Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ընդդիմադիրները դեմ են, իշխանամետները՝ կողմ, իսկ որտե՞ղ է ճշմարտությունը

Ընդդիմադիրները դեմ են, իշխանամետները՝ կողմ, իսկ որտե՞ղ է ճշմարտությունը
03.10.2014 | 00:43

Շրջանառության հարկը կաթվածահար է արել ոչ միայն առևտրականների, այլև պատգամավորների և կառավարության անդամների անդորրը։ Ազգային ժողովի և կառավարության շենքերը վերջին մեկ շաբաթում երևի «անգիր են արել» առևտրականների դեմքերը, ովքեր փորձում են բողոքի միջոցով վերացնել օրենքով նախատեսված փաստաթղթաշրջանառության պահանջը։ Ի վերջո, իսկապե՞ս այն այդքան կարևոր է ստվերից խոշորներին դուրս բերելու գործում։ Բողոքողները՝ բողոքողներ, իսկ ի՞նչ տեսակետ ունեն պատգամավորներն այս օրենքի մասին։

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՇԵՐՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)


-Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք արտահայտվում են շրջանառության հարկը վերացնելու կամ փաստաթղթաշրջանառության դեմ, կամա թե ակամա պայքարում են ստվերայնության զարգացման համար։ Եթե չկա փաստաթղթավորում, ապա կոռուպցիայի զարգացման խորացումն անխուսափելի է։ «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը պահանջում է նաև փաստաթղթաշրջանառություն, առաջին հերթին միտված է ստվերայնության դեմ։ Այլ խնդիր է, թե ով և ինչպես է փորձում հարցը լուծել։ Ստվերը կանխելու ճանապարհներից մեկը դրված է «Շրջանառության հարկի մասին» օրենքում, որն այսօր քննարկման առարկա է դարձել հանրության համար, և ես համոզված եմ, որ թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում խնդիրը լուծում կստանա։
Սակայն մեր հանրությունը չի նկատում, որ մենք հարկի չափի մեջ չխորանալով՝ պատրաստ ենք երկրում ապահովելու շրջանառություն։ Իսկ սա չտեսնելը նշանակում է ուղղակի ջուր լցնել կոռուպցիայի ջրաղացին։
-Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարին դեմ չեն, հակառակը՝ կողմ են, և դրա համար պահանջում են, որկառավարությունը ոչ թե ՓՄՁ-ից, այլ խոշոր բիզնեսից պահանջի փաստաթղթավորում։
-Հասարակության այն հատվածը, որը կոռուպցիային մասնակից չէ, պայքարելու է կոռուպցիայի դեմ, ինչի պատճառով, բնականաբար, առաջանում է բողոք և գանգատ։ Կարծում եմ՝ խնդրին լուծում պետք է տանք։ Հասարակության բոլոր շերտերը պետք է մասնակցեն կոռուպցիայի դեմ պայքարին, որովհետև բոլորս հասկանում ենք, որ պետբյուջեի չմուտքագրված գումարները կենսաթոշակներ են, սոցվճարներ, աշխատավարձեր և այլ ծախսեր։ Սա այն հարցն է, որն առաջնային դիտարկման է։ Եվ եթե մենք դրանք առաջնային ենք համարում, ապա բոլորս հաստատակամորեն պարտավոր ենք մասնակցել կոռուպցիայի դեմ մղվող պայքարին։
-Համաձայն եմ, սակայն արդյո՞ք առանց փոքր և միջին բիզնեսի ներգրավման հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ։ Ի վերջո, պետությունը մի՞թե չգիտի այդ խոշորների տեղը։
-Իմանալ-չիմանալը մի բան է, իրական օրենսդրական դաշտում պայքար իրականացնելը՝ մեկ այլ։ Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարը ժողովրդի կամ իշխանության մի հատվածի պայքարը չէ, այլ պետք է լինի բոլորի համատեղ պայքարը։

«ՔԱՌՅԱԿԻ ԿՈՆՏՐԱՌԱՋԱՐԿՆ Է ԵՂԵԼ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻՆ ՏԱԼ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ»

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ)


-Կառավարությանը ներկայացված հակափաստարկները, կարծում եմ, վերջնական չեն, քանի որ քննարկման առաջին օրը, երբ հարցրինք, թե օբյեկտիվորեն հնարավո՞ր է լինեն դեպքեր, երբ վաճառողը չկարողանա փաստաթուղթ ներկայացնել, ֆինանսների նախարարն ասաց. «Այո, հնարավոր է»։ Այսինքն, այս խնդիրը պետք է լուծվի։ Միևնույն ժամանակ կառավարությունն ընդգծում և վստահեցնում է, որ մտադիր չէ ՓՄՁ-ների նկատմամբ իրականացնել ագրեսիվ քաղաքականություն։ Իհարկե, դա լավ մտադրություն է, սակայն մեր քառյակի կոնտրառաջարկն է եղել այդ բանավոր խոսքին տալ օրենքի ուժ, այսինքն՝ այն ամրագրվի իրավական ակտերով։
Երկրորդ կարևոր հանգամանքը. կառավարությունը պետք է փոքր և միջին բիզնեսը չդիտարկի որպես գործիք, այդ մոտեցումը պետք է վերացվի և հակառակը՝ կիրառվի խրախուսման և ոչ սահմանափակման համակարգ։ Դրա համար մենք առաջարկում ենք 58,3 մլն դրամից բարձրացնել հարկման շեմը մինչև 150 մլն դրամի։ Այսինքն, անհրաժեշտ է, որ ներդրվի հարկման պրոգրեսիվ համակարգ, և այդ ընթացքում այն ծավալը, որը հիմնավորված կլինի փաստաթղթաշրջանառությամբ, նրա նկատմամբ կկիրառվի 1 % շրջանառության հարկ։ Իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնք ապահովված չեն լինի փաստաթղթով, կկիրառվի 3-5 % շրջանառության հարկ։ Այդպիսով կգործի խրախուսման համակարգը, և մարդն ինքը շահագրգռված կլինի բացահայտելու ստվերը, այսինքն՝ օգնելու կառավարությանը խոշորներին ստվերից դուրս բերելու գործում։
-Ի՞նչ եք կարծում, եթե «Շրջանառության հարկի մասին» օրենքը չլիներ, իշխանությունը չգիտե՞ր, թե որտեղ է ստվերը, և չէ՞ր կարող պայքարել դրա դեմ։
-Ակնհայտ է, որ առնվազն երեք հիմնական հարթությունում իշխանությունը գիտի, թե որտեղ է ստվերը, և կարող է այն բացահայտել։ Սակայն միևնույն է, դրանով ստվերի խնդիրը չի վերանա, որովհետև մենք գիտենք, որ գոյություն ունի ստվերային տնտեսության մի առանձնահատկություն։ Դա ոչ միայն հարկային և մաքսային մարմիններում է, այլև երկրի ներսում ձևավորված, հաճախ արատավոր դրսևորումներով է ի հայտ գալիս։ Երբ տնտեսավարող սուբյեկտները համագործակցության կամ համաձայնության են գալիս որոշակի ոլորտներ թաքցնելու, շուկաներ նվաճելու, մենաշնորհացնելու առումով, դա արդեն խնդիր է։ Հետևաբար, այդ տեսանկյունից կարծում եմ, որ մենք բոլորս պետք է օգնենք կառավարությանը, բայց միայն այն դեպքում, երբ լինի կառավարության հստակ կամքը ստվերի դեմ պայքարի հարցում։ Այս պահին մենք տեսնում ենք, որ կառավարությունը ստվերի դեմ պայքարի իր ցանկությունը իրականացնելու համար ներգրավել է փոքր և միջին բիզնեսը, այն որպես գործիք դարձնելով, ինչը, մեր գնահատմամբ, ընդունելի տարբերակ չէ։ Հարկավոր է, որ փոքր և միջին բիզնեսը դիտվի որպես գործընկեր կառավարությանը։


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Հ. Գ. - Ընդդիմադիր քառյակը դեմ է, իսկ հանրապետականը կողմ «Շրջանառության հարկի մասին» օրենքում բողոք առաջացրած կետերին, սակայն ո՞րն է ճշմարտությունը։ Գուցե կուսակցություններն այս պահին առևտրականների բողոքը փորձում են ծառայեցնել դիվիդենդներ շահելո՞ւ նպատակին։ Ո՞վ իմանա։ Սակայն ակնհայտ է մի բան. առանց ղեկավարող ձեռքի ոչ մի բողոք հանրային կազմակերպված հնչեղություն չի ստանում։ Քաղաքում խոսակցություններ կան անգամ, որ վաճառականներին ուղղորդող ձեռքը խոշոր բիզնեսն է։ Ո՞վ իմանա։

Դիտվել է՝ 1006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ