Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Իղձերի մայրաքաղաքը» Վենետիկի 14-րդ Ճարտարապետական բիենալեում

«Իղձերի մայրաքաղաքը» Վենետիկի 14-րդ Ճարտարապետական բիենալեում
22.06.2014 | 12:21

Վենետիկի 14-րդ բիենալեն մեկնարկել է հունիսի 7-ին և տևելու է մինչև նոյեմբերի 23-ը: Հայկական տաղավարը տեղակայված է Պալացո Զենոբիոյում՝ նախկին Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տարածքում:

Բիենալեի համադրող, արվեստաբան Ռուբեն Արևշատյանը irates.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հոկտեմբերին հայկական տաղավարը անցկացնելու է նաև միջազգային գիտաժողով՝ նվիրված խորհրդային ուշ մոդեռնիստական ճարտարապետությանը, որը տեղի է ունենալու Վենետիկի բիենալեի գլխավոր ցուցահանդեսային տարածքում՝ Արսենալեում: Այս տարի, որպես հայկական տաղավարի հանձնակատար, հանդես է եկել Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ համադրողներն են Ռուբեն Արևշատյանը և ավստրիացի Գեորգ Շյոելհամերը: Նրանք համագործակցում են արդեն տասնհինգ տարի, իրականացրել են բազմաթիվ միջազգային նախագծեր: 2004 թվականից էլ հայ և ավստրիացի համադրողներն աշխատում են «Տեղային արդիություններ» նախագծի վրա, որն ուսումնասիրում է խորհրդային, ինչպես նաև՝ Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ուշ մոդեռնիստական ճարտարապետությունը: Երկու տարի առաջ Վիեննայի ճարտարապետական թանգարանում բացված «Սովետական մոդեռնիզմ» ցուցահանդեսը հիմնված էր այդ հետազոտության վրա: Իսկ անցյալ տարի Ստամբուլում Ռուբեն Արևշատյանն ու Գեորգ Շյոելհամերը համադրել են «Հատվող արդիություններ» ցուցահանդեսը, որն այս տարվա սեպտեմբերին կներկայացվի Սան Պաուլոյի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեում:
Վենետիկի բիենալեում հիմնականում ներկայացվել է քսաներորդ դարի հայկական ճարտարապետությունը:
«Ցուցահանդեսը բավականին ծավալուն է, այն ներկայացնում է 1924 թվականից սկսած ճարտարապետությունը, որը սկսվում է Ալեքսանդր Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծից և ավարտվում Երևանի քաղաքապետարանի նոր շենքով, որը նախագծվել է դեռևս խորհրդային իշխանության տարիներին, բայց շինարարական աշխատանքները ավարտին են հասել վերջին տարիներին: Մենք ցուցադրությունը չենք բաժանել ժամանակագրական սկզբունքով: Ցուցահանդեսն ուներ ներքին բաժանումներ, որոնք ենթարկվում էին 20-րդ դարի Հայաստանի մշակութային գիտակցության մեջ գործող տարբեր արդիությունների վերաբերյալ ընկալումների տրամաբանությանը: Մենք ցուցահանդեսը բաժանել ենք երեք հիմնական մասի: Մի մասը, այսպես կոչված, թամանյանական դպրոցն է, որը հիմնել է Ա. Թամանյանը և որն ուներ բազմաթիվ հետևորդներ: Այդ հետևորդները չէին տեղավորվում ժամանակային սահմանների մեջ: Թամանյանական դպրոցի շարունակությունն իր արտահայտությունն է գտնում բազմաթիվ ճարտարապետների ստեղծագործություններում ընդհուպ մինչև 20-րդ դարի ավարտը: Այդ դպրոցը հիմնված լինելով կլասիցիստական սկզբունքների վրա, ուներ արդիության իր պատկերացումները: Ցուցադրությունը կոչվում էր «Իղձերի մայրաքաղաք», այսինքն՝ ճարտարապետներն ինչպես են պրոյեկտում իրենց իղձերը քաղաքային լանդշաֆտի վրա: Հաջորդը դիամետրալ տարբեր արդիության մոդալություն ներկայացնող դպրոց էր, այսպես կոչված կոնստրուկտիվիստների խումբը, որոնք ճարատարապետության մեջ ամբողջությամբ կենտրոնացած էին սոցիալական ասպեկտի վրա: Նրանք կառուցում են նոր սոցիալական հասարակությունը, և ճարտարապետությունը այդ հասարակությունը ձևավորող կարևորագույն գործոն էր: Թամանյանական դպրոցի և կոնստրուկտիվիստների դպրոցի միջև կային շատ լուրջ բախումներ, հակադրություններ, և այդ հակադրություններն ամփոփվում են, երբ գալիս է ստալինիզմը, ու այդ երկու դպրոցները ձուլվում են ստալինյան ամբողջատիրական ճարտարապետական ոճի մեջ: Որպես արդիության երրորդ ձև մենք ընտրել էինք 60-ականների ընթացքում ձևավորված երկրորդ «նոր ազգային» ոճը, որտեղ պետք է նշել Ռաֆայել Իսրայելյանի, Ստեփան Քյուրքչյանի, բազմաթիվ այլ ճարտարապետների անուններ: Այդ դպրոցի ազդեցությունը շատ ուժեղ էր, հակադրվում էր խորհրդային համընդհանրական տիպականացված մոտեցումներին և առաջարկում էր նոր ազգային ոճ, որը տալով բազմաթիվ գլուխգործոցներ, միևնույն ժամանակ ձևավորեց բավականին բարդ և հակասական մթնոլորտ Հայաստանի ճարտարապետական միջավայրում: Թե՛ Հայաստանի պատմությունը, թե՛ Հայաստանի ճարտարապետությունը, թե՛ հասարակությունն ամբողջությամբ բացարձակ միատարր չէին: Լինելով բազմատարր, բազմաբևեռ արդիությունների մասին իրենց ընկալումների մեջ, ճարտարապետները ունեին լուրջ բախումներ տեսակետների առումով, որը ենթադրում էր բվականին լարված դիսկուրսի առակայություն, և այդ դիսկուրսի մեջ էլ ձևավորվում էր քաղաքը: Մենք փորձեցինք ներկայացնել այդ դիսկուրսի տարբեր թևերը, որոնք առաջ էին քաշում քաղաքի իրենց տեսլականները»,- նշեց մեր զրուցակիցը:
Հայկական տաղավարի առաջին այցելուներից են եղել «Դոկումենտա»-ի տնօրեն, գլխավոր համադրող Ռոգեր Բյուրգելը, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի համադրող Սաբին Բրայթվիզերը, ժամանակակից արվեստի համադրողներ, քննադատներ: Նախկին խորհրդային երկրներից այս տարի Վենետիկի բիենալեին, Հայաստանից բացի, մասնակցել են նաև Ռուսաստանը, ՈՒկրաինան, մերձբալթյան երկրներից Լատվիան և Էստոնիան:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ