Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Երաժշտության մասին իր չիմացությունը բացեիբաց խոստովանող երգահանը ի՞նչ եղանակով, ո՞ւմ աջակցությամբ է ութ երգերը հնչյունավորել»

«Երաժշտության մասին իր չիմացությունը բացեիբաց խոստովանող երգահանը ի՞նչ եղանակով, ո՞ւմ աջակցությամբ է  ութ երգերը հնչյունավորել»
01.07.2014 | 12:13

«Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ», «Պետք չէ, սիրելիս, պետք չէ», «Մի գնա, մի գնա», «Դու նորից ես գալիս». այս ութ երգերի հեղինակային իրավունքը ավելի քան չորս տարի է` վիճարկում են 82-ամյա դուդուկահար, կլառնետահար, սաքսոֆոնահար, բանաստեղծ-երաժիշտ ՍԵԴՐԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ և երգահան ՀԱՍՄԻԿ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

-Ի՞նչ ապացույցներ ունեք, որ Դուք եք այդ երգերի հեղինակը:- Այս հարցով սկսեցինք մեր զրույցը բանաստեղծ-երաժիշտ Սեդրակ Հովհաննիսյանի հետ:
- Ես այդ երգերի միայն երաժշտության հեղինակն եմ,- ասաց Սեդրակ Հովհաննիսյանը, իսկ խոսքերինը Հասմիկ Մանասերյանն է: Նշված բոլոր ութ երգերի խոսքերը դեռևս 1964 թվականին ձայնասկավառակով ինձ հանձնեց իմ ծանոթ օպերատորներից մեկը: Դիմելով ինձ` որպես երգահանի և երաժշտախմբի ղեկավարի, նա ասաց, որ հորինողը համալսարանի բանասիրական ֆակուլտետի մի ուսանողուհի է, ով խնդրել է (արժանի համարելու դեպքում) մեղեդիներ ստեղծել դրանց համար: Տեքստերն ինձ դուր եկան, և կարդալուց հետո որոշեցի դրանք դարձնել երգեր:
Տեքստերի երաժշտականացման վրա աշխատեցի մոտ ինն ամիս, շատ տեղերում փոխելով նաև դրանց բառերը` երգերի հնչողությանը հարմարեցնելու նպատակով: Հենց առաջին կատարումներից, որոնք իմ երաժշտախմբի մեներգիչ Ռազմիկ Գրիգորյանի հետ սկսեցինք 1965 թվականի սկզբին, այդ երգերը ժողովրդի համար դարձան հոգեհարազատ ու սիրելի, իսկ համընդհանուր ճանաչումից հետո` տվյալ ժամանակվա հիթեր:
Ձայնագրվել-տարածվելուց հետո դրանք մեծ պահանջարկ ունեին և հնչում էին ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրանից դուրս:
-Ի՞նչն առիթ հանդիսացավ այդ երգերի հեղինակային իրավունքի վերաբերյալ ձեր երկուստեք վեճին:
-Հանրային հեռուստաեթերում 2010 թվականին պատահաբար դիտեցի «Երգ երգոց» հաղորդումը, որի ժամանակ վերոնշյալ երգերի մեղեդիները նույնպես վերագրվեցին Հասմիկ Մանասերյանին: Առաջին պահին զարմանքի այնպիսի զգացողություն ունեցա, որ կարծես պատահաբար ասեին, թե` գիտե՞ս, քո հարազատ զավակները քեզնից չեն սերվել, նրանք ուրիշինն են:
Հաղորդման երկրորդ օրն իսկ, իմ 50 տարվա վաղեմության երգերի տետրով, դրանց առաջին ձայնագրություններով և իմ ստեղծագործությունների ժողովածուներով ներկայացա «Հեղինակային իրավունքի հայ հեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանին:
Տեսնելով այդ իրեղեն ապացույցները և համոզվելով, որ այդ երգերի միայն բառերն են Հասմիկ Մանասերյանինը, նա հարցրեց, թե ինչու ժամանակին չեմ գրանցել նշված երգերի երաժշտության հեղինակային իրավունքը, որպեսզի այսօր նմանօրինակ փակուղու առջև չհայտնվեմ: Պատասխանեցի, որ երգերի մեղեդիներն ստեղծելիս մտքովս երբեք չի անցել, թե դրանք կարող է մեկ ուրիշը գողանալ և գրանցել իր անունով, մանավանդ 1960-ականներին, երբ նույնիսկ օրենքը չէր պարտադրում, որ հեղինակն իր ստեղծագործությունները պարտադիր կերպով իր անունով գրանցի:
Դրանից հետո Ս. Ներսիսյանը խորհուրդ տվեց գնալ Մանասերյանի մոտ և միասին պարզել իրողությունը:
- Ի՞նչ ասաց Հասմիկ Մանասերյանը այդ ամենը իմանալուց հետո:
-Հասմիկ Մանասերյանը, լսելով ինձ և տեսնելով իմ իրեղեն ապացույցները, առաջին պահին կարծես համրացավ` չկարողանալով մի բառ անգամ արտաբերել:
Խոսակցությանը ներկա էր նաև Մանասերյանի որդին: Վերջինս, հետս տարած մագնիտոֆոնի վրա մինչև վերջ լսելով այդ երգերն առաջին անգամ կատարող Ռազմիկ Գրիգորյանի ձայնագրությունները, խնդրեց, որ դրանք վերաձայնագրեմ և մի օրինակ էլ իրեն տամ: Ես, իհարկե, տեղում կատարեցի որդու խնդրանքը` նրան հանձնելով նշված երգերի վերաձայնագրված տարբերակը:
-Ի՞նչ հունով ընթացավ հետագայում Ձեր բանավեճը:
-Երկրորդ հանդիպման ժամանակ (2010 թվականին էր) ես տիկին Մանասերյանին առաջարկեցի գնալ «Հայ հեղինակ» կազմակերպություն և հայտնել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և որ ինքն այդ երգերի միայն խոսքերի հեղինակն է, իսկ երաժշտությունն իմն է` Սեդրակ Հովհաննիսյանինս: Ես նրան խոստացա բավարարվել այդքանով` պահպանելով բացարձակ լռություն, գաղտնիություն` իրեն թողնելով անցած այդ տարիների ողջ փառքը, պատիվը, շքանշանները, հոնորարները:
Սակայն այդ անգամ նա ընդունեց անմարդկային և անշնորհակալ կեցվածք` հայտարարելով, որ ինքն է այդ երգերի երաժշտության հեղինակը, իսկ ես «զրպարտիչ եմ» և «խելքս գցած»:
-Ձեր հեղինակային իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար դիմե՞լ եք դատարան կամ ԶԼՄ-ներին:
-Իհարկե: Այս ամենից հետո միայն` 2012 թվականին: Դատարանը, սակայն, խեղաթյուրելով գործում եղած փաստերը, կայացրեց անհիմն որոշում: Ընթացքում հաշվի չառնվեցին վկաներ Ռազմիկ Գրիգորյանի, Սամվել Մուրադյանի, Անատոլի Կուտեպովի գրավոր հայտարարությունները: Ավելին, Սամվել Մուրադյանի ցուցմունքը համարվեց անարժանահավատ, իսկ երգերի առաջին կատարող Ռ. Գրիգորյանինը թողնվեց ուշադրությունից դուրս:
Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կայացրած վճիռներից հետո, սակայն, ես չեմ հուսահատվել և պատրաստվում եմ դիմելու նաև Եվրադատարան` իմ մասնագիտական պատիվը վերականգնելու և ապացուցելու, որ գործը միմիայն բացահայտ գրագողություն է: Դիմելու եմ նաև ՀՀ մշակույթի նախարարություն, կոմպոզիտորների միություն` պահանջելու համապատասխան հանձնաժողով, որպեսզի երաժիշտ փորձագետները վերջնականապես պարզեն, թե ով է այդ երգերի մեղեդիների իրական հեղինակը:
Մանասերյանը, ում ես գրագողության մեջ մեղադրել եմ, բացարձակ չի պաշտպանվել, չի արդարացել, ոչ մի հերքումով հանդես չի եկել: Չի ներկայացել նաև այդ առիթով հետագայում կազմակերպված «Էպիկենտրոն», «Դիպված» «Արմնյուզ», «Երևանն է խոսում» հեռուստաեթերով ցուցադրվող հաղորդումներից որևէ մեկին: Չի ներկայացել անգամ իր դեմ կայացած դատական որևէ նիստի:
Ինձ համար անհասկանալի, անբացատրելի է 73-ամյա այդ տիկնոջ նման անբնական պահվածքը: Լսվա՞ծ բան է` ճանաչում ունեցող ստեղծագործողին հրապարակայնորեն մեղադրեն ուրիշի ստեղծագործության նկատմամբ ոտնձգության և գրագողության մեջ, իսկ նա հերքումով հանդես գալու, ընդվզելու փոխարեն վիրավորանքը լռելյայն կուլ տա ու չպաշտպանվի:
-Քանի՞ երգ եք գրել ստեղծագործական Ձեր ողջ կյանքում և ինչքա՞ն եք տեղյակ Հ. Մանասերյանի հետագա գործունեությանը։
-Ստեղծագործել եմ 1950-ականներից` Մոսկվայի կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտության տեսության բաժնում ուսանելու տարիներից դեռ շատ առաջ: Ստեղծագործական շուրջ 65 տարիների ընթացքում գրել եմ ավելի քան յոթ տասնյակ երգեր և հպարտությամբ կարող եմ ասել, որ դրանք, մեծ մասամբ, մինչ օրս ժողովրդականություն են վայելում: ՈՒնեմ նաև տարբեր տարիների տպագրված բանաստեղծությունների վեց ժողովածու:
Հասմիկ Մանասերյանը, ով իմ անտեղյակությունից և անիմացությունից օգտվելով (դեռևս 1969 թվականին) խաբեությամբ տիրացել է իմ ութ երգերի նաև երաժշտության հեղինակային իրավունքին, հետագա տարիներին այլևս երգեր չի գրել: Նա մեկընդմիշտ լռել է ինչպես մեծանուն գրող Ստեֆան Ցվայգի «Մի գիշերվա հանճար» նովելի հերոսը: Տեղին է հիշել նաև ռուսական առածը. «Այդ ինչպե՞ս եղավ, ծաղիկն աչքերը բացեց ու մեռա՞վ»:
Այնինչ, իմ կարծիքով, բնատուր շնորհքով և ռիթմի զգացումով օժտված մարդը, ով իր ապրումներն ու հույզերը ձգտում է արտահայտել բանաստեղծաբար, այդ ակունքները տարիների բովով, առավել զուլալեցնելով, կտանի մինչև կյանքի մայրամուտ:
Զավեշտալի է նաև այն, որ Հասմիկ Մանասերյանը, 1960-ականներին թերթերում տպագրված բազում հակասական փաստերով ու պատմություններով իր հոդվածներում, որոնք նաև հենց իր դեմ են, նշել է, որ «երաժշտության մասին ամենատարրական պատկերացում անգամ չունի», «չի նվագում երաժշտական որևէ գործիքի վրա, չգիտի որևէ նոտա, չի կարողանում երգել, չունի ձայնային և երաժշտական տվյալներ»:
Երաժշտության մասին իր չիմացությունը բացեիբաց խոստովանող երգահանը, թե ինչ ձև ու եղանակով, ո՞ւմ աջակցությամբ է այդ ութ երգերը հնչյունավորել, նոտագրել, դրանք փոխանցել երգիչներին և նվագակցողներին, այդ մասին նույնպես ոչինչ չի ասում, ոչ մեկին չի վկայակոչում. թողնում է ընթերցողի երևակայությանն ու ենթադրությանը:

Հարցազրույցի ավարտին երգահանին խնդրեցի նվագել այդ ութ երգերի մեղեդիներից որևէ մեկը: Չմերժեց: Նվագածը շուրջ հինգ տասնամյակի սերնդի համար հոգեհարազատ դարձած «Մթնշաղ է իջել» թախծանուշ երգի մեղեդին էր, որը դուդուկի կատարմամբ առաջին անգամ էի լսում:
Հնչելով մեկ անմիջական-անկեղծ աղերսի, մեկ սիրո հուզումնալից աղոթքի պես, դուդուկով կատարվող «Մթնշաղի» մեղեդին, այնուամենայնիվ, ուրիշ շունչ ու երանգ ուներ: Այն ասես արթնացնում, բացահայտում էր միանգամայն նոր թվացող զգացումներ, նոր ապրումներ և հույզեր, որոնց գոյությանն անտեղյակ էի մինչ այդ:
«Ես որևէ հարցում` ստեղծագործական, ընկերական և ընտանեկան, երբեք չեմ կեղծել, չեմ խաբել, սուտ չեմ խոսել, իսկ ամենակարևորը` չեմ գողացել», - հրաժեշտի պահին ասաց իր ստեղծած արվեստով հպարտ 82-ամյա երգահանը: «Աստված վերևից տեսնում է ամեն մեկի արարքը: Նրա աղորիքը աղում է դանդաղ, բայց հաստատ»:
Ես այցելեցի նաև գործով վկաներ Սամվել Մուրադյանին և Ռազմիկ Գրիգորյանին` լսելու նաև նրանց կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
-Սեդրակի հետ աշխատել եմ (ավելի շուտ նա իմ օգնությանը դիմել է) «Ծաղիկներ, ծաղիկներ» երգի բառերի փոփոխման ժամանակ, ինչը մեղեդուն հարմարեցնելու նպատակով էր,- ասաց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
-Երգը, որը սկսվում էր «Ծփում է Սևանը» բառերով, նաև կրկներգի անհրաժեշտություն ուներ: Այն գտնել-ստեղծելու նպատակով արևածագից առաջ ուղևորվեցինք Սևան: Լճի կղզուն հարող այն ժամանակվա քարքարոտ տեղանքով անցնելիս պատահաբար գտանք բաց կապտավուն, թափանցիկ թերթերով ծաղիկներ: Ամայի քարափի վրա և նոր ծագող արևի տակ այդ ծաղիկները թվում էին անիրական, աննյութական` ստեղծված կարծես լճի օդից ու ջրից:
«Անքննելի է բնությունը,- յուրովի փիլիսոփայեց Սեդրակը:- Այսպիսի արևածագ և այսքան քնքուշ ծաղիկներ չեմ տեսել երբեք և այն տեսնելու համար միայն արժեր աշխարհ գալ»:
Այդ ծաղիկների տպավորության ներշնչանքով էլ հետագայում ծնվեց «Ծաղիկներ, ծաղիկներ» կրկներգը` լրացնելով, ավարտուն դարձնելով «Ծփում է Սևանը» բառերով սկսվող երգատեքստը,- պատմեց Ս. Մուրադյանը:
-Այդ ութ երգերը ներկայացնելուց առաջ Սեդրակի հետ (մոտ մեկուկես ամիս) փորձեր էինք անում` կրկին ու կրկին ուղղելով բառերն ու մեղեդիները, որ իրար համահունչ լինեն: Հիշում եմ, առաջին կատարումներից հետո («Կռունկ» ռեստորանում էր), քանի-քանի մարդ մոտեցավ և խնդրեց այդ երգերի ձայնագրությունները: Չէի ուզում տալ, բայց Սեդրակն իր յուրահատուկ անհոգությամբ պնդեց, թե` տուր,- պատմեց Ռազմիկ Գրիգորյանը: Ապա վերհիշեց,- Սեդրակի երգերի և նվագի կենդանի հնչողությամբ կատարումները լսելու համար «Կռունկ» էին գալիս Պարույր Սևակը, Համո Սահյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ռազմիկ Դավոյանը: Հատկապես Սևակը, ով երգը պատվիրելուց հետո, իր սովորության համաձայն, խիտ գանգուրներով գլուխն առնում էր ափերի մեջ ու դառնում համակ լսողություն: Սեդրակն իր (հոգեհարազատ, հոգեցունց) երգ ու նվագով զարդարել է նաև երջանկահիշատակ Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի հարսանիքը, Գոհար Գասպարյանի ծննդյան տարեդարձերի արարողությունները:

Ես ինտերնետային կայքում գտա «Կենտրոն» հեռուստաընկերության «Բազում սիրված երգերի հեղինակ` Հասմիկ Մանասերյանին» նվիրված հաղորդումը, որում անդրադարձ եղավ նաև վիճահարույց ութ երգերին:
«Ինչպե՞ս ապացուցել ճշմարտությունը»,- հարցրեց հաղորդավարուհին: «Վկաներ չունեմ, սակայն այդ երգերը ես եմ գրել և այդ տարիներին գրանցել, ժողովուրդն արդեն 40-50 տարի գիտի, որ դրանք իմ երգերն են, դա նորություն չէ, դա հաստատում է նաև հեղինակային կոմիտեն, որտեղ ես գրանցել եմ տվել այդ երգերը», - պատասխանեց Հասմիկ Մանասերյանը:
«Սպիտակ մազերով 80 տարեկան մարդ է, քնեց, քնեց, նոր հիշեց, որ իր երգերն են: ՈՒզում է փառք և գումար վերցնի», - Սեդրակ Հովհաննիսյանի մասին խոսակցության ժամանակ ասաց նա:


Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ
Հ. Գ.- Հաղորդումը դիտելուց հետո ես այլևս չուզեցի անհանգստացնել գործին առնչվող որևէ մեկին: Ցանկացա անեղծ թողնել վերոնշյալ հանդիպումներից ստացած, խորհել տվող իմ տպավորությունները և զրույցի (Ս. Հ.-ի հետ) վերջին պահին առօրյայից դուրս բերող բերկրալի այն զգացումը, ինչը մենք հազվադեպ ենք ունենում կյանքում:

Դիտվել է՝ 3137

Մեկնաբանություններ