Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Ինչո՞վ ենք մենք գնում դեպի բացվող դուռը»

«Ինչո՞վ ենք մենք գնում  դեպի բացվող դուռը»
18.07.2014 | 00:55

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Օրացուցայինի հետ քաղաքական տարին ևս կիսվեց: Ձեր կարծիքով` 2014-ը ակնկալիքների ու նախադրյալների առումով ի՞նչ տարի է:
-2014-ի առաջին կիսամյակը լուրջ փոփոխությունների շրջան էր, փոփոխություններ, որոնք բավականին հուսադրող են: Կառավարության փոփոխությամբ հետճգնաժամային շրջանի ավարտ արձանագրեցինք, և հիմա սպասելիքներն ավելի շատ կապված են տնտեսական աճի, զարգացման, կենսամակարդակի էական փոփոխությունների, որոշակի բեկումների հետ:
-Սպասելիքներ կան, իսկ նախադրյալնե՞ր:
-Կարծում եմ` նախադրյալներ ևս կան: Կա հստակ պատկերացում հասարակության սպասելիքների և այն իրողության, որ ժողովրդավարական համակարգերում տնտեսական առաջադիմությունը, կենսամակարդակի փոփոխությունը էական գործոն են, ի վերջո, եթե ոչ ճգնաժամային ժամանակահատվածներում կենսամակարդակի աճ չի ապահովվում, վտանգվում է կայունությունը:
-Կառավարությունը ունի՞ այդ պատկերացումը:
-Ընդունեք, որ վարչապետի փոփոխությամբ փոխվել է նաև աշխատանքի ոճը` Հովիկ Աբրահամյանը շատ հաճախ է հանդիպում մարդկանց հետ, հասցնում է լինել «թեժ» կետերում:
-Իսկ արդյո՞ւնքը:
-Հանրային գործընթացները մի օրում չեն կարող փոխվել և արդյունք տալ: Օրվա արդյունքը պիտի լինի հարցի մեկանգամյա լուծումը, իսկ դա չի նշանակում պատճառը վերացնել, դա հետևանքի վերացում է ընդամենը: Մարդկանց հետ շփվելու, սեփական աչքով տեսնելու ու գնահատելու մոտեցումը չի կարող արդյունքներ չունենալ: Հովիկ Աբրահամյանը կաբինետային վարչապետ չէ, սա արդեն ակնհայտ է, նա անընդհատ մարդկանց հետ շփումների մեջ է: Ակնհայտ է նաև, որ խիստ պահանջներ կան կառավարության անդամների, նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների նկատմամբ, և դրանք իսկապես պահանջներ են, ոչ թե, ինչպես երբեմն ասում է վարչապետը` պարտավորություններ: Ես հավատում եմ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավատարիմ է լինելու իր սկզբունքին: Իսկ սպասելիքների խնդիրը պետք է ևս մեկ հանգամանքի հետ կապել. Եվրասիական միության ինտեգրման գործընթացների ուղեգիծը նույնպես մեզ տանելու է դեպի զարգացում, և այն հնարավորությունները, որ մեր առաջ կբացվեն ԵՏՄ մտնելու դեպքում, ճիշտ գնահատելու, ճիշտ դիրքավորվելու և ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, անպայման իրենց ազդեցությունը կունենան:
-Ի՞նչ ազդեցություններ կարող են լինել չժխտվող գնաճի հաշվառումով:
-Ժամանակն է, որ մենք ձևակերպենք ճիշտ հարցեր ու ճիշտ պատասխաններ ստանանք, մեր ուղեղում անընդհատ պտտվող գնաճի կամ գնանկման հարցադրումը շատ ուտիլիտար է և հեռանկար չխոստացող: Դա բնավ էլ արդյունավետ բանավեճ չէ, գուցե նաև մտածված քաղաքականություն է` շեղելու հանրային քննարկումը ամբողջ իրադարձությունից` սևեռվելով այդ իրադարձության առանձին մասերի վրա:
-Արդյո՞ք դա տեղեկության պակասի հետևանք չէ:
-Ավելի շատ տեղեկության աղավաղման, քան պակասի: Մեր քարոզչությունն էլ պիտի ճիշտ ուղղությամբ տարվի և, նպատակային լինելով, պիտի հասցնի դեպի նպատակակետ, այլ ոչ թե ստեղծի արհեստական տեղապտույտի տպավորություն: Ես վստահ եմ, որ մենք այսօր կարևոր առարկայական բանավեճի կարիք ունենք, մենք կանգնած ենք կիսաբաց դռան առաջ` ուղիղ և փոխաբերական իմաստներով: ՈՒղիղ իմաստով` դեռևս չստորագրված պայմանագրի, փոխաբերական իմաստով` պարզ է, որ պայմանագրի ստորագրումը դեռևս չի նշանակում դուռը բացել: Դուռը բացելու համար պիտի քո ջանքը գործադրես, քո ճիշտ քայլերն անես: Այսօր լրագրողական մակերեսային ու հպանցիկ անդրադարձերը` ալարկոտ քննարկումների տիրույթում, որ ապրանքը կէժանանա, որ ապրանքը կթանկանա կտրվածքով, պիտի տեղը զիջեն առարկայական խոսակցության և խորքային վերլուծության` իսկ ինչո՞վ ենք մենք գնում դեպի բացվող դուռը, ինչո՞վ ենք ներկայանում այդ հանրությանը, այդ շուկային, նոր հնարավորությունները պատրա՞ստ ենք իրացնելու, այնտեղ գտնելու այն նիշան, որը մերը պետք է լինի:
-Իսկ ե՞րբ ենք քննարկելու` պատրա՞ստ են մեզ ընդունել:
-Ինտեգրման գործընթացի սկզբից մինչև հիմա ժամանակը մենք օգտագործել ենք` ցույց տալու, թե գործընթացը մեզ ինչով է անհրաժեշտ, մենք պետք է կարողանանք մեկ այլ գործընթաց ևս գեներացնել, իսկ մենք իրենց ինչո՞ւ ենք պետք: Պատասխանը, որ մենք կարող ենք կամուրջ դառնալ դեպի Մերձավոր Արևելք, չի արտահայտում ամբողջ իրականությունը, մենք պիտի գտնենք այն կերպը, որով այդ ձևաչափում ներկայանալով` լինենք ցանկալի ու սպասելի, և մեր ներկայությունը լինի անհրաժեշտ:
-Ձեր կարծիքով` սեպտեմբերից մինչև հիմա ԵՄ չգնալո՞ւ պատճառներ են կուտակվել, թե՞ գնալու: Նկատի ունեմ հայ-ռուսական, հայ-ղազախական և հայ-բելառուսական հարաբերությունները:
-Եվրամիության նախահիմքը եղել է պողպատի և ածխի պայմանագիրը, որը կնքվել է 1948-ին, Գերմանիայի ու Ֆրանսիայի մի քանի հարյուրամյա առճակատումից հետո: Գործընթացն ավարտվել է 90-ականների սկզբին, և միայն այդ ժամանակ է վերջնական կերպարանք առել Եվրամիությունը: Սեպտեմբերի 3-ից մինչև այսօր անցել է 318 օր, այդ ընթացքում մենք արդեն մեր մտածողության մեջ փաստարկների ու հակափաստարկների պաշար ենք ստեղծել: ԵՏՄ-ն տնտեսական միություն է, մենք պետք է տեսնենք տնտեսական նպատակահարմարությունը, ծրագրերը, շուկաները, դա մեկ-երկու ամսվա ու անգամ տարվա խնդիր չէ: Ձեր հարցադրումը զուտ քարոզչական է, որի մղումն է ցույց տալ, որ արված քայլերը պատահական, չհիմնավորված ու անհեռանկար են: Այդպես չէ: Տնտեսական նպատակահարմարությունը ժամանակի մեջ է ստուգվում` ունենալով սփռման բավականին մեծ տիրույթ:
-Այո, բայց խնդրի լուծումն անմիջական կապ ունի տնտեսության հետ, գործարարը պիտի իմանա` ի՞նչ է անելու:
-Իհարկե, պիտի իմանան ինչ են անում: Դաշտը պիտի կարգավորվի, պիտի տեղեկացվի: Պարզ օրինակ` ՈՒկրաինա-Ռուսաստան հարաբերություններից դատելով` չե՞ք կարծում, որ տնտեսական դաշտում մեզ համար, մեր տնտեսավարողների համար նոր ուղղություններ են բացվում: Տնտեսական գործունեության նպատակը շուկա մտնելն է ու այդ շուկայում հաստատվելը: Նման օրինակները բազում են, մտածենք որտե՞ղ ու ի՞նչ շանսեր են բացվում մեր ապրանքների համար: Եղած ռեսուրսների, նոր արտադրությունների ստեղծման առումով: Բիզնեսն արագություն է սիրում: Հիմա պահը կորցնենք, շուկա կմտնեն ուրիշները:
-Լավ, ԵՏՄ մտնելը մեզ պետք է արա՞գ, թե՞ դանդաղ, ո՞ր պարագայում ենք ավելի շահեկան դիրքում լինելու:
-Տարին չբոլորած` գործընթացը ոչ արագ, ոչ դանդաղ գնահատել հնարավոր չէ: Այո, մեզ համար կարևոր է ու կարևոր է տարբեր պատճառներով, ոչ միայն տնտեսական: Ի վերջո, Հայաստանը քսան տարի ինչ էլ անում է կամ չի անում` մտքում Ղարաբաղն ունի: Սա չմոռանանք: Իսկ բոլոր այդ քննարկումները` արագ, դանդաղ, մեկ ամիս շուտ, մեկ ամիս ուշ` էական չեն, էականը գործընթացին պատրաստված լինելն ու ճիշտ ուղղությամբ տանելն է:
-Չե՞ք կարծում, որ այդ մեկ ամիս ուշ ու շուտի անընդմեջ քննարկման պատճառն իրականում ԵՏՄ անդամ երկրների պաշտոնյաներն են, որ շաբաթը մեկ իրարամերժ հայտարարություններ են անում:
-Այս ու այն հայտարարության հետևում այս ու այն շահը և պատվիրատուն կա որպես կանոն: Նախ պետք է իմունիտետ ունենալ և հասկանալ, որ սա պայքար է, իսկ որևէ պայքարում կողմերից ոչ մեկին ոչ սկզբից, ոչ ընթացքում, ոչ վերջում առավելություն մյուս կողմերը չեն տալիս, քո շահերը, քո խնդիրները դու պիտի լուծես, խեղդվողին նախ ինքը խեղդվողը պիտի փրկի:
-Իմունիտետը` իմունիտետ, բայց այսքան ակտիվ ռուսների, ղազախների, բելառուսների պարագայում բուն գործընթացի, վիճակի ու հեռանկարների մասին օբյեկտիվ տեղեկություն ունենալը ֆիկցիա չի՞ դառնում:
-Բանակցային գործընթացում նրանք շահագրգիռ կողմ չեն, կարող են լրահոսքի, կեղծ լուրերի տարածման քայլեր անել, ինչո՞ւ ոչ: Մեզ համար բանակցային գործընթացում կարևորը չվնասելն է:
-Արդյո՞ք հենց չպաշտպանվելը վնասելու չի վերածվի:
-Ղազախստանի նախագահի նամակ կարդալու պատմությունը Հայաստանում այսքան բուռն ընդունվեց, բայց առաջին աղմուկը անցնելուց հետո կարծես սկսեցինք հասկանալ, որ Նազարբաևը մեզ ոչինչ էլ չի ասել, ինչ էլ ասել է` ուրիշներին էր ուղղված: Գործընթացին պետք է վերաբերվել ավելի սառնասիրտ, հավասարակշռված ու հանգիստ: Հայաստանի իշխանությունները ավելի շուտ առաջնորդվում են այդ սկզբունքներով: Իսկ իմունիտետի բացակայությունը մեր հանրության համար նոր երևույթ չէ, ինչ-որ շարքային բաժնի վարիչի, նրա տեղակալի կամ առաջատար մասնագետի մի նախադասությունը ազգովին քննարկման նյութ ենք դարձնում: Ինքնապաշտպանական մեխանիզմը առաջինը պետք է պատասխանի` իսկ ո՞վ է ասում և ինչո՞ւ է ասում հարցին, ի՞նչ արժեք ու ի՞նչ հետևանք ունի ասվածը, հետո նոր մտածի պատասխանելու մասին: Գուցե տևական ժամանակ պետություն չունենալն է պատճառը, որ այս ռեակցիաները, գոնե բնազդի մակարդակում, մեր մեջ չկան:
-ԵԽԽՎ-ին անդամակցության 13-րդ տարում առաջին անգամ Հայաստանի պատվիրակությունը չպատասխանեց Ադրբեջանի մեղադրանքներին, որ 13 տարի շարունակ տարեկան չորս անգամ անդուլ հնչեցնում են տարբեր մակարդակներով: Երբ այս տարի խախտվեց համարժեք պատասխան տալու ավանդույթը, շոկային իրավիճակ չառաջացա՞վ Ադրբեջանի համար:
-Եվրոպացիները, որ արդեն իսկապես անգիր գիտեն` ինչ է ասվելու ու ինչ է հակադարձվելու, հաճելիորեն զարմացած էին, ադրբեջանցիների համար իսկապես անակնկալ էր, որ իրենց սովորական մարտավարությունը ձախողվեց ու հերթական լեզվակռվի հնարավորություն չտրվեց, չկարողացան միջազգային հանրության ուշադրությունը շեղել բուն Ադրբեջանում տեղի ունեցող ռեգրեսիվ գործընթացներից, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ: Թեման, իհարկե, Հայաստանում էլ շատ քննարկվեց:
-Հայաստանում էլ անսպասելի էր, որովհետև մենք էլ ենք անգիր արել` ինչ է ասվելու մեզ, ու ինչ ենք մենք պատասխանում, իսկ մենք չպատասխանեցինք:
-Քարոզչական այդ հնարքներն այնքան էլ բարձր գին չունեն, ես կողմնակից եմ ավելի խորքային աշխատանքի, վերլուծական մտքի, ոչ թե լեզվակռվի, որտեղ հաղթողներ չեն լինում: Պարզ է, որ Ադրբեջանի նախագահի ելույթը ուշադիր լսել ենք, ու բոլոր մեսիջներն ընկալվել են:
-Որևէ նորություն կա՞ր այդ մեսիջներում:
-Ալիևի խոսքի մեջ պարզ երևաց` ինչքան աննպաստ են իրենց համար ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած սկզբունքները, որ այսօր բանակցությունների հիմքում են: Ժամանակին, երբ Ադրբեջանը Կազանի գործընթացը տորպեդահարեց, հանրության համար չբացահայտվեց` ինչ ստորջրյա հոսանքներ կային գործընթացում, բայց ակնհայտ է, որ կասեցման հիմնական պատճառը ոչ ադրբեջանանպաստ լուծումներն են, որ կան սկզբունքների մեջ: Առաջին անգամ Կազանում, հետո Ստրասբուրգում Ալիևը ծավալուն անդրադարձավ այդ խնդրին: Արդեն երկար ժամանակ է` Ադրբեջանի նախագահը պայքարում է Մինսկի խմբի դեմ, աշխատում է փոխել ձևաչափը և ստատուս քվոն:
-Ալիևին իր մեղադրանքների մեջ մենակ թողնելը պահի՞ որոշում էր, թե՞ նախապես կայացված:
-Իհարկե, պահի որոշում չէր, նախապես պատվիրակությունում քննարկվել էր, քննարկվել էր արտաքին գործերի նախարարության հետ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցչության, և համատեղ եկել ենք այն եզրակացության, որ պետք է աշխատել ավելի խորքային, նուրբ ու հետևողական:
-Չե՞ք կարծում, որ վերջապես Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում դրսևորում է հաղթողի պահվածք, որովհետև անընդհատ պատասխանելով ադրբեջանցիների ստանդարտ ու ականջ սղոցող մեղադրանքներին` մենք ակամայից հայտնվել ենք արդարացողի դերում, բայց ո՞ր մեղքի համար:
-Մենք ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ենք խախտել, այլ մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքն ենք ապահովել:
-Եվրոպացիները գնահատեցի՞ն:
-Մեր գործընկերների զգալի մասը ողջունեց մեր պահվածքը, Ալիևին հարց տալու համար հիսուն պատգամավոր էր հերթագրվել, իհարկե, նաև ադրբեջանամետ, թուրքական լոբբիի պատրաստած հարցեր կային, բայց զգալի մասը սկզբունքային քաղաքական գործիչներ էին, որ ԵԽԽՎ հեղինակավոր ամբիոնն օգտագործում են լուրջ հարցադրումների համար: Շատ գնահատականներ հնչեցին նաև Ալիևի այցից հետո եվրոպական մամուլում, որ Ստրասբուրգ էր եկել բռնակալը, դիկտատորը, ավտոկրատը և այլն, և այլն:
-Բռնակալ է, բռնակալ չէ, բայց վարում է ագրեսորի քաղաքականություն, որքան էլ ասվի, թե ներքին օգտագործման համար է, թե հրադադարի ռեժիմի խախտումները, թե պատերազմի սպառնալիքները, թե ՀԱՊԿ անդամներից սպառազինություններ գնելը, «Կոլցո» օպերացիա չի՞ ստացվում` առայժմ ոչ ռազմական տարբերակով:
-Մենք շատ հաճախ օգտագործում ենք «նիրհող պատերազմ» հասկացությունը, բայց պատերազմն այնքան էլ նիրհած չէ, և մենք ականատես ենք պատերազմի շարունակության տարբեր ձևերով` տեղեկատվական, դիվանագիտական, սպառազինությունների: Այո, մեր պատերազմը չի վերջացել, և մենք պիտի ինքներս մեզ հաշիվ տանք, որ պատերազմը պատերազմ է, ու չի կարելի հաղթողի դափնիների վրա հանգստանալ: Գլոբալ իմաստով պատերազմ չի լինի, ոչ թե խնդիրը սպառազինության քանակի պակասի, ավելի, առկայության կամ բացակայության մեջ է, այլ քաղաքական կամքի ու ինքնավստահության: Հրադադարից հետո քսան տարի Ադրբեջանը պատերազմ չի սկսել ոչ այն պատճառով, որ մի քանի զենիթահրթիռային համակարգ պակասում էր, կամ մի քանի նոր տանկի էր սպասում, պատճառը քաղաքական անվստահությունն է, և այսօր էլ ոչինչ չի փոխվել: Որ պահից զգան, որ կկարողանան հաղթել, հաջորդ պահից սկսելու են պատերազմը, բայց մինչև այսօր այդ պահը չի եղել:
-Վերջերս հաճախացել են գնահատականները, որ ստատուս քվոն չի կարող անվերջ տևել, երկու տարբերակ կա` խաղաղության համաձայնագրի կնքում, կամ էլ պատերազմ: Դեպի ո՞րն ենք գնում:
-Ես կարծում եմ, որ խաղաղության մեկ օրն էլ կարևոր է, և ողջունում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը, որ խաղաղ բանակցությունների շարունակումը, թեկուզ հրադադարի խախտումներով, դիպուկահարներին հետ չքաշելով, շատ կարևոր է: Ես խորապես ցավում եմ մեր զոհված զինվորների համար ու սգակցում եմ նրանց հարազատներին, հիացմունքս եմ հայտնում նորից ու նորից այն զինվորներով, որ սահմաններում կանգնած պաշտպանում են իրենց հայրենիքի խաղաղությունը: Ես վստահ եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի որքան մեզ, նույնքան Ադրբեջանի համար:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ