«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Սարդարապատը համաթուրանական ծրագրի իրականացման խոչընդոտ հանդիսացավ, Սարդարապատում հիմք դրվեց հայոց պետականությանը»

«Սարդարապատը համաթուրանական ծրագրի  իրականացման խոչընդոտ հանդիսացավ,  Սարդարապատում հիմք դրվեց հայոց պետականությանը»
13.06.2014 | 12:10

Այս տարի մայիսի վերջին օրերն առանձնահատուկ տոնական էին Սարդարապատում։ Զրուցակիցս Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆՆ է։ Վերոնշյալից բացի, կար մեկ ուշագրավ առիթ ևս. լույս է ընծայվել աննախադեպ մի գիրք՝ «1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում» ուշագրավ վերնագրով։

«ԱՅՍ ԳԻՐՔԸ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՆԱԽԵՐԳԱՆՔ Է»


-Բազմաբովանդակ են անելիքները հուշահամալիրում և թանգարանում, և գրքի ծնունդը, որն անակնկալ էր շատերիս համար։
-Երբ աշխատանքի անցա թանգարանում, պարզվեց, որ դեռ 80-ականներից աշխատակիցները հավաքել և մշակել են ճակատամարտի մասնակիցների հուշագրերը, որոնք սրբությամբ են պահպանվում մեր պահոցներում։ Հուշագրությունը տեսնելով՝ ծանոթացա և անմիջապես էլ միտք հղացա՝ դրանք հրատարակել առանձին գրքով։ ՈՒսումնասիրության ընթացքում այլ մտահղացումներ ի հայտ եկան՝ հուշագրությունների հրատարակումներ, մասնավորապես Մորելի հուշերը, Շնեուրի հուշերը (դրանք ամբողջական դեռևս հրատարակված չեն), որոնք ներկայացնում են Առաջին աշխարհամարտը։ Ցանկություն կա վերահրատարակելու գեներալ Նազարբեկյանի նամակները, որոնք անհրաժեշտ է ռուսերենից կրկին, ավելի որակյալ թարգմանել հայերենի։ Այսինքն, այս գիրքը յուրօրինակ նախերգանքն է, ապագայում, հույս ունեմ, լայնածավալ գործունեություն կծավալենք։
-Գրքի յուրօրինակությունն ըստ Ձեզ։
-Գիտեք, մի բան է ընթերցել պատմական նշանավոր անցքի շուրջ պատմագիտական աշխատությունը, մի այլ բան է անմիջական մասնակիցների պատմածը, ասես նրանց աչքով ես հեռու հեռվից դեպքերն ու իրողությունները տեսնում, զգում ես դրանք յուրովի։ Այնուամենայնիվ, կարիք կա մայիսյան հերոսամարտերը և առաջին հանրապետության պատմությունը շարադրելու ուղղությամբ գիտականորեն, առավել համակողմանի մոտեցում ցուցաբերելու։ Այսինքն, դեռ բավականաչափ պետք է աշխատենք։ Ցավոք, ժամանակը բաց թողնվեց երրորդ հանրապետության հիմնադրման տարիներին, երբ ազգային գաղափարախոսությունը, եթե հիշում եք, համարվում էր կեղծ կատեգորիա։ Այժմ ժամանակն է անաչառ և հանգամանալից անդրադառնալու մեր պատմության այդ բարդ, երբեմն հակասական, սակայն, անկասկած, հերոսական էջին։
-Սարդարապատում ակամա ներառվում ես պատմական հուշապատումների շրջանագծում։ Սարդարապատը կարծես նաև ուղեցույց է։
-Անվերապահորեն, քանզի 1915-1918 թվականների մարտահրավերները կարող են աշխարհ գալ։ Եվ այսօր մեզ համար չափազանց կարևոր են ազգակերտիչ ծրագրերը։ Ներկա հրատարակությունը ծրագրային մի փոքր, սակայն էական ներդրում է նաև բարոյական տեսանկյունից, չէ՞ որ շատ հերոսների անուններ մինչ այս անծանոթ էին մեզ։ Մասնավորապես հանրությանն ենք ներկայացրել «Մահապարտների» գնդի 12-րդ վաշտի հրամանատար, Գևորգյան ճեմարանի սան Մանասեր Մանասերյանին և այլոց։ Հենց Մանասերյանի հուշերից է պարզվում, որ մայիսի 21-ի Երևանի հայտնի հանրահավաքում Արամի հետ ելույթ է ունեցել նաև Դերենիկ Դեմիրճյանը։ Պարզել ենք, որ «Նեմեսիս» գործողության հերոսներից Միսակ Թուրջաքյանը մասնակցել է Բաշ Ապարանի ճակատամարտին, Դրոյի հետ կողք կողքի, որ մարտերից մեկից հետո մեր զոհերի աճյունները թաղվել են ներկայիս Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում և այլն։

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ ԴՐՎԵՑ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ»


-Միջոցառումները, իհարկե, չեն սահմանափակվել գրքի լույսընծայմամբ։
-Իհարկե։ Կազմակերպեցինք այց դեպի 440 («Չիմնի ղըռ») և 449 («Թուլքի թափա») բլուրները, որոնք դեմ դիմաց են կանգնած, բաժանված մի ձորակով։ Այդ բլուրները, որոնք ռազմական քարտեզներում նշվում են որպես բարձունք, նշանակալից դեր են կատարել ընդհանուր հաղթանակի գործում։ 440-րդ բարձունքում 1918-ից հետո կարծես, առհասարակ մարդու ոտք չէր դիպել, այնտեղ բարձրացրինք մեր եռագույնը։
-Բարձունքներին ի՞նչ ճակատագիր է սպասում։
-Դրանք դուրս են հուշահամալիրի տարածքից։ Ինչպես Բորոդինոյի և Կուլիկովյան ճակատամարտերի վայրերն են դարձել պատմամշակութային արգելոցներ, այնպես էլ այս նշանավոր բարձունքները պիտի մտցնել պատմամշակութային հուշարձանների ցանկ, բարեկարգել տարածքը, ճանապարհ գցել, որպեսզի այն դառնա երթուղի, զբոսաշրջային ուխտատեղի։
-Խորապես համոզված եմ, որ առաջին սեպը համաթուրանական դիվահար ծրագրի մեջ խրվեց հենց Սարդարապատում։
-Առաջին աշխարհամարտի թատերաբեմում այն գուցե մի դրվագ է, մեզ համար, սակայն, մի երկրորդ Ավարայր։ Այն իր բնույթով հայրենական էր, մենք առաջին անգամ հաղթեցինք թուրքերին` ջախջախելով նրանց Գելիբոլու անպարտելի դիվիզիան։ Սարդարապատը, իհարկե, համաթուրանական ծրագրի իրականացման խոչընդոտ հանդիսացավ, Սարդարապատում հիմք դրվեց հայոց պետականությանը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ հանրապետությունների տեսքով, այսինքն, շատ մեծ է Սարդարապատի հերոսամարտի խորհուրդն ու նշանակությունը։
-Ձեր երազանքների մեջ էին, որքան հիշում եմ, Սարդարապատում շախմատի մրցաշարեր անցկացնելն ու այն ավանդական դարձնելը միջազգային լայն ընդգրկումներով։ Այս տարի մեկնարկը տրվեց։
-Այո, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և նրա փոխնախագահ Սմբատ Լպուտյանի օժանդակությամբ մայիսի 28-ին անցկացրինք շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված Սարդարապատի հերոս, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի հիշատակին։ Պարոն Լպուտյանի հետ մտահղացում ունենք. մեր հուշահամալիրի հյուրատան հատվածում վերանորոգչական աշխատանքներ իրականացնելուց, գուցե նաև քոթեջներ տեղադրելուց հետո պատրաստվել գալիք մրցաշարին։ Անշուշտ, պետական աջակցության կարիք ունենք, մրցաշարը պիտի պատշաճ մակարդակով անցկացվի։
-Ի վերջո, մենք շախմատային տերություններից մեկն ենք, ինչը պարտավորեցնող է։
-Իհարկե, մասնավորապես 2015-ին, Մեծ եղեռնի 100-ամյակի տարելիցին նպատակ ունենք շախմատի միջազգային մրցաշար անցկացնելու, քանզի թուրքերին հաղթել ենք մեր ոգով և բազկով, այսօր աշխարհում հաստատում ենք մեր ինքնության խորհուրդը նաև մեր մտքով, շախմատում փայլելու մեր ազգային ունակությամբ, սկսած Տիգրան Պետրոսյանից և վերջացրած վերջերս միջազգային գրոսմայստերի կոչման արժանացած պատանիներով։

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ»


-Հերոսամարտը մասնակիցների հուշերում լուսաբանող գիրքը վաճառքի ներկայացվա՞ծ է։
-Առայժմ այն վաճառվում է մեր թանգարանի գողտրիկ վաճառատանը, խնդրեմ, համեցեք, սիրով սպասում ենք մեր գնորդներին։
-Կապը մայրաքաղաքի հետ բավականին կաղում է, շատերը Սարդարապատ չեն այցելում հեռավորության և տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով։ Սակայն սա մի դրվագ է ընդամենը, առհասարակ, նման նշանակությամբ պատմամշակութային կառույցը պիտի ունենա անսահմանափակ ֆինանսական հնարավորություններ, ինչպես, թեկուզ Երևանի ֆիզիկայի ինստիտուտն ուներ նախկին վարչակարգի օրոք։
-Առհասարակ աշխարհի որևէ երկրում մշակույթին հատկացվող միջոցները հենց այնպես չեն կարող լիարժեք լինել, մշակույթը, առհասարակ, ինքն իր գլուխը չի կարող պահել։ Եվ կառավարություններն են որոշակի ծրագրերի միջոցով նպաստում մշակույթի օջախների պահպանմանն ու զարգացմանը։ Մեր թանգարանի միջոցները, անշուշտ, անբավարար են։ Բայց չէ՞ որ այն եզակի է իր նշանակությամբ, մեր պետական և ազգային խորհրդանիշներից մեկն է։
-Ի՞նչ անել։
-Կարծում եմ, որ մեր թանգարանները պիտի ունենան բարեկամների խորհուրդներ, մի բան, որ ընդունված է քաղաքակիրթ աշխարհում։
Մենք ևս մեր թանգարանի բարեկամների խորհուրդ ենք ստեղծել, պատվիրել ենք խորհրդի անդամների համար կրծքանշաններ և հստակեցրել ենք նրանց արտոնությունները։ Նրանց օգնությամբ հուսով ենք լրացուցիչ միջոցներ ներգրավելու մեր ընդհանուր գործում։
-Չմոռանանք պետության դերը։
-Բնավ, և հավատացեք, որ այնքան կարևոր չէ ֆինանսական միջոցների մեծությունը, որքան դրական ճիշտ հարկային դաշտի գոյությունը։ Այսպես, մշակութային կազմակերպություններն իրենց հատկացված սուբսիդիայից վճարում են ավելացված արժեքի հարկ, որը, թող ներվի ասել, անհեթեթություն է։ Չէ՞ որ կան Եվրոպական միության շրջաբերականները, որոնք հստակեցնում են պետությունների պարտավորությունները մշակույթի հանդեպ։ Մենք պիտի անպատճառ ներառենք քաղաքակիրթ աշխարհի փորձը։ Առավել ևս, որ մեր հնարավորություններն ու ներուժը շատ մեծ են։


Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ