Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Առանց քաղաքական լուրջ ծրագրերի համարձակ նախագիծ չի կարող իրականացվել

Առանց քաղաքական լուրջ ծրագրերի համարձակ նախագիծ չի կարող իրականացվել
24.10.2014 | 12:32

Ճարտարապետության միջազգային բիենալեի ավարտին հաշված օրեր են մնացել. նոյեմբերի 6-ին միջազգային ճարտարապետական նախագծերի ցուցադրման վերջին օրն է: Ճարտարապետի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 6-ին մեկնարկած ճարտարապետական միջազգային բիենալեն մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն մասնագետների, այլև հասարակության շրջանում: Առաջիկա օրերին ժյուրին իր խոսքը կասի` գնահատելով աշխատանքները: Իսկ մինչ այդ բիենալեի և ընդհանրապես ճարտարապետության խնդիրների շուրջ զրուցեցինք արտերկրի և Հայաստանի նշանավոր ճարտարապետների հետ: Մեր առաջին զրուցակիցը ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիայի խորհրդական, ՌԴ պատվավոր ճարտարապետ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԵՍԵԼՈՎՆ է։

-Ճարտարապետության միջազգային բիենալեն, որը համախմբել է Հայաստանի, սփյուռքի, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների ճարտարապետներին, առաջին հերթին ստեղծագործական մեծագույն տոն է,- ասաց պարոն Վեսելովը։- Այն նպաստում է ազգային մշակույթի ավանդույթների զարգացմանը և տարբեր երկրների միջև փորձի փոխանակմանը: Երկրորդ` բիենալեն հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու աշխարհասփյուռ հայ ճարտարապետների ձեռքբերումները, որոնք արդի ճարտարապետության մեջ իրենց ուրույն դերը ունեն: Երրորդ` նման միջազգային հավաքները նպաստում են, որ բոլոր պետական կառույցների ղեկավարները լուրջ մոտեցում ցուցաբերեն ճարտարապետությանը: Առանց քաղաքական լուրջ ծրագրերի, առանց տարածքային նախագծերի, հասուն համարձակ նախագիծ չի կարող իրականացվել: Սա հասարակության, տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների և ազգային անվտանգության զարգացման գլխավոր հիմքերից մեկն է: Այս առումով պատահական չէ, որ վերջերս Մեքսիկայում կայացած ճարտարապետության միջազգային կոնֆերանսը կրում էր «Ճարտարապետություն և ազգային զարգացում» խորագիրը: Վերցրեք ցանկացած հյուսիսային, հարավային, լեռնային կամ հարթավայրային քաղաքի կամ գյուղի նախագիծ. եթե այն գրագետ կառուցված չէ, ապա «խեղդում է» մարդուն: Իսկ երբ նախագիծը գրագետ է արված, այն նպաստում է մարդու ինչպես մտածողության, այնպես էլ կենցաղի ճիշտ զարգացմանը:
-Երբ զբոսնում եք Երևանով, ի՞նչ եք տեսնում` մեր մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը գրագե՞տ է կառուցված:
-Ճարտարապետության միջազգային օրը նշվեց կառավարության նիստերի դահլիճում`չքնաղ շինություն, որը կառուցված է Ալեքսանդր Թամանյանի նախագծով, սա ունիկալ կառույց է: Թամանյանը, մինչ խորհրդային ժամանակները, արդեն աշխարհի խոշորագույն ճարտարապետ ակադեմիկոսների հնգյակում էր: Նա ճարտարապետության կրկնակի ակադեմիկոս էր: Համոզված եմ, որ եթե Ստալինի ժամանակներից սկսած Հայաստանի ճարտարապետությունը զարգանար թամանյանական ուղղությամբ, ապա Երևանը կլիներ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Թեև կարծում եմ` հիմա էլ կարելի է վերադառնալ ակունքներին, և ցանկալի կլիներ, որ Երևանը հնարավորինս զարգանար թամանյանական մտահղացմամբ:
-Արդյո՞ք դա հնարավոր է: Ձեր նշած ստալինյան ժամանակներից մինչև Հայաստանի անկախությունը, կարելի է ասել, այն անխղճորեն փոխվել է:
-Ճիշտ եք, սակայն առանց ազգային ավանդույթների ազգը չի ապրում: Անհրաժեշտ է զարգացնել մեծանուն ճարտարապետի թողած ժառանգությունը: Թամանյանը թողել է իր աշակերտներին հսկայական ժառանգություն, ինչի հիման վրա պետք է կառուցել մայրաքաղաքը, համենայն դեպս, Երևանի պատմական հատվածը:
-Ըստ Ձեզ, Երևանում ո՞վ է այս պահին Ալեքսանդր Թամանյանի աշակերտը:
-Դժվար է ասել, բարձր եմ գնահատում Հովհաննես Մարգարյանին, Սամվել Սաֆարյանին, Մարկ Գրիգորյանին, Ջիմ Թորոսյանին, ով վերջերս մահացավ, սակայն դժվարանում եմ նրանց մասին ասել, որ Թամանյանի գործի շարունակողն են: Ճիշտ է, թե՛ նրանք, թե՛ այսօր գործող որոշ ճարտարապետներ արգասաբեր են, սակայն, եթե անկեղծ լինեմ, դեռևս ոչ մեկին չեմ կարող համեմատել Թամանյանի հետ:

«ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԴ ՀԱՏՎԱԾԸ ԿԳԵՂԵՑԿԱՑՆԻ ԵՐԵՎԱՆԸ»


Ինչպես ցանկացած մայրաքաղաքի, այնպես էլ Երևանի մասին կարծիքները տարբեր են, սակայն երբ խոսքը ճարտարապետության մասին է, առավել ևս կարևորվում է ճարտարապետների կարծիքը: Ինչպիսի՞ն է Երևանի արդի ճարտարապետությունը, կառուցապատումը ՈՒկրաինայի ճարտարապետության ակադեմիայի թղթակից անդամ, ճարտարապետների միության անդամ ՍԵՐԳԵՅ ԿԱԶԱՐՅԱՆՑԻ հայացքով:


-Վլադիմիր Բորիսովիչը գիտնական է, հետևաբար նրա մտածողությունը ավելի մասշտաբային է: Ես ավելի պրագմատիկ մոտեցում ունեմ, դա ըստ ամենայնի պայմանավորված է նրանով, որ ժամանակին ղեկավարել եմ Կիևի քաղաքաշինության վարչությունը: Սրանից ելնելով` պետք է ասեմ, որ բոլոր խոշոր, այդ թվում` եվրոպական քաղաքներում գոյություն ունի «զոնինգ» հասկացությունը: Այն լայնորեն կիրառվում է, քանի որ կոմերցիան ճարտարապետությունից ավելին է: Այսինքն, կառուցապատումն իրականացվում է այն հատվածներում, որտեղ շահութաբերությունը մեծ է` ներդրումները հնարավորինս կփոխհատուցվեն: Իհարկե, շատ լավ կլիներ, որ աշխարհում ճիշտ հակառակ պատկերը լիներ` կոմերցիան զիջեր ճարտարապետությանը, սակայն, ցավոք, ոչ բոլոր ներդրողներն ու կառուցապատողներն են մտածում ազգային ավանդույթների պահպանման կամ ճարտարապետական գլուխգործոցների ստեղծման մասին: Դրա համար ցանկացած երկրի իշխանությունների, մասնավորապես քաղաքաշինության նախարարի և քաղաքի գլխավոր ճարտարապետի գերխնդիրն է կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել այնպես, որ դրանք հստակ կատարվեն քաղաքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական նորմերի և օրենքների համաձայն: Այդ դեպքում ինչպես քաղաքների, այնպես էլ գյուղերի կառույցներում հակակշիռ չի առաջանա: Այն հատվածները, որտեղ պատմական կառույցներն արժեքավոր են և ունեն հետաքրքիր պատմություն, պետք է վերականգնվեն: Գուցե հնարավոր չլինի դա միանգամից անել, բայց այդ հատվածը պետք է պահպանվի: Եթե խոսքը գերժամանակակից դաունթաունների, բարձրահարկ շենքերի կառուցման մասին է, ապա դրա համար նախատեսվում են այլ տարածքներ:
Ինչ վերաբերում է կոնկրետ Երևանի արդի կառուցապատմանը, ապա պետք է ասել, որ Հյուսիսային պողոտայի միջոցով բացված հետիոտնի ճանապարհը օպերային թատրոնից մինչև պատմության թանգարան շատ արդարացված է: Գուցե պողոտայում կառուցված շենքերի մասշտաբները և դետալները կարող են բանավեճի առարկա դառնալ, սակայն այն, որ կատարվել է բավականին խիզախ քայլ, անժխտելի է: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդ հատվածը կգեղեցկացնի Երևանը:

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ»


-Բիենալեն կապերն ամրապնդելու և շփումներն ընդլայնելու մեծ հնարավորություն է տալիս: Համագործակցության ի՞նչ ակնկալիք ունեն հայ ճարտարապետները,- դիմեցինք ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր ՀՐԱՉ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:
-Անշուշտ, համագործակցությունը լավ խթան է մասնագիտական զարգացման համար: Այն փաստը, որ տարբեր երկրների հայ ճարտարապետներ կարող են պատմական հայրենիքում ցուցադրել իրենց նախագծերը, արդեն լուրջ ձեռքբերում է, որը, ինչ խոսք, նպաստում է նաև մեկը մյուսի ճանաչմանը և կողմերի մասնագիտական հմտությունների բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ճարտարապետների դերի բարձրացման խնդիր կա: Մենք պետք է հասնենք այն բանին, որ կարողանանք վերականգնել ճարտարապետի նախկին հարգանքը, պատիվը, համբավը:
-Լավ ցանկություն է, սակայն յուրաքանչյուր ճարտարապետ ինքը պետք է դա անի, որովհետև նրա պատիվն ու համբավը իր իսկ կառուցած շենքն է:
-Այս տիպի ցուցահանդեսները դրական նշանակություն ունեն այն առումով, որ, ուսումնասիրելով աշխարհի ճարտարապետների գործերը, յուրաքանչյուր ճարտարապետի հնարավորություն է տրվում դրանք համեմատելու իր գործերի հետ: Դա ինքնագնահատականի լայն հնարավորություն է տալիս:
-Վերջերս առաջին անգամ պաշտոնապես հաստատվեց և նշվեց Ճարտարապետի օրը: Ըստ Ձեզ` որո՞նք են հայ ճարտարապետության ձեռքբերումներն ու բացթողումները վերջին 23 տարում:
-Անկախության շրջանը բավական ծանր նստեց ինչպես ճարտարապետության, այնպես էլ մյուս ոլորտների վրա: Անկառավարելիության, անօրինության մթնոլորտը, անկասկած, բացասաբար է ազդում նաև ճարտարապետության վրա, քանի որ դա այն արվեստն է, որը սերտորեն կապված է լուրջ ներդրումների հետ: Այսինքն, երկրի տնտեսական վիճակը, բիզնեսի զարգացումն ուղղակի ազդեցություն ունեն ոլորտի վրա:
-Դուք չնշեցիք պահանջի խնդիրը` յուրաքանչյուր ներդրող իր ցանկությունն է հաճախ թելադրում ճարտարապետին, որից տուժում է քաղաքը:
-Ցավոք, այդպիսի խնդիր կա: Ցանկալի կլիներ, որ ներդրում կատարող գործարարների ինքնագիտակցությունը այնքան բարձր լիներ, որ հասկանային` ճարտարապետությունը մասնագիտություն է, որին իրենք չեն կարող տիրապետել:


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ