Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ինչ ուղերձ է հղելու ոչիշխանական քառյակը աշնան ընթացքում

Ինչ ուղերձ է հղելու ոչիշխանական քառյակը աշնան ընթացքում
09.09.2014 | 14:46

ԱԺ-ում այսօրվա «քինդեր-սյուրպրիզը» ծանուցումն էր այն մասին, որ նախատեսվում է խորհրդարանական ոչիշխանական քառյակի աշնանային առաջին հանդիպումը: Քառյակը թեժ աշուն էր խոստացել, իշխանություններին ժամանակ տվել մինչև սեպտեմբերի վերջ և հայտարարել, որ հանրահավաք է անելու և ներկայացնելու է տասներկու կետերից բաղկացած պահանջներն ու դրանց կատարումը: Այդ իսկ պատճառով էլ քառյակի անդամները խիստ զբաղված էին:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը մեր հարցին ի պատասխան արձագանքեց, որ ինքը առաջիկա հնգամյակում (թե տասնամյակում) չի պատրաստվում հարցազրույց տալու: Հարցազրույցի տրամադրված չէր նաև նույնանուն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը, մեր հարցը չլսած, լքեց իր առանձնասենյակը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ քառյակի անունից իրենց խմբակցությունից իրավասու է խոսելու միայն «Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Վերջինս էլ խիստ զբաղված էր և անընդհատ հանդիպումներ էր ունենում:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:


-Քառյակը հայտարարել է ակտիվ գործողությունների, հանրահավաքների մասին: Քառյակում այսօր մեկտեղվել են քաղաքական տարբեր կենսագրություն ունեցող ուժեր, որոնք ունեն տարբեր պատկերացումներ պետականության, հասարակությանը հուզող խնդիրների, երկրի առաջընթացի ու զարգացման մասին: Սրանից զատ, նախկինում էլ քառյակի տարբեր ուժեր եղել են հակոտնյա ճամբարներում: Այսօր միասնական հանդես գալու դեպքում քառյակն ի՞նչ ուղերձ է պատրաստվում հղելու հանրությանը, որը կարող է միավորող դեր խաղալ:
-Այն հանգամանքը, որ մենք ունենք շատ տարբեր մոտեցումներ՝ պետությանը, հասարակությանը վերաբերող բազմաթիվ հարցերում, և միավորվել ենք, սա արդեն իսկ պետք է արժևորվի, քան եղած հակասություններն են: Կա ավելի կարևոր օրակարգ: Դա նշանակում է, որ պահն օրհասական է: Առաջին հերթին այդ միավորումը կայացել է, քանի որ բոլոր ուժերը հասկանում են, որ երկիրը գտնվում է խոր ճգնաժամի մեջ: Դա նշանակում է, որ հանրապետական ռեժիմը երկիրը տանում է դեպի կործանում: Եվ միավորվել ենք: Ի վերջո, մենք պետք է կարողանանք ձևավորել լեգիտիմ, հասարակությանը հաշվետու իշխանություն: Դրանից հետո կարելի է խոսել գաղափարախոսական հակասությունների մասին: Երբ երկրում չկա ընտրության մեխանիզմ, գաղափարախոսական հակասությունները մղվում են երկրորդ պլան: Չկա նաև արբիտրը, թե այդ գաղափարախոսական վեճում ով է ավելի ընկալելի ժողովրդի համար: Ի՞նչ իմաստ ունի այս դեպքում խոսել գաղափարախոսությունների մասին, երբ դա ինքնանպատակ գործընթաց է:
-Ո՞րն է այնումենայնիվ քառյակի ուղերձը:
-Ընկալելի ուղերձ չէ՞, որ Հայաստանում պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն: Ընկալելի ուղերձ չէ՞, որ երկրում հաստատվի ժողովրդավարություն, պաշտպանվեն մարդու իրավունքները, գործեն ժողովրդավարական հասարակությանը բնորոշ խաղի կանոններ: Այսօր խոսել գաղափարախոսություններից՝ ազգայնական, սոցիալական, մենք կարող ենք: Օրինակ, ՀԱԿ-ն ունի իր ծրագրերն ու հայեցակարգերը: Բայց այսօր ծրագրերի տեսլականով հանդես գալն ավելի կարևոր չէ, քան երկրում փոխել իրավիճակը, երբ այդ տեսլականները կսկսեն իմաստ ստանալ: Տեսլականներին պետք է իմաստ տալ: Եթե երկրում չեն գործում իշխանության ձևավորման կանոնները, բոլոր խոսակցությունները գաղափարախոսությունների մասին դատարկաբանություն են:


Ճեպազրույցը՝ Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 1217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ