Նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրված ֆիլմը, որը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասնամյա շրջանի «ձեռքբերումներին», մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում: ՀՀ ակտիվ քաղաքացիները հիշում էին նրա կառավարման շրջանում տեղի ունեցած Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի ողբերգությունները, քաղաքական և ոչ քաղաքական սպանությունները, Հյուսիսային պողոտայի շինարարությունը, որը ոչ միայն բազմաթիվ մարդկանց տնանկ դարձրեց, այլև մարդկային կյանքեր արժեցավ:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ իր ազդեցությունը փորձում է ի ցույց դնել իրեն սպասարկող «քաղաքական» ուժերի կողմից, և այս պահին էլ, օգտագործելով իր 60-ամյա տարեդարձը, հիշեցրեց իր մասին: Ըստ պարոն Մակեյանի՝ տասը տարի երկրի նախագահի պաշտոնը ուզուրպացրած Ռ. Քոչարյանը բացահայտ արհամարհում է մեր ժողովրդին, երբ ֆիլմ է նկարել տալիս իր մասին, որտեղ գովաբանում են իբր իր կառավարման շրջանում տնտեսության երկնիշ աճը, նկարած երկնիշ աճը:
«Այդ երկնիշ աճը հասարակությունը, ՀՀ քաղաքացին պետք է իրենց մաշկի վրա զգային»,- ասում է Պետրոս Մակեյանը՝ հիշեցնելով, թե Ռոբերտ Քոչարյանի հսկայական ունեցվածքի մասին ինչ հրապարակումներ են եղել ռուսական մամուլում:
Պետրոս Մակեյանը հիշեցնում է, որ ոչիշխանական քառյակում ծանրակշիռ տեղ ունեցող «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանին է սպասարկում, նույնն է անում նաև ՀՅԴ-ն:
Մեր զրուցակիցը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը նույնպես անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակին, ինչը նշանակում է, որ գործող վարչախումբը նրա համար չի ստեղծում խնդիրներ:
«Երբևէ տեսե՞լ եք, որ մի ընդդիմադիր գործչի մասին խոսք ասեն Հանրային հեռուստաընկերությամբ: Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ՀՀ հիմնադիր նախագահն է եղել, նրա տարեդարձի մասին երբևէ մի խոսք չեն ասել»,- հիշեցնում է Պետրոս Մակեյանը:
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները պատրաստվում են 2017-18 թթ. ընտրություններին և Ռոբերտ Քոչարյանով ուղղակի փորձում են վախեցնել մեր հասարակությանը, որ իրենց թեկնածուին չընտրելու դեպքում կարող է նա վերադառնալ: Իսկ սոցիալական ցանցերում, ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանին «քացու տակ» գցելով, փորձում են հասկացնել, որ ինքը անցանկալի և մերժված կերպար է մեր հասարակության համար:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ