Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Այս կառավարությունը շատ բազմազան է, ու հենց այդ բազմազանությունն է, անկեղծորեն ասած, ինձ գրավում»

«Այս կառավարությունը շատ բազմազան է, ու հենց  այդ բազմազանությունն է, անկեղծորեն ասած,  ինձ գրավում»
13.06.2014 | 00:48

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

(ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար)

-Պարոն Հարությունյան, մի շարք, այդ թվում` լեզուների իմացության, միջազգային աշխատանքային փորձի, իրավաբան լինելու առումով կառավարությունում Դուք բավականին շահեկան վիճակում եք հայտնվել «այլոց» համեմատ, և այդ մասին չի մոռանում շեշտադրել մամուլը:
-Հա՛րցը:
-Այդպե՞ս է, թե՞ ոչ:
-Ո՛չ:
-Ինչպե՞ս է: Ստույգ ձևակերպեմ. ինչպե՞ս եք գնահատում ինքներդ Ձեր աշխատանքը:
-Առաջին հատվածը բավականին ծանր էր, որովհետև պետք էր նախապատրաստել կառավարության ծրագիրը, որովհետև այն առավելագույն ուշադրություն էր պահանջում, հիմա գործունեության կազմակերպման, ասենք այսպես` ամենօրյա աշխատանքի փուլ է: Ընդ որում, երկու ուղղությամբ` թե որպես նախարար, թե որպես աշխատակազմի ղեկավար. սրանք բացարձակապես տարբեր գործառույթներ են, երկուսի համատեղման համար անհրաժեշտ է ճիշտ տեղաբաշխում:
-Պարոն Հարությունյան, Դուք նո՞ւյնպես կարծում եք, թե կառավարությունում գործարարներ չկան:
-Պետք է ճշտել` ի՞նչ նկատի ունեք ասելով` «գործարարներ»: Մարդիկ, ովքեր գործարարությամբ զբաղվել են, իհարկե, կան, և նրանք դա չեն թաքցնում: Եթե նկատի ունեք, որ այսօր ամենօրյա իրենց գործունեությամբ են նրանք զբաղվում գործարարությամբ, ասեմ, որ այսօր կառավարությունում որևէ մեկն ի վիճակի չէ զբաղվելու գործարարությամբ` ամենամեծ ցանկության դեպքում իսկ:
-Բայց դե կառավարության ղեկավարի հրավիրած հայտնի հանդիպմանը մասնակցում էր ողջ իշխանական «էլիտան», որպես գործարար խավ։ Այդ խավի հետ էր ընթանում խոսակցությունը` հավասար հարկային դաշտ տեղափոխվելու:
-Ես կարծում եմ` այստեղ կա մեծ տարընթերցում. միգուցե այն հասկացության մասին է խոսքը, թե ինչ եք հասկանում «գործարար» ասելով: «Գործարար»` ես հասկանում եմ անձ, որի ամենօրյա գործունեությունը միայն գործարարությամբ զբաղվելն է, և ինքն անձամբ է կառավարում իրեն պատկանող բաժնետոմսերը:
-Պարոն Հարությունյան, կարելի է իրավաբանական տեղը տեղին փաթեթավորումով ձևակերպել նրանց «վիճակները», բայց այն, ինչ այսօր մենք դեֆակտո տեսնում ենք, արձանագրում է, որ կառավարության, պատգամավորների մեծ մասը լուրջ գործարարությամբ զբաղվող մարդիկ են:
-Կարծում եմ` Դուք սխալվում եք: Ասեմ` ինչու: Ես արդեն հիշեցրի, որ գործարարությունը պահանջում է ուժերի մեծ լարում, ժամանակ, եթե մարդիկ լուրջ են զբաղվում դրանով, իսկ կառավարության անդամներն ի վիճակի չեն դա անելու:
-Բոլոր դեպքերում վերջնարդյունքից իրենք են օգտվում:
-Դա ամենատրիվիալ և սխալ մեկնաբանությունն է` գործարարության: Այո, մարդիկ կարող են օգտվել գործարարության արդյունքից: Ես, որպես անձ, կարող եմ, որպես սեփականություն, ունենալ բաժնետոմսեր, եթե ես չեմ մասնակցում բաժնետոմսերի կառավարմանը, ապա որևէ երկրում չեմ դիտվի ձեռնարկատիրությամբ զբաղվող: Անգամ եթե ես օգտվեմ այն շահույթից, որ տալիս են այդ բաժնետոմսերը: Սա է դասական ձևակերպումը:
-Իրավաբանական «դասական ձևակերպումը»: Ի դեպ, Ձեզ բավարարո՞ւմ է այսօրվա կառավարության ինտելեկտուալ, ինովացիոն, «նանո» մակարդակը:
-Բանն այն է, որ յուրաքանչյուր թիմում բոլորը չպետք է ունենան նույն մոտեցումները կյանքի խնդիրների նկատմամբ և դրանց լուծման նույն ընկալմամբ առաջնորդվեն. այդ տեսանկյունից այս կառավարությունը շատ բազմազան է, ու հենց այդ բազմազանությունն է, անկեղծորեն ասած, ինձ գրավում այս կառավարության մեջ, որովհետև հենց այդ կարծիքների բախումն է, որ գործն առաջ է տանում:
-Կա՞ կարծիքների բախում:
-Էակա՛ն բախում կա:
-Թվենք, թվենք` հանուն թափանցիկության:
-Ներքին խոհանոցը չեմ բացահայտում, բայց ինքներդ հասկանում եք, որ այլ կերպ չի կարող լինել:
-Այն էլ ինչպե՜ս եմ հասկանում։ Ի դեպ, դրանք հարաբերությունների՞, թե՞ «գաղափարական» բախումներ են:
-Իհարկե գաղափարական:
-«Հավատո՛ւմ» եմ:

«Հավատալով» ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ