Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Այնպես չէ, որ նախկին կառավարությունն իր ղեկավարով թերացել է»

«Այնպես չէ, որ նախկին կառավարությունն  իր ղեկավարով թերացել է»
24.06.2014 | 00:50

Ներքաղաքական խնդիրների գունապնակը հասարակական-քաղաքական շրջանակներին ժամանակ չի թողնում առավել մեծ ուշադրություն սևեռելու մեկնարկած սահմանադրական փոփոխությունների վրա: Նախորդ փոփոխություններից գրեթե տասը տարի է անցել, և վերստին իշխանությունը խնդիրներ է տեսնում մայր օրենքում: «Երկրի սոցիալ-տնտեսական անբարենպաստ իրավիճակում ճի՞շտ ժամանակ է ընտրված սահմանադրական բարեփոխումների համար»,- «Իրատես de facto»-ն այս հարցն ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ:

-Անցած 10 տարում իրավական պետության և նոր քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին անհրաժեշտություն է առաջացել իշխանությունների տարբեր թևերի տարանջատման, զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ապահովման և հղկման,- ասաց պարոն Մկրտչյանը։- Հետևաբար անհրաժեշտ է նշված խնդիրներին տալ սահմանադրական կարգավորում, որը հասարակությանը կբարձրացնի որակական նոր հարթություն:
Բացի դրանից, այսօր գործող Սահմանադրությունը, որն իր ձևով կիսանախագահական է, չի տալիս մի քանի կարևոր հարցերի պատասխան: Մասնավորապես, եթե երկրի նախագահը և պառլամենտական մեծամասնությունը նույն քաղաքական թիմից չեն, ապա հարց է առաջանում, թե ով իրավունք ունի հանդես գալու ժողովրդի անունից: Գործող Սահմանադրությունը այս հարցին պատասխան չի տալիս, և նման իրավիճակում առաջանում է քաղաքական ճգնաժամ (հիշենք Վրաստանի օրինակը): Հետևաբար, կառավարության ձևավորման և բնականոն գործունեության խնդիրը դրվում է հարցականի տակ: Գործող Սահմանադրությամբ կարգավորված չեն նաև զսպումների և հակակշիռների ապահովման մեխանիզմները: Մասնավորապես, ԱԺ-ն, լինելով ժողովրդի կողմից ընտրված օրենսդիր մարմին, գրեթե վերահսկողություն չունի կառավարության գործունեության նկատմամբ: Ըստ էության, Սահմանադրությամբ կարգավորված չէ հանրապետության նախագահ-Ազգային ժողով, հանրապետության նախագահ-կառավարություն, Ազգային ժողով-կառավարություն փոխհարաբերություններում սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի լուծման հստակ սահմանադրաիրավական կարգը:
Պառլամենտական կառավարման նոր համակարգը ենթադրում է առաջնային մանդատով օժտված մեկ մարմին` ԱԺ-ն, որն էլ ընտրում է կառավարության գլուխ վարչապետ և երկրի նախագահ: Վարչապետը ձևավորում է կառավարություն և պատասխանատու է միայն ԱԺ-ի առջև: Իսկ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը և իրականացնում է հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրում, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն:
-Տեսակետ կա, որ մենք անհատական, ոչ թե կոլեկտիվ մտածողություն ունեցող ազգ ենք, ուստի կառավարման այսօրվա մոդելն ամենաճիշտն է: Այս առումով եթե հանրաքվեն դրական արդյունք արձանագրի, խնդիրներ չե՞ն առաջանա:
-Ամենևին, ինչպես այսօր, այնպես էլ նոր Սահմանադրությամբ, կառավարությունը կոլեգիալ մարմին է, որոշումներն ընդունում է կոլեգիալ կարգով, և դրանից երկրի կառավարումն ամենևին չի տուժում: Ինչ վերաբերում է կոլեկտիվ մտածողությանը, եթե կարողանայինք հասարակության մեջ այն արմատավորել, ապա ազգովին կշահեինք: Միշտ էլ հավաքական որոշման արդյունքում հաղթանակներ են գրանցվել:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում առկա օրենքնե՞րն են վատը, որ իրավիճակը չի շտկվում, թե՞ օրենքը պարզապես չի գործում:
-Իրավական երկիր դառնալու համար օրենքները պիտի կիրառվեն ամբողջ խստությամբ: Օրենքները, անկախ բնույթից, չպետք է մնան թղթի վրա, այլ պետք է կյանքի կոչվեն և կիրառվեն: Եթե օրենքներում թերություններ կան, դրանք կարելի է շատ արագ շտկել: Այո, մենք ունենք թերություններ օրենքները կյանքի կոչելու առումով և հաճախակի փորձում ենք դրանք շրջանցել: Չնայած իրավիճակի շտկումը կախված է քաղաքացիական համերաշխությունից: Օրինակ, վերջերս ընդունվեց «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը առևտրի ոլորտում գործող կազմակերպությունների համար սահմանված 3,5 տոկոս շրջանառության հարկը պակասեցրեց, դարձնելով 1 տոկոս, սակայն խորհրդարանում ընդդիմադիրներն անհիմն բոյկոտեցին այն: Այսինքն, բացակայում է համագործակցությունը: Իմ խորին համոզմամբ՝ երկրում արդար, քաղաքացիական հասարակություն ունենալը պայմանավորված է քաղաքական սուբյեկտների կամքով:
-Անվստահության մթնոլորտի հաղթահարման համար որտեղի՞ց պիտի սկսել:
-Լուծումները միանշանակ չեն: Վստահությունը պիտի վերականգնվի, բայց ի՞նչ մեթոդով: Ազնիվ աշխատելով: Այսօր պետական ծառայողը, պատգամավորը` լինի ընդդիմություն, թե իշխանություն, իրենց մղումներում ազնիվ պիտի լինեն, առկա հնարավորությունները ճիշտ ներկայացնեն: Բյուջեն պիտի լինի անձեռնմխելի, այնտեղից մեկ դրամի կորուստը հանցագործություն պիտի համարվի: Եթե հասարակ քաղաքացին տեսնում է, որ իր և իր ընկեր-գործատուների վճարած հարկերով բյուջե է ձևավորվել, որը բծախնդրորեն ծախսվում է պետության կարիքների համար, ինքը կհավատա չինովնիկի խոսքին:
-Նոր կառավարությունը խոստացավ ապահովել մրցակցային հավասար պայմաններ, ստվերը կրճատել: Հավատա՞լ հերթական խոստումներին:
-Այսօր ոչիշխանական քառյակը շատ է շահարկում նախկին կառավարության և նրա ղեկավարի գործունեությունը` մոռանալով, որ նոր կառավարության գրեթե կեսը նույնն կադրերն են, իսկ կառավարության ծրագիրն էլ, մեծ հաշվով, նույնն է: Մարտավարական հարցերում որոշակի փոփոխություններ կան, գործելաոճի խնդիր է, բայց ռազմավարության առումով գրեթե նույն ծրագիրն է: Այնպես չէ, որ նախկին կառավարությունն իր ղեկավարով թերացել է, իսկ նորն էլ լիովին փոխել է հնի վարքագիծը: Մեր հնարավորությունները չեն փոխվել, մոտ ապագայում էլ էապես չեն փոխվի: Պիտի սովորենք համեստ բյուջեի պայմաններում մեր տնտեսությունը կարգավորել: Ինչ վերաբերում ստվերին, վարչապետը հանդիպեց գործարարների հետ և ասաց, որ սկսում ենք մաքուր էջ բացել պետություն-գործարար հարաբերություններում, հակառակ դեպքում կլինեն կոշտ քայլեր: Պիտի փաստել, որ նախորդ կառավարությունը նույնպես ձեռնարկում էր համապատասխան քայլեր: Այլ բան է, թե դրա արդյունքում ինչ ունեցանք, թե ստվերը որքան կրճատվեց: Կանցնի որոշ ժամանակ, կտեսնենք՝ որքան կրճատվեց ստվերը: Ես ուզում եմ հավատալ, որ դրական արդյունք կունենանք:
-Նախորդ կառավարությունը շրջանառության մեջ դրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը, նորը որոշակի ճշգրտումներ արեց: Օրենքին դեմ քաղաքացիներին կբավարարե՞ն վերջինիս շտկումները:
-Շատ կարևոր բաղադրիչ կա. «պարտադիրը» տարածվում է միայն պետական ծառայողների վրա, այսինքն, մասնավոր սեկտորը դուրս եկավ այս օրենքից: Քանի որ պետծառայողների աշխատավարձը հուլիսից էականորեն բարձրացվելու է, հետևաբար փոխհատուցումը ապահովված է և հինգ տոկոս սոցվճարը չի ծանրանում աշխատավորի վրա:
-Խնդիրը ոչ թե տոկոսներն են կամ օրենքի վատ կամ լավ լինելը, այլ այն, որ ճիշտ ժամանակ չի ընտրված: Նախ՝ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը պետք է բարելավել, նոր անցնել նման փոփոխությունների:
-Մասնավոր սեկտորը դուրս եկավ այս փուլում, իսկ պետական ծառայողների համար աշխատավարձը բարձրացնում են: Այնպես որ, այս օրենքը համարում եմ առաջընթաց ապահովող քայլ:
-Որպես ԱԺ-ում նորեկ, հետաքրքիր է Ձեր տեսակետն արտահերթ նիստում ծագած խնդրի առնչությամբ: Ընդդիմադիրները բողոքում էին, որ չքննարկված հարցեր են ընդգրկվել օրակարգում: Բախվե՞լ եք այնպիսի դեպքի, որ հանձնաժողովներում «չմարսված» օրենքները օրակարգ են մտնում:
-Այս մեկուկես ամսվա դիտարկումներում նման խնդիր չեմ տեսել: Իսկ արտահերթ նիստում կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ կառավարության համար հրատապ համարվող օրենքն այլ ռեժիմով է ներկայացվում խորհրդարանին: Այստեղ օրենքի ոչ մի խախտում չկա: Մեր ընդդիմադիրները դժգոհելու պատեհ առիթ են ման գալիս: Այս կարճ ժամանակահատվածում արդեն նկատել եմ, որ քառյակում փայլուն մասնագետներ կան ու լրջագույն ներդրում ունեն օրենսդրական աշխատանքում, բայց հենց լիագումար նիստի են գալիս, լիովին փոխվում են, փորձում են հասարակությանը դուր գալ:
-Այս արտահերթում հերթական անգամ մեծամասնությունը կանգնեց պատգամավորներին «բերման ենթարկելու» խնդրի առաջ: Ի՞նչ եք կարծում, պատգամավորներին զանգո՞վ պիտի նիստի կանչել։
-Երբ որևէ անձ պաշտոն է ստանձնում, դա ծառայություն է ժողովրդին: Ամեն մարդ, այո, իր ծառայությունը պետք է բարեխղճորեն կատարի: Այդպես չէ, որ մեծամասնությանը զանգերով են նիստի հրավիրում: Վերջին դեպքին անդրադառնալով, երբ քվորում չկար, պիտի ասենք, որ քառյակը նիստի աշխատանքը բոյկոտեց: Փոքրիկ հնարք կիրառեց, բայց ընդամենը քսան րոպե հետո մեծամասնությունը քվորում ապահովեց:

Հարցազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ