«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Այնպիսի տպավորություն է, որ միակ մարդը, ով գործունեություն է ծավալում և դրդապատճառ ունի, Հովիկ Աբրահամյանն է»

«Այնպիսի տպավորություն է, որ միակ մարդը, ով գործունեություն է ծավալում և դրդապատճառ ունի, Հովիկ Աբրահամյանն է»
25.07.2014 | 00:55

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Օրացուցային տարվա հետ քաղաքական տարին էլ կիսվեց, եթե ամփոփենք` քաղաքական դաշտը քաղաքական տեսքի եկա՞վ:
-Եթե քաղաքական դաշտին նայենք կլասիկ քաղաքագիտության տեսանկյունից ու փորձենք հասկանալ կլասիկ ընդդիմություն և կլասիկ իշխանություն հաստատվե՞լ է, թե՞ ոչ, ապա այս կիսամյակը ոչինչ չփոխեց: Մենք ունենք իշխանություն, որ պայմանականորեն կարելի է անվանել քաղաքական, և քաղաքական ուժեր, որ պայմանականորեն կարելի է անվանել ընդդիմադիր:
-Ընդդիմության պարագան պարզ է, իշխանությունն ինչո՞ւ քաղաքական չէ:
-Իշխանությունը հիմնականում պատկանում է խմբավորումների, որ քաղաքական դաշտից վեր են: Դուք կպնդե՞ք, որ բոլոր որոշումներն ընդունվում են ՀՀԿ-ում: Ես կասկածում եմ: Ավելի շատ իրենց տեղյակ են պահում, որ որոշում է ընդունել իշխող խումբը, կադրայինից մինչև արտաքին քաղաքական հարցեր: Հինգշաբթի օրը նախագահի մակարդակով ՀՀԿ ԳՄ-ն իրազեկվում է ու տալիս հերթական միաձայն «ադաբրյամսը», անկախ այն փաստից, որ մինչ այդ տարբեր խմբավորումների կողմից վերահսկվող մամուլում դեմ ու կողմ թեժ պայքար կար: Ստացվում է, որ ՀՀԿ-ն քաղաքական իշխանություն չէ, այլ դակող մարմին, ինչպես խորհրդարանը, որ ձայների մեծամասնությամբ ընդունում է կառավարության օրենսդրական բոլոր նախաձեռնությունները: Ֆորմալ առումով` ընդդիմադիր բևեռ ևս ձևավորվել է, եթե քառյակն անվանենք ընդդիմություն, բայց քառյակի ներսում այնքան տարաձայնություններ կան, որ դժվար է բևեռ համարել:
-Ինչո՞ւ, 12 կետում տարաձայնություն չկա:
-Երբ ոչ ոք չի կարողանում հասկանալ` ընդդիմության արտաքին քաղաքական վեկտորն ինչո՞վ է տարբերվում իշխանության արտաքին քաղաքական վեկտորից, ի՞նչ ասես: Ես մնում եմ այն կարծիքին, որ քառյակը կենսունակ չէ: Ասենք, իշխանությունն այդ 12 կետից վեցն ընդունում է, որը հնարավոր է, որովհետև կան կետեր, որ շատ են հիշեցնում կառավարության ծրագիրը, իսկ մյուս վեց կետերը չեն ընդունվում, ի՞նչ է անում քառյակը:
-Քառյակն աշնանը երևանացունց, եթե ոչ աշխարհացունց հանրահավաք է անում և հայտարարում է` իշխանություն, եթե մնացած կետերն էլ չկատարես, մենք կգնանք տուն:
-Դա է բնականոն գործընթացը` ըստ ավանդույթի, և մենք իրավունք ունենք նման ենթադրություն անելու, որովհետև քանիցս դա ենք տեսել: Հիմա էլ ընդդիմությունը արձակուրդում է` ոչ մի հարցի արձագանք չկա, փաստորեն ընդդիմությունը Հայաստանում սեզոնային է ու հովհարային անջատվել է` շոգից: ՈՒնենք ֆորմալ քաղաքական իշխանություն ու իմիտացիոն գործունեությամբ զբաղված ընդդիմություն` եթե ամփոփենք: Հավելեմ, որ սեզոնի հիթը ՕԵԿ-ի հերթական վերադարձն էր դեպի ընդդիմադիր դաշտ, որը իշխանական քաղտեխնոլոգների նախագիծ է: Անհաջող նախագիծ, որովհետև նախատեսվում է, որ ՕԵԿ-ը պիտի այլընտրանքի այլընտրանք լինի: ՕԵԿ-ը և իր առաջնորդը պոպուլիստական մեծ տաղանդ ունեն, համարվում է, որ մինչև հերթական համապետական ընտրությունները կկարողանան երկրորդ անգամ նույն գետը մտնել:
-Քաղաքական կիսամյակում ակնկալվում էր Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ընդ որում` հիմնադիր անդամի կարգավիճակ էր խոստացվել, բայց ոչ միայն հիմնադիրը չեղավ, այլև անորոշ է` ե՞րբ ենք անդամակցելու ու անդամակցելո՞ւ ենք, թե՞ ոչ: Դա Հայաստանի՞ խնդիրն է, թե՞ ԵՏՄ անդամների:
-Ես չեմ կարծում, որ մենք կարող էինք հիմնադիր անդամ լինել. շատ ուշ վերադարձանք այդ դաշտ ու գրեթե ուժով: Մենք վերադարձանք, երբ այդ դաշտը ռեալ կար ու գործում էր` անհամեմատ ուժեղ քաղաքական ու տնտեսական կշիռ ունեցող պետությունները վաղուց սահմանել էին խաղի կանոնները, այդ պարագայում միամտություն էր հիմնադիր անդամ լինելու հույս ունենալը: Դա կարող էր լինել, եթե ցանկանար Ռուսաստանը, բայց գործընթացը համընկավ այն ժամանակին, որ ՌԴ-ն բազում այլ խնդիրներ ունի և չի ցանկանում հակասություններ ունենալ Բելառուսի ու Ղազախստանի հետ: Ի վերջո, ԵՏՄ-ում շահերի ինչքան ընդհանրություններ կան, նույնքան ու ավելի հակասություններ կան: Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է, պատերազմի մյուս կողմի` Ադրբեջանի հետ երեք պետություններն էլ ունեն կոնկրետ ծրագրեր, ռազմավարական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական հարաբերություններ: Երեք պետությունների համար էլ այդ շահերը գերակայում են Հայաստանի շահերին: Փաստորեն, միայն ՌԴ-ն է ուզում, որ Հայաստանը միանա ԵՏՄ-ին, բայց ՌԴ նախագահը, կարծում եմ, հիմա չունի այն ռեսուրսը, որ կարողանա ձեռքը խփել սեղանին ու ասել` Նուրսուլթան Աբիշևիչ կամ Ալեքսանդր Գրիգորևիչ, այսպես պետք է լինի, ու վերջ: Արևմուտքի հետ խոր հակասությունների պատճառով Պուտինը հիմա ստիպված է մանևրել ոչ միայն իր դաշնակիցների հետ, այլև Արևելքից Լատինական Ամերիկա: Ի վերջո, չմոռանանք, որ ԵՏՄ-ն դեռևս չկայացած միություն է և իր մաքսային բաղադրիչով հետաքրքրում է թե Ղազախստանին, թե Բելառուսին` ելնելով իրենց տնտեսական շահերից: Նրանք մշտապես փորձում են Ռուսաստանից առավելագույն զեղչեր ու զիջումներ ստանալ, և ստանում են: Այս վիճակը Հայաստանում հասարակության մի մասը լավ է ընդունում` հույս դնելով, որ գուցե անդամակցումը չստացվի, մյուս մասի համար անհասկանալի է, խորանում են կասկածները, որ Ռուսաստանին ավելի շատ պետք էր, որ Հայաստանը չստորագրի եվրաասոցացման համաձայնագիրը: Այնուամենայնիվ, ԵՏՄ-ի անդամակցության համաձայնագիրը առաջիկայում կստորագրվի, խնդիրը, կարծում եմ, իսկապես հիմնականում տեխնիկական է ու ժամանակ է պահանջում:
-Տեխնիկակա՞ն խնդիր է, որ ՌԴ-ն փորձում է ԵՏՄ տարածք բերել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի համար ուղղակի գտնված գործարք է Ղարաբաղը պահանջելը:
-Հիմա բոլոր կողմերը ժամանակ են ձգում, որպեսզի Ադրբեջանի դիրքորոշումը հասկանան, Ռուսաստանը չի ուզում ոչ մեկին նեղացնել` մի կողմից, մյուս կողմից` եթե Հայաստանում բոլորը իշխանությանը համարում են ծայրեծայր ռուսամետ և ամբողջությամբ ՌԴ-ին բավարարող, այնքան էլ այդպես չէ: Վերջին երկու-երեք ամսվա իրադարձությունները դա են վկայում: Սերժ Սարգսյանն ավելի ռուսամետ չէ, քան Աբխազիայի նախագահն էր, բայց այնտեղ նախագահ փոխվեց: Միամտություն է մտածել, որ դա տեղի ունեցավ առանց ՌԴ մասնակցության: Ռուսամետ գործող նախագահի օրոք Հարավային Օսիայում խորհրդարանական մեծամասնություն և իրական իշխանություն դարձավ մի ուժ, որ այսօր պահանջում է միանալ ՌԴ-ին: Ընդ որում, Օսիայի գործող նախագահը ռուսամետ գործիչ է, բայց ոչ այնքան արմատական, որքան այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը։ Ռուսները վերաֆորմատավորում են իրենց ազդեցության դաշտը, և դա պետք է մտահոգի Հայաստանի իշխանությանը, որ կարծում է` ինքը հավերժ է, վստահ, որ ամեն ինչ անում է ռուսների համար: Երբ շատերը սպասում են, որ փոփոխություններ կարող են լինել արևմտյան դաշտից, վերաֆորմատավորման գործընթացի միտումները և տրամաբանությունը թելադրում են, որ ռուսական դաշտն առավել հավանական է:
-Ռուսներն ինչ անում են, մեղավորն Արևմուտքն է, կարծո՞ւմ եք, որ դա լինելով ռուսական նախագիծ, փորձելու է ներկայացվել արևմտյան, սա մեկ, և երկրորդ` ո՞վ պիտի անի, ոչիշխանական ուժե՞րը, որ ամբողջությամբ ռուսական դաշտում են: Այսինքն` աշխարհացունց հանրահավաքը կարո՞ղ է տեղի ունենալ, և դրսի պահանջո՞վ:
-Նախ` ռուսներն ամեն ինչ չէ, որ գցում են Արևմուտքի վրա: Աբխազիայում կատարվածը լավ էլ ընդունեցին. Սուրկովը գնաց ու հարցը խաղաղ լուծեց: Եթե Հայաստանում փոխվի ոչ պոպուլյար վարչակարգը, ռուսները բնավ չեն ասի, որ իրենք կապ չունեն, կհասկացնեն, որ արդեն դանակը հասել էր ոսկորին:
-Հայաստանում արդեն շրջանառվում են լուրեր, որ նախկինում կառավարությանը տրված դրամաշնորհը այսուհետ տրվելու է հասարակական կազմակերպություններին, որոնք բացահայտ արևմտամետ են և, ՌԴ դեսպանի վկայությամբ էլ, պետք է գրեթե կազմալուծվեն:
-Եթե ռուսները փորձեն Հայաստանում շարունակել իրենց վերաֆորմատավորումը, իրենք էլ հանձն կառնեն գործընթացի պատասխանատվությունը: Մինչ այդ քարոզչական նախապատրաստական աշխատանքը ու բուն գործընթացը եթե հասարակության սրտով լինեն, հաղթողի դափնիները ռուսները չեն զիջի ոչ մեկին: Արևմուտքն այսօր զանգվածային գործողությունների արդյունքում իշխանափոխության ռեսուրս Հայաստանում չունի: Առայժմ չունի: Ոչիշխանական ուժերը արտաքին հարցերում տարաձայնություն իշխանության հետ գրեթե չունեն և խաղում են ռուսական դաշտում, Արևմուտքը դա շատ հստակ գիտի և պրագմատիկ լինելով` հասկանում է, որ իրեն ժամանակ է պետք: ՈՒկրաինայի տարբեր թվականների Մայդանների վրա ծախսվել է մոտ հինգ միլիարդ դոլար: Պետք է մարդկանց գտնել, ֆինանսավորել, սովորեցնել, մթնոլորտ ստեղծել: Դա հենց փափուկ ուժն է, որտեղ Արևմուտքն անգերազանցելի է: Արևմուտքն աշխատում է Հայաստանում և շոշափելի արդյունքների հասել է. քաղաքացիական հասարակության վրա լուրջ ֆինանսներ են ծախսվում, աշխատանք է տարվում երիտասարդների հետ ապագա էլիտայի թրենինգների, աշխարհն ու արևմտյան արժեքները ցույց տալու համար: Անժխտելի է, որ այսօր հասարակության որոշակի հատված բոլորովին այլ արժեքներով է ապրում, քան Կրեմլն է պատկերացնում: Ռուս տարբեր պաշտոնյաների ջղաձիգ ելույթները դա են հաստատում. իրենք հանգիստ ապրել են ու փաստի առաջ են կանգնել, որ հումանիտար-մշակութային ոլորտում Հայաստանյան էլիտայի որոշակի մասը այլ դաշտում է: Նրանք փորձում են կտրուկ լուծումներ տալ, որոնք էֆեկտիվ չեն. ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու առաջարկը ապացույց, որը մոնոէթնիկ երկրում աբսուրդ է:
-Որքա՞ն հավանական է աշնանը Հայաստանում քաղաքական ակտիվությունը, նկատի ունենալով, որ մենք ունենք Ղարաբաղի հարցը:
-Դա երկու գործոնից է կախված` ինչքա՞ն են աշխարհաքաղաքական կենտրոնները դա ուզում, իսկ այսօր, օբյեկտիվ իրողություններից ելնելով, այդպիսի կենտրոն միայն ՌԴ-ն է, Արևմուտքը նման խնդիր չի դնում և հասարակությանը դեռ չի ներկայացրել ռեալ այլընտրանք այն հարցերում, որոնք իրեն հուզում են` ռազմական և սոցիալ-տնտեսական անվտանգության ու Ղարաբաղի: Եթե Ռուսաստանին կարող ենք շատ հարցերում քննադատել, ասենք, Ադրբեջանին զենք վաճառելու համար, ԱՄՆ-ը ուղղակի է հայտարարում, որ յոթ շրջանները պետք է հանձնել, ինչը մեզ համար անհնար է:
-Լավ, ասենք, իրոք, ՌԴ-ն ունի ավելի ադեկվատ իշխանություն ձևավորելու խնդիր Հայաստանում, ումո՞վ է Սերժ Սարգսյանին փոխարինելու:
-Մեզ դուր կգա, թե ոչ, կարող է լինել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը: Հիշեք Պորոշենկոյի օրինակը: Կարծում եմ, Գագիկ Ծառուկյանն արդեն մի քանի տարի փորձում է այդ տարբերակը, որ ինքը ֆինանսավորի հայկական Մայդանը և հաջողության դեպքում կամ ինքը, կամ մեկ ուրիշը դառնա ղեկավար:
-Կարո՞ղ է որոշակի իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը մոռանա իր տարիքը:
-Տարբերակ է, բայց խիստ կասկածում եմ, որ նա ունենա ռուսների անվերապահ համաձայնությունը:
-Կարո՞ղ է ավելի պայծառ փայլել Հովիկ Աբրահամյանի աստղը:
-Այսօր Հայաստանում իշխանության գրեթե բոլոր օղակները, կարծես, այնքան էլ ադեկվատ չեն վերաբերվում ստեղծված իրավիճակին: ՈՒղղակի շահագրգռության պակաս է զգացվում: Այնպիսի տպավորություն է, որ միակ մարդը, որ գործունեություն է ծավալում և դրդապատճառ ունի, Հովիկ Աբրահամյանն է: Նա աշխատում է իր ապագայի վրա: Այն տպավորությունն է, որ նրան ասել են` քեզ գցում ենք ջուրը, կարողացար դուրս գալ, կմտածենք քո ապագայի մասին: Հիմա նա աշխատում է` ինչպես պատկերացնում է, նույն մեթոդներն է կիրառում, ինչ իր խնամին, կարկուտը խփում է` Հովիկ Աբրահամյանը, դեռ չհալված, այդ գյուղում է ու հարցնում է` ի՞նչ է պետք: Ասեք` փողը տանք: Նույնը անում էր Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ, Սերժ Սարգսյանը ստրատեգիական մեծ սխալ արեց, երբ տարեսկզբին հայտարարեց, որ քաղաքական դաշտից հեռանալու է:
-Դա կարող էր և խաբուսիկ հայտարարություն լինել, պարզելու` ով ով է:
-Խաբուսիկ հնարքը տակտիկական նպատակ կարող է ունենալ, բայց իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը սկսեց օտարել վարչական ռեսուրսի առնվազն մի հատվածը, որը չի խորանում` խաբուսիկ է, խաբուսիկ չէ, սկսում է իր համար նոր տեր որոնել: Պատահական չէ, որ նստաշրջանի ավարտին բոլորին հավաքեց Ծաղկաձորում, որ ասի` ես դեռ այստեղ եմ, որովհետև իր հայտարարությամբ հասել էր անձնական իշխանության էական թուլացմանը և ուրիշ խմբավորումների ուժեղացմանը:
-ՀՀԿ-ի ներսում Ռոբերտ Քոչարյանն ունի իր թևը, Հովիկ Աբրահամյանը` իր, Սերժ Սարգսյանը` իր: Հավանական համարո՞ւմ եք, որ Հովիկ Աբրահամյանը կարող է ջրից դուրս գալ ու ափին հանդիպել Ռոբերտ Քոչարյանին` դրոշը նրան հանձնելու: Արդեն աշնանը:
-Արտաքին քաղաքական գործոնը եթե աշխատեց, ինքն է թելադրելու իր խաղի կանոնները: Բայց այդ տարբերակն էլ չի բացառվում:
-Այս ամբողջ պատկերը կարո՞ղ է փոխվել, եթե դրվի ստատուս քվոյի վերանայման հարցը: Շարունակ շրջանառվում է, որ ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա դաշինք կա, որին հակադրվում է Ֆրանսիա-ԱՄՆ տանդեմը, ռեա՞լ է դա:
-Իհարկե, եթե ստատուս քվոյի փոփոխության հարց դրվի, էապես կազդի ներքին գործընթացների վրա: Դա միշտ է եղել, ու այդ պատճառով Հայաստանի բոլոր իշխանությունները ինչ էլ ասել են, կարծում եմ, փորձել են պահպանել ստատուս քվոն: Ցանկացած փոփոխություն ենթադրում է զիջում նաև Հայաստանի կողմից, այսօրվա ստատուսից ավելի չես կարող ունենալ: Միակ ստատուսը, որ կարող է բավարարել Հայաստանին ու չսրել իրավիճակը, եթե, օրինակ, միաժամանակ հանրաքվե արվի և դեֆակտո անկախությունը դեյուրե ճանաչվի, որից հետո միայն խոսվի դրա դիմաց ինչ-որ տարածքների շուրջ: Ադրբեջանի համար շատ ավելի դժվար է որևէ փաստաթուղթ ստորագրել, որովհետև իրենց հասարակությանը ներշնչել են, որ ծայրից ծայր իրենց հողն է, ու իրենք ցանկացած պարագայում փոխզիջում են իրենց տարածքը: Կլինեն գերտերություններ, որոնց նման փաստաթուղթ ստորագրողը այլևս պետք չի լինի և մեխանիկորեն կփոխվի:
-Հնարավո՞ր է, որ կարգավորման առանցքից դուրս գան Մադրիդյան սկզբունքները, ոչփորձագիտական մակարդակում ակնհայտ է, որ տարածքային անձեռնմխելիությունն ու ազգի ինքնորոշման իրավունքը համադրելի չեն ռեալության մեջ:
-Ոչփորձագիտական մակարդակում նաև երևում է, որ հարցը բանակցություններով չի լուծվում, կլուծվի կամ պատերազմով, կամ աշխարհաքաղաքական դասավորության փոփոխությամբ: Ասենք, եթե ռուսները հիմա հորդորում են Ադրբեջանին ԵՏՄ մտնել, ինչ-որ պահից կարող են ասել` խաղերն այլևս չեն անցնում, կամ մեզ հետ ես, կամ մեզ հետ չես: Ցանկացած հարց լուծվում է ըստ տվյալ պահի ուժերի դասավորության: Հիշեք Կոսովոյի անկախացումը, Քրդստանի անկախացման գործընթացը, 50 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ քրդերը այդքան կարող են անկախությանը մոտ լինել: Նույնը Աբխազիան, Օսիան, Ղրիմը: Եթե ուժերի հարաբերակցությունը, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի այս հավասարակշռությունը մնան, մադրիդյան սկզբունքները կմնան որպես բանակցությունների հիմք, մեկ հայերը կասեն` չենք ստորագրում, մեկ` ադրբեջանցիները: Նույնիսկ եթե վտանգ եղավ, որ երկուսով էլ ասեն ստորագրում ենք, ի հայտ կգա չստորագրման այլ պատճառ:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ հոկտեմբերին ՀՀ-ում հերթական 180 աստիճանի շրջադարձը կատարվի:
-Ես չեմ կարծում, որ սեպտեմբեր-հոկտեմբերին շրջադարձ կլինի, բայց կարծում եմ, որ ասելով «ա»-ն, նկատի ունեմ Սերժ Սարգսյանի հայտնի բողոքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շուրջ, գուցե կասվի և «բ»-ն` Արևմուտքին գուցե մեսիջ ուղարկվի, որ Հայաստանը բաց է առաջարկների համար, կոնկրետ առաջարկների, որ կարող են և այլընտրանք լինել:
-ԵՏՄ-ի դուռը չե՞նք փակի:
-Մինչև հոկտեմբեր` ոչ, հետո` նայած ինչ կասվի: Մերժումը կարող է հարուցել հասարակության լուրջ դժգոհությունը, արդեն մենթալիտետի մակարդակով` վիրավորանքի: Հասարակությունը այլընտրանք տեսնում է, թե ոչ, հիմնականում Ռուսաստանին ասում է` այո, բայց չարաշահել այդ այո-ն շատ վտանգավոր է:


Հարցազրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ