվել են, իրենց ձայնը լսելի դարձնելով հասարակությունում, որտեղ վերջին 15 տարվա բոլոր սոցիոլոգիական հարցումներով բնակչության ճնշող մեծամասնությունը միշտ եղել է հայ-ռուսական բարեկամության կողմնակից:
-Երկրում տեսնո՞ւմ եք այդ գիտակցական ներուժը ՀԿ-ներից դուրս:
-Առաջինը՝ ես տեսնում եմ զարմանալի աշխույժ, կարող, անկախության օրոք ծնված ու մեծացած երիտասարդություն, որ ունի մեծ հավակնություններ և ակնկալիքներ: Այդ երիտասարդներին հուսախաբ անելը հանցագործություն է: Երկրորդ՝ հասարակության մեջ որոշակի իներտություն եմ տեսնում, ինքնապաշտպանական բնազդներով թելադրված զգուշավորություն և դժվարություններին պասիվ դիմադրություն, որը լավ ոչինչ չի խոստանում: Այո, մենք շատ հին ազգ ենք, և մեր ժողովուրդը լավ գիտի պատմության դասերը ու բնազդների մակարդակով ժամանակակից աշխարհում կողմնորոշվելու ունակություն ու հնարավորություն ունի: Եթե սա համարենք թերություն, ուրեմն մենք վերջացած ենք: Եթե համարենք աստվածային շնորհ, ուրեմն շատ մեծ ներուժով ժողովուրդ ենք: Ռուս քաղաքագետները, հասարակագետները, տնտեսագետները, որ գալիս են Հայաստան մեր կենտրոնի հրավերով, յուրովի նորից հայտնագործում են աշխարհի ամենահին երկրներից մեկը: Որևէ ռուս, ղազախ, բելառուս գործընկեր չի եղել, որ Հայաստանից գնալուց առաջ չհարցնի՝ հիմա միասին ի՞նչ գործեր ենք անելու: Նրանք շատ լավ հասկացել են, որ մենք ներուժ ունենք, որը պետք է բացահայտվի, մեր ներքին էներգիան պիտի օգուտ բերի ու շահ: Դա կարող է լինել նաև պետության օգնությամբ, բայց առանց պետության էլ հայկական կենսափորձն ու բնազդը իր գործն անելու է: Չլինելով լիբերալ և չմտածելով, որ պետությունը լոկ գիշերային պահակ է երկրում, այլ ընդունելով, որ պետությունը Հայաստանում բացառիկ կարևոր դերակատարություն ունի հասարակական կյանքում և դժվարությունների հաղթահարման մեջ, ես կարծում եմ, որ գլխավորը հասարակական ներուժը իրական գործի վերածելու ցանկությունն է, որին պետք է նախ և առաջ չխանգարել:
-2015-ին մենք նշելու ենք Ցեղասպանության 100 տարին, Ձեր գնահատականով՝ տարելիցին առնչվող միջոցառումները իրականությանը համարժե՞ք են:
-Մեր ժողովրդի բացահայտ և քողարկված թշնամիները, խոսելով 1915-ի ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, չարախնդորեն արձանագրում են «ճոխ» նշելու մեր մտադրությունը: Օտարալեզու մամուլում այդ հրապարակումները կարդալով՝ ես ինձ շատ վիրավորված եմ զգում՝ ինչքան պիտի չսիրես ու քամահրանքով վերաբերվես մի ժողովրդի, որ նրա ազգային ողբերգության ու համամարդկային ոճրի մասին խոսես իբրև «ճոխ» միջոցառման: Սա ևս մի ազդանշան է, որ մենք այսօր դիմակայում ենք նույնքան դժվար փորձությունների,՝ որքան 100-րդ տարում, մեր թշնամիները նույնն են, մեր պրոբլեմները նույնն են, պարզապես հայ ժողովուրդն այսօր ուրիշ աշխարհագրական, աշխարհաքաղաքական, քաղաքատնտեսական և աշխարհատնտեսական իրողությունների մեջ է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելը պետք է դառնա նոր հանգրվան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում: Շատ կարևոր է վերջին տարիներին սկսված երկխոսությունը թուրք հասարակության ինտելեկտուալ-մտավորական և որոշ քաղաքական վերնախավերի լավագույն ներկայացուցիչների հետ: Իմ փորձով համոզվել եմ, որ թուրքական քաղաքական վերնախավերը առանց հասարակական պահանջի ու ճնշման երբեք դեմքով չեն շրջվելու դեպի այդ խնդիրը: Թուրքիայում այդ ճանապարհին մեծ դժվարություններ կան, բայց ես ականատեսն եմ, թե իմ բազմաթիվ գործընկերներ ինչպես են շփվում թուրք ու քուրդ գործընկերների հետ՝ զարմանալի փոխըմբռնման մթնոլորտում:
-Իսկ արդյունքնե՞րը:
-Ես մի քանի անգամ գրել եմ, հիմա էլ հոդված եմ նախապատրաստում Արևմտահայոց ազգային համագումարի մասին, որի ակտիվիստների գործունեությունը՝ Թուրքիայի քաղաքական ու հասարակական շրջանակների հետ վստահելի երկխոսություն հաստատելու ու այդ ճանապարհով արևմտահայոց ժառանգներին փոխհատուցում տալու գործը, համարում եմ օգտակար: Բայց և ընդգծում եմ, որ դա միակ ուղին չէ: Հայկական մյուս կառույցները, լոբբիստական կազմակերպությունները ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, այլուր լուրջ անելիք ունեն ոչ միայն մինչև ապրիլի 24-ը, այլև հետո և այնքան ժամանակ, քանի դեռ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը իրականություն չեն դարձել: Այս հարցերը հստակ պետք է լինեն համահայկական օրակարգում՝ մոտակա տասնամյակներում:
-Թուրքիան այդ տասնամյակները գնալու է Օրհան Փամուկի՞, որ հարցնում էր՝ որտեղ են հայերը, թե՞ Էրդողանի ճանապարհով, որ ասում է՝ Ամերիկան մուսուլմաններն են հայտնագործել Կոլումբոսից 300 տարի առաջ:
-Կա հնարավորություն Թուրքիայում աշխատելու, կան հասարակական շրջանակներ ու քաղաքական դեմքեր ու նրանց հետ քննարկելով՝ հնարավոր է Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնել Թուրքիայում: Սա նոր հնարավորություն է, որ 10 կամ 20 տարի առաջ չի եղել, և այդ հնարավորությունը պետք է օգտագործել: Բայց եթե թուրքերը կարծում են, որ հնարավոր է հարցը ֆինանսական փոխհատուցման դաշտ տեղափոխել ու խլացնել հայերի ձայնն աշխարհում, չարաչար սխալվում են: Աշխարհում միշտ լինելու են հայեր, որ իրենց կյանքի նպատակը համարելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը:
-Լավ, եթե թեկուզ 100 տարի հետո Թուրքիան ընդունի ցեղասպանությունը, համարելու ենք, որ ընդունեց ու՝ վերջ, այլևս անելիք չունե՞նք:
-Ես չգիտեմ՝ ինչ է լինելու 100 տարի հետո, բայց գիտեմ, որ այս հարցը մենք միշտ արծարծելու ենք ու ստիպելու ենք, որ միջազգային հանրությունը մտածի: Հենց մենք մոռանանք պատմության դասերը, պատմությունը կրկնվելու է: Ես համոզված եմ, որ դա ոչ 1, 10, 100 տարվա խնդիր է, դա հարատև է՝ հայ ժողովուրդը աշխարհին անընդհատ պիտի հիշեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը:
-Այո, բայց հայ ժողովուրդը ունի նաև ապրելու խնդիր, որ հիշի ու հիշեցնի՝ ապրելով Թուրքիայի հարևանությամբ և ունենալով փակ սահմաններ: ՈՒ՝ ի՞նչ:
-Առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մեր սկզբունքը և հայ-թուրքական հարաբերությունները միջազգային հարաբերություններին հարիր կառուցելու մեր քաղաքականությունը ես համարում եմ ճիշտ և օրակարգային: Մենք սովոր ենք ապրել առանց թուրքերի, թուրքերն էլ՝ առանց հայերի՝ սա է 100 տարվա իրողությունը, բայց դա ոչ միայն ճիշտ չէ, այլև 21-րդ դարում հնարավոր չէ: Խաղաղության ու համագործակցության, ատելության ու թշնամանքի անդունդը չգլորվելու մասին խոսելիս՝ մենք լրջորեն պիտի մտածենք և Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու, և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Նույնիսկ հիմա, երբ ԼՂ հակամարտության գոտում վերջին 20-ամյակում աննախադեպ լարված մթնոլորտ է, Ադրբեջանի հետ բանակցությունները պիտի շարունակվեն, երբ ընդհատվեն, բոլորս հայտնվելու ենք պատերազմի նախադռանը: Այս կեցվածքով Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական երկխոսության մեջ, թեպետ 1992-ի մարտից ԵԱՀԿ 11 երկրներից մեկն է, որ Մինսկի խմբի անդամ է, բացառվում է նրա միջնորդական առաքելությունը, որովհետև Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցն ու բարեկամն է: Եթե Թուրքիան մտահոգված է իր միջազգային իմիջը բարձրացնելու և աշխարհում ավելի կարևոր դեր խաղալու խնդրով, պիտի մտածի Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մասին: Եվրոպային, Ամերիկային, աշխարհին հասկանալի միակ բանական տարբերակը առանց նախապայմանների բնականոն հարաբերություններն են: ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը, ՀԱՊԿ անդամ լինելը, ՌԴ-ի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերությունները ոչ թե փոքրացրին, այլ շատ ավելի մեծացրին մեր դերը տարածաշրջանում: Հույս ունեմ, որ Թուրքիան նոր իրողություններում փնտրելու է նոր լուծումներ, որոնք կհավասարակշռեն ՌԴ-ի մեծացող հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
-Ի՞նչ նոր լուծումներ կարող է Թուրքիան առաջադրել:
-Գուցե Թուրքիան հորդորելու է Ադրբեջանի՞ն՝ ԵԱՏՄ մտնել, հորդորելու է Վրաստանի՞ն՝ հաստատել Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ, Հայաստանի հետ դիվանագիտական նո՞ր երկխոսություն է սկսելու՝ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Միանշանակ 2015-ը քաղաքական ու տնտեսական իրադարձություններով հագեցած տարի է լինելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարում մենք մեր ազգային բնավորության կարևորագույն և լավագույն հատկանիշներով պիտի ներկայանանք աշխարհին՝ հարգելի դարձնելով հայկական էությունը:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ