ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Ես ծնվել եմ մեր հայ երգը տարածելու, վարժեցնելու և սիրցնելու մարդոց, ես ի՞նչ պետք ունիմ օտար երգերի»

«Ես ծնվել եմ մեր հայ երգը տարածելու, վարժեցնելու և սիրցնելու մարդոց, ես ի՞նչ պետք ունիմ օտար երգերի»
07.10.2014 | 11:02

«Իրատես de facto»-ի հյուրն է Բարսեղ Կանաչյանի դուստրը ՝ ՍԵԴԱ ԿԱՆԱՉՅԱՆԸ:


-Որտեղի՞ց է սկիզբ առնում Կանաչյանների գերդաստանի պատմությունը:
-Հայրս ծնվել է 1885 թվին Բուլղարիայի Ռոդոսթո (այժմ՝ Թեքիրդաղ) քաղաքում, որը գտնվում է Կ. Պոլսի (ներկայումս՝ Ստամբուլ) և Բուլղարիայի սահմանագծին: Իր ծնողները ևս ռոդոսթոցի են, իսկ ավելի կանուխ արմատները ես էլ, հայրս էլ չգիտեինք: Մեծ հայրս 11 զավակ է ունեցել: Կոշիկի արհեստանոց ուներ: Մեծ մայրս էլ շատ վաղ է մահացել, և հայրս չի տեսել նրան: Հորս երկու ամուսնությունից ծնվեցինք ես և երկու քույրերս:
-Ինչպիսի՞ն էր Կանաչյանը ընտանիքում և աշխատանքի մեջ:
-Շատ խիստ մարդ էր, բայց նաև շատ փափկասիրտ: Կգոռար, կբարկանար, սակայն ճիշտ երկու վայրկյան հետո հանկարծ կփափկեր: Տարօրինակ բնավորություն ուներ: Շատ ընկերական էր, կատակախոս: Հայրս շատ մտերիմ էր Լ. Շանթի, Ն. Աղբալյանի, ինչպես նաև Գյուզելյանի, Գասպար Իբեկյանի, երգիծանկարիչ Տիրան Աճեմյանի և այլոց հետ: Շանթն ու Աղբալյանը հաճախ էին գալիս մեր տուն, նստում էին, զրուցում:
-Ընտանիքում ինչպե՞ս էր դրված հայեցի կրթության հարցը:
-Հայրս բացարձակ օտար բառ չէր գործածում: Օրինակ, երբ ես և քույրերս ասում էինք «բադրիջան», բարկանում էր մեզ վրա. «Բադրիջանը քո գլուխն է, մենք սմբուկ բառն ունենք»: Նույնը երբ «տոմաթես» էինք ասում: Խոսում էր մաքուր հայերեն՝ միշտ ուշադիր առոգանությանը: Չէր կարողանում արտաբերել «ռ» հնչյունը: Ցանկանում էր, որ դիմացինը շիտակ «ր» ասեր: Երբ իր երգչախումբը երգում էր, երբեմն գնում էր հեռու և հեռվից ունկնդրում, որ բառերը հայերեն հնչեն: Որովհետև երգչախմբեր և նույնիսկ մեներգիչներ կային, որ շատ անգամ երգում էին հայերեն՝ առանց հայերեն հնչողության և առոգանության: Շատ բծախնդիր էր այդ առումով:
-Հայաստանի Հանրապետության հիմնը գրել է Ձեր հայրը, ինչպե՞ս ստեղծվեց այն:
-Երբ Միքայել Նալբանդյանը իտալական երգի բառերը թարգմանել էր հայերեն, և այն դարձել էր հայրենասիրական բանաստեղծություն, այդ օրերին պատասխանատուները ցանկացել են, որ հայրս երաժշտությունը հարմարեցնի հայերեն բառերին: Իտալական եղանակը գրեթե բոլորովին փոխել է, ավելի հայացրել, և առաջ է եկել այսօրվա հիմնը: Այս առիթով կարծեմ խորհրդակցել է Գարեգին Նժդեհի հետ:
-Կպատմե՞ք Կոմիտասի և Կանաչյանի ընկերության մասին:
-Երբ հայրս գտնվում էր Եվրոպայում, լսել էր, որ մի վարդապետ երաժիշտ կա: Վերադառնալով Պոլիս՝ հետաքրքրվում է և գնում նրա համերգին: Զարմանում է Կոմիտասի՝ 300-հոգանոց խմբի հիանալի ղեկավարությամբ: Սքանչացած գնում է նրա մոտ և ասում. «Կարո՞ղ եմ ես էլ մասնակցել»: Կոմիտասը հարցնում է, թե ինչով է զբաղվում: «Երաժշտություն եմ սովորել, -ասում է,- պզտիկ խումբ մը ունիմ»: Մտնելով երգչախմբի մեջ՝ երգում է որպես բաս, և մտերմանում վարդապետի հետ: Որոշ ժամանակ անց հայրս և նրա հինգ ընկերները ցանկանում են երաժշտության դասեր վերցնել Կոմիտաս վարդապետից: Վեցից մեկը մեկ-երկու ամիս հետո թողնում է դասերը, և մնում են հինգով՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճյանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը և Հայկ Սեմերճյանը, ովքեր հայտնի են որպես «Կոմիտասի հինգ սաներ»: Հինգից միայն Կանաչյանը դարձավ Կոմիտասի միակ արժանավոր հաջորդն ու գործի շարունակողը: Իսկ Վ. Սրվանձտյանը և Վ. Սարգսյանը՝ Փարիզում, Թումաճյանն էլ Նյու Յորքում կազմեցին երգչախմբեր: Ահա այս սաներն են, որ նրա երաժշտությունը, հայերեն երգերն ու խմբերգերը տարածեցին Մերձավոր Արևելքում: Հայրս միշտ համերգային շրջագայության մեջ էր մեկ Կիպրոսում ու Լիբանանում, մեկ` Հալեպում, Եգիպտոսում և այլուր:
-Կարելի՞ է ասել՝ Կանաչյանը Կոմիտասի ամենասիրելի աշակերտն է եղել:
-Այո՛, շատ կապված էր Կոմիտասին, Կոմիտասն էլ՝ իրեն: 1964 թ. երբ Թումաճյանը եկավ Փարիզ՝ տեսնելու հորս, երկու ընկեր միասին նստած պատմում ու հիշում էին անցած-գնացած օրերը, ու թե ինչպես հերթական դասի ավարտից հետո Կոմիտասը ձեռքով հորս մի կողմ է հրում. «Դուն հոս կեցիր, մի երթար»: Թումաճյանը պատմում է, որ իրենք` չորս սաները, նախանձում էին Բարսեղին, որովհետև Կոմիտասը միայն նրան էր մի կողմ քաշում, որ դասից հետո խոսի հետը: Համոզում էին, որ իրենք ևս միանան: «Դուք գացեք, հիմա Բարսեղը կուգայ Ձեր ետևեն,- շտապով կրկնում էր վարդապետը»: Հայրս էլ անհամբեր սպասում էր, որ ընկերների հետ դուրս գար ծխելու, որովհետև Կոմիտասը արգելել էր իրենց ծխել: Մի քանի անգամ նույնիսկ տուփը վերցրել էր ձեռքից: Հայրս խոստացել էր, որ այլևս չի ծխի և խնդրել, որ տուփը վերադարձնի, քանի որ այն իր եղբոր հիշատակն էր: Այսպես չորս սաները անհամբեր սպասում էին Բարսեղին, որ իմանային, թե ինչ էին այդքան երկար խոսում: Ի վերջո հասկացել են, որ վարդապետը պոլիֆոնիայի մասնավոր դասեր է տալիս հորս: Մի օր Թումաճյանն ու ընկերները հարցրել են Կոմիտասին, թե ինչու է միայն Կանաչյանին պոլիֆոնիայի դասեր տալիս, իսկ իրենց` ոչ: «Դուք դեռ հոն հասնելու շատ ժամանակ ունիք»- պատասխանել է: Այնքան էին նեղվել: Մինչդեռ Կանաչյանն արդեն կայացած երաժիշտ էր, իսկ իրենք Կոմիտասի հետ են սկսել երաժշտություն սովորել:
-Բեյրութահայ իմ ընկերներից մեկը պատմում էր, որ Կանաչյանը իր «Օրորը» գրել է «Բարոն» հյուրանոցի տիրոջ աղջկա համար: Իրակա՞ն պատմություն է:
-Դրա մասին գրել է դոկտոր Ջեբեջյանը իր հուշերի մեջ: Նման բան բացարձակապես գոյություն չունի: Այդ աղջիկը ծնվել է 20-ական թվականներին, մինչդեռ «Օրորը» գրվել է 1913 թվականին: Դեռ նոր էին ծանոթացել, երբ Կոմիտասը հետաքրքրվեց, թե ինչ գործեր է հայրս գրել: Հայրս ցույց է տվել «Օրորը»: «Բարսեղ,- հիացած ասել է վարդապետը,- եթե դու ուրիշ բան չգրես կյանքիդ մեջ, միայն այս օրորով աշխարհահռչակ կդառնաս: Պարծանքով ես պիտի ստորագրեի նման գործի տակ»: Այնուհետև Կոմիտասը ցանկություն է հայտնել, որ հայրս երգի իր երգչախմբում, իսկ հետո իրենից դասեր առնի: 1926-ին երբ ես պիտի ծնվեի, հայրս մի քիչ փոփոխության ենթարկեց «Օրորը»՝ վերածելով քառաձայնի և դաշնամուրի նվագակցությամբ: Եվ փաստորեն, երբ Կանաչյան են ասում, օրոր են հասկանում, երբ օրոր են ասում, Կանաչյան են հասկանում:
-Հետաքրքիր է, որ Կանաչյանը մեծ ներդրում ունի նաև արաբական երաժշտության զարգացման գործում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Երբ հայրս եկավ Լիբանան, այստեղ խրախճանքներին, հարսանիքներին բոլորը երգում էին թուրքերեն: Հայերենը գրեթե չէր լսվում: Նույնիսկ նշանավոր հայ երգչուհի Մաթիլդ Բուդաղյանը երգում էր թուրքերեն: Հայրս առաջինը եղավ, որ հայերեն երգերը, մանավանդ Կոմիտասի երգերը լսելի դարձրեց ժողովրդին: Անգամ գաղափար չունեին օպերային երաժշտության մասին: Տարին մեկ անգամ համերգներով հանդես էր գալիս տարբեր քաղաքներում՝ Լիբանանում, Լաթաքիայում, Հալեպում, Դամասկոսում և տարածում հայերեն երգը՝ այդպիսով միևնույն ժամանակ տարածելով հայերենը: Հորս հարցնում էին, թե ինչու այլ լեզուներով, ասենք, գերմաներեն կամ իտալերեն համերգներ չէր տալիս: Հայրս պատասխանել է. «Անոնք հայերեն կերգե՞ն, ես ծնվել եմ մեր հայ երգը տարածելու, վարժեցնելու և սիրցնելու մարդոց, ես ի՞նչ պետք ունիմ օտար երգերի»: Այնուամենայնիվ, Լիբանանում, երկար համոզելուց հետո, լիբանանյան մի քանի երգ ձայնագրեց: Երբ Սիրիա կամ արաբական որևէ երկիր էր գնում համերգներով՝ անպայման մեկ-երկու արաբերեն երգ պիտի հնչեցներ՝ իբրև տուրք արաբ ժողովրդին: Հետագայում հայրս Իրաքի, Սիրիայի և Լիբանանի քայլերգերը վերածեց քառաձայնի: Դա շատ մեծ աղմուկ հանեց, քանի որ արաբները բացարձակապես նույնիսկ երկձայն չունեին: Արաբները սքանչացան, իրենց համար դա ճոխություն էր: Մինչ այդ իրենք՝ ուդը ձեռքներին, 100 հոգով միաձայն երգում էին: Իր շնորհիվ է, որ արաբերեն երգը սկսեց հնչել երկձայն, քառաձայն և բազմաձայն: Հետագայում արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվեց լիբանանյան «Մայրիներ» և ֆրանսիական «Le palme d՚academie» շքանշաններով:
-Շատ հաճախ ժողովուրդը երգում է երգեր՝ չիմանալով դրանց հեղինակին և կարծելով՝ ժողովրդական երգեր են: Կանաչյանը ևս բացառություն չէ: Ի՞նչ նման երգեր ունի Ձեր հայրը:
-Կանաչյանի ռոմանսները ամփոփված են մի գրքույկի մեջ, որոնք նա գրել էր իր երիտասարդության տարիներին, և որոնք միշտ երգվում էին և համարվում ժողովրդական կամ կոմիտասյան երգեր: Օրինակ, «Երազը»: Սա Կանաչյանի գործն է: Երբ այս երգը Կանաչյանը ներկայացրել է Կոմիտասին, վերջինս հուզված ասել է. «Ասիկա հոս դաշնակին վրա ձգե»: Եվ ամեն անգամ, երբ գնում էր Կոմիտասի մոտ, նվագում էր, երգում և հուզվում: Երբ եկանք Բեյրութ, մի երգարանի մեջ տեսանք՝ գրված է, թե այդ երգի հեղինակը Կոմիտասն է: Հայրս այնքան էր սիրում Կոմիտասին, որ ասաց. «Թող ըլլա իր գործը, թող այդպես գրվի, ոչինչ»: Հետո անմիջապես բերեց իր փոքրիկ տետրակը և պատռեց՝ ասելով. «Քանի որ Կոմիտաս է գրվել, թող այդպես էլ մնա»: Դրանք փոքրիկ գործեր էին, որոնք նա գրել էր իր ժամանցի համար, սովորեցրել երեխաներին, և ժողովուրդն էլ երգում էր: Այդ տետրակի մեջ իր 6-7 ռոմանսներն էին, այդ թվում՝ «Հինգալան», «Մայր Արաքսի ափերով»-ը և «Երազը»: Կոմիտասը պատգամել էր իր սաներին հրատարակություններ անել, դասեր տալ և իրականացնել իր նվիրական երազը, այն է՝ արտասահմանի մեջ ունենալ հայկական կոնսերվատորիա: Քանի որ նա չէր կարողացել ի կատար ածել այդ երազանքը, այդ պարտքը թողել էր իր սաների ուսերին: Այդ հրատարակությունների առաջին հատորի մեջ կա նաև «Երազը»՝ գրված Կանաչյանի կողմից: Հիմա մարդիկ գիտեն, որ դա Կանաչյանի գործն է և ոչ թե Կոմիտասի: Եթե մարդ քիչ թե շատ հասկանում է Կոմիտասի երաժշտությունից, անշուշտ, կտեսնի, որ դա բնավ Կոմիտասի ոճը չէ: Հայրս այն դարձրել էր և՛ երկձայն, և՛ քառաձայն, և՛ դաշնամուրի համար: Հաճախ մայրիկիս հետ նվագում և երգում էր «Երազը»:
-Կանաչյանի բոլոր գործերը ծնվել են հայրենիքի հանդեպ անհատակ սիրուց, թեև ապրում էր հայրենիքից դուրս ու երբեք չկարողացավ գալ Հայաստան: Ի՞նչն էր պատճառը:
-Այն ժամանակ կար «Երևանի ձայն» ռադիոկայանը: Տարիներով այն հնչում էր նաև Լիբանանում: Հայրս մի փոքրիկ ռադիո ուներ: Այն լսվում էր ուշ գիշերին` մեր տան մի անկյունում միայն: Այնտեղ բազկաթոռ էր դնել տվել, որ երբ ժամը գար, ռադիոն ձեռքն առած գնար նստեր այդ բազկաթոռի մեջ և լսեր: Սքանչացած լսում էր Առնո Բաբաջանյանի գործերը: Երբ Օհան Դուրյանը Բեյրութից Հայաստան պիտի գար, հանդիպել էր իրեն և ասել. «Բարսեղ, գործերդ տուր, տանեմ Հայաստանում ծանոթացնեմ»: Այդ օրվանից հայրս անհամբեր սպասում էր, որ ռադիոյով հնչեն իր գործերը: Հայրս շատ էր ցանկանում իր ստեղծագործությունները լսել մասնագետ երգողների շուրթերից, որովհետև իր խմբի մեջ պրոֆեսիոնալ երգիչներ չկային: Իզուր այդքան սպասեց: 1946-47 թվերին՝ հայրենադարձության տարիներին, Հայաստանի կառավարությունից հրավեր եկավ իրեն, որ այցելի Հայաստան: Բայց այն ժամանակ, որքանով ճիշտ է, թե սխալ, այդ հրավերն անցել էր ռամկավար կուսակցականների ձեռքը, որոնք հետ էին ուղարկել այն՝ ասելով, որ Կանաչյանը չի փափագում գալ Հայաստան: Մինչդեռ ընդհակառակը, կերազեր:
-Որտե՞ղ է ամփոփված մեծ կոմպոզիտորի աճյունը:
-Կանաչյանի աճյունը ամփոփված է Լիբանանում: 1967-ին, երբ մայրս և ես մշակութային կապերի կոմիտեի հրավերով եկանք Հայաստան, կոմիտասագետ Ռ. Աթայանը, ով մինչ այդ արդեն ուսումնասիրել էր Կանաչյանի գործերը, ասաց, որ կարգադրություններ պիտի լինեն, որի համաձայն աճյունները պիտի փոխադրվեն Հայաստան: Այդ օրվանից ի վեր տակավին պիտի փոխադրվեն: Կսպասենք: Մի օր հայրս մորս ասաց. «Քրիստինե, քիչ մը դրամ հավաքենք, երբ մահանամ, աճյունս կփոխադրես Կոմիտասի կողքը»: Ծիծաղեցինք, կատակի տվեցինք: Ավա՜ղ, կիսատ մնաց Կանաչյանի երազը։

Զրույցը վարեց
Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3479

Մեկնաբանություններ