Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Այսօր գլոբալ մտածողության ու արմատական ռեֆորմների ժամանակն է»

«Այսօր գլոբալ մտածողության ու  արմատական ռեֆորմների ժամանակն է»
13.06.2014 | 00:40

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Ի՞նչ հարցեր էր քննարկում այս նիստում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը, որի նախագահն եք Դուք:
-Նիժնի Նովգորոդում անցած շաբաթ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական 24-րդ նիստն էր հրավիրվել: Այս հանձնաժողովը, ի տարբերություն խորհրդարանական դիվանագիտության շատ կառույցների, բարեկամական խմբերի և այլն, աշխատում է խիստ համակարգային, տարին երկու անգամ նիստեր են գումարվում, նախապես մշակված օրակարգում ընդգրկվում են կողմերի համար կենսական նշանակության խնդիրներ: Այս նիստի օրակարգում փոքր ու միջին բիզնեսի փոխհարաբերությունների խորացման ու զարգացման խնդիրներն էին: Շատ կարևոր է, որ երկու երկրների տնտեսավարողները աշխույժ տնտեսական կապեր և այդ կապերը զարգացնելու հնարավորություններ ունենան: Փոքր ու միջին բիզնես ասելով՝ մենք նկատի ունենք ռեալ, կենսունակ և ներուժ ունեցող ձեռնարկությունները, որ յուրաքանչյուր հասարակության հենքն են, կամ ինչպես ընդունված է ասել՝ միջին խավն են կազմում: Բնական է, երբ քաղաքական, սոցիալական և տնտեսական բազմաթիվ նկատառումներով պետություններն աշխատում են զարգացնել այդ խավը, և տարբեր երկրների տնտեսավարողների փոխհարաբերությունների ամրապնդումն էլ այդ նպատակն ունի: Մեր օրակարգում այս խնդիրը դրվեց դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը չէր որոշել Մաքսային միությանն անդամակցել: Հետճգնաժամային իրողությունների թելադրանքով շատ կարևոր էր տնտեսավարողի համար ճանապարհ բացել դեպի դրսի շուկաներ: Եվրոպական շուկաները մեզ համար բավականին դժվարամատչելի են, ուստի ռուսաստանյան մեծ շուկայի հետ թե՛ առևտրային, թե՛ կոոպերացիոն կապերը հատկապես կարևոր են:
-Հանձնաժողովի քննարկումները օրենսդրակա՞ն մակարդակում են միայն:
-Հանձնաժողովը, իհարկե, ունի օրենսդրական աշխատանքի բաղադրիչ, բայց նաև հնարավորություն ունի ուղղորդելու գործադիրի աշխատանքները: Հատկապես, որ կա նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողով: Տրամաբանական և տեղին էին այդ դաշտի ներուժը ՌԴ-ի ու ԱՊՀ-ի տնտեսական շուկաներում լավագույնս ներկայացնելն ու զարգացման հարմարավետ պայմաններ ստեղծելը: Խնդիրը քննարկելու նպատակը իրավիճակը պարզելն էր՝ ի՞նչ խոչընդոտներ, ի՞նչ դժվարություններ կան հարաբերությունների ծավալման համար, և այդ ճանապարհին ի՞նչ օրենսդրական ու ենթաօրենսդրական, քաղաքական քայլեր են անհրաժեշտ:
-Ինչո՞ւ էր հանձնաժողովի նիստը Նիժնի Նովգորոդում հրավիրվել:
-Արդեն ավանդույթ է, դա ևս այս հանձնաժողովի անդամների բազմամյա աշխատանքի արգասիքն է, որ նիստերը տեղի են ունենում ոչ թե Մոսկվայում, այլ ՌԴ տարբեր սուբյեկտներում, ինչն օգնում է ավելի մոտ լինել պրակտիկ կյանքին և օգնում է ՌԴ սուբյեկտները կապել Հայաստանի հետ, բացի այդ, կարողանում ենք անդրադառնալ մեր համայնքներին, որ բավականին լուրջ ներկայացված են ՌԴ ռեգիոններում: Արդեն նիստեր ենք գումարել Յարոսլավլի, Բելգորոդի, Վլադիմիրի մարզերում: Այս աշխատակարգը թեև հանձնաժողովի անդամների համար որոշ դժվարություններ է ստեղծում, բայց նաև հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացում կազմելու համագործակցության և կոոպերացիայի կոնկրետ պայմանների և հնարավորությունների մասին, անդրադառնալու մեր համայնքների հետ կապերի զարգացմանը:
-Հավարտ աշխատանքների՝ ի՞նչ որոշում ընդունվեց:
-Այս ձևաչափով աշխատանքը արձանագրության ստորագրում է ենթադրում: Մեր համազեկուցողները ներկայացրին Հայաստանում ու Ռուսաստանում փոքր ու միջին բիզնեսին աջակցության համակարգերը, նրանց աշխատանքի պայմաններն ու խոչընդոտները՝ վարչական, մաքսային պրոբլեմներ, բյուրոկրատական, շուկաներում առաջխաղացման դժվարություններ, տարիֆային ու ոչտարիֆային կարգավորումները, մեծածախ վաճառքի ցանցում ապրանքները ներկայացնելու, տրանսպորտային և այլ խնդիրներ, որոնց տնտեսավարողները բախվում են ամեն քայլափոխի, երբ փորձում են այլ երկրում աշխատել, և ժամանակ, ֆինանսական և այլ ռեսուրսներ են կորցնում: Այս խոչընդոտների վերացումը շատ կարևոր է հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար, խոշոր բիզնեսը կարողանում է ինքնուրույն ճանապարհներ գտնել, իսկ փոքր ու միջին բիզնեսն առանց պետության աջակցության ու համագործակցության իր ռեսուրսը չի կարողանում գործընկեր երկրում ներկայացնել: Որոշվեց աշխատանքային խումբ ստեղծել, ինչը նշվեց և արձանագրության մեջ: Աշխատանքային խմբերը երկու կողմերում ուսումնասիրելու են օրենսդրությունը, լուծումներն ու սահմանափակումները, ենթաօրենսդրական ակտերը ու առաջարկներ են անելու, որ կօգնեն վերացնելու այդ խոչընդոտները: Այս մոտեցումը առավել պահանջարկված է այսօր, որովհետև ՄՄ մտնելու մեր որոշումից հետո անընդհատ մեր հանրային բանավեճերը, մասնագիտական շփումները զարգանում են մեկ ուղղությամբ՝ ո՞ր ապրանքը կթանկանա, ո՞ր ապրանքը կէժանանա, կթանկանա՞, թե՞ կէժանանա: Դա սպառողական և ժամանակավրեպ մոտեցում է: Ես կարծում եմ, որ շատ ավելի ակտուալ է և պետք է պահանջարկված լինի բոլորովին այլ մոտեցում՝ ի՞նչ կարող ենք մենք անել մեր շահերն առաջ տանելու, մեր տնտեսավարողների հնարավորությունները բազմապատկելու, շուկաներում առաջխաղացում ունենալու համար: Մենք պիտի մտածենք, որ միավորման ճանապարհով 200-միլիոնանոց շուկայի մասն ենք դառնում և այդ շուկայում հարաբերություններ ծավալելու այլ տրամաբանություն է գործում, այլ կարգեր են, պիտի հասկանանք՝ ի՞նչ կարող ենք այդ շուկայում անել, որ մեր բրենդները հաջողություն ունենան, և նոր հայկական բրենդներ կարողանանք ստեղծել ու առաջ մղել, ի՞նչ նոր ապրանքատեսակների արտադրություններ պետք է հիմնել այսօր, ու ի՞նչ կոոպերացիաներ են մեզ պետք, ի՞նչ ծավալներով, ի՞նչ անենք, որ երկրում տնտեսական աճ, եկամտաբեր աշխատանք ապահովենք, նոր աշխատատեղեր ստեղծենք, բարձր աշխատավարձով, որ բարեկեցության հիմքն է: Ինչքա՞ն կարելի է նստել ու ծունկ ծեծել, թե այսինչ ապրանքը թանկանալու է, այնինչը՝ էժանանալու:
-Դանդաղ չէ՞ այդ ճանապարհը առաջընթացի համար:
-Ավելի պրակտիկ ու արդյունավետ ճանապարհ է, քան լինելու էր ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում, որովհետև այստեղ մեզ համար ավելի մատչելի է ու հոգեհարազատ, մեր մտածողությանն ավելի մոտ հարաբերություններ և գործարար պրակտիկային ավելի մոտ ու հարիր պրակտիկա է գործում: Եթե մենք չկարողանանք այդ շուկաներում աշխատել, նշանակում է, որ ԵՄ-ի շուկայում երբևէ չէինք կարողանալու աշխատել: Խնդիրը ոչ թե դանդաղ կամ արագն է, այլ ճիշտ քաղաքականություն վարելը ու ճիշտ դիրքեր ստանալը: Հանձնաժողովի նիստին ակտիվ մասնակցում էին մեր ոչիշխանական գործընկերները, որ միշտ ավելի գրավիչ ու հեռանկարային են համարել եվրոպական ուղղությունները, իսկ ռուսական ու ԱՊՀ-ական ուղղությունները, որպես կանոն, երկրորդային: Նրանք տեսան իրենց աշխատանքի դաշտը և օրակարգային, և քաղաքական հարցերում՝ տարածաշրջանային խնդիրներ, սպառազինություն, վտանգվող խաղաղություն, որոնց շուրջ քննարկումները նույնպես բավականին ակտիվ ընթացան:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ կատարվեց Աստանայում, և հետագա զարգացումներում ի՞նչ վտանգներ կարող են լինել:
-Հայաստանի հետ կապված՝ կարծում եմ՝ ոչինչ: Կատարվածն առաջին հերթին ուրիշների հետ էր կապված, ոչ Հայաստանի: Կարծում եմ, յուրաքանչյուր կառույց ունենում է կայացման ժամանակաշրջան: Ժամանակին ՀԱՊԿ-ում էլ է պահ եղել, երբ փորձում էին հիմնական հասկացությունները ճշգրտել-հասկանալ: Բայց ժամանակը նպաստել է խնդիրների կանոնակարգմանը և կառույցների կայացմանը, և կարծում եմ՝ այստեղ ևս նման շրջան պետք է անցնել:
-Հարցը արդիական է դարձնում այն փաստը, որ Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանին անդամակցել ԵՏՄ-ին: ՌԴ արտգործնախարարը մեկնում է ռազմավարական դաշնակից Ադրբեջան՝ բանակցությունների, նույն նպատակով Բաքու է գնում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Ադրբեջանը դառնում է տարածաշրջանում շահերի հատման կե՞տ: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը ևս անդամակցի ԵՏՄ-ին:
-Եվրասիական տնտեսական տարածքի սահմանները դեռ վերջնականապես գծված չեն, և որևէ մեկը չի պատկերացնում՝ որտեղից են սկսվում ու որտեղ են վերջանալու: Ինչ-որ պահի հնչեց «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կարգախոսը, դա գլոբալիստական դիրքորոշում է, որ ամրապնդում է որոշ փորձագիտական շրջանակների հույսերը տնտեսական նպատակներով միավորման արդյունավետության մասին: Մենք, որպես փոքր տնտեսական շուկայի տերեր, պիտի աշխատենք հնարավորինս այլ երկրների տնտեսական շուկաներն ու տարածքները բաց ունենալ մեր առաջ, որպեսզի այդ տարածքներում ամրապնդենք մեր դիրքերը և զարգացման նախապայմաններ ստեղծենք: Եթե չունենայինք Ղարաբաղի խնդիրը, մեզ համար կծագե՞ր այդ հարցը երբևէ: Եթե քաղաքական, դիվանագիտական խնդիր չունենայինք, որը այլ հարթության մեջ կարող է լուծվել, եվրասիական տնտեսական տարածքը դեպի որ կողմն էլ ընդլայնվեր, դրականից բացի, այլ հետևանքներ չէինք տեսնի մեզ համար: Մենք պիտի առաջինը մեզ համար հստակ դարձնենք, հետո էլ ուրիշների, որ Ղարաբաղի հարցը քաղաքական ու դիվանագիտական հարթության մեջ գտնվող և քաղաքական ու դիվանագիտական լուծում պահանջող հարց է, տնտեսական հարթության հետ կապված չէ, որ լուծման իր միջազգայնորեն ընդունված ձևաչափն ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Սխալ է երկու հարթություններն իրար կապելը, և մենք չպետք է թույլ տանք, որ այդ սխալը գործվի: Աստանայում տեղի ունեցածը կապված է Եվրասիական տնտեսական տարածքի, տնտեսական նախագծի, բայց ոչ Հայաստանի քաղաքական խնդիրների հետ:
-Ղազախստանի նախագահը նաև փորձում է թուրքալեզու պետությունների դերը մեծացնել այդ տարածքում՝ հրավիրելով Թուրքիային, թեպետ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը հերքել է նման հարցի քննարկումը:
-Այսօր նույն հաջողությամբ կարող եք հարցնել՝ իսկ Չինաստանը կմասնակցի՞, իսկ Հնդկաստա՞նը, իսկ Աֆղանստա՞նը, իսկ Վենեսուելա՞ն… Կարծում եմ՝ նույն մոտեցումն է, եթե մենք չունենայինք Ղարաբաղի խնդիր, մենք պիտի ուրախ լինեինք տնտեսական տարածքի մեծացմամբ, կապիտալի, ապրանքների, աշխատուժի ու մարդկանց ազատ տեղաշարժի ընդլայնմամբ:
-Ընդդիմությունը վերջապես հրապարակեց իր 12 պահանջները և ի՞նչ:
-Երբ իշխանությունը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, երբ այդ բարեփոխումների հայեցակարգը շեշտադրում է մարդու իրավունքների խնդիրները, ժողովրդավարության, արդարության հարցերը, այս 12 կետերը համոզում են, որ ժամանակին ընտրողները ճիշտ են վարվել իշխանության և ընդդիմության իրենց ձայները բաշխելիս: Այսօրվա իրավիճակում, երբ հանրային կյանքի տարբեր ուղղությունների կարևորագույն օրակարգային խնդիրներ կան, 12 պահանջները, իհարկե, կարևոր են, բայց չունեն վճռական նշանակություն ու իրավիճակ փոխելու հիմք: Իհարկե, շրջանառության հարկի դրույքաչափերի հնարավորինս իջեցումը կարևոր է, կարևոր է գյուղմթերքների արտադրության կամ ոռոգման ջրերի վարկերի բարձրացումը, բայց ես կարծում եմ, որ այսօր շատ ավելի գլոբալ մտածողության, շատ ավելի արմատական ռեֆորմների ժամանակն է, ոչ թե հատվածական շահերի:
-Մինչ այդ կետերի հրապարակումը, քառյակն ասում էր, որ իշխանությանն այնպիսի պահանջներ են առաջադրվելու, որոնց կատարումն իրավիճակ է փոխելու, իսկ չկատարումը փողոց է դուրս բերելու: Այդպե՞ս է:
-Երևի այդպես է իրենց տեսակետով: Օրինակ, կենսաթոշակային բարեփոխման պարտադիր բաղադրիչը անպայման պիտի ներառվեր, այլապես ժողովրդական լայն մասսաների հետ կապը կորչում է, ու իրենք բացարձակ լուսանցքային են դառնում: Թվարկված կետերում ամփոփված են խնդիրներ, որոնց հետ կապված կան դժգոհություններ: Թեև վաղուց արդեն մենք ունենք ընդդիմադիր որոշ գործիչներ, որ մի հինգ մարդու բողոքը բարձրաձայնելու մարտավարություն են որդեգրել: Իհարկե, կարևոր է գյուղատնտեսությանը տրված արտարժութային վարկերը դրամայինի վերածելը, բայց եթե Դուք ասեք, որ այս և թվարկված մի շարք համանման խնդիրների լուծումով երկրում այսօր իրավիճակ է փոխվելու, այնքան էլ այդպես չէ:
-Համարժե՞ք են այս կետերը այն խնդիրներին, որ կան ՀՀ քաղաքական, տնտեսական օրակարգում:
-Այսօր իշխանությունը շատ ավելի արմատական է իր լուծումների մեջ և շատ ավելի գլոբալ խնդիրներ է բարձրացնում, որոնք քաղաքական ու տնտեսական իրական հետևանքներ ունեն: Կոսմետիկ, մակերեսային խնդիրների արծարծումը, որոշակի խավերի, ոլորտների, քաղաքական խմբավորումների ներկայացուցիչներին ռևերանսները տարբերվում են ընդգրկուն ու արմատական օրակարգից:
-Իսկ վերջին՝ միակ արտաքին քաղաքական կե՞տը:
-Որևէ համաձայնագիր չստորագրե՞լը, որով Հայաստանի և ԼՂ-ի միջև կլինի անցակետ: Հրաշալի է, կարծում եմ, որ Ղարաբաղը, իսկապես, այն բացառիկ թեման է, որտեղ մեր հասարակությունը մշտապես միասնական է հանդես եկել և ողջ ազգի համար բացառապես ընդհանուր արժեք է: Բայց նաև ուզում եմ կիսվել մի զգացողությունով, որ երբեմն-երբեմն ունենում եմ, երբ նկատում եմ, որ Ղարաբաղի համար ոչինչ չարած ու չիմացած, իրենց մտքում ու գործերում Ղարաբաղի համար որևէ նպատակադրում չունեցող մարդիկ ասպարեզ են գալիս ազգի նուրբ լարերի վրա խաղալու, զգայացունց բառապաշարով պայմաններ ու պահանջներ առաջադրելու այն մարդկանց, որ իրենց ամբողջ գործունեությամբ այդ խնդրի մեջ են: Կարծում եմ՝ անկասկած է բոլորի համար, որ Հայաստանի իշխանությունը և ղեկավարները այն մարդիկ են, որ իրենց կյանքով ապացուցել են՝ Ղարաբաղի հարցին երբեք վնաս չեն տա:


Հարցազրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ