ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Որքան ներսում անկայուն լինենք, այնքան խոցելի կլինենք դրսից»

«Որքան ներսում անկայուն լինենք,  այնքան խոցելի կլինենք դրսից»
15.07.2014 | 00:29

ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ
(էթնոհոգեբան)

-Վերջին շրջանում բավականին լարված իրավիճակ է սահմանային գծում, զոհեր են լինում, գնդակոծվում են հայկական գյուղերը։ Սրան զուգահեռ հայկական կողմը սկսել է խոսել պատերազմի վերսկսման վտանգի մասին։ Այս ամենը հոգեբանորեն ինչպե՞ս է անդրադառնում հանրության վրա։
-Խուճապի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ցանկացած խուճապ կործանում է։ Մենք միշտ պիտի նկատի ունենանք, որ պատերազմն ավարտված չէ, ընդամենը զինադադար է։ Այնպես որ, սահմանային ռեժիմի խախտման դեպքերը ցավալի օրինաչափություն են դարձել։ Ի տարբերություն Ադրբեջանի, մենք կատարվածի մասին օբյեկտիվ լրատվություն ստանում ենք, զոհերի մասին տեղեկանում ենք, ոչինչ չի թաքցվում։ Գաղտնիության շղարշ չկա, և մարդիկ ընկալում են իրականությունը ինչպես կա։ Ցավոք, մենք զոհեր ենք ունենում, բայց հստակ տեղեկություն կա, որ դրա տասնապատիկը ստանում է հակառակորդը։ Ռուսերեն լավ արտահայտություն կա. «ծՈ ՉՏռվպ, ՍՈՍ վՈ ՉՏռվպ»։ Մեր զինվորները, մարտիկները սահմանին շատ ամուր կանգնած են։ Սա ասում եմ որպես ականատես, ով եղել է սահմանային գծում ու այնտեղից ավելի ուժեղացած վերադարձել։ Չեմ կարող մասնագիտորեն գնահատել իրավիճակը, բայց ակնհայտ է, որ սահմանները և՛ ռազմական, և՛ տեխնիկական տեսանկյունից պաշտպանված են։ Այն տրամադրությունը, որով մարտիկները տոգորված են, փոխանցվում է նաև քեզ։ Այս ամրության զգացումը քեզ ստիպում է ավելի հանգիստ տուն վերադառնալ։ Հեռվից իրադրությունը կարող է շատ ավելի սարսափելի թվալ, որն էլ հենց վախի մթնոլորտ է ստեղծում։ Բայց կա հոգեբանական օրինաչափություն՝ որքան տեղեկացված ես, այնքան ավելի ներհոգեկան ուժեր են արթնանում, ու դու դիմակայում ես վախին։ Այստեղ կարևորում եմ լրատվամիջոցների դերը, որ ավելորդ լարվածություն չստեղծեն, ինչը կարող է խուճապ առաջացնել։ Մենք պետք է սահմանին կանգնած զինվորներին թիկունք դառնանք։
-Վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկացնում էին, թե սահմանային գյուղերը գնդակոծվում են, տեղի պաշտոնյաներն էլ վստահեցնում էին, թե նման իրավիճակ չկա։ Հասարակությունն ինչպե՞ս կողմնորոշվի։
-Մենք անընդհատ լրատվություն ենք ստանում, թե հատկապես Տավուշի մարզի սահմանային գյուղերը կրակի տակ են, բայց գնացեք ու այդ գյուղերում ապրող մարդկանց հետ շփվեք։ Իմաստուն ինքնապաշտպանական դիրք ունեն, հոգեբանորեն հարմարվել են այդ իրավիճակին։ Պարզապես այստեղից է այդ ամենն այդքան սարսափելի երևում։ Լրատվամիջոցներն այս հարցում պետք է լինեն ծայրահեղ զգոն և ուշադիր։ Քիչ առաջ կայքերից մեկում մի հոդված կարդացի, որի հեղինակը, հավանաբար, երբեք չի եղել սահմանային գծում, գաղափար չունի սահմանային գծի մասին։
-Տարբեր քաղաքական գործիչներ հաճախ են հիշեցնում Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի մասին։ Այս թեման հոգեբանական ի՞նչ ազդեցություն է ունենում։
-Կան փաստեր, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Չպետք է մտածել, որ ինչ-որ մեկը մեր սիրուն աչքերին սիրահարված պետք է ապրի։ Բայց այս թեման Հայաստանում ինչ-որ ուժերի ձեռնտու է շահարկել, որով ընդգծված հակառուսական տրամադրություններ են ուզում տարածել։ Հասկանալի է, որ այդ ուժերն ու նրանց ներկայացուցիչները փորձում են նեղանձնական շահերով առաջնորդվել։ Չպետք է այդ փաստի վրա հիմնվելով անընդհատ դա թմբկահարել, մարդկանց շրջանում տագնապ առաջացնել։
-Այդուհանդերձ, հանրությունը հոգեբանորեն պատրա՞ստ է պատերազմը վերսկսելուն։
-Սա լուրջ հարց է։ Երկիրն ուժեղ է ոչ միայն իր սահմաններով, այլև ներքին ապահովվածությամբ։ Գիտենք, որ մարդիկ դժգոհ են, կան փախուստի տրամադրություններ, որոնք ունեն իրական հիմք։ Որքան ներսում անկայուն լինենք, այնքան խոցելի կլինենք դրսից։ Համոզված եմ, որ մասշտաբային ռազմական գործողությունների պարագայում հայ ժողովուրդը կրկին իրար գլխի է հավաքվելու։ Ցավոք, մենք միայն կրիտիկական պահերին ենք միասնականություն ցուցաբերում։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ