ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Եթե մենք չկարողանանք օգտվել այս հնարավորությունից, կօգտվեն ուրիշները»

«Եթե մենք չկարողանանք օգտվել այս հնարավորությունից, կօգտվեն ուրիշները»
20.11.2014 | 13:45

2015-ին բյուջեի թեժ քննարկումների ընթացքում մի տեսակ մոռացության էր տրվել ամենակարևորը։ Հունվարի 1-ից Հայաստանը ՄՄ անդամ է դառնալու, արդյոք այս օրերին քննարկվող բյուջեն համահո՞ւնչ է այդ գործընթացին։ Հատկապես, որ ՌԴ-ի նկատմամբ արևմտյան տնտեսական պատժամիջոցները խորացման միտում ունեն։ Հարցեր, որոնցով պայմանավորված է նաև մեր երկրի տնտեսական զարգացումը, բնակչության կենսամակարդակի ապահովումը։ Այս համատեքստում ի՞նչ առանձնահատկություն ունի 2015-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Այս հարցից սկսեցինք մեր զրույցը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։

-Իսկապես, եկող տարվա բյուջեն իրականացվելու է տնտեսական նոր իրողության պայմաններում,- ասաց պարոն Մինասյանը։- Եթե խոսենք բյուջեի առանձնահատկություններից, ապա ամենագլխավորն այն է, որ այն ունի ռիսկայնության ցածր աստիճան։ Երկրորդ, բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի։ Գալիք տարվա բյուջեի 48 տոկոսը սոցիալական ծախսերն են կազմում։ Ընդհանրապես Հայաստանում, բյուջետային քաղաքականության սոցիալական ուղղվածությունը որպես ռազմավարություն է հաստատված և այն շարունակական է, վերջին տարիների մեր բոլոր բյուջեներն են եղել սոցիալական ուղղվածության։ Եկող տարի 14 %-ով կավելանան նպաստներն ու թոշակները, 10 %-ով կբարձրանա նվազագույն աշխատավարձը։ Հաջորդը, տարածաշրջանային բարդ իրավիճակով պայմանավորված, երկրի պատշաճ պաշտպանունակության ապահովումն է, այս խնդիրը ևս լուծված է: 2015-ի բյուջեն բնութագրող հիմնական ցուցանիշները ունեն հետևյալ տեսքը` ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 %, գնաճը` 4±1,5 %, դեֆիցիտը` 114,5 մլրդ դրամ, ինչը ՀՆԱ-ի 2,3 %-ն է։ Ակնկալվում է ունենալ տրիլիոն 184 մլրդ դրամի եկամուտ, իսկ ծախսերը` տրիլիոն 289 մլրդ դրամ։
-Թվերը` թվեր, սակայն դրանց հասնելու համար շատ կարևոր են տնտեսական զարգացումները, հատկապես, որ Հայաստանի համար սկսվելու է տնտեսական նոր շրջան: Ինչպիսի՞ քաղաքականություն է տարվում բյուջետային թվերն ապահովելու համար:
-Իրավացի եք, գալիք տարվա տնտեսական գործընթացները գնահատելու համար միայն պետբյուջեի տվյալները բավարար չեն: Սովորաբար տարեվերջին մենք ընդունում ենք օրենքներ, որոնցով պայմանավորվում են հաջորդ տարվա տնտեսական զարգացումները: Այս տեսակետից այն օրենսդրական փաթեթը, որ մենք մինչև բյուջեի հաստատումը կընդունենք, լուրջ հնարավորություններ է նախատեսում համաչափ զարգացման և տնտեսության աշխուժացման համար:
Առաջին հերթին պետք է նշեմ սահմանամերձ տարածքների զարգացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունները: Այս խնդիրները հատուկ ուշադրության են արժանացել խորհրդարանում: Իսկապես պետք է բարելավել սահմանամերձ շրջանների բնակիչների կենցաղային պայմանները, բարձրացնել կյանքի որակը, ինչը կնպաստի արտագաղթածների ներհոսքին: Ի դեպ, համայնքապետերը մեզ հետ զրույցներում ևս նշում են, որ եթե հարկային դաշտը մեղմվի և կենցաղային պայմանները բարելավվեն, ապա մարդիկ կվերադառնան իրենց գյուղերը: Այս խնդիրները լուծելու նպատակով է, որ այսօր խորհրդարանում քննարկվող փաթեթով սահմանամերձ շրջաններում նախատեսվում է կառավարության կողմից փոխհատուցել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձերի առնվազն 50 տոկոսը: Լրջագույն հարկային արտոնություններ են տրվում այդ տարածքներում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ այդ տարածքներում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար:
Ինչ վերաբերում է ընդհանրապես տնտեսության աշխուժացմանն ուղղված օրենսդրական քաղաքականությանը, ապա ամբողջ օրենսդրական փաթեթից կնշեմ միայն երկու օրինակ: Առաջինով փոփոխություններ են նախատեսվում ԱԱՀ-ի մասին օրենքում: Այն կնպաստի արդյունաբերության զարգացմանը, քանի որ հնարավոր կդառնա արտադրություն կազմակերպելու նպատակով ներմուծել սարքավորումներ, առանց սահմանի վրա ԱԱՀ-ի գանձման: Ընդհանրապես տնտեսական քաղաքականության տենդենցն այն է, որ մենք փորձում ենք քայլ առ քայլ ԱԱՀ-ի գանձումը սահմանի վրա վերացնել: Երկրորդ նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում հիպոթեքային վարկերի տոկոսները մարել քաղաքացու եկամտային հարկի գումարների հաշվին: Կարծում եմ` օրենսդրական այս ամբողջ փաթեթը գործնականում կնպաստի տնտեսության աշխուժացմանը:
-Շատերը համոզված են, որ ՄՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը կշահի, սակայն չի նշվում կոնկրետ ինչ ձևով, երբ այս պահին Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում։
-Առաջին հերթին մենք պետք է հիշենք, որ որքան Հայաստանն է շահելու այդ անդամակցությունից, ոչ պակաս շահելու են նաև մյուս անդամ երկրները, այդ թվում` Ռուսաստանը, որն այս պահին գտնվում է տնտեսական պատժամիջոցների տակ: Հիմա, ըստ էության, ԵԱՏՄ-ին անդամակցող չորս երկրների մեջ Հայաստանը միակն է, որ ունի GSP+ կարգավիճակ: Եթե երկիրը ունի GSP+ կարգավիճակ, ապա նրա տարածքում արտադրված ապրանքները Եվրամիություն ներմուծելուց ձեռք են բերում էական արտոնություններ: Այդպիսի երկրի համար գոյություն ունեցող շուրջ 10 հազար ապրանքատեսակներից 2/3-ի արտահանումը դեպի եվրոպական երկրներ չի ենթարկվում հավելյալ մաքսային գանձումների: Եթե երկիրը ունի միայն GSP կարգավիճակ, ապա ապրանքատեսակների 1/3 համար է գործում այդ արտոնությունը: Այս պարագայում, երբ ՌԴ-ի տնտեսության նկատմամբ կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ, Ռուսաստանի տնտեսավարողների համար չափազանց նպաստավոր է, որ իրենց արտադրությունը կազմակերպեն այնպիսի երկրում, որը, մի կողմից, կլինի Մաքսային միության անդամ, այսինքն` կգտնվի նույն տնտեսական տարածքում, մյուս կողմից` կկարողանա այդ երկրից իր արտադրանքը արտահանել եվրոպական շուկա` առանց արգելքների: Դա չափազանց ձեռնտու, փոխշահավետ քայլ կլինի և՛ GSP+ կարգավիճակ ունեցող Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։
-Կշահի նաև Եվրոպան։
-Իհարկե։ Փաստ է, որ եվրոպական շատ ընկերություններ աշխատել են ռուսաստանյան շուկայում, սակայն այսօր պատժամիջոցների պատճառով չեն կարողանում իրենց արտադրանքը իրացնել ավանդական շուկայում` Ռուսաստանում: Այսինքն, նրանց համար ևս ձեռնտու կլինի իրենց արտադրությունները հիմնել GSP+ կարգավիճակ ունեցող Հայաստանում և այստեղից արտադրանքը արտահանել Ռուսաստան:
-Կարծում եք, որ Հայաստանը կարող է այսօր երաշխավո՞րը դառնալ այդպիսի գործընթացի։
-Արդեն ասացի, որ Հայաստանը ունի GSP+ կարգավիճակ, որը վերը նշված հնարավորության իրականացման կարևորագույն նախապայմաններից է: Երկրորդ, ոչ պակաս կարևոր նախապայմանը զարգացած օրենսդրական դաշտն է։ Ըստ փորձագետների` Հայաստանի տնտեսական, վարկային, բանկային, դատական օրենսդրությունները շատ ավելի մոտ են եվրոպական օրենքներին, քան Մաքսային միության անդամ մյուս երկրների օրենսդրությունը: Այս բոլորը միասին հնարավորություն են տալիս ռուսական և եվրոպական տնտեսավարողներին, առանց տնտեսական պատժամիջոցների տակ ընկնելու, Հայաստանում իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, իրենց արտադրանքը զրոյական մաքսատուրքով արտահանել համապատասխանաբար Եվրոպա և Ռուսաստան` պատժամիջոցների փոխարեն օգտվելով արտոնյալ պայմաններից: Իհարկե, դրանից կշահեն նաև Հայաստանի տնտեսությունն ու քաղաքացիները, բայց շահեկան դուրս կգան նաև մյուս երկրները :
-Այսինքն` 2015-ի հունվարից Ձեր նշած գործընթացները հնարավոր կլինի՞ իրականացնել: Բոլոր դեպքերում, ի՞նչ պետք է անի պետությունը, որ Ձեր նշած շուկան չկորցնենք։
-Չպետք է մոռանանք, որ այս պահին մենք խոսում ենք ընդամենը հնարավորությունների մասին, սակայն միևնույն ժամանակ, եթե մեր չինովնիկները և գործարարները համապատասխան ձեռներեցություն չդրսևորեն այդ ուղղությամբ, որևէ մեկը չի գալու մեզ խնդրի: Եթե մենք պասիվ լինենք, ապա պոտենցիալ ներդրողներին այլ երկրներ կհրավիրեն, որտեղ գուցե և օբյեկտիվորեն նպաստավոր պայմանները ավելի քիչ լինեն, բայց գործնականում պոտենցիալ ներդրողին կկարողանան գրավել ճիշտ աշխատանքի արդյունքում։ Երկրորդ կարևոր գործոնը, որի մասին ևս չպետք է մոռանանք, այն է, որ GSP+ կարգավիճակը հավիտյան չի տրվում: Այն պահելու համար պետք է անընդհատ զարգացնել երկրի տնտեսական, մարդու իրավունքների պաշտպանության և մյուս օրենքներն ու միջավայրը: Ինչ վերաբերում է կոնկրետ պետության անելիքներին, ապա մեր մարզերը ռուսական շատ շրջանների, քաղաքների հետ համագործակցում են, և ճիշտ կլինի, որ այս պահին արդեն մշակվեն հնարավոր արտադրության ներդրման ծրագրերը։
-Արդյո՞ք դա հնարավոր է, հատկապես տնտեսական ոլորտում:
-Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրավորվածի, ապա եկող տարվա տնտեսական զարգացումները բավականին առաջանցիկ կլինեն:
-Բոլոր դեպքերում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները այս պահին գործում են, չե՞ք կարծում, որ դա ուղղակիորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա:
-Կարծում եմ, որ ժամանակից շուտ եզրակացություն անելը հիմնավոր չէ: Բոլորը կարծում էին, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով կտրուկ կնվազեն դրամական փոխանցումները այդ երկրից: Սակայն ԿԲ-ի նախագահն ԱԺ-ում հայտարարեց, որ 2014-ի առաջին 9 ամսում փոխանցումները պահպանել են 2013-ի նույն ժամանակահատվածի մակարդակը: Երկրորդ` Ռուսաստանի և Արևմուտքի կողմից աշխատանքներ են տարվում լուծումներ գտնելու ուղղությամբ, յուրաքանչյուրը փորձում է, պահպանելով իր քաղաքական դիմագիծը, միաժամանակ այնպես անել, որ տնտեսական խնդիրը յուրաքանչյուրի համար ծանր չլինի: Դժվար է այս պահին ասել` կգտնվե՞ն լուծումներ, թե՞ ոչ, սակայն, մյուս կողմից, Ռուսաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, որ պատժամիջոցների կիրառումից Ռուսաստանը շահել է` զարկ տալով տեղական արտադրությանը: Այսինքն, ժամանակ է պետք, որ հասկանանք, թե այս տնտեսական բարդ իրավիճակը, որի հիմքը քաղաքական է, ինչ ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի վրա: Չի բացառվում, որ չարդարանան բոլոր նեգատիվ կանխատեսումները` քաղաքական լուծումներ գտնելուց հետո: ՈՒստի այսօր երկար ժամանակահատվածի համար կանխատեսումներ անելը ժամանակավրեպ է:
-Դուք նշեցիք, որ եթե մշակվեն համագործակցության ծրագրեր, ապա Հայաստանը կշահի, բայց նկատեմ, որ, օրինակ, Թուրքիան սուբսիդավորում է իր գյուղատնտեսությունը, դրանով իսկ ավելի մրցունակ դարձնելով ոլորտը այդ նույն, Ձեր ասած, գործընթացներում։
-Այո, սակայն եկող տարի մենք 6 %-ով սուբսիդավորելու ենք գյուղատնտեսական վարկերը, սահմանամերձ շրջանների համար մեծ արտոնություններ են սահմանվել։ Այսինքն, վիճակն ավելի լավ կլինի մեկ տարի առաջվա համեմատ։ Բայց եկող տարի հիմնական հնարավորությունները ստեղծվելու են ԵԱՏՄ անդամակցելու հետևանքով, ու եթե մենք չկարողանանք օգտվել այս հնարավորությունից, կօգտվեն ուրիշները, ինչպես ասում են` «Սուրբ տեղը դատարկ չի մնում»։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ