Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Եթե ինձ ասեն` այլևս չես աշխատելու որպես նախարար, ես հանգիստ կգնամ և կզբաղվեմ դասախոսական աշխատանքով»

«Եթե ինձ ասեն` այլևս  չես աշխատելու որպես նախարար, ես հանգիստ  կգնամ և կզբաղվեմ դասախոսական աշխատանքով»
04.11.2014 | 00:20

2015-ի պետական բյուջեի հատկացումներն ուժային կառույցներին փոքր թիվ չեն կազմում, սակայն արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող գումարն ամենափոքրն է։ Մինչդեռ կարծում ենք, որ դա լուրջ խնդիր է, քանի որ արտակարգ իրավիճակներն առաջին հերթին առնչվում են քաղաքացու անվտանգության, ինչու ոչ, նաև մահից փրկվելու խնդիրներին։ Բյուջետային լսումներից հետո այս ոլորտում թերևս որոշակի դրական տեղաշարժեր լինեն և լրացուցիչ գումարներ գտնվեն նախարարության բյուջեն մեծացնելու նպատակով՝ թեկուզ պետական ապարատի չինովնիկներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներին հատկացվող գումարների հաշվին։ Ինչևէ, ԱԺ-ում լսումների ժամանակ ԱԻ նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆՆ իր խոսքում անդրադառնալով բյուջետային հատկացմանը` նշեց, որ թեև գումարը մեծ չէ, սակայն նա չի կարող խնդրել կամ պահանջել ավելին։ Արդյոք այս մոտեցումից չե՞ն հուսալքվի ԱԻՆ-ի աշխատակիցները, ովքեր շունչները պահած սպասում են իրենց նախարարի խոսքին՝ հարցրինք նախարարին։


-Եկեք սկսենք հետևյալից՝ որպես կառավարության անդամ գիտեմ մեր բյուջեն։ Մենք բազմիցս քննարկել ենք այդ հարցերը և միջնաժամկետ ծախսերի քննարկման ժամանակ արդեն պարզ էր, թե որքան գումար է հատկացվելու մեր ոլորտին։ Այո, ես շնորհակալություն հայտնեցի, քանի որ այդպիսով մեր փրկարարների աշխատավարձը կտրուկ բարձրանալու է։ Օրինակ, սպայական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 80-100 հազար դրամով։ Դա լուրջ քայլ է առաջ գնալու։ Իհարկե, ինչպես ասում են, աշխատավարձը միշտ էլ քիչ է լինելու, սակայն ակնկալում ենք, որ հետագայում ևս բարձրացումներ կլինեն։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ այս պահին այդքան է հնարավոր եղել։ Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ապա մեր աշխատակիցները շատ լավ գիտեն, որ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք միջազգային կառույցների հետ։ Ինչ խոսք, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ մեզ մոտ կան նաև խնդիրներ, մասնավորապես, խնդիր ունենք վառելիքի, համազգեստների, կապի հարցերում։
-Որքան գիտեմ, Ձեր ոլորտին հատկացված բյուջետային գումարի 40 %-ն ուղղվելու է այդ խնդիրների լուծմանը։ Դա փոքր թիվ չէ՞։
-Իհարկե, եթե գումարները շատ լինեն, դպրոցներում մեր ուսումնավարժությունները հաճախակի և լայնածավալ կլինեն, կլուծվեն նաև համազգեստների, կապի խնդիրները։ Ընդհանրապես, շատ գումարների դեպքում շատ հարցեր են լուծվում, սակայն այս պահին պետությունն անում է ամեն հնարավորը, և մենք փորձում ենք հատկացված միջոցները նպատակային ծախսել ու դրանք հնարավորինս ճիշտ տեղաբաշխել։
-Մի խոսքով, յոլա եք գնում։
-Եթե այդպես եք հարցը դնում, ապա լավ, այդ դեպքում մեզ 500 մլն դրամ տվեք վառելիքի համար։
-Դուք ոչ թե ինձ, այլ պետությանը պետք է դիմեք։ Ի վերջո, Ձեր աշխատակիցները Ձեզնից են ակնկալում խնդրի լուծումը։ Ասում են. «Այ, մեր նախարարը հիմա կգնա կառավարությունից կպահանջի անհրաժեշտ գումարը....», իսկ Դուք ասում եք՝ չեմ կարող պահանջել, չեմ կարող խնդրել։
-Իմ աշխատակիցները գիտեն՝ այն, ինչ կարող է իրենց նախարարը, անում է։ Իսկ նախարարն իր հերթին պետք է գիտակցի, որ, բացի իր ոլորտից, մենք ունենք պետության, երկրի զարգացման առաջնային խնդիր։ Եվ, բացի մեր նախարարությունից, կա 19 նախարարություն ևս, որոնք իրենց խնդիրներն ունեն։ Այնպես որ, տարեցտարի բոլոր գերատեսչությունների մասով բյուջետային հատկացումներն ավելանում են։
-Դուք ասացիք, որ 2015-ին նախատեսվում է փրկարար ծառայությունում սպայական աշխատակազմի աշխատավարձերի բարձրացում 80-100000 դրամով։ Իսկ որքա՞ն է բարձրանալու շարքային ծառայողի աշխատավարձը։
-Շարքային և սպայական նոր ընդունված աշխատողների աշխատավարձը կդառնա 100-200 հազար դրամ։ Ես աշխատել եմ շարքային և գիտեմ, թե դա ինչ է նշանակում։ Դա շատ լուրջ, պատասխանատու և հարգանքի արժանի ծառայություն է։
-Պարոն նախարար, տեխնիկական հագեցվածության խնդիրը, ասացիք, լուծում եք միջազգային կառույցների միջոցով, բայց, մյուս կողմից, ԱԺ-ում Դուք որպես լուրջ խնդիր ներկայացրիք ռադիոլոկացիոն համակարգերի սակավությունը։ Որքան գիտեմ, Հայաստանում նման երկու համակարգ կա, այն էլ խորհրդային ժամանակներից։ Դրանք արդիականացնելու կամ մի նոր համակարգ ձեռք բերելու համար ի՞նչ է արվում։
-Իհարկե, եղած ռադիոլոկացիոն համակարգերը բավարար չեն ամբողջ հանրապետության համար։ Սակայն դրանք շատ կարևոր են, քանի որ տարբերում են կարկտաբեր ամպերը ոչ կարկտաբերից, և անմիջապես համակարգն ինքն իրեն հրաման է տալիս կրակելու՝ կարկտաբեր ամպերի դեպքում։ Եթե նոր համակարգ ձեռք բերենք, ապա այն կտեղադրենք Շիրակի մարզում։ Համենայն դեպս, նոր համակարգի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
-Դա ե՞րբ կլինի։
-Երբ գումար լինի։
-Իսկ որքա՞ն գումար է անհրաժեշտ։
-Մեկից մեկուկես միլիոն դոլար։
-Ընդամե՞նը։
-Էնպես լավ եք զարմանում, եթե ունեք, տվեք։
-Այսօր անընդհատ Դուք ինձնից եք գումարներ պահանջում, իսկ ես տեղը գիտեմ՝ դիմեք կառավարությանը։ Եվ, ընդհանրապես, պարոն նախարար, եկեք Ձեր ղեկավարած ոլորտից անցում անենք անձնական կամ էլ, ավելի ճիշտ է ասել, քաղաքական ոլորտ։ Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել եք, որ ինչքան երկար մնաք անկուսակցական, այնքան լավ։ Ո՞ր պահին այդպես որոշեցիք։
-ՈՒզում եմ ազնիվ լինել Ձեզ հետ՝ կուսակցականությունն իմը չէ։ Ես ավելի պրակտիկ աշխատանքի կողմնակից եմ։ Ինձ քննադատում են, ասելով՝ ինչու օպոզիցիային չմիացավ, հրաժարվեց կուսակցական իր ընկերներից։ Իրականում ընտրության առջև էի. արտակարգ իրավիճակների նախարարությո՞ւն, թե՞ կուսակցություն։ Ես հասկացա, որ ինձ համար հոգեհարազատ է իմ նախարարությունը։ Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք՝ ոչ թե նախարարի աթոռը, այլ աշխատանքը։ Տղամարդու պես ասում եմ. եթե ինձ ասեն՝ այլևս չես աշխատելու որպես նախարար, ես հանգիստ կգնամ և կզբաղվեմ դասախոսական աշխատանքով։ Չեմ վախենում աթոռ կորցնելուց։ Պարզապես ինձ համար հստակ է, որ նախարարությունում անելիքներ ունեմ, բայց կուսակցությունում... Կարծում եմ, մարդն ինքը ներսից պետք է կուսակցական լինի։
-Իսկ եթե հարց դրվի, որ պետք է մտնեք ՀՀԿ, որ կարողանաք շարունակել աշխատել Ձեր սիրած նախարարությունում, ապա այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։
-Կներեք, պիտիներով խոսել չեմ սիրում։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ