ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Խառնակության վիճակից դուրս գալու համար խառնակիչներին պետք է մեկուսացնել»

«Խառնակության վիճակից դուրս գալու համար  խառնակիչներին պետք է մեկուսացնել»
25.11.2014 | 00:33

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում:
-Մեծ խառնակություն, որտեղ դերերը բաշխված են ինչ-որ մարդկանց միջև: Բացի վճարովի դերաբաշխումից՝ կա նաև աշխարհաքաղաքական դերաբաշխում: Գործընթացը ծրագրված է դրսից, և ինչ-որ պահի լինելով անկառավարելի՝ հիմա դարձել է շատ կառավարելի և իր զարգացումներով կգնա այն ուղղությամբ, ուր կտանեն քաղաքական ռեժիսորները, որ, կրկնում եմ, Հայաստանում չեն:
-Ո՞վքեր և որտե՞ղ են ռեժիսորները:
-Նրանք են, ովքեր տնօրինում են աշխարհաքաղաքական գործընթացները: Ճիշտ է, աշխարհն այսօր միաբևեռ է, բայց Ռուսաստանը փորձում է փշրանքները հավաքել ու հիմնականում թույլերի վրա է կառուցում իր ծրագրերը՝ օգտագործելով իր կադրային բազայում եղած ներուժը, որն ունի շատ հին պատմություն: Այդ պատմությանը կարելի է անդրադառնալ, երբ մեր երկիրը վերականգնի իր ինքնիշխանությունն ու իրականացնի լյուստրացիայի գործընթաց, որպեսզի պարզի կառավարիչների ծագումնաբանությունը:
-Մինչև լյուստրացիոն գործընթացը ապրել է պետք: Ոչիշխանական եռյակը բարձրաձայնում է իշխանափոխության ցանկությունը, իրականում ակնհայտ է ոչ մի քայլ չանելու համառությունը: Ոչիշխանական եռյակի ներսում գործընթացներն ավելի բուռն են, քան հայտարարված համաժողովրդական շարժումը: Ինչո՞ւ:
-Եռյակը հայտարարում է իշխանափոխության մասին, բայց չի ասում՝ որո՞նք են ճանապարհները: Իսկ ճանապարհները երկուսն են՝ սահմանադրական և հեղափոխական: Հեղափոխական ճանապարհը նրանք մերժել են, բայց որևէ գործընթաց չեն իրականացնում սահմանադրական ճանապարհով փոփոխությունների համար: Եռյակի ներսում շարունակ բոցկլտում են անհամաձայնությունները՝ բոլորը բոլորի դեմ, և մեծ ջանքեր են գործադրվում հասարակությանը վերստին խառնակության մեջ պահելու համար, որպեսզի պարզ չլինի, թե գործողությունների տրամաբանությունն ուր է տանում: Իսկ տրամաբանությունը մեկն է՝ քաղաքական դաշտը պահել պատային վիճակում, իշխանությունը կմնա իր տեղում՝ բոլոր դժվարությունները ժողովրդի ուսերին բարդելով, ոչիշխանությունն այդպես էլ ընդդիմություն չի դառնա: Բայց հերթական ընտրությունների ժամանակ նորից կփորձեն ընդդիմություն խաղալ, իսկ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ճարտարապետը իրենք չեն լինի, որը պետության համար շատ վտանգավոր գործընթացների կարող է հանգեցնել: Այդ ժամանակ նրանք կասեն՝ ճիշտ պահը հասավ, մենք հիմա հայտարարում ենք, որ ընդդիմություն ենք, և նորից կփորձեն ժողովրդին ընտրության մղել իշխանության ու ոչիշխանության միջև, ըստ էության՝ իշխանության և էլի իշխանության միջև՝ թույլ չտալով ժողովրդին ձևակերպել իր նպատակներն ու հեռանկարները:
-Դուք իրավիճակը բնորոշեցիք պատային, իրո՞ք ելքեր չկան:
-Ելքեր կան, եթե երկրում դետոնացիա տեղի ունենա՝ արժեհամակարգային դետոնացիա:
-Միջուկը կա՞:
-Միջուկ չի կարող չլինել: Սա եզակի դեպք չէ, հասարակությունը ունեցել է շատ արժեքավոր լիդերներ, որ իրավիճակ են փոխել ավելի ծանր պայմաններում: Հիշեք դարասկիզբը և Ալեքսանդր Մյասնիկյանին, որ կայունացրեց իրավիճակը և հույս տվեց ժողովրդին: Մարդ, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը փրկեց խորտակումից ու հատուցեց կյանքով: Թե արտաքինի, թե խարիզմայի առումով նրան շատ է հիշեցնում Վազգեն Սարգսյանը, որ 1998-ից վերցրեց պատասխանատվությունը և փորձեց Հայաստանը հանել մակընթացություններից: Նրա շուրջ համախմբվեցին մարդիկ, որ անհամախմբվելի էին, և պատմությունը հերթական դասը տվեց, թե ինչերի է ընդունակ վճռական անհատը, որ գաղափար է դնում գործընթացի մեջ ու առաջ է տանում իր գաղափարը: Հիմա էլ՝ խառնակությունից ազատվելու ճանապարհը կորցրածը վերականգնելն է՝ միավորելով մարդկանց միասնական ու ընդհանուր նպատակի շուրջ: Դա բարդ է առանց լիդերի, հուսով եմ, որ գործընթացները, ի վերջո, ի հայտ կբերեն իրենց առաջնորդին:
-Խնդիրը ձևավորվում է, երբ լուծման նախադրյալներ կան: Այդպե՞ս է:
-Նախադրյալները պետք է ստեղծել: Եթե այդ ուժը չկա, երկար ժամանակ մենք նահանջի ճանապարհին ենք մնալու: Ի վերջո, խնդիրը բերելու է մշակութային արժեքների հիման վրա նպատակներ ձևակերպելուն, որոնք պետք է նաև վերածվեն պետության առաջնահերթությունների: Անհատներ են պետք, որ ընկալելի են հասարակության մեջ, անհատները պետք է ցույց տան՝ որոնք են այս իրավիճակից դուրս գալու ելքերը: Առանց խաբեության: Առանց անձնական խնդիրների լուծման: Այդ անհատները պետք է պատրաստ լինեն զոհողությունների, ոչ հասարակությունը, որ անընդհատ զոհողությունների է գնում: Որ մեր պետությունը այսօր կա այս բարդ իրավիճակում, պահպանում է իր սահմանների անվտանգությունը, ժողովրդի շնորհիվ է, որ լուռումունջ պահում է երկիրը՝ չհեռանալով ու օրը օրին վաստակով ապրելով: Պետք է քաղաքական էլիտաները դա հասկանան, որ էլիտայի գավազանը վերցրել են, բայց գործադրում են միայն սեփական նպատակներով:
-Չե՞ք կարծում, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ապավինել հասարակական գիտակցությանը, որը դեռ հստակ բանաձևեր չունի, ռիսկային է: Մի կողմից` պատերազմով սպառնացող Ադրբեջանը, մի կողմից Ռուսաստանը՝ տնտեսական անկումով ու քաղաքական մեկուսացումով և հետխորհրդային տարածքում հայտնի քաղաքականությամբ, մյուս կողմից՝ Թուրքիան, ԵՄ-ին ասոցացում սկսած Վրաստանը, պատժամիջոցների հարցը չպարզած Իրանը: Եվ այս համապատկերում՝ Հայաստանը իր անհասկանալի քաղաքականությամբ:
-Հայաստանում պետք է լինի խնդիրներ լուծող նախագահ, որ զերծ է արտաքին ազդեցությունից: Առանց այդպիսի նախագահի, որը պետք է ժողովրդի միջից դուրս գա, որևէ հաջողության չենք կարող հասնել: Խառնակության վիճակից դուրս գալու համար խառնակիչներին պետք է մեկուսացնել, որ մաքրված դաշտում ի հայտ գա այն անհատը, որը կարող է լուծել Ձեր բարձրացրած խնդիրները: Այլապես՝ մեզ կպարտադրեն ինչ-որ կառավարիչների, որ սպասարկելու են ուրիշ երկրների շահերը, պիտի իշխանություն ու ոչիշխանություն մաքրենք, դնենք մի կողմ, որ դաշտը զուլալվի: Կասեք՝ իշխանությունը և ոչիշխանությունն են լուծելու ընտրությունների խնդիրը, ինչպե՞ս կլինի: Պետք է պարտադրել իրենց շահերին ծառայեցվող վիճակը պետության շահերին ծառայեցնել: Հասարակությունն ինքը պետք է որոշի իր ապագան՝ առանց մանիպուլյացիաների:
-Ծանր բեռ չե՞ք դնում հասարակության ուսերին:
-Ոչ միայն հասարակության, այլև այն անհատների, որ այսօր էլ դեռ չեն կողմնորոշվում՝ ինչ քայլեր պետք է անեն և դաշտը պահում են պատային վիճակում, որ այդ խնդիրները լուծողները ի հայտ չգան:
-Րաֆֆի Հովհաննիսյանը սխեմա տվեց՝ ինչպես վիճակից դուրս գալ: Կարծում եք` եռյակը նրան կհասկանա՞:
-Իհարկե՝ ոչ: ԲՀԿ-ն յուրովի պատասխանեց, ՀԱԿ-ի լրատվական կառույցները սկսեցին ծաղրուծանակել: Ակնհայտ է, որ նրանց խնդիրն այս իրավիճակը պահելն է: Բայց այս առաջարկները ներկայացրած Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ գործ ունի եռյակի շրջանակներում, երբ տեսնում է՝ ինչով են այնտեղ զբաղված: «Ժառանգությունը» պետք է առաջինը հանդես գա ոչիշխանական համակարգը ընդդիմություն դարձնելու պահանջով: Եթե կանի՝ փառք ու պատիվ իրեն, եթե չի անի, հարցն օրակարգային է դարձնում կյանքը: Արտահերթ կամ հերթական գործընթացներով մենք պետք է երկրում ունենանք իշխանություն, որ կկասեցնի պետականության հետագա նահանջը:
-Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է առաջարկել, բայց չունի առաջարկը պարտադրելու ոչ ռեսուրս, ոչ ֆինանս:
-Րաֆֆի Հովհաննիսյանն իրավական քայլ արեց, եռյակը դեմ է «Ժառանգության» առաջարկներին: Ֆինանսները կարևոր գործիքներ են, բայց հիշեք համաժողովրդական շարժումը, որ ոչ թե հայտարարված է եղել, այլ իրոք համաժողովրդական, ունեցել է նպատակներ ու ստեղծել է իր նպատակներին հասնելու ինստիտուցիոնալ ճանապարհներ: Նկատի ունեմ Ղարաբաղյան շարժումը, հետընտրական գործընթացները 2003-ին ու 2008-ին, որոնք վերածվեցին շարժումների: Ճիշտ է՝ հետո մարեցին, բայց պատճառները այլ տեղ պետք է որոնել, ֆինանսները այդքան մեծ դերակատարում չեն ունեցել: Երբ հասարակության համար տեսանելի են նպատակները, ինքը կարողանում է լուծելու միջոցներ գտնել: Ի վերջո, օլիգարխների փողերը հասարակության գրպանից հանված գումարներ են, որ ժամանակի ընթացքում կենտրոնացվել են ու քաղաքական նպատակներով են ծախսվում: Ֆինանսական հարցերը լուծվող են: Մինչև այս համաժողովրդական շարժումը Հայաստանում կար մեկ այլ համաժողովրդական շարժում, որի մարման գնահատականները նույն շարժման ղեկավարները չտվեցին, և քաղաքական դաշտի մի մեծ հատված ներառած շարժումը ¥19 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, վառ անհատներ, որ լուրջ քաղաքական կենսագրություն ու պատմություն ունեն¤ ավարտվեց փաստորեն քաղաքագիտական վերլուծության պահից: Լուրջ հասարակական աջակցություն ունեցող ընդդիմադիր շարժումը գնաց այլ ճանապարհով ու մարեց՝ բացատրություն չտալով, թե որտեղից եկավ հրահանգը ու ինչո՞ւ ընտրվեց փակուղու ճանապարհը, ինչո՞ւ էր պետք օլիգարխիային բերել ընդդիմադիր դաշտ ու հույսը դնել օլիգարխի փողերի վրա, որի հետևանքը քաղաքական դաշտի այսօրվա պատային վիճակն է:
-ՈՒ ի՞նչ:
-Պետք է օլիգարխները զբաղվեն իրենց բիզնեսով, եթե օրենքի հետ խնդիրներ կունենան, պետք է պատասխան տան պետության առաջ, իսկ հանրային կյանքը առողջացնող ուժերը պետք է լուծումները փնտրեն քաղաքական դաշտում, նպատակները հստակ ներկայացնելով հասարակությանը:
-Հավանակա՞ն է, որ ոչիշխանական ուժերի կողմից ժողովրդին փողոց դուրս բերելու գլխավոր պատճառն այն է, որ սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնած Սերժ Սարգսյանը չուներ Ռուսաստանի համաձայնությունը: Եթե նա հրաժարվի մտադրությունից, ոչիշխանական ուժերը մինչև հերթական ընտրությունները տուն կգնան:
-Մենք վերադառնում ենք այն ելակետին, որ Հայաստանի համար կարևոր խնդիրները լուծվում են երկրից դուրս, և դա է մեր հիմնական պրոբլեմը: Ինքնիշխանությունը կորցնելու պատճառով մենք չգիտենք՝ հիմա մենք այդ որոշումները իրականացնող համակարգի բաղկացուցիչ մա՞սն ենք, թե՞ մեր հարցերը ինքներս պիտի լուծենք: Իհարկե, կա այդ տպավորությունը: Եվ դրան աջակցում են շատ ուժեր, որ վաղուց աշխատում էին Ռուսաստանի համար, հենց այդ պատճառով ես կարևորում եմ լյուստրացիայի խնդիրը, որովհետև այդ մարդիկ շատ տարիներ առաջ հավաքագրված են եղել ՌԴ հատուկ ծառայությունների կողմից ու այսօր, նաև այդ ծառայությունների աջակցությամբ, հասնելով իշխանական բարձունքների, շարունակում են ծառայել այդ կառույցներին: Իսկ այդ կառույցները իրենց երկրի շահերին են ծառայում ու այդ շահերից բխող ճշտումներ են մտցնում իրենց կառավարման դաշտում: Այդ պատճառով էլ՝ կառավարման համակարգի ինչ փոփոխություն էլ Հայաստանում լինի, կենտրոնից պետք է համաձայնություն ստանա, ավելին՝ նրանք ծրագրերի տեսքով ներկայացնում են իրենց ցանկությունները իշխանական ու ոչիշխանական դաշտին ու նրանք պետք է իրագործեն՝ չիմանալով, թե դա ուր է տանելու և ինչի է հանգեցնելու: Կան նման վտանգներ: Եվ, իմ խորին համոզմամբ, շատ մեծ դերակատարում ունի նաև Ռոբերտ Քոչարյանը՝ իր կառավարման տարիներին հսկայական միջոցների տեր դառնալով ու դարձնելով այլ ուժերի, որ այսօր խաղում են թե իշխանության, թե ոչիշխանության դաշտում, և ծառայում են, ըստ էության, այլ երկրի շահերի: Խնդիրը հստակություն մտցնելն է: Քաղաքական դաշտում պետք է թողնել միայն այն ուժերին, որոնք մնացել են մաքուր և ծառայելու են մեր երկրի շահերին: Պետությունը ինքն իր մեջ պետք է գտնի այդ հնարավորությունը, եթե չգտավ, քարտեզի վրա լինելու է Հայաստանի Հանրապետություն, բայց Հայաստանի Հանրապետությունը չի տնօրինելու իր խնդիրների լուծումը:
-Դուք առաջադրում եք խնդիր, որ իշխանական այս համակարգում չի կարող լուծվել:
-Պետք է ստեղծել իշխանական այն համակարգը, որը կլուծի այս խնդիրը: Իշխանափոխությունը անհրաժեշտ է՝ որքան շուտ, այնքան լավ, դրան պետք է մասնակցեն նաև իշխանությունները, եթե իրենց կառավարման տարիներին ինչ-որ չափով պետական մտածողություն են ձեռք բերել: Պատասխանատվության զգացումը դա է պահանջում: Իշխանությունները պետք է կտրեն այն թելը, որը մեզ տանում է սխալ ուղղությամբ: Դա հղի է լուրջ վտանգներով նաև ղարաբաղյան ճակատում, որտեղ անընդհատ ինչ-որ գործընթացներ են լինում և հասկանալի չէ՝ որտեղից սկսվեց ու ինչով է ավարտվելու: Հետևանքը՝ մենք անընդհատ փաստի առաջ ենք կանգնում ու անընդհատ որոնում ենք՝ «Ո՞Ւմ էր դա ձեռնտու» հարցի պատասխանը: Մեկ ամիս առաջ, մեկ շաբաթ առաջ, մեկ շաբաթ հետո: Կասկածի մթնոլորտը վերացնելու համար առաջին հերթին իշխանություններն այդ փոփոխությունները պետք է իրենց ներսում անեն:
-Քաղաքական ինքնասպանությո՞ւն եք առաջարկում:
-Իտալիայում մինչև 1994-ը ոչ ոք չէր մտածում, որ կոռուպցիան հնարավոր է հաղթահարել, ամենակոռուպցիոներ վարչապետը սկսեց փոփոխությունները, որովհետև հասկացավ, որ վտանգվում է երկիրը: Կասեք՝ Իտալիան Եվրոպա՞ է: Սա էլ Հայաստանն է, եկեք Կովկասում փնտրենք մեր լուծումները:
-Մեր լուծումները մենք հիմա պիտի փնտրենք Մոսկվայում, Մինսկում, Աստանայում:
-Չեմ կարծում, դա պահի թելադրանք էր, և դեռ պարզ չէ, թե ՈՒկրաինայի հետ կապված՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը ինչով կավարտվի: Առայժմ ՌԴ տնտեսությունը անկում է գրանցում, որտե՞ղ է կանգնելու ու ի՞նչ գնով՝ դեռ ոչ ոք չգիտի: Դա էլ առիթ է, որ Հայաստանի իշխանությունները մտածեն: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում ֆինանսական շուկայում, ինչո՞ւ: Որովհետև Հայաստանը դեռ որոշակի չգիտի՝ ո՞րն է իր տեղը: Իհարկե, կան ռիսկեր: Հայաստանն ունի Ղարաբաղի խնդիր: Եթե լուծումները թողնում ենք այլ տերությունների շահերի շրջանակում, պարզ չէ՝ այս ամենն ինչով կավարտվի և ավարտին Հայաստանում ինչքան մարդ կապրի: Այդ պատճառով էլ՝ ինչքան շուտ լինի իշխանափոխությունը, որին պիտի մասնակցեն նաև իշխանությունները ու ամեն մի հայ ընտանիք, այնքան լավ, հակառակն աղետալի ընթացք է մեր պետության համար:
-Իբրև պաշտպանության նախկին փոխնախարար՝ հայկական ուղղաթիռի միջադեպը ինչպե՞ս եք բացատրում, չեզոք գոտուն այդքան մոտենալով՝ ի՞նչ խնդիր էր լուծվում:
-Պարզ տրամաբանությամբ՝ ուղղաթիռը չպետք է այդքան մոտենար չեզոք գոտուն, բայց պատճառը կարող են բացատրել այն զինվորականները, ովքեր ծրագրել ու իրականացնում էին զորավարժությունը: Միջադեպը պետք է ուսումնասիրվի ու մեղավորները պատասխան տան, ինչ-որ մեկը փորձե՞լ է պարզել՝ ինչ կլինի, եթե ուղղաթիռները մոտենան չեզոք գոտուն՝ կխփե՞ն, թե՞ ոչ: Խփվեց, ու՝ ի՞նչ: Լուծումներ պետք է առաջադրվեն: Մեր ուղղաթիռը խոցված է և երկար ժամանակ բեկորները չեզոք տարածքում էին, չէինք կարողանում օդաչուների մարմինները դուրս բերել կրակի գծից: Ադրբեջանը փորձում էր իր խնդիրները լուծել, բայց ամեն օրը հարված էր մեր բանակի մարտունակությանը, բարոյահոգեբանական վիճակին: Վերջապես արեցինք՝ ինչ պարտավոր էինք: Զինվորականները արեցին իրենց գործը՝ արագ, վճռական ու անվրեպ գործեցին, բայց հարցեր մնում են, և այդ հարցերը պետք է լուծենք ինքներս:
-Չե՞ք կարծում, որ ինքնաթիռի միջադեպը կարող էր այլ ընթացք ստանալ, եթե հայկական կողմը տեղնուտեղը պատասխան կրակով ոչնչացներ հակառակորդին:
-Կարող էր, այդ պատճառով էլ ասում եմ, որ պետք է ուսումնասիրվի, պարզվեն բոլոր հանգամանքները, պատճառներն ու հետևանքները, որպեսզի նոր զոհեր չլինեն: Ես կողմ եմ խաղաղության, բայց խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի: Ստատուս քվոն պահպանվում է, որովհետև անկախ թվաքանակից ու ռազմական գերակշռությունից, Ադրբեջանը միշտ վախեցել է հայ զինվորից: Հայ զինվորը միշտ ցույց է տվել պատերազմի ընթացքին իր տեր լինելը, իսկ տեր է եղել, որովհետև իր հողի համար է կռվել:

Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ