Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Քսաներկու տարի անց

Քսաներկու տարի անց
09.05.2014 | 01:40

«ԱՅՆ, ԻՆՉ 1992-Ի ՄԱՅԻՍԻՆ ԵՂԱՎ ՇՈՒՇԻՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ՀՐԱՇՔ ԷՐ»

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
(«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ)

-Այսօր մենք ունե՞նք հաղթանակի գիտակցում։
-Ոչ, հաղթանակի գիտակցումը կար այն պահին, երբ հայ ժողովուրդը հաղթեց Արցախում։ Պատմական փորձը մեզ հուշում էր, որ միայն պայքարելով է հնարավոր հաղթանակի հասնել, ապահովել մեր անվտանգությունը, հաջողությունների հասնել։ Այդ գիտակցումը կար և՛ հասարակության, և՛ ժամանակի իշխանությունների մեջ (եթե ոչ բոլորի, գոնե մեկ հատվածի)։ Ցավոք, այսօր այդպես չէ։ Կա իշխանությունն ամեն գնով պահելու ձգտումը, ինչի համար մեր արտաքին քաղաքականությունը կորուստներ է կրում։ Այն, ինչ 1992-ի մայիսին եղավ Շուշիում, ուղղակի հրաշք էր։ Հետագայում նաև ազատագրվեցին մյուս հայկական տարածքները։ Սա մեր պատմության պայծառ էջերից է։ Որպես անկախ պետություն դու պայքարում ես և հաջողություններ ես ունենում։ Առավել ևս, որ այդ պայքարը միասնական էր, ողջ հայությունն էր պայքարում՝ սփյուռքի հետ միասին։ Դա մեր ոսկե ժամանակաշրջանն էր։
-Ի՞նչ կորցրինք այս տարիներին։
-Կորցրինք արդարության, չափի, արժանապատվության զգացումը, հավատը, միասնականությունը, հույսը։ Դրա փոխարեն ձեռք բերեցինք պետությունը թալանելու, գողանալու, հափշտակելու ունակությունը։ Ազատամարտիկների պայքարի դուրս գալը հենց այս ամենի ապացույցն է։ Մենք այսօր պարտվում ենք անգամ մեր ներսի հակասություններում, քանի որ բաժան-բաժան ենք գործում։
-Եռատոնին Ձեր բարեմաղթանքները։
-Պայքարի ճակատում անկոտրում կամք և միասնական պայքար բոլոր բացասական երևույթների դեմ։

«ԿՌՎԱԾ ՏՂԵՐՔԻ ԱՐԱԾԸ ԴԵՌԵՎՍ ԼԻՈՎԻՆ ՉԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ»
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Մենք հասկացե՞լ ենք մեր հաղթանակի գինը։
-Կարծում եմ՝ ժողովուրդը հասկացել է։
-Այսօր ազատամարտիկները հրապարակում են և բողոքում են սոցիալական նվազագույն պայմանների բացակայությունից։
-Հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը։ Այլ բան, որ կռված տղերքի արածը դեռևս լիովին չեն գիտակցում։ Այն մարդիկ, ովքեր պատերազմ չեն տեսել, իրենց սենյակներում նստած չեն հասկացել, թե ինչ է կատարվել։ Չեն գիտակցում, որ մարդիկ արյուն են թափել, իրենց ապագան են կործանել, կյանքն են զոհել հայրենիքի համար։ Գուցե այս առումով որոշակի չհասկացվածություն կա, բայց ժողովուրդը հաղթանակի, անկախության գինը միանշանակ հասկանում է։
-Հետպատերազմական տարիներին ինչ-որ արժեքներ չկորցրի՞նք։
-Ես դա այդքան էլ հաղթանակի հետ չէի կապի, պարզապես հասարակարգ փոխվեց, որի հետևանքով, այո, արժեքներ կորցրինք։ Այսօր կապիտալիստական, բուրժուական, մասնավոր սեփականություն է, և դրա պատճառով որոշ արժեքներ կորչում են, մյուսները՝ ստեղծվում։ Փողի պաշտամունքն է մեծանում, տնտեսական բարեկեցությունը։ Այս ճանապարհին, եթե ամեն բան ճիշտ չի արվում, արժեքները կորչում են, հատկապես ավանդույթների հետ կապված։
-Մենք կորցրել ենք ամենակարևորը՝ միասնականությունը։
-Մեր ժողովուրդը բնավորության ծայրահեղ գծեր ունի։ Ամենաբարդ վիճակում միավորվում ենք, մեր պատմությունն էլ է վկայում, որ ամենավատ պահերին միավորվում ենք, ծայրահեղ դրսևորումներ ցուցաբերում։ Իսկ այն ժամանակ, որ այդ ամենի արժեքը պիտի գնահատել, տեղի է ունենում հակառակը։

Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ