Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Համաշխարհային քաղաքականության մեջ գորդյան հանգույցներ չեն լինում»

«Համաշխարհային քաղաքականության մեջ գորդյան հանգույցներ չեն լինում»
23.09.2014 | 00:40

Ալեքսանդր Շպակովսկին և Ալեքսանդր Սիտինը Հայաստանի Հանրապետությունում էին՝ մասնակցելու սեպտեմբերի 17-18-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում անցկացված «Հայաստանի մարզերը հօգուտ եվրասիական ինտեգրման» միջազգային կոնֆերանսին, որը կազմակերպել էր «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇՊԱԿՈՎՍԿԻՆ Բելառուսի Հանրապետության «Ցիտադել» վերլուծական նախագծի հեղինակն է և «Իրատես de facto»-ի այսօրվա հյուրը։

-Առաջի՞ն անգամ եք Հայաստանում:
-Առաջին անգամ Երևանում եղել եմ 2013-ի ապրիլին, եվրասիական երիտասարդական ֆորումին էի մասնակցում, այն ժամանակ էլ շատ հետաքրքիր ծրագիր ունեինք՝ հանդիպումներ Հայաստանի տարբեր ղեկավարների, շփումներ հասարակական կազմակերպությունների հետ: Ես մասնագիտությամբ պատմաբան եմ, և միշտ Հայաստանը եղել է իմ տեսադաշտում, գրել եմ Հայաստանի մասին, հոդվածը տպագրվել է մեր «Զվեզդա» պաշտոնաթերթում, հետո թարգմանվեց ու տարածվեց կայքերում: Հոդվածը քաղաքական իրավիճակի մասին էր, հիմնականում՝ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ:
-ՈՒ ինչպե՞ս եք տեսնում Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ:
-Ես իրավիճակը գնահատում եմ եվրասիական ինտեգրման կտրվածքով: Կտրականապես դեմ եմ բոլոր քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին, ովքեր ասում են, թե Հայաստանը քաղաքական արժեք չունի ԵԱՏՄ-ի համար: Այդպես չէ: Նախ՝ պետք չէ ամեն ինչ չափել առևտրատնտեսական տեսակետից, երկրորդ՝ և առևտրում, և տնտեսության մեջ Հայաստանը դեռ ամեն ինչ չի ասել, և ամեն ինչ չեն ասել Հայաստանի գործընկերները ներքին շուկայում: Բացի այդ, Հայաստանը այն երկիրն է, որ վիթխարի սփյուռք ունի իր քաղաքական ազդեցությամբ ու ֆինանսներով: Եթե մենք կարողանանք Հայաստանին հետաքրքրել եվրասիական ինտեգրմամբ, շատ օգտակար կլինի: Հարցը պետք է ձևակերպել ոչ թե ի՞նչ ենք մենք ստանում Հայաստանի ինտեգրումով, այլ ի՞նչ ենք մենք առանց Հայաստանի կորցնում: Ես կարծում եմ, որ Հայաստանում համարժեք չընդունվեց նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը՝ միանալ ՄՄ-ին ու ԵԱՏՄ-ին: Ձեր ազատական-ազգայնական խավը, որ շատ ակտիվ է հետխորհրդային մյուս երկրների համեմատությամբ, այդ որոշումը որակեց սպառնալիք հայկական ինքնիշխանությանը: Իբր՝ Ռուսաստանի «ուռահայրենասիրական», շովինիստական որոշ շրջանակներ պարտադրեցին այդ որոշումը: Այդպես չէ: Իմ կարծիքով՝ այն պայմաններում, որում Հայաստանը հիմա գտնվում է՝ թշնամական շրջապատման, տնտեսական շրջափակման մեջ, Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունն ունենալով, ՀԱՊԿ-ի անդամ լինելով, այլ ընտրություն ոչ թե չէր կարող անել, այլ չպիտի աներ: Դա նորմալ, սուվերեն, ադեկվատ ընտրություն էր հօգուտ ԵԱՏՄ-ի: Ինձ չի զարմացնում, որ Հայաստանը միացավ, այլ զարմացնում է, որ այդքան ուշ միացավ: Դա պետք էր անել, երբ Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ ծրագրեր էին մշակում: Դա Հայաստանին պետք է քաղաքական, ռազմական, տնտեսական տեսակետից: Հիշեցնեմ, որ ոչ թե Մաքսային միությունը Հայաստանի առաջ կամ/կամ ընտրության պայման դրեց, այլ եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն, որ հիմա, չգիտես ինչու, որոշումը փոխել է: Ես կարծում եմ՝ տնտեսական նկատառումներով:
-Աշխարհը սրընթաց է փոխվում: Բայց Հայաստանը ոչ միայն Հայաստանն է, այլև Լեռնային Ղարաբաղը: Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս դեմ էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միանա ԵԱՏՄ-ին:
-Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բելառուսը հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ իր արտաքին քաղաքականության մեջ ավանդաբար ելնում է իր խաղաղարար առաքելությունից: Մեզ համար հետխորհրդային տարածքը մեր հարազատ տարածքն է: ԽՍՀՄ-ի փլուզումը մենք հիվանդագին ընդունեցինք: Մեր ժողովուրդը 1990-ին հանրաքվեում դեմ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմաքանդմանը, մենք չենք ամաչում մեր խորհրդային անցյալից, մենք հպարտ ենք այդ անցյալով: Այդ պատճառով հետխորհրդային տարածքի ցանկացած դժբախտություն մենք ծանր ենք տանում: Եվ ոչ մի դեպքում մենք ոչինչ չենք անի, որ հակամարտությունը լրացուցիչ սրենք: Մենք կողմերից ոչ մեկին ոչ կաջակցենք, ոչ կմեղադրենք: Լեռնային Ղարաբաղի հարցը, իմ կարծիքով, Երևան-Բաքու-Մոսկվա քաղաքական կամքի դրսևորման հարթության մեջ է: Բարդ հարց է, բայց այնպես պետք է լուծվի, որ բոլորը գոհ մնան: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, պետք է հավատալ ոչ թե կուլուարային ասեկոսեներին, այլ փաստերին: Բելառուսի նախագահը և Ղազախստանի նախագահը, ում Հայաստանում համարյա թե մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ։
-Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ղազախստանի նախագահը աջակցում է Ադրբեջանին:
-Բայց նա էլ է վավերացրել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը, որ Հայաստանը հաջողությամբ կատարում է, և հոկտեմբերի 9-10-ին մենք հույս ունենք, որ Հայաստանը կդառնա ԵԱՏՄ լիարժեք անդամ: Եթե դա տեղի չունենա, ուրեմն զուտ տեխնիկական պատճառներով: Միանշանակ՝ առաջիկայում Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ին: Ես բացարձակապես համոզված եմ: Դա Հայաստանի համար միանգամայն նոր հեռանկարներ կբացի նաև Լեռնային Ղարաբաղի հարցում: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ կսկսի ակտիվ գործել Ռուսաստանի Դաշնությունը: Պետք է կողմերի շահերը հաշվի առնելով՝ մշակել փոխընդունելի տարբերակ: Ռուսաստանն ի վիճակի է դա անելու: Երևանին և Բաքվին պետք է այդ ցավոտ հարցը լուծելը: Համաշխարհային քաղաքականության մեջ գորդյան հանգույցներ չեն լինում, խաղաղության հնարավոր է հասնել, եթե կողմերի և մեծ տերությունների քաղաքական կամքը կա:
-Գորդյան հանգույցը հատեց Մակեդոնացին, 26 տարում ինչո՞ւ Ռուսաստանը Մակեդոնացի չդարձավ, եթե հնարավոր էր:
-Չմոռանանք, որ 90-ականների սկզբին Ռուսաստանը սառը պատերազմում տանուլ տված երկիր էր, որ տրոհման եզրին էր: Հիմա Ռուսաստանը, չնայած համակարգային պարտությանը ՈՒկրաինայում, սեփական սուբյեկտություն է ձեռք բերում, Ռուսաստանը Եվրասիական ինտեգրման նախաձեռնողն է՝ միասնական մեծ շուկայի ստեղծման: Դա հավակնոտ նախագիծ է, որ կարող է էական ազդեցություն ունենալ աշխարհակարգի վրա: Բելառուսը կամ Հայաստանը իբրև առանձին պետություններ այլ են, բոլորովին այլ են Բելառուսի ու Հայաստանի հնարավորությունները միասնական տնտեսական տարածքում: Միության մեջ էականորեն մեծանում է յուրաքանչյուր պետության աշխարհաքաղաքական կշիռը: Այդ պատճառով դժվար է պատկերացնել ԵԱՏՄ-ի ապագան, եթե հանկարծ դառնա քաղաքական միություն, ՀԱՊԿ-ն էլ դառնա այդ կազմակերպության ռազմական մասը, ինչի մասին վերջերս մեր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր ասում Բելառուսի ու Ռուսաստանի ռեգիոնների ղեկավարների հետ Մինսկում հանդիպման ժամանակ: Բարդ է պատկերացնել, որ մեր դաշնակից երկրներից մեկում այդպիսի բարդ ու չլուծված տարածքային հարցեր լինեն: Առավել ևս խոսքը հետխորհրդային տարածքի ռեինտեգրացիայի մասին է: Ես կարծում եմ՝ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել տնտեսական հզորությունները: Փորձը ցույց է տալիս, որ մենք ավելի լավ չենք ապրում. եթե ԽՍՀՄ-ն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 15 %-ը, հիմա Ռուսաստանն իր բոլոր դաշնակիցների հետ՝ 3-4: Պատճառները հասկանալի են: Համաշխարհային առաջընթացի, մեր պետության առաջընթացի համար պետք է վերականգնել նախկին արդյունաբերական հզորություններն ու կապերը, համապատասխանաբար մեզ պետք կլինի և Ադրբեջանը:
-Դուք կարծում եք, որ Ադրբեջանը կներգրավվի՞ ԵԱՏՄ տարածքում:
-Այդ մասին դեռ դժվար է խոսել: Նախ` Ադրբեջանը պետք է իր դիրքորոշումը հայտնի, թե ուր է ձգտում:
-Ադրբեջանը ոչ այս կողմ, ոչ այն կողմ չի շտապում:
-Այո, Ադրբեջանը էներգակիրներով ինքնաբավ պետություն է, որ շատ կարևոր է ժամանակակից աշխարհում, բայց ամենակարևորը չէ: Ինտեգրումը մարդկության զարգացման աներկբա պայման է: Ամբողջ աշխարհում գոյություն ունեն տնտեսական գոտիներ՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում… Գուցե Ադրբեջանը փորձի միանալ ինչ-որ թուրքալեզու միության: Օրինակ, Ղազախստանը փորձում է ստեղծել թուրքալեզու ժողովուրդների միություն: Իսկ գուցե կմիանա ԵԱՏՄ-ին: Ամեն ինչ կախված է նրանից, թե որ միությունն ինչ հաջողություններ կունենա: Առայժմ կա մտահղացում, և կան այդ մտահղացումը կյանքի կոչելու նախադրյալներ՝ նախագահները վավերացրել են փաստաթուղթը, բայց դեռ շատ հարցեր կան: Եվրասիական տարածքի շրջանակներում սահմանափակումներ կան, մինչև հիմա պարզ չէ, օրինակ, միասնական էներգետիկ շուկայի բելառուսական առաջարկի ճակատագիրը, կան այլ հարցեր, որ քննարկման փուլում են և հեշտ հարցեր չեն: Մենք ամեն ինչ արագ ենք անում, բայց ոչ անհրաժեշտ արագությամբ: Իմ գործընկերներից մեկն ասում է, որ բոլշևիկներն այսքան ժամանակում մի քանի ԵԱՏՄ կկառուցեին, բայց չմոռանանք, թե Եվրոպական միությունը ինչքան ժամանակում ստեղծվեց: Փաստ է, որ եթե եվրասիական ինտեգրումը շահավետ լինի, կմիանա և Ադրբեջանը, այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի հարցին էլ լուծում կգտնվի: Այնպիսի լուծում, որ կողմերի համար ընդունելի կլինի: Մինչև հիմա քաղաքական կամք, իմ կարծիքով, չի եղել, որովհետև կա Հայաստանը, որ հաղթել է պատերազմում, կա Ադրբեջանը իր ռևանշիստական ձգտումներով, և կա Ռուսաստանը, որ փորձում է ոչ այնքան հավասարակշռել, որքան պաշտպանել իր շահերը և Ադրբեջանում, և Հայաստանում, այնպես որ Ադրբեջանի հետ զարգացնի իր առևտրատնտեսական կապերը և չնեղացնի իր հայ դաշնակիցներին: Մինչդեռ արդեն ժամանակն է մտածելու վերազգային կատեգորիաներով, ընդհանուր շահերի՝ հաշվի առնելով կողմերի շահերը: Ինտեգրումը փաստացի բանակցություն է, առևտուր, որտեղ կողմերից յուրաքանչյուրը առավելագույնը պաշտպանում է իր շահերը:
-Բելառուսը համարում է, որ իր ազգային բոլոր շահերը ԵԱՏՄ-ում պաշտպանվա՞ծ են:
-Իհարկե ոչ, մենք շարունակում ենք պայքարել մեր խնդիրների լուծման համար, ինչպես միշտ ենք արել՝ բանակցությունների միջոցով, մեր տեսակետները մեր դաշնակիցներին բացատրելով՝ պետությունների ղեկավարների հանդիպումների ժամանակ, ԵԱՏՄ խորհրդի նիստերում: Կարծում եմ՝ մենք բավարար լծակներ ունենք, որ մեր գործընկերները մեր շահերը հաշվի առնեն: Դրանք ոչ միայն Բելառուսի ազգային շահերն են: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բելառուսը միակ երկիրն է հետխորհրդային տարածքում, որ չգնաց արդյունաբերական ներուժի փոշիացման ճանապարհով: Մենք ամբողջությամբ պահեցինք մեր արդյունաբերությունն ու նույնիսկ մեր ուժերով նորացրինք: Հստակ է, որ այդ համալիրը կողմնորոշված էր դեպի խորհրդային շուկա, իհարկե, եվրոպական շուկա դուրս գալը բավականին բարդ է: Մեր նպատակն է դուրս գալ դեպի մեծ շուկա, որ գործնականում կատարել ենք՝ Ռուսաստանի Դաշնության հետ դաշինք կնքելով: Որո՞նք են մեր գործընկերների շահերը: Քանի դեռ Արևմուտքի հետ ամեն ինչ նորմալ էր, ռուսները իրենց թույլ էին տալիս մեր արտադրությանը համարժեք արտադրություններ ստեղծել իրենց տարածքում, հայտարարում էին, որ բելառուսական արտադրանքը լիովին կարող են շուկայից հանել, ռուս ազատականներն ուտոպիստական հայտարարություններ էին անում էներգետիկ գերտերության մասին՝ նավթ ու գազ կվաճառեն ու մնացածը կգնեն: Արևմուտքի հետ հարաբերությունները սրվեցին ու ի՞նչ: Արդյունքում ստացվեց, որ մենք էինք ճիշտ, երբ ասում էինք՝ ներդրումներ արեք Բելառուսում, դա ոչ միայն մերն է, այլև ձերը՝ մենք միասին ենք աշխատում: Բելառուսը ոչ միշտ է ըմբռնում գտնում: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարության քաղաքական հայտարարությունները շատ հաճախ են հակասության մեջ մտնում առևտրաֆինանսական խմբերի շահերի հետ: Վլադիմիր Պուտինը կամ Դմիտրի Ռոգոզինը որոշակի երաշխիքներ են տալիս, որոնք կատարման փուլում հանդիպում են դիմադրության, որովհետև այս կամ այն օլիգարխի շահերին են բախվում: Դասական օրինակ է կալիումական պարարտանյութերի համատեղ արտադրություն ստեղծելու փորձը: ՈՒրալկալիումի և Բելառուսկալիումի համագործակցության փոխարեն օլիգարխ Քերիմովը փորձեց բելառուսական ձեռնարկությունը իրեն ենթարկել: Եթե ինտեգրումը կատարվում է կապիտալիստական օրինակով, կան կենտրոններ ու ծայրամասեր, և կենտրոնը սովորաբար ապրում է ծայրամասի հաշվին, մենք չենք ցանկանում ծայրամաս լինել:
-Ի՞նչ է սպասում Հայաստանին ԵԱՏՄ-ում. Հայաստանը չունի Բելառուսի արդյունաբերական հզորությունները, մարդկային ռեսուրսները, հավելեք ԼՂ կոնֆլիկտը:
-Հայաստանը պետք է աշխատի` Մինսկում, Մոսկվայում, Աստանայում և նպատակասլաց պաշտպանի սեփական տեսակետները, բայց դա չպետք է անել եսապաշտական դիրքերից՝ տվեք մեզ այս, տվեք մեզ այն, այլ ցույց տա, թե Հայաստանը ինչ կարող է տալ: Ձեր ներուժը գուցե բավականաչափ չի ընկալվում դեռ և ամբողջությամբ բացահայտված չէ:
-ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման ջատագովները պնդում են, որ այդ ներուժի զարգացման հնարավորությունը ճնշվում է Ռուսաստանի կողմից:
-Օգտվեք ձեր աշխարհագրական դիրքից՝ դուք Հարավային Կովկասի դարպասն եք: Աշխատեք Վրաստանի հետ՝ նորմալացնելու Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, զարգացրեք ձեր կապերը Իրանի հետ:
-Ինչպե՞ս, եթե հայտնի է, որ Ռուսաստանը արգելափակում է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները:
-Ես դա գիտեմ: Բայց պետք է աշխատել: Առավել ևս, որ դուք ամեն տեղ ազդեցիկ սփյուռք ունեք: Օգտագործեք ձեր կրթական ներուժը՝ միջուկային ֆիզիկա, առողջապահություն, բարձր տեխնոլոգիաներ: Կարող եք համագործակցել Բելառուսի հետ: Միշտ էլ հնարավոր է ընդհանուր լեզու գտնել, պետք է ապացուցեք ձեր կարևորությունը և հուսալի դաշնակից լինելը: Ձեր անմիջական խնդիրը պետք է լինի վերագործարկել ՌԴ-ի հետ երկաթուղային կապը: Իմ ռուս գործընկերներն ասում էին, որ աբխազների հետ հարցը գործնականում լուծված է, խնդիրը վրացիներն են, ոմանք էլ ասում են, որ աբխազներն են հարցի լուծումն արգելակում: Այդ հարցը պետք է դառնա հայկական դիվանագիտության խնդիրը: Մոսկվայում, Մինսկում, Աստանայում պետք է բարձրացվի տնտեսական ապաշրջափակման հարցը: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու Ռուսաստանի պատասխան քայլերը ձեզ համար առևտրական լավ հնարավորություններ են բացում ռուսական շուկա մտնելու համար: Իհարկե, նաև բելառուսական: Զարգացրեք զբոսաշրջությունը: Ինչո՞ւ վրացիներն աշխատում են այդ ուղղությամբ, հայերը՝ ոչ:
-Զբոսաշրջությունը պահանջում է ինֆրակառույցներ, բարձրամակարդակ սպասարկում, ճանապարհներ, փոխադրման մատչելիություն:
-Աշխատեք: Հայաստանը ինքը պիտի մտածի՝ ինչ անել, որ գրավիչ դառնա եվրասիական ինտեգրման համար և առաջարկի գործընկերներին՝ զարգացնել այդ ուղղությունները: Աշխարհում այդպիսին են փոխհարաբերությունները, դա է բիզնեսը: Ոչ ոք ոչ մեկին ոչինչ հենց այնպես չի տալիս: Ցավոք, Ռուսաստանի Դաշնությունը դեռ հեռու է պետության իդեալից, որտեղ քաղաքական շահերը գերակայում են առանձին օլիգարխների առևտրային շահերին: Մենք սպասում ենք դրան, բայց և ռեալ ենք գնահատում ռուսական բոլոր պրոբլեմները, ու չփոխելով ինտեգրման հիմնական վեկտորը, աշխատում ենք, որ մեր հնարավորությունները օգտագործվեն ու մեր շահերը պաշտպանվեն:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ. Գ.- ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՏԻՆԻ հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 26-ի համարում:

Դիտվել է՝ 1402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ