Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Ի՞նչ է, Ղարաբաղը Հայաստանի մի մա՞սն է, մի մա՞րզը»

«Ի՞նչ է, Ղարաբաղը Հայաստանի մի մա՞սն է, մի մա՞րզը»
04.07.2014 | 00:20

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

(ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ)

-Վերջին շրջանում հաճախակի են դարձել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Ղարաբաղ, ինչը, վերլուծաբանների համոզմամբ, պայմանավորված է Մաքսային միությանը Հայաստանի մոտալուտ անդամակցությամբ: Ձեր տեսակետը։
-Որևէ տարօրինակ բան չկա այցելությունների մեջ, վերջին հինգ-վեց տարում Հայաստանի պատվիրակություններն անընդհատ այցելում են Ղարաբաղ: Սա ընդունելի գործելաոճ է դարձել և որևէ ձևով պայմանավորված չէ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ կամ այլ քաղաքական հարցով: Եթե Ղարաբաղ են գալիս ԿԳ նախարարության կամ գլխավոր դատախազության պատվիրակությունները, դրանք ի՞նչ կապ կարող են ունենալ Մաքսային միության հետ: Այդ այցելությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Մի փնտրեք դրանցում արտաքին քաղաքական ենթատեքստ:
-Վերջերս Ղարաբաղում էին նաև ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը: Նրանք, այդուամենայնիվ, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք են:
-Վարչապետի այցելությունը զուտ տնտեսական էր: Նոր վարչապետ է, չէ՞, առաջին այցն էր այդ պաշտոնում, որը շատ կարևոր էր: Նա անձամբ էր ցանկանում ծանոթանալ բոլոր այն պայմանավորվածություններին, որ կան, շարունակել դրանք և փոխգործակցության նոր ուղղություններ ուրվագծել: ԱԺ խոսնակի պարագայում էլ առաջին պաշտոնական այցն էր, որի նպատակը երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկումն էր: Այս ամենում արտառոց ոչինչ չկա, պետք է հետևել դրանց առանց ավելորդ զեղումների:
-Ակտիվացել է նաև միջազգային հանրության ուշադրությունը Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ: Տարատեսակ մեկնաբանություններ են անում և՛ ռուս, և՛ ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները: Այս հարցում է՞լ արտառոց ոչինչ չկա:
-Տարածաշրջանը շատ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն ունի, մանավանդ հիմա, երբ նոր զարգացումներ են տեղի ունենում: Վրաստանն անդամակցում է ԵՄ ասոցացման պայմանագրին, և բնական է, այս իրավիճակում հատուկ կարևորություն է ստանում Հարավային Կովկասի այս մասը` հայկական պետությունները և հայկական գործոնը: Հաշվի պիտի առնել նաև Իրաքում տեղի ունեցող գործընթացները, քրդական պետության դեֆակտո կազմավորումը և այլն: Այս համատեքստում հայկական գործոնի դերը նախկինի համեմատ մեծացել է: Մենք պատրաստ ենք բոլորի հետ հարաբերություններ հաստատելու` նպաստելով մեր պետության անվտանգության բարձրացմանը և զարգացման նոր աստիճանի խթանմանը:
-Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը միանշանակ չի ընդունվում Հայաստանում, դժգոհություններ կան նաև Ղարաբաղում: Ձեզ համար տեսանելի՞ է անհամաձայնության այդ «ալիքը»:
-Այդպիսի դժգոհություններ չկան Ղարաբաղում: Հայաստանում, այո, կան նման շրջանակներ, բայց դա մասսայական չէ: Որևէ մեկը հանրության շրջանում հարցումներ չի անցկացրել, որ պարզի, թե իրավիճակն ինչպիսին է: Արցախում նման տրամադրվածություն չկա, ուղղակի կան մարդիկ, որոնք անընդհատ իրենց մասին հիշեցնելու համար են խոսում, ոչ թե մտահոգված են բուն խնդրով: Հասարակությունը նրանց մոռանում է, պետք է թեմաներ գտնել, քննադատել, որ ցույց տան, թե իրենք կան: Որևէ լուրջ մտահոգություն չկա, մանավանդ որ այդ անդամակցությունը բացասաբար չի ազդելու մեր պետականության, մեր շահերի վրա: ՈՒրեմն ինչո՞ւ պիտի դժգոհենք:
-Այն հայտարարությունը, որ Հայաստանը Եվրասիական միություն է մտնելու առանց Ղարաբաղի, ինչպե՞ս ընկալվեց Արցախում:
-Ի՞նչ է, Ղարաբաղը Հայաստանի մի մա՞սն է, մի մա՞րզը: Հայաստանն այդ միության մեջ պետք է մտնի իր սահմաններով: Բա ինչո՞ւ որոշ մարդիկ այդպիսի զգացմունքներով ու հռետորությամբ չէին խոսում, երբ Հայաստանն անդամակցում էր, ասենք, Առևտրի միջազգային կազմակերպությանը: Այստեղ ես տեսնում եմ հատուկ վերաբերմունք, որը հայկական չէ: Չհասկանալով կամ իրենց անձնական շահերից դրդված՝ այս գիծը ոմանք առաջ են տանում: Ես դեմ եմ, որ մի առանձին դրվագ են վերցնում ու դրա շուրջ կառուցում ողջ քաղաքականությունը: Նման դիրքերից խոսողները թող Ղարաբաղի առնչությամբ ողջ քաղաքականությունը դիտարկեն, լինեն ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ, այլ հայամետ: Այս ամենում չեմ տեսնում նորմալ բանավեճ, որը կբխի մեր շահերից: Խոսում են այլ ուժային կենտրոնների թելադրանքով:
-Վերջին շրջանում կրկին մեծացել է լարվածությունը սահմանային գծում: Պաշտոնյաները պնդում են, թե նման լարվածություն միշտ եղել է: Դուք համակարծի՞ք եք:
-Այո, այդ լարվածությունը միշտ էլ կա: Երբ մարդասպանին, տականքին Ադրբեջանը հերոսացնում է, ի՞նչ է, դա լարվածություն չէ՞ր: Այն ժամանակ ռազմաքաղաքական լարվածությունն ավելի մեծ էր: Այսինքն, Ադրբեջանը գնալով ավելի դեստրուկտիվ` ոչ կառուցողական է դառնում: Սա առաջին հերթին միջազգային հանրության մեղքն է, քանի որ ամեն ինչի վրա աչք են փակում: Մենք պիտի աշխատենք այս ուղղությամբ, ոչ թե ինչ-որ թեմաների շուրջ անիմաստ բանավեճ ծավալենք: Ցավալի է, որ մենք, կարևորը թողած, ընկնում ենք ինչ-ինչ երկրորդական թեմաների հետևից, և ինչ-որ կենտրոններից ուղղորդված մարդիկ սկսում են այդ ամենի մասին մեկնաբանություններ անել:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ