Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Չարորակ նորագոյացությամբ հիվանդի ճակատագիրը կախված է այն բժշկից, ում առաջին անգամ դիմել է հիվանդը»

«Չարորակ նորագոյացությամբ հիվանդի ճակատագիրը կախված է այն բժշկից, ում  առաջին անգամ  դիմել է հիվանդը»
15.07.2014 | 00:18

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաբան, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր ՀԱՅՐԱՊԵՏ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

Գիտության և բժշկության զարգացմանը զուգահեռ, տարեցտարի քաղցկեղով հիվանդացողների թիվը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ցավոք, գնալով ավելանում է: Այսպես, եթե 1995 թվականին 100 000 բնակչի հաշվով հանրապետությունում գրանցվել է 125 դեպք, 2009-ին` 190, ապա 2013-ին այդ թիվն ավելի քան 240 է:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, վերջին երեք տարում չարորակ նորագոյացություններից (քաղցկեղ) մահացության ցուցանիշը հանրապետության չափահաս բնակչության շրջանում կազմել է մոտ 20 տոկոս: Ընդ որում, ամենաբարձր ցուցանիշը Երևանում, Շիրակում և Լոռիում է, ամենացածրը` Գեղարքունիքում:
Վիճակագրական տվյալների համաձայն` հանրապետությունում տղամարդկանց մեջ գերակշռում են թոքերի, շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մեջ` կրծքագեղձի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` 2020 թվականին աշխարհում կարձանագրվեն 20 միլիոն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի շուրջ 10 միլիոն:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2011 թ. հաստատել է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի, վաղ հայտնաբերման, կանխարգելման ծրագրերն ու միջոցառումների իրականացման ցանկերը:

-Որո՞նք են չարորակ ուռուցքների կամ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները, պարոն Գալստյան:

-Ցավոք, դեռևս չի հաջողվել գտնել քաղցկեղի առաջացման եզակի պատճառ: Չարորակ ուռուցքների զարգացումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնք կարող են լինել էնդոգեն (օրգանիզմի ներսում առաջացող) և էկզոգեն (արտաքին միջավայրի ներգործությամբ): Դրանք քիմիական նյութերն են (քլոր, բենզոլ, ֆենոլ, նիկոտին), վիրուսները, ճառագայթահարումը, մասնագիտական քաղցկեղածին ազդակները, սննդի առանձնահատկությունները (բարձր կալորիայով սննդակարգը, սննդի մեջ բջջանյութի ցածր քանակությունը, ալկոհոլը), ճարպակալումը, սակավաշարժ կենսակերպը, վերարտադրողական, ժառանգական և բազմաթիվ այլ գործոններ: Վստահորեն կարելի է ասել, որ չարորակ ուռուցքների 90-95 տոկոսն առաջանում է շրջակա միջավայրի ազդեցության պատճառով: Տեսականորեն այդ պատճառների 80 տոկոսը հնարավոր է կանխել, քանի որ կանցերոգենների մեծ մասը ներազդում և հյուսվածքներում (մանրադիտակով երևացող) նախաքաղցկեղային փոփոխություններ է առաջացնում 10-20 տարում: Քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառ (40 տոկոս) կարող են լինել նաև պարբերաբար կրկնվող սթրեսները, դեպրեսիաները, ծխախոտի չարաշահումը (23,4 տոկոս` տղամարդկանց, 15,6 տոկոս` կանանց մոտ), մրգերի, բանջարեղենի, կաթնամթերքի օգտագործման պակասը (35 տոկոս), ավելորդ քաշը (10-15 տոկոս), ալկոհոլի չարաշահումը (35 տոկոս), ինչպես նաև ինֆեկցիոն և գենետիկ հիվանդությունները (20 տոկոս):
-Նախնական փուլում հիվանդությունն ինչպե՞ս է արտահայտվում, կամ օրգանիզմն ի՞նչ ձևով է «ահազանգում» և զգացնում դրա առկայության մասին:
-Քաղցկեղի նախնական փուլն ընթանում է առանց ցավի, սակայն անհարմարության և թուլության տհաճ զգացումով: ՈՒռուցքից արտադրվող (քայքայող) նյութերի հետևանքով արագորեն նվազում է հիվանդի քաշը, փոփոխվում է մաշկի, մազերի գույնը: Սկիզբ է առնում նաև սակավարյունություն, որն ուղեկցվում է հիվանդագին վիճակով ու մշտական հոգնածությամբ: Վտանգավոր այդ բոլոր ախտանշանների դեմ օրգանիզմի իմունային համակարգը պայքարում է պարբերաբար արտահայտվող բարձր ջերմությամբ: Նշված ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի և հետազոտվել` կանխելու հիվանդության հետագա զարգացումը:
-Հնարավո՞ր է նշված հիվանդությունն ավելի վաղ հայտնաբերել կամ ախտորոշել:
-Իհարկե: Նշված հիվանդությունը (երբ դեռևս նախանշաններ չկան) ավելի վաղ հայտնաբերելու համար տարին մեկ անգամ պարտադիր պետք է դիմել ախտորոշիչ (ֆլյուորոգրաֆիկ, մամոգրաֆիկ, սոնոգրաֆիկ, գաստրոսկոպիկ) հետազոտությունների` հայտնաբերելու թոքերում, կրծքագեղձերում, կանացի օրգաններում և աղեստամոքսային տրակտում թաքնված ուռուցքը: Սակայն մեզ մոտ սոցիալական մշակույթը, ցավոք, դեռևս ցածր աստիճանի վրա է, ինչի պատճառով վերոնշյալ պրոֆիլակտիկ հետազոտությունները ժամանակին չեն կատարվում: Բժշկին դիմում են միայն այն դեպքում, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում:
-Տարիքային հատկապես ո՞ր խմբերն են առավել խոցելի նշված հիվանդության հանդեպ:
-Նախկինում քաղցկեղը համարվել է տարեցների հիվանդություն, սակայն վերջին երկու տասնամյակում այն հաճախակի սկսել է «այցելել» ինչպես երիտասարդ, այնպես էլ միջին տարիքի անձանց:
-Զարգացման քանի՞ փուլ ունի քաղցկեղը կամ ի՞նչ ձևով է ընթանում:
-Զարգանում է հիմնականում չորս փուլով: Առաջինում, կամ սկզբնական փուլում, ուռուցքը հյուսվածքի մեջ է կամ տվյալ օրգանի շրջանակներում, երկրորդում` դեռևս իր պատյանի մեջ: Երրորդում ուռուցքը դուրս է գալիս պատյանից և ներթափանցում շրջակա հյուսվածքներ` հաճախակի ախտահարելով նաև մերձակա ավշային հանգույցները: Չորրորդում, արյան և ավշային հանգույցների միջոցով, ուռուցքը սկսում է տարածվել հարակից օրգաններ և հյուսվածքներ:
Առաջին և երկրորդ փուլերում բուժումը հիմնականում իրականացվում է արմատական վիրահատության արդյունավետ մեթոդով: Հիվանդության երրորդ փուլում, որը բժշկին ուշ դիմելու, հիվանդության գաղտնի ընթացքի, բարձիթողության, մասամբ էլ սխալ ախտորոշման հետևանք է, կատարվում է համալիր բուժում, որի ժամանակ կիրառվում են ինչպես վիրահատական, դեղորայքային, այնպես էլ ճառագայթային մեթոդներ:
Չորրորդ փուլում, ուռուցքի հայտնաբերումից հետո, կատարվում են հիմնականում դեղորայքային բուժումներ, որոնք նպատակաուղղված են հիվանդի ինքնազգացողության լավացմանն ու կյանքի տևողության ավելացմանը:
-Ո՞ր գործոններն են հիմնականում նպաստում կանանց մոտ կրծքագեղձի ու արգանդի քաղցկեղի առաջացմանը: Տարեկան ստուգումներից բացի, ի՞նչ կարելի է անել այն կանխարգելելու համար:
-Կանանց օրգանների քաղցկեղի առաջացմանը նպաստում են դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրները, անպտղությունը, վիժումները, հորմոնալ փոփոխությունները, նյութափոխանակության խանգարումները (ճարպակալում, շաքարախտ), հղիության հաճախակի կամ վաղաժամ ընդհատումները (աբորտ), ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը (այսինքն, եթե մայրը կամ տատը ունեցել են այդ հիվանդությունը, ապա հնարավոր է, որ աղջկա մոտ այն նույնպես առաջանա): Կանանց օրգանների քաղցկեղը ժամանակին բացահայտելու և այն կանխարգելելու միակ ճիշտ տարբերակը տարին մեկ անգամ գինեկոլոգին այցելելն ու ուլտրաձայնային սարքավորման միջոցով հետազոտվելն է: Տարիքի հետ պետք է հետազոտվել կես տարին մեկ հաճախությամբ: Պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում անցնել նաև բջջաբանական հետազոտություն, որն արգանդի վզիկի խոցի հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից է և կօգնի կանխել չարորակ նորագոյացությունների առաջացումը:
-Կրծքագեղծի քաղցկեղն ինչի՞ հետևանք է: Այն միայն կանանց մո՞տ է ախտորոշվում:
-Չնայած գիտնականները վերջերս պարզել են, որ կրծքագեղծի քաղցկեղի առաջացման և սթրեսի միջև ուղիղ կապ կա, սակայն այդ հիվանդության առաջացմանը կարող են նպաստել նաև սխալ սննդակարգը, հղիության հաճախակի ընդհատումները, նեղ կրծկալները, հորմոնալ փոփոխությունները, մի խոսքով, այն ամենը, ինչը նորմալ և առողջ ապրելակերպից դուրս է: Ասեմ, որ կրծքագեղձի քաղցկեղը բնորոշ է նաև տղամարդկանց, քանի որ նույնիսկ ամենավտիտ տղամարդկանց մերձպտուկային հյուսվածքները պարունակում են պոտենցիալ քաղցկեղածին անոթներ: ԱՀԿ տվյալներով, յուրաքանչյուր տարի կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում շուրջ 1500 տղամարդու մոտ, նրանցից 500-ը դառնում է այդ չարիքի զոհը` անկախ մկանային հյուսվածքի կամ ճարպաշերտի հաստությունից:
-Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացումը հատկապես ինչի՞ հետ եք կապում:
-Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հիմնականում աղեստամոքսային տրակտի երկարատև հիվանդությունների հետևանք է, որը հայտնաբերվում է սոնոգրաֆիկ եղանակով: Շատ հաճախ հիվանդությունն արտահայտվում է մաշկի դեղնությամբ (ուռուցքի ճնշում- սեղմումից լեղուղիներից լեղին տարածվում է ամբողջ մարմնում) և մեջքի աջ շրջանում ի հայտ եկող բութ ցավերով: Ժամանակին հայտնաբերելու դեպքում այն հնարավոր է բուժել վիրահատական միջամտությանբ` հեռացնելով գեղձի ախտահարված պոչուկը կամ գլխիկը: Վիրահատությունից հետո, հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար, ենթաստամոքսային գեղձի հեռացված մասում կատարվում է ճառագայթային բուժում և քիմիաբուժություն` արյունաներարկման միջոցով: Հինգ տարվա վերահսկումից հետո, եթե հիվանդությունը չի կրկնվում, հիվանդը համարվում է բուժված:
-Ինչքանո՞վ է հավաստի, որ վիրահատության ժամանակ քաղցկեղածին բջիջները կարող են ներթափանցել արյան մեջ և նպաստել քաղցկեղի տարածմանը օրգանիզմում:
-Դա թյուր կարծիք է, որը բազմիցս հերքվել է մեր ոլորտի բժիշկների կողմից: Մեր բոլոր վիրաբույժները ծայրագույն ճշգրտությամբ և հմտությամբ են աշխատում և ուռուցքներն ու քաղցկեղածին գոյացությունները հեռացնում են առանց հիվանդությունը տարածելու: Նշեմ, որ քաղցկեղի մասին այսօր տարածված ոչ հավաստի լուրերն այնքան շատ են, որ դրանց պատճառով երբեմն խեղաթյուրվում են այդ հիվանդության մասին եղած հավաստի գիտելիքներն ու փաստերը: Ավելի լավ է ընթերցել քաղցկեղի մասին մասնագիտական գրականություն և անհրաժեշտության դեպքում իրազեկել շրջապատին: Պետք չէ սարսափել նաև վիրաբուժական միջամտությունից, որը կարող է փրկել հիվանդի կյանքը:
-Պարոն Գալստյան, ուռուցքաբանության ազգային կենտրոնում քաղցկեղի բուժման համար ինչպիսի՞ տեխնոլոգիաներ, մեթոդներ և սարքավորումներ են կիրառվում այսօր և որքա՞ն են դրանք արդյունավետ։
-Վերջին երեք տարում կենտրոնը հագեցվել, կահավորվել է ամենաժամանակակից սարքավորումներով` համակարգչային տոմոգրաֆիա, շարժական ռենտգեն, մամոգրաֆիայի և ուլտրաձայնային սարքավորումներ, տարբեր օրգանների (ստամոքս, միզապարկ, կանանց օրգաններ) հետազոտման համար կիրառվող էնդոսկոպներ, ինչպես նաև ռադիոիզոտոպային հետազոտական լաբորատորիա և АСПЕКТР տեսախցիկ: Ճառագայթային բուժման համար ճառագայթային թերապիայի բաժանմունքում ունենք հեռահար ճառագայթային բուժման (ТЕРАГАМ) սարքավորում և էլեկտրոնների շվեդական (Electa) գծային արագացուցիչներ: Շնորհիվ դրա, այսօր հիվանդների բուժումն իրականացվում է եվրոպական չափանիշներին համահունչ: Վերջերս կենտրոնը համալրվեց նաև շվեդական «Էրիքսոն» ընկերության արտադրության չարորակ ուռուցքների ճառագայթային բուժման նորագույն սարքավորմամբ: Նախկիններից տարբերվող (1,5 մլն եվրո արժողությամբ) սարքի առավելությունն այն է, որ պահպանելով առողջ հյուսվածքները, ճառագայթային խուրձը նպատակայնորեն ուղղվում է հիվանդ օջախի վրա:
Այսօր կենտրոնում կիրառվում է գերարդյունավետ «Տարգետ» դեղորայքային թերապիան, որը սովորական քիմիաբուժությունից տարբերվում է նրանով, որ «հարվածում» է միայն քաղցկեղային ուռուցքին` չվնասելով շրջակա առողջ հյուսվածքները: Այդ բավականին թանկարժեք դեղամիջոցը, որը կիրառվում է զարգացած երկրներում, Հայաստանում դեռևս ոչ բոլորին է մատչելի:
Կենտրոնում մշակված նոր մեթոդների շրջանակներում այսօր հաջողությամբ կատարվում են ավելի բարդ և կոմբինացված (համակցված) վիրահատություններ որոնք ապահովում են բարձր արդյունավետություն: Այդ վիրահատությունների մեջ են մտնում կերակրափողի, ստամոքսի, միզապարկի, ոսկրերի արհեստական ձևավորումները: Այսինքն, եթե ստամոքս ենք հեռացնում, ապա արհեստական ստամոքս ստեղծում-տեղակայում ենք բարակ աղիի գալարից, ոսկրեր ենք հեռացնում` դնում ենք էնդոպրոթեզներ:
Նշեմ, որ վերջին տարիներին ձեռք ենք բերել գործնականում առավել կիրառելի մեծ թվով ախտորոշիչ բուժական սարքեր և փորձում ենք դրանց միջոցով հայտնաբերել զարգացման սկզբնական փուլում գտնվող ուռուցքները: Այսօր առաջին փուլի չարորակ ուռուցքների հայտնաբերումը հանրապետությունում հասել է 17 տոկոսի, որը զգալի ձեռքբերում է կենտրոնի համար:
-Հսկողության տակ գտնվող քանի՞ հիվանդ կա կենտրոնում։
-Կենտրոնի դիսպանսեր (հիվանդությունը կանխող, բուժող) համաբուժարանի (կլինիկա) ուժերով ներկայումս վերահսկվում են ավելի քան 36 հազար հիվանդներ, նրանցից 11 հազարը բուժման կուրսն արդեն ավարտել է` անցնելով հինգ տարվա համար սահմանված ռիսկային գոտին: Նշված մարդիկ, լինելով արդեն առողջ, աշխատում և ապրում են լիարժեք կյանքով:
-Քաղցկեղի առաջացման դեպքում ժառանգական գործոնը կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:
-Իհարկե: Կրծքագեղծի, ստամոքսի, հաստ և ուղիղ աղիների քաղցկեղային գենն այն հազվադեպ տարատեսակներից է, որը կարող է փոխանցվել ժառանգաբար: Այսինքն, եթե մարդը ծնողներից ժառանգել է տվյալ գենը, ապա քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան նմանատիպ գեն չունեցողի դեպքում: Չնայած դրան, անհանգստանալու կարիք չկա, եթե տվյալ անձի մերձավորը հիվանդացել է քաղցկեղով, դա դեռևս չի նշանակում, որ նա նույնպես կհիվանդանա:
-Վախը, սթրեսը կամ ինքնաներշնչումը կարո՞ղ են ավելի խորացնել-արագացնել օրգանիզմում արդեն առկա հիվանդության ընթացքը:
-Ինչ խոսք, կարող են: 1988-ի աղետալի երկրաշարժից 4-5 տարի հետո քաղցկեղ ունեցողների թիվը համեմատաբար ավելացավ: Դա նաև ապացույց էր այն բանի, թե ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ սթրեսի գործոնը: Այս պարագայում բժշկի դերը, առաջարկվող բուժմանը զուգահեռ, հիվանդին վստահություն ներշնչելն է, ով արդեն գիտակցաբար կակտիվացնի-կկենտրոնացնի իր ուժերը: Սա բուժման առաջին նախապայմանն է այդ լուրջ խնդիրների համատեղ վերացման ճանապարհին:
-Քաղցկեղի կանխարգելման ուղղությամբ ուռուցքաբանության ազգային կենտրոնում ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվում:
-Այդ ուղղությամբ կենտրոնում իրականացվում են հիմնականում կլինիկական, բուժական և ախտորոշիչ աշխատանքներ: Զուգահեռաբար, ընդհանուր բուժցանցի, առողջության պահպանման առաջին օղակի և ընտանեկան բժիշկների համար անցկացվում են մեթոդական ուսուցումներ: Կենտրոնի ուժերով մշակվել և հրատարակվել է նաև «Նախաուռուցքային և ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշում» մեթոդական ուղեցույցը: Վերջինիս մեջ զետեղվել է ՀՀ-ում քաղցկեղի աշխարհագրությունը, նշվել յուրաքանչյուր բնակավայրում, տարիքային տարբեր խմբերում հայտնաբերված քաղցկեղի տարատեսակներն ու ցուցանիշները: ՈՒղեցույցում տրվել է նաև հիվանդության վաղ հայտնաբերման վերաբերյալ կատարվելիք հետազոտությունների պարբերականությունը: Ասեմ, որ քաղցկեղի կանխարգելման գործում մեծ է ընտանեկան բժշկի դերը, ով ընտանիքի անդամների հետ երկարատև փոխհարաբերությունների ընթացքում, ժառանգական հիվանդություններից բացի, տեղյակ է նաև նրանց կենցաղին, աշխատանքի առանձնահատկություններին, վնասակար սովորույթներին և այլն: Ավելի հաճախ շփվելով իր հիվանդների հետ, ընտանեկան բժիշկը կարող է նրանց մոտ առաջինը հայտնաբերել քաղցկեղ հիվանդության սկզբնական` հազիվ նկատելի ախտանշանները:
-Խնդրում եմ ներկայացնեք քաղցկեղի կանխարգելման և բուժման համար կենտրոնում սահմանված գները:
-Քաղցկեղի բուժման գները կենտրոնում տատանվում են 45 հազարից 600 հազար դրամի սահմաններում: Վիրահատական բուժման նվազագույն գինը 104 000 դրամ է, ախտորոշմանը` 45 000 դրամ: Արդեն երկրորդ տարին է, ինչ կենտրոնում քիմիաթերապիան անցկացվում է պետպատվերի շրջանակներում` համավճարի սկզբունքով:
Երեխաների վիրահատության դեպքում գործում է նույն գնային սանդղակը, բացառությամբ մինչև 7 տարեկաններինը, որոնք բուժումը ստանում են պետպատվերի շրջանակներում, իսկ քիմիաբուժությունը` անվճար: Այդ գները փակցված են ինչպես հաշվապահության, այնպես էլ բոլոր առանձնասենյակների դռների կողքին` հիվանդներին տեղյակ պահելու նպատակով:
-Ձեր սրտի խոսքը կամ խորհուրդը մեր ընթերցողներին, ի՞նչ կմաղթեք նրանց:
-Առաջին հերթին առողջություն, վստահություն, ուժ ու եռանդ, որոնք ամենակարևոր նախապայմաններն են ապրելու և գործելու համար: Բոլորին մաղթում եմ նաև, որ հավատով լցվեն Հայաստանի բժշկության և առողջապահության հանդեպ, գնահատեն և վստահեն մեր բժիշկներին, ովքեր, ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի ձևերը տարեցտարի կատարելագործելուց բացի, կարող են իրականություն դարձնել նաև ամենաանհավանական թվացող բուժման մեթոդները:
Միաժամանակ, խորհուրդ եմ տալիս տարին մեկ դիմել բժշկի, հետազոտվել, ինչը կօգնի ավելի վաղ հայտնաբերելու չարորակ ուռուցքներն ու կանխելու դրանց հետագա զարգացումն օրգանիզմում:
«Չարորակ նորագոյացությամբ հիվանդի ճակատագիրը կախված է այն բժշկից, ում առաջին անգամ դիմել է հիվանդը». սա հայտնի արտահայտություն է, որը ճշգրտորեն արտացոլում է ընդհանուր պրոֆիլի բժշկի դերը ուռուցքային հիվանդությունների ժամանակին ախտորոշման և հետագա համարժեք բուժման ընտրության հարցերում:

Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 18109

Մեկնաբանություններ