Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Նմանվում ենք ոչ թե մերձբալթյան կամ Արևելյան Եվրոպայի երկրներին, այլ Միջին Ասիային»

«Նմանվում ենք ոչ թե մերձբալթյան կամ Արևելյան Եվրոպայի երկրներին, այլ Միջին Ասիային»
15.07.2014 | 17:34

Անաստաս Միկոյանի արձանի պատմությունը դարձավ տարբեր աշխարհայացքների, արժեհամակարգերի տեր անձանց կարծիքների բախման առիթ: Ինչ-որ առումով արվեցին նաև պատմությունը, խորհրդային անցյալը վերարժևորելու և վերաիմաստավորելու երկչոտ փորձեր: Ինչո՞ւ մեր երկրում խորհրդային անցյալը չի մոռացվում, այլ վերադառնում է նորովի:

irates.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը.

-Պարոն Վիրաբյան, Անաստաս Միկոյանի արձանի հետ կապված պատմությունը «ջրի երես» հանեց մի շարք իրողություններ. պարզվեց, որ մեր հասարակությունը քաջատեղյակ չէ հենց խորհրդային շրջանի պատմությանը, կա բազմաթիվ արխիվային նյութեր հրապարակայնացնելու, պատմությունը վերանայելու և վերաիմաստավորելու խնդիր:
-Պատմաբանները քաջատեղյակ են: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա նոր իրադարձություններ են տեղի ունեցել՝ Ղարաբաղի շարժում, պատերազմ, և նախորդ շրջանի իրադարձությունների նկատմամբ կորցրել է հետաքրքրությունը: Բայց դրանք հո չե՞ն ջնջվում պատմությունից, մնում են պատմության էջերում:
-Իսկ չե՞ք կարծում, որ եղել է թերացում: Հենց խորհրդային շրջանի գործիչների մասին պետք է հրապարակվեր հանրամատչելի գրականություն, որ նրանց մասին տեղեկատվությունը չմնար միայն պատմաբանների մենաշնորհը: Մենք ականատես եղանք, որ, երբ Երևանի ավագանիում քննարկվում էր Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը, նույնիսկ ավագանու անդամները ծանոթ չէին նրա կենսագրությանը:
-Ամբողջ խնդիրն այն է, որ 1988-91 թվականներին լույս ընծայվեց բավականին շատ գրականություն 30-ական թվականների բռնաճնշումների մասին: Այն ժամանակ մամուլը շատ հասանելի էր, և այդ կերպ տարածվում էր տեղեկատվությունը: Բայց եկավ քաղաքական գործիչների մի սերունդ, որն անտեղյակ էր այդ փաստերին: Դա նրանից էր, որ նրանք ընդհանրապես չէին կարդում: Կասկածում եմ, որ Երևանի ավագանու շատ անդամներ գիրք ընթերցած լինեն: Իսկ մինչև խորհրդային իշխանության փլուզումը, բնական է, որ Անաստաս Միկոյանի մասին միայն դրական խոսքեր էին ասում՝ որպես քաղաքական մեծ գործչի, որպես դիվանագետի: Ես ընդունում եմ, որ նա եղել է մեծ քաղաքական գործիչ, կարողացել է տասնամյակներ շարունակ մնալ բարձր դիրքերում և «ջրի երեսին», չխորասուզվել: Մինչդեռ իրենից ավելի տաղանդավոր մարդիկ խորասուզվեցին: Նա կարողացել է ընկալել պահը, շախմատային քայլերով ավելի հեռուն տեսնել: Դա խելքի, մեծ գործիչ լինելու նշան է:
-Դա միայն խելքի՞ց, թե՞ առաջին հերթին բարոյական ընկալումներից էր բխում:
-Խնդիրը միայն այդ անձը չէ: Ես միշտ ասել եմ, նորից եմ հիշեցնում՝ կան գործիչներ, որոնց ոսկորներին պետք է հանգիստ թողնել: Նրանք են՝ Գրիգոր Հարությունյանը, Աղասի Խանջյանը, Անաստաս Միկոյանը և նման մարդիկ, որոնք եղել են տվյալ ժամանակի «վինտիկները»: Առանց նրանց, առանց այդ օղակների չէր լինի խորհրդային պետությունը, որտեղ մարդուն, առանց դատ ու դատաստանի, կարող էին գնդակահարել, աքսորել: Առանց որևիցե հիմքի որոշում էր ընդունվում, որ որոշակի կատեգորիայի մարդկանց, օրինակ՝ կուլակներին, պետք է արտաքսել, և նրանց արտաքսում էին: Այդ ամենը եղել է ոչ միայն 30-ական թվականներին, այլև սկսած 1921 թվականից, ՉԵԿԱ-ի կոլեգիայի դատական նիստերի արձանագրություններից: Ապրիլին ներում էր շնորհվում փետրվարյան, այսպես կոչված, ավանտյուրայի մասնակիցներին: Սիմոն Վրացյանի գլխավորությամբ փետրվարին ծագեց ապստամբություն, հետո համաներում են հայտարարում, նույնիսկ ղեկավարներին են համաներում: Հետո այդ մարդկանց հավաքում ու դատում են, մի մասին՝ գնդակահարում: Իսկ այս ամենը ցույց է տալիս, որ խորհրդային պետության մեջ մարդն արժեք չուներ:
Ես ընդունում եմ, որ մենք՝ պատմաբաններս, չենք մտածել հասարակությանը տեղեկացնելու մասին, քանի որ մեր տեղեկացված լինելը շատ քիչ է: Բայց կա նաև ազգային մտածողության խնդիր: Բոլորն ուզում են, որ բոլորի անունով փողոց լինի, տարեդարձը նշվի: Ես ՀՀ վարչապետի հրամանն եմ ստացել Հովհաննես Բաղդասարյանի 100-ամյակը նշելու մասին: Եթե մենք դուրս գանք փողոց ու հարցնենք, թե ով էր Հովհաննես Բաղդասարյանը, ապա հազար մարդուց մեկը հազիվ թե հիշի նրան: Օրինակ, Դուք կարո՞ղ եք ասել, թե ով էր Հովհաննես Բաղդասարյանը:
-Ծանոթ անուն է, բայց չեմ հիշում:
- Բայց պետք է նշենք նրա հոբելյանը, որովհետև որդիները կարողանում են լոբբինգ անել: Իսկ Հովհաննես Բաղդասարյանը եղել է լրագրող, կենտկոմի երկրորդ քարտուղար, Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար, Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ: Մի քիչ էլ հումորով մարդ է եղել: Կամ՝ ես ասել եմ՝ պետք է Գրիգոր Հարությունյանին հանգիստ թողնել, որովհետև նա անցել է մի շրջանով, երբ ստիպված է եղել իր ձեռքով հազար մարդկանց ոչնչացման հրաման ստորագրել:
-Իսկ ինչո՞ւ ԽՍՀՄ փլուզումից գրեթե քառորդ դար անց էլ խորհրդային իրականությունը շարունակում է մեր երկրում կենսունակ մնալ:
-Մենք չունենք խորհրդային շրջանի պատմությունը գնահատելու հայեցակարգ: Մենք դեռ վերջնական մեր օբյեկտիվ գնահատականը չենք տվել: Ի՞նչ է ստացվում: Մենք ասում ենք, որ խորհրդային իրականությունը վատն էր, բայց նրա բոլոր ղեկավարները հանճարեղ էին. Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը, Յակով Զարուբյանը, Սուրեն Թովմասյանը, Գրիգոր Հարությունյանը, Աղասի Խանջյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, այլք: Նրանց հարյուրամյակները նշում ենք, նրանց անունով ու պատկերով նամականիշեր ենք թողարկում: Խորհրդային իշխանության տարիներին Անտոն Քոչինյանի անունով փողոց չկար, անվանակոչեցինք, Բադալ Մուրադյանի անունով փողոց չկար՝ անվանակոչեցինք, Յակով Զարուբյանի անունով փողոց չկար՝ անվանակոչեցինք, հետո առաջարկեցին Ծիծեռնակաբերդում նրա անունով անցուղի կոչել: Իսկ այդպիսի բան չի լինում, որ պետությունը վատը լինի, նրա ղեկավարները՝ լավը: Խորհրդային իշխանության տարիներին մենք ունեցել ենք հիսուն շրջան, այդ հիսուն շրջաններն ունեցել են հիսուն շրջկոմի քարտուղարներ: Մենք տեսնում ենք, որ պատերին փակցվում է ցուցանակ՝ «Այստեղ ապրել է քաղաքական գործիչ…», որը շրջկոմի քարտուղարի անուն է: Շրջկոմի քարտուղարն այդ ո՞ր օրվանից դարձավ քաղաքական գործիչ: Նրանք նույն կարգավիճակն են ունեցել, ինչ այսօրվա համայնքի ղեկավարները: Նրանք քաղաքական գործիչնե՞ր են: Ես 1991-2007 թթ. եղել եմ Երևան քաղաքի անվանափոխման հանձնաժողովի անդամ, հետո՝ նախագահ. մարդը դեռ չմահացած, նրան անունով նամակ էր գալիս, որ նրա անունով փողոց կոչվի: Կամ՝ հայտնի գրողի անունով կա փողոց, կա դպրոց, կա արձան, մեկ էլ նամակ ենք ստանում, որ Մետրոպոլիտենի մի կայարան էլ նրա անունով կոչենք:
-Բացի Հայաստանից, հետխորհրդային ո՞ր երկրներում են առկա նման երևույթները:
-Մերձբալթյան երկրներում Խորհրդային Միության հետ կապված ամեն ինչ վերացված է: Ռուսաստանում կա Լենինի անունով սովխոզ: Այդ սովխոզը մնացել է: Վրաստանում են վերացրել ամեն ինչ: Շատ բաներ պահպանվել են Միջին Ասիայում: Մենք այդ հարցում նմանվում ենք ոչ թե մերձբալթյան կամ Արևելյան Եվրոպայի երկրներին, այլ Միջին Ասիային:
-Երևանի Կասյան փողոցն էլ անվանափոխել էին Սիամանթոյի անունով, հետո նորից վերածեցին Կասյանի:
-Ամիրյան փողոցն էլ վերանվանվել էր Վռամշապուհ արքայի անունով, հետո վերականգնեցին նախկին Ամիրյանը: 1991 թ. Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը անվանակոչել էր Սիամանթոյի և Վռամշապուհ արքայի փողոցներ, հետո, երբ Վանո Սիրադեղյանը դարձավ Երևանի քաղաքապետ, վերականգնեց նախկին անունները: Թե ինչու՝ չեմ կարող ասել:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն պատմությունը վերաիմաստավորելու համար:
-Տեսեք, ես պատմության դասագրքերում ներկայացրել էի, որ անցյալ դարի 70-ական թվականներին եղել է երկրում կաշառակերություն, նկարագրել էի կոռուպցիոն երևույթները: Դրանք հանեցին դասագրքից: Ես հիշում եմ հրեաների՝ քառասուն տարի անապատում թափառելու փիլիսոփայությունը: Ստրկություն տեսած ժողովրդին պետք է փոխարինելու գա նոր սերունդը, որը ազատության մեջ է մեծացել: Խորհրդային տարիներին մեզ կապող թելերը դեռ չեն կտրվել: Այդ տարիներին դրական շատ աշխատանք է կատարվել թե՛ տնտեսության մեջ, թե՛ տարբեր բնագավառներում: Բայց այսօր մենք պետք է համարձակություն ունենանք իրականությանը նայելու: Երբ ես ասում եմ, որ չի եղել Հանրապետություն, այլ Խորհրդային Միության վարչատարածքային բաժանում, շատերը հակադրվում են, թե եղել է Հանրապետություն: Հանրապետությունը պետք է ունենա բանակ, պետք է ունենա սեփական դրամական համակարգ, պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, ներկայացված լիներ միջազգային հարաբերություններում: Այդ ամենը չկար, ինչպե՞ս կարող էր լինել Հանրապետություն:
Ես իմ ընկերներին դժվարությամբ համոզեցի, որ առայժմ չորսհատորանոց պատմության ձեռնարկի վրա աշխատելիս անդրադառնանք միայն մինչև 1990 թվականի իրադարձություններին: Մնացյալը, 1990 թվականից հետո, նոր սերունդը պետք է ուսումնասիրի: Ես զարմացել էի, որ լույս էր ընծայվել դասագիրք, որում Լևոն Տեր-Պետրոսյանի անունը չկար: Ո՞նց կարելի է ՀՀ առաջին նախագահի նկարը չդնել դասագրքում:
Ես կողմնակից եմ, որ մենք միայն անդրադառնանք մինչև 1990-ական թվականների իրադարձություններին, իսկ հետագա շրջանի պատմությանը թող անդրադառնան գալիք սերունդները:


Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 1644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ