Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Հա՛մ երկիր են տեսնում, հա՛մ էլ` «բուտիկներում» գնումներ անում»

«Հա՛մ երկիր են տեսնում, հա՛մ էլ` «բուտիկներում» գնումներ անում»
13.05.2014 | 00:57

Երեկ մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանի խոսնակից բացատրություն պահանջեց, թե ինչու Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցում Աթենքում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին: Պատգամավորը նաև նկատեց, որ այնտեղ նախատեսված էին հայկական կողմի զեկույցներ: Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց, որ դա ԱԺ-ի բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակ ունի: Ավելին, ըստ ԱԺ նախագահի, քառօրյա նիստերի օրերին բացառիկ դեպքերում պատգամավորները նման համաժողովների կմեկնեն: Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներից փորձեցինք պարզաբանում ստանալ՝ ինչպե՞ս են գնահատում գործուղումների այս սահմանափակումը:

«ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ՈՐ 20 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ ՉԳՆԱՆՔ»
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ
(ՀՀԿ խմբակցություն)


-Ինչպե՞ս եք գնահատում գործուղումները սահմանափակելու Գալուստ Սահակյանի որոշումը:
-Անձամբ ինձ համար միևնույն է, որովհետև շատ երկար տարիներ է՝ որևէ գործուղման չեմ գնացել: Ցանկություն էլ չունեմ: Իսկ ընդհանուր առմամբ ԱԺ նախագահի հիմնական պարտականությունը խորհրդարանի աշխատանքները բնականոն կազմակերպելն է: Դրանով է պայմանավորված, որ երբ գործուղումը համընկնում է քառօրյա նիստերի հետ, առավելությունը տրվում է նիստերի մասնակցությանը: Հույժ կարևոր դեպքերում կլինեն գործուղումները:
-Խորհրդարանի բյուջեի խնայողության խնդի՞ր էլ կա:
-Խնայողության հանգամանքն էլ կա, բայց դա չէ հիմնականը: Առաջին հերթին ԱԺ-ն պիտի աշխատի նիստերի օրերին, եթե համընկնում են գործուղման օրերը, սահմանափակումներ կլինեն:
-Սրանով մեր միջազգային վարկին հարված չի՞ հասցվում, մենք մեկուսացման չե՞նք գնում:
-Այդպես չէ, քանի որ մենք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական անդամ ենք, և տարեկան առնվազն երկու անգամ նիստեր լինում են: Որևէ ողբերգություն չկա, մանավանդ որ օրակարգը հայտնի է, քննարկվել է: Ողբերգություն չէ, որ 20 տարվա մեջ մի անգամ էլ չգնանք: Այդպիսի դեպքեր շատ են լինում, հաճախ տարբեր երկրների պատվիրակություններ այդ նիստերին չեն մասնակցում:

«ԱՆՀԱՐՄԱՐ Է, ՈՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԹՈՌՆԵՐԸ ԼԻՆԵՆ ԴԱՏԱՐԿ, ՄԻԱՅՆ ԴՐՈՇԸ ԴՐՎԱԾ ԼԻՆԻ»

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
(ՀԱԿ խմբակցություն)


-ՀՀԿ-ն կարծում է, որ գործուղումներ արգելել-չարգելելը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում է: Դուք այդ կարծիքին չե՞ք:
-Շատ լավ, ինքը կարող է որոշել, որ ՄԱԿ-ից դուրս ենք գալիս, ԵԽԽՎ մարդ չենք ուղարկում, ՆԱՏՕ-ի և ԱՊՀ-ի պատվիրակություններ չենք ձևավորում: Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որ այս ձևով մեկուսանում է աշխարհից, միջազգային կառույցներից, քանի որ ԱԺ քառօրյա է:
-Ձեր դիտարկմամբ, ո՞րն է արգելքի նպատակը:
-Հստակ չգիտեմ, բայց հավանաբար երկու նպատակով է արվում: Առաջինը՝ գործուղումների փող չունեն (սա նկատվում է բոլոր գործուղումների ընթացքում), երկրորդն էլ, Սահակյանի և միջազգային կառույցների տրամաբանությունները հեչ կապ չունեն իրար հետ: Երկու դեպքում էլ սա աննորմալ երևույթ է:
-Ինչպե՞ս սա կընկալվի դրսում:
-Շատ վատ: Հայաստանը կամաց-կամաց դուրս է մղվում միջազգային գործընթացներից:
-Հայաստանի վարկանիշը սրանից չի՞ տուժելու:
-Միանշանակ: Խիստ բացասական է ազդելու երկրի վարկանիշի վրա: Կարող ես՝ հինգ չէ, բայց մեկ-երկու հոգի, այսինքն, որևէ ներկայացուցիչ ուղարկել: Սակայն անհարմար է, որ ողջ պատվիրակության աթոռները լինեն դատարկ, միայն դրոշը դրված լինի, ամոթ է: Սա երկրի վարկի հետ խաղալ է նշանակում:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հ.Գ.- Անկախ այն հանգամանքից` կսահմանափակվե՞ն ԱԺ գործուղումները, թե՞ ոչ, միանշանակ է, որ շատ հաճախ խորհրդարանական պատվիրակություններում անդամներ են ընդգրկված կամ «փոխարինող անդամի» կարգավիճակ ունեն, որոնց այցը այդ համաժողովներին սահմանափակվում է, լավագույն դեպքում, երկիր տեսնելով կամ (կանանց պարագայում) թանկարժեք «բուտիկներում» գնումներ կատարելով: Իզուր չէ, որ այս կամ այն երկիր այցի ժամանակ մրցավազք է սկսվում՝ ով պետք է ընդգրկվի պատվիրակության կազմում:
Ասել է, մինչ ինչ-որ արգելք դնելը, նախ, պետք է «մաքրել» պատվիրակությունների կազմն ու այնտեղ թողնել խելքը գլխին պատգամավորների, որոնք արժանիորեն կներկայացնեն երկիրը և կկարողանան ինչ-ինչ հարցեր լուծել: Չնայած, հաշվի առնելով խորհրդարանի այսօրվա պատկերը, դժվար է լինելու այս գործը:

Դիտվել է՝ 1332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ