«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Քաղաքական որևէ ուժ այս աշնանն անելիք չունի»

«Քաղաքական որևէ ուժ  այս աշնանն անելիք չունի»
05.09.2014 | 00:35

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Հերթական թեժ աշնան կանխատեսումը կիրականանա՞, թե՞ ոչինչ էլ չի լինի, թեպետ նախադրյալներ կան:
-Շատ կցանկանայի, որ սկսվեր թեժ աշուն ու տրամաբանական ավարտին հանգեցներ` իշխանափոխության, որովհետև իշխանության որակը Հայաստանում բոլորովին չի համապատասխանում աշխարհում տեղի ունեցող գործընթացներին: Բայց ընդունեք, որ այդ «թեժությունը» միայն սոցիալ-տնտեսական վիճակով չի պայմանավորվում, ի վերջո հեղափոխական իրավիճակները հոգեբանական, էներգետիկ իրավիճակներ են: Իզուր չի ձևակերպվել Լենինի հայտնի թեզը` ներքևների չցանկանալու, վերևների չկարողանալու մասին: Այո, ներքևները չեն ցանկանում, չեն ցանկանում վաղուց ու շատ, ու պատրաստ են ամեն ինչի: Բայց չկա այն էներգետիկան, որ չցանկանալը վերածում է գործողության, որն արդեն հնարավոր չէ ոչնչով կաշկանդել:
-Ինչպե՞ս կառավարել այդ էներգետիկան:
-Երեք պայման կա: Առաջինը` բացատրել, թե ինչու է պետք փոխել իշխանությունը, բացատրել առարկայական, հասկանալի, համոզիչ: Երբ ասում ենք համակարգային փոփոխություն, կոռուպցիայի և կաշառատվության դեմ պայքար, արդեն պարապ ժամանակի խոսակցություն է: Իշխանության փոխվելուց հետո էլ այդ փոփոխությունները չեղան: Պետք է հստակ բացատրվեն ռեալ վտանգները, որոնցից խուսափելու համար անկախ պետությունում պիտի իշխանափոխություն կատարվի: Ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական վտանգները: Երկրորդ խնդիրը. ժողովրդին հստակ ցույց տալ, թե հետո ինչ է լինելու: Այնքան հստակ ու այնքան համոզիչ, որ ժողովուրդը հասկանա` ասվածի գոնե հիսուն տոկոսը անխուսափելի կատարվելու է: Դա կոչվում է քաղաքական ծրագիր, որը նշում է` ինչ է փոխվելու կոնկրետ մարդու կյանքում: Հեղափոխությունների գլխավոր ուղենիշը միշտ եղել է այն հեռանկարը, որը ավելի լավն է, ավելի լուսավոր եղած կյանքից: Չարենցին հիշո՞ւմ եք` հեղափոխության գլխավոր ուղենիշը` «Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված», արևը լույս է, ազատություն, տաքություն, մի տեղ, ուր կյանքն ավելի արդար է, լուսավոր, հուսալի ու բարեկեցիկ: Մարդկանց կյանքում հուսահատությունն այնքան է խորացել, որ կյանքի իմաստն է կորչում: Մարդիկ լավ ոչինչ չեն սպասում արդեն: Գնացել էի հանգստանալու և առիթ ունեցա տարբեր երկրներից եկած հայերի հանդիպելու, խոսակցությունների ընթացքում պարզվեց, որ բոլորն էլ մտահոգ են աշխարհում կատարվողով` էս մարդկությունն ո՞ւր է գնում, ի՞նչ է կատարվում, որտեղ նայում ես` կռիվ է, սպանություն, թալան: Լիբանանից, Սիրիայից, Ռուսաստանից, Ամերիկայից, Վրաստանից հայեր կային, ու բոլորի խոսակցության թեման մեկն էր` վերջը ի՞նչ է լինելու:
-Կարծում եք, որ այդ քաոսում հայե՞րը պիտի ուղի գտնեն:
-Այո, որովհետև հնագույն ազգերից մեկն են, որ բանականության, կշռադատվածության, էներգետիկ հնարավորությունների շնորհիվ մինչ օրս կան:
-Կան, բայց օգտագործո՞ւմ են իրենց հնարավորությունները գործնականում:
-Ոչ, չեն կարողանում, որովհետև չեն էլ մտածում այդ մասին: Մեզ այսօր պակասում է հոգեբանական ուժը: Քրիստոսը քարոզում էր արդարություն, Երուսաղեմի տաճարում նա շրջեց լումայափոխների սեղանները ու դուրս վռնդեց տաճարից` ասելով` նույնիսկ սուրբ վայրում ուզում եք շահույթ ստանալ: Շահույթի հետապնդումն այսօր դարձել է համաշխարհային կացութաձև, ոչ ոք չի ուզում կանգ առնել ու մտածել` ի՞նչ պիտի արվի, ինչպե՞ս: Սիրիայում, Իրաքում երկու հազար երեխա է գնդակահարվել։ Չկա որևէ անկյուն, որ հաստատի` լուսավոր ապագա կա: Ծիծաղում էին կոմունիստների լուսավոր ապագայի քարոզի վրա, ինչքան էլ պատրանքային էր, հուսատու գաղափար էր, հավատ էր ձևավորում, ձգտում, եթե ոչ ներկայում, ապագայում կայուն ապաստանի ու հուսալիության հենարան էր: Չարենցը հավատով էր գրում, նա հավատում էր, որ հեղափոխությունը դեպի արև է տանում: Հավատում ու հավատացնում էր, ինչպես համաշխարհային մշակույթի բոլոր մեծերը, որ հավատի, ոգու ու ինքնության ամրակայման խնդիր են լուծել: Երկրորդ խնդիրը դա է` չկա մի դոկտրին, որ իդեալ տա, ցույց տա այն հեռանկարը, հանուն որի ժողովուրդը ոտքի կկանգնի ու ամեն ինչից կանցնի այդ կետին հասնելու համար` իմանալով, որ լուսավոր ապագան հեքիաթ չէ: Երրորդ խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական բաղադրիչի իսպառ վերացումն է, որը պետք է գործնական առումով, պրագմատիկ դաշտում խնդիրներ ձևակերպեր, քաղաքական ծրագրեր ու թիմ ստեղծեր, համարյա գոյություն չունի, մնացել են անհատներ միայն: Քաղաքական դաշտի տրամաբանությունը հետևյալն է. դու կարող ես խաբել, թալանել, սպանել, քաղաքականությունը վերացնել, քաղաքական կամ սոցիալական պայքարի հասարակական դաշտը վերացնել, մի քանի տարի դուրս գալ քաղաքականությունից` մնալով ներսում, որովհետև բիզնես հետաքրքրություններդ մնում են անփոփոխ, հետո գալ ու ասել` իմ ժամանակ ամեն ինչ լավ էր, հիմա ամեն ինչ վատ է, ու նորից հավակնել քաղաքական դաշտում առաջնորդի դերի: Մեր քաղաքական դաշտում թելադրող գաղափարը, իդեա ֆիքսը դա է մնում:
-Կարծում եք` քաղաքական դաշտում միայն Ռոբերտ Քոչարյա՞նն է այդ դերում, թե՞ բոլորն էլ նույն իդեան են ֆիքսել:
-Քաղաքական դաշտում նրանք, ովքեր ժամանակին իշխանություն են ունեցել, այդ իշխանությունն օգտագործել են համապատասխան հնարավորություններ ստեղծելու համար ¥մեկը շատ, մեկը` քիչ, բայց անխտիր¤, որ ապագայում կարողանան կրակել, ջարդել, սպանել, կողոպտել ու մնալ անպատիժ, կամ ևս մեկ անգամ իշխանության գալ: Դա կոչվում է համակարգ: Համակարգը միայն հայկական չէ, ինտերնացիոնալ է և չի գործում միայն այն երկրներում, որտեղ ռեալ կայացած հասարակությունները կարողանում են համակարգի դեմ կիրառել համապատասխան քայլեր` տնտեսական, հասարակական, սոցիալական, քաղաքական: Զարգացած երկրներում, օրինակ, արհմիությունները պաշտպանում են աշխատողներին, նրանք կարող են անկախ մտքեր արտահայտել, և նրանց ձեռնարկությունը ոչ ոք չի կարողանում փակել: Քաղաքական առումով մարդիկ կարող են իրենց թույլ տալ իշխանությանը դեմ գնալ և այդ համակարգերին թույլ չտալ իրենց ոչնչացնել: Հասարակությունները կարողացել են ստեղծել հակահամակարգեր, որոնք զսպում են համակարգի գլխավոր նպատակը` առավելագույն շահույթ ստանալը: ԱՊՀ երկրներում հակահամակարգերն իսպառ բացակայում են, վերցրեք Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը: Համաշխարհային ու մարդկային նորմերի նկատմամբ այսպիսի արհամարհանք, արժանապատվությունը ոտնահարող գործողությունների շարք ոչ մի տեղ չի եղել վերջին երկու հարյուր տարում: Եթե հակահամակարգը չկա, համակարգն իրեն ազատ է զգում` ցանկացածն անելու և ստանալու: Համակարգն ունի իր տրամաբանությունը, գործունեության սկզբունքները: Հայաստանում երեք նախագահներ են եղել, համակարգի մեջ նրանք տարբեր են պահել իրենց, մեկն ավելի ինտելիգենտ, մեկն ավելի ցինիկ, մեկն ընդհանրապես անհասկանալի, բայց երեքի դեպքում էլ տնտեսական համակարգը համարյա փոփոխություն չի կրել` հենված լինելով օլիգարխիայի վրա: Վարչապետներ են փոխվել, խորհրդարաններ, նախարարներ, ոչինչ չի փոխվել: Առաջին նախագահի համակարգն ավելի լիբերալ էր իր գործողությունների տրամաբանությամբ, թիմն ավելի հարուստ տնտեսական գիտելիքներով, երկրորդը գնաց դեպի վայրիացում, երրորդի ժամանակ ոչ ոք չի հասկանում` ինչ է կատարվում, ով ով է, բայց երեքի պարագայում էլ կան տնտեսական, բարոյահոգեբանական, քաղաքական, «օրենքից վեր» մարդկանց խմբեր, որ ամեն ինչ կարող են և ունեն:
-Եթե առաջինի պարագայում կարող էինք մտածել, որ անփորձ են, անսովոր իրավիճակ է, համաշխարհային կացություն է, պատերազմ, շրջափակում, ընդունելի կամ անընդունելի տարբեր պատճառաբանություններ կարող են բերվել, երկրորդ-երրորդի պարագայում ինչո՞ւ այդ ընթացքը շարունակվեց:
-Որովհետև իրենք այդ ընթացքով են եկել իշխանության, համակարգն ամեն անգամ Հայաստանում գեներացնում և իշխանության է բերում այն մարդկանց, որոնց համարում է ամբողջությամբ յուրային` մենթալիտետով ու մտածելակերպով, հնարավորինս քաղաքական գիտելիքներից զուրկ, ստրատեգիական մտածելակերպից հեռու: Որովհետև համակարգերը հենվում են փողի և շահութաբերության փիլիսոփայության վրա: Ո՞վ պիտի համակարգը աշխատեցնի, այն մարդիկ, ովքեր հավակնում են շատ, ավելի շատ, ամենաշատ փող ունենալ ու շահ ստանալ: Օլիգարխները: Դա համակարգի տրամաբանությունն է: Ամեն համակարգ որպես վերնաշենք հենվում է տնտեսական բազիսի վրա, տնտեսական բազիսը համակարգում փոխել անհնար է: Ի՞նչ կատարվեց Վրաստանում: Միխայիլ Սաակաշվիլին փորձեց որոշակի փոփոխություններ անել, նաև բազիսային մասում. ի վերջո օլիգարխը դարձավ վարչապետ, նոր նախագահ նշանակեց ու գնաց: Նույնը` ՈՒկրաինայում. Մայդանը իշխանության բերեց օլիգարխին: Մայդանը միայն Յանուկովիչի դեմ չէր, հիմնականում համակարգի փոփոխության համար էր: Այսօրվա ՈՒկրաինայի շատ մեծ խնդիրները ծագում են նաև այն պատճառով, որ օլիգարխիան ունի յուրահատուկ մտածելակերպ. որքան էլ ուզեն լավը լինել, չեն կարող: Մարդը չի կարող կյանքի մեծագույն մասը ապրել փող աշխատելու համար, հետո դառնալ Օտտո Բիսմարկ:
-Այո, բայց սովորաբար բնության օրենքները հասարակության վրա էլ տարածվում են, եթե հարվածը հակահարված է առաջացնում, ինչո՞ւ հասարակության ակտիվ մեծամասնությունը օլիգարխիկ փոքրամասնությանը հակահարված չի տալիս, հաշտվում է, համակերպվում, հպատակվում:
-Ժամանակին Ավստրալիայում որոշել էին ոչնչացնել այն կենդանիներին, որոնք ոչնչացնում էին կանաչ տարածքները, հետևանքները հիշում եք: Մարդը կենդանի չէ, կենտրոնական նյարդային համակարգ ու ուղեղ ունի, որ տարբեր կացությունների պատճառ է: Այդ թվում` մարդիկ կարող են ապատիայի մեջ ընկնել, հաշտվել ու պայքարն անիմաստ համարել: Համակարգը Հայաստանում սկսեց սեփականաշնորհումից, հիշո՞ւմ եք վաուչերները: Վաուչերների սեփականաշնորհումից հետո օլիգարխները սկսեցին տիրանալ այն ամենին, ինչ մեր պապերի ու հայրերի տիտանական աշխատանքով էր ստեղծվել: Տասը տարվա մեջ ամեն ինչ արդեն նրանցն էր, պայքարողների մեծ մասին գնդակահարեցին ռեկետային խնդիրները լուծելիս: Ֆիզիկական ոչնչացման փուլին հաջորդեց մամլիչը. ով դուրս էր գալիս պետության դեմ, կորցնում էր ամեն ինչ: Բայց դեռ կար տեխնիկական զանգված, որի հարցը լուծվեց արտագաղթով: Քաղաքական դաշտն այդ ընթացքում դարձավ լիովին կառավարելի, նրանք, որ կառավարելի չէին, գնդակահարվեցին կամ ուղղակիորեն դուրս մղվեցին:
-Բոլոր դեպքերում համակարգը ցանկանա-չցանկանա, ստիպված է արձանագրել, որ կառավարվող զանգվածի վերացումը իրեն ավելորդ է դարձնում որպես իշխանություն, օլիգարխն էլ սպառման շուկա է կորցնում:
-Դա կոչվում է պասիվ դատարկություն, երբ իշխող համակարգը և օլիգարխիան կորցնում են գլխավոր նպատակը` շահույթ ստանալու հնարավորությունը: Եթե չկան մարդիկ, չկա շահույթի հնարավորություն: Ի վերջո օլիգարխիան ինքն իրեն դարձնում է իզգոյ բոլոր առումներով` հասարակության ատելության աստիճանով, լկտի գործողություններով, շահույթի այլ ճանապարհներ չգտնելով: Համաշխարհային լիբերալ ակումբը փորձում է գտնել շահույթի ձեռքբերման նոր ուղիներ, նոր տեխնոլոգիաներ կիրառելով, որովհետև եթե շահույթի հարցը չլուծվի, լիբերալ պատկերացումները փլվելու են: Ապագա հեղափոխական գործողությունների տրամաբանությունը լինելու է ոչ միայն քաղաքական, այլև տոտալ տնտեսական: Աշխարհը կանգնած է շատ լուրջ սոցիալական բունտերի, հեղափոխությունների առաջ, և դա պետք է հաշվի առնել Հայաստանում, որովհետև մենք չունենք երկար պայքարի հնարավորության շռայլությունը` արտաքին դաշտում վատացող իրավիճակով պայմանավորված, ու մենք շատ դեպքերում ատամներս սեղմած դիմանում ենք: Եթե հավելենք աշխարհաքաղաքական զարգացումները, միանշանակ է, որ Հայաստանն այլ ճանապարհ չունի, եթե ոչ այդ հեղափոխության միջով անցնելը: Դա արդեն ցանկություն չէ, պահ է գալու, որ ուրիշ տարբերակ չի մնալու:
-Եվ այդ ամենը ոչ այս աշնանը, այո՞:
-Պետք չէ այս աշնան վրա կենտրոնանալ, քաղաքական որևէ լուրջ ուժ այս աշնանն անելիք չունի:
-Ձեզ չի՞ թվում, որ ստեղծված իրավիճակում Հայաստանն աշխարհի ժամանակից դուրս ինչ-որ ժամանակում է հայտնվել:
-Այո, այդպես է, բայց աշխարհում տեղի ունեցող մեծ գործընթացները, այսպես, թե այնպես, Կովկասյան լեռնաշղթան հատելու են: Ես չգիտեմ` ով է հիմա խոսում թեժ աշնան մասին, բայց կան պրագմատիկ գործընթացներ աշխարհում, որ ազդելու են Հայաստանի վրա: Մեկ տարի առաջ Ռուսաստանում ոչ այսպիսի տնտեսական, ոչ էլ ֆինանսական վիճակ էր, դոլարն ու եվրոն Ռուսաստանում այս գինը չունեին, մեկ տարի առաջ հայերն ավելի շատ փող էին կարողանում Ռուսաստանից տուն ուղարկել, քան հիմա: Մեկ-երկու տարի առաջ շատ ավելի հեշտ էր վարկ ստանալը, հիմա հնարավոր չէ: Ի՞նչ թեժ աշուն, դա կարող է լինել թեժ ձմռանը, թեժ գարնանն ու թեժ ամռանը, դա կարող է լինել ամեն հաջորդ օր և պետք է դադարեցնել թեժ աշնան-գարնան խելահեղ վազքը ու հետևել ռեալ գործընթացներին: Գործընթացները բավականաչափ վատն են թե՛ համաշխարհային ընթացքի համար, թե՛ Եվրասիական տարածքի, թե՛ Հայաստանի: Կա պատերազմի վերսկսման վտանգ, Թուրքիայի միջամտության վտանգ: Մենք պետք է կարողանանք այնքան արագ և հավասարակշռված ամեն ինչ անել, որ, մի կողմից, փոխենք համակարգը, մյուս կողմից` պատրաստ լինենք դիմագրավելու մարտահրավերներին դրսից: Կյանքը թեժ աշուն-գարունով, դասախոսություն կարդալով չի ավարտվում, պետք է պատրաստ լինել ռեալ գործընթացներին, ունենալ ծրագրեր ու պայմանավորվածություններ: Հայաստանը չի կարող խուսափել համաշխարհային գործընթացներից, ոչ մի երկիր չի կարող, պատրաստվել է պետք այդ գործընթացների ներթափանցման պարագայում արագ, հնարավորինս անկորուստ և հավասարակշռված գործողությունների:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ