Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Իրենց ապագան անկախության մեջ տեսնող մարդկանց թիվն աշխարհում ավելանում է

Իրենց ապագան անկախության  մեջ տեսնող մարդկանց թիվն  աշխարհում ավելանում է
12.09.2014 | 00:35

Սեպտեմբերի սկզբին Փարիզում կայացել է ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

Համազեկուցողների ամառային այցի հիմնական նպատակը խորհրդարանական, նախագահական ու ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի, բարեփոխումների ընթացքի մասին նոր տեղեկություններ հավաքելն էր: Մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների, գենդերային իրավահավասարության, կրոնական ու սեռական փոքրամասնությունների մասին, դատաիրավական ու ոստիկանության համակարգերի բարեփոխումների: Համազեկուցողները Հայաստանում հանդիպել են ՀՀ և ԱԺ նախագահներին, վարչապետին, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, արտաքին գործերի և արդարադատության փոխնախարարներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին, փոխոստիկանապետին, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարին և անդամներին, խորհրդարանական խմբակցություններին, այլընտրանքային քաղաքացիական ծառայության հանրապետական հանձնաժողովի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալին, կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետին, Երևանում գործող դիվանագետներին, քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներին: 35 կետ ունեցող զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել ԵԽ անդամակցության իր պարտականությունների ու պարտավորությունների կատարման գործընթացում: Նշվում է նաև քաղաքական մթնոլորտի բարելավումը, թեպետ կան որոշակի բևեռացում ու անվստահություն: Համազեկուցողները շարունակելու են իրենց երկխոսությունը իշխանության և քաղաքական տարբեր ուժերի, քաղաքացիական հասարակության հետ և մինչև տարեվերջ ևս մեկ անգամ կլինեն Հայաստանում:
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը մոնիթորինգի հանձնաժողովի Փարիզյան նիստի աշխատանքներն այսպես մանրամասնեց.

-Փարիզում հանձնաժողովի նիստում քննարկվել է համազեկուցողների վերջին այցի վերաբերյալ ներկայացված փաստահավաք զեկույցը: Հունիսի 16-18-ին համազեկուցողներ գերմանացի Աքսել Ֆիշերը և անգլիացի Ալան Միլը Հայաստանում էին: Այս անգամ զեկույցը առանձնահատուկ էր նրանով, որ հետընտրական ժամանակից հետո առաջինն էր: Մի քանի ուղղություններ էին շեշտադրված՝ ընտրություններ, հետընտրական ժամանակահատված, քաղաքական համակարգ, սահմանադրական և դատաիրավական համակարգի բարեփոխումներ, ոստիկանության, այլընտրանքային ծառայության, սեռական փոքրամասնությունների և այլն: Առանց բացառության՝ բոլոր ուղղություններում համազեկուցողներն առաջընթաց են գրանցել, և նիստում հնչեց տեսակետ, որ մոնիթորինգի տակ գտնվող պարտականությունների կատարման առումով երկրում կա առաջընթաց:
-Հայաստանը դեռ ինչքա՞ն է գտնվելու մոնիթորինգի տակ:
-Այդ հարցը ժամկետային որևէ սահմանափակում չունի ԵԽԽՎ կանոնադրության մեջ: Այնքան, ինչքան հարկ համարվի, հետո կանցնենք հետմոնիթորինգային շրջան: Երկրներ կան, որ 20 տարի այդ շրջանում են:
-Ինչպե՞ս արձագանքեցին համազեկուցողներին հանձնաժողովի անդամները:
-Ընդհանուր տրամադրությունը դրական էր, մասնակցեցին մեծ թվով պատգամավորներ, նրանց թվում՝ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Նրանք ևս նշում էին, որ մոնիթորինգային ուղղություններով Հայաստանում կատարվել է լուրջ աշխատանք:
-Իսկ ադրբեջանցիներն իրենց հայտնի տեսակետները չբարձրաձայնեցի՞ն:
-Իհարկե, նրանք որևէ առիթ չեն կորցնում և նորից փորձեցին հին երգերը երգել՝ բացարձակ ոչ մի ընկալում չունենալով: Մոնիթորինգային պարտականությունների կատարման ընթացքը նրանց համար ևս մեկ առիթ էր նշելու, թե Հայաստանն օկուպացրել է իրենց տարածքը, փախստականներ և այլն։ Այդ երգերը նրանք երգում են բոլոր առիթներով ու անառիթ: Այս անգամ նրանց համար իրավիճակն ավելի ցավոտ էր, որովհետև նախորդ օրը ԼՂՀ-ն նշել էր իր անկախության 23-րդ տարեդարձը, և ակնհայտ էր դարձրել, որ ինքն անկախ պետություն է, որտեղ ժողովրդավարությունը զարգանում է: Նրանք վիրավորված էին, որ ՀՀ նախագահը և բարձրաստիճան պաշտոնյաներն այդ օրը եղել են Ստեփանակերտում, ինչն իրենք համարում են միջազգային նորմերի խախտում: Իսկ միջազգային նորմերն Ադրբեջանը, որպես կանոն, միակողմանի է դիտարկում, ընդունելով միայն այն նորմերը, որ իրենց շահերից են բխում: Այսինքն, միայն տարածքային ամբողջականությունը, իսկ մնացած սկզբունքները իրենց բոլորովին չեն վերաբերում: Ժամանակակից աշխարհը, սակայն, ապացուցում է հակառակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, թեկուզ դժվարություններով, բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, առաջընթաց է գրանցում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի քաղաքական քարտեզին տասնյակ նոր պետություններ են ավելացել, ճանաչված, չճանաչված կամ մասնակի ճանաչված: Այսինքն, ինքնորոշվելու և անկախ ապրելու ազգերի երազանքը իրականություն է դառնում, ինչքան էլ մեծ տերությունները փորձում են պաշտպանել տարածքային ամբողջականության սկզբունքը կամ քաղաքական գլոբալ պայմանավորվածությունները, որոնք առաջին հերթին ձեռնտու են իրենց: Միևնույն է, ժողովուրդները պայքարով, քայլ առ քայլ հասնում են իրենց նպատակին:
-Բայց աշխարհը, իսկապես, խիստ պահպանողական է այս հարցում և, ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով ձևավորված նոր պետություններից հետո, երկրորդ ալիքի պետությունների անկախացումը դժվարացել է:
-Թեկուզ, բայց արդեն այս աշնանը երկու հանրաքվեներ տեղի կունենան. սեպտեմբերին՝ Շոտլանդիայի, նոյեմբերին՝ Կատալոնիայի: Եթե երկու ամիս առաջ Շոտլանդիայում անկախության կողմնակիցների թիվը 30 տոկոսից չէր անցնում, այսօր արդեն սոցիոլոգիական հարցումները 51 տոկոս են արձանագրում, սա շատ լուրջ ներուժ է, որ վկայում է քաղաքական կամք: Խնդիրն անգամ այն չէ՝ սեպտեմբերի 18-ին շոտլանդացիները «այո՞», թե՞ «ոչ» կասեն, այլ այն, որ այդպես մտածող, իրենց ապագան անկախության մեջ տեսնող մարդկանց թիվն աշխարհում անշեղ ավելանում է: Եվ գործում են ոչ միայն հույզերը, հսկայական քարոզչական աշխատանք է կատարվում, ոչ միայն շոտլանդացիների, այլև բրիտանական պետական կառույցների կողմից, որ նորանոր արտոնությունների մեծամեծ խոստումներ են տալիս, քաղաքական իրավունքների ու տնտեսական ազատությունների: Նաև տնտեսական ուսումնասիրություններ ու հաշվարկներ են կատարվում՝ ռեսուրսների ու հնարավորությունների, անկախության պայմաններում ապրելու: Այնուամենյանիվ, այս ամենը երկրորդական է ժողովրդի քաղաքական կամքի և ազատության ձգտման առաջ, որովհետև ածանցյալ է: Իսպանիայում, իհարկե, խնդիրը տարբեր է, որովհետև Կատալոնիայում անկախության կողմնակից է 95 տոկոսը` թե՛ քաղաքական ուժերը, թե՛ բնակչությունը: Իրավիճակը տարբեր է նաև այնքանով, որ Իսպանիայի օրենսդրությամբ հանրաքվե չի նախատեսված, թեպետ Իսպանիան ԵՄ անդամ է և միջազգային նորմերը երկրի օրենսդրությունից բարձր են: Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Կատալոնիայի անկախությանը Մադրիդը երբեք չի համաձայնի: Այսինքն՝ աշխարհը ևս մեկ անգամ բախվելու է նույն թնջուկին և պետք է լուծում գտնի: Վստահ եմ, որ Իսպանիայի ղեկավարությունն ու քաղաքական էլիտան այնքան բարբարոս չեն գտնվի, ինչպես ազերիները, որ պատերազմ սանձազերծեն անկախացած ժողովրդի դեմ: Աշխարհում դանդաղ, բայց անդառնալի փոփոխություններ են լինում, գաղափարականից քաղաքական ու իրավական դաշտ այդ փոփոխությունների փոխանցման համար ժամանակ է պետք: Մենք համբերատար, բայց համառ ժողովուրդ ենք և հաջողության ենք հասնելու: Անպայման:


Զրուցեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ