Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Բոլորն էլ առաջին և երկրորդ նախագահների կադրերն են»

«Բոլորն էլ առաջին և երկրորդ նախագահների կադրերն են»
09.05.2014 | 01:35

Գործադիր մարմինը վերջնականապես ձևավորվեց ու անգամ ստացավ «մականուն»` «օլիգարխների կառավարություն»: Տնտեսական կյանքում ի՞նչ պետք է բարեփոխի այս կառավարությունը, որ նախկինին չհաջողվեց: Առավել ևս, որ իշխանական բուրգը նույնն է, միակ նորությունը որոշ «հին» կադրերի «վերածնունդն» է: Այսուհանդերձ, ի՞նչ «բեկում» կմտցնի Հայաստանի տնտեսական կյանքում այս կառավարությունը` հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ:

-Թե ինչ պիտի անի կառավարությունը, ակնհայտ է, քանի որ նախագահը հստակ հանձնարարականներ արդեն տվել է,- ասաց պարոն Դավթյանը:- Պետք է ապահովի տնտեսական աճ, որը պետք է լինի նախորդ կառավարությանը ներկայացրածից ոչ պակաս, աշխատավարձերի առաջանցիկ աճ, վստահություն բարեփոխումների նկատմամբ և այլն: Համոզված եմ, որ այս կառավարությունը կկարողանա լուծել այդ խնդիրները: Սա լավատեսություն չէ, այլ իրատեսություն:
-Նոր կառավարության կա՞զմն է Ձեզ նման իրատեսության հիմքեր տալիս:
-Նշանակվածների ճնշող մեծամասնությանը մենք ճանաչում ենք, գիտենք նրանց կատարած գործերը:
-Բայց քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այդ «գործերը» նկատի ունենալով, ասում են, որ սա «օլիգարխների կառավարություն» է:
-Մինչև 2008-ն ընկած ժամանակահատվածը ներկայացնող դեմքերն են: Երբ նման որակումներ են տալիս, պիտի ասեն նաև, որ դա այնպիսի ժամանակահատված էր, երբ տարիներ շարունակ երկնիշ տնտեսական աճ էր ապահովվում: Ճիշտ է, նաև արտաքին միջավայրն էր բարենպաստ, բայց նշանակված նախարարների գերակշիռ մասը գործնականում բավականին կոփված է: Սա է լավատեսության հիմքը:
-Տեսակետ կա, որ իշխանության են վերադառնում Ռոբերտ Քոչարյանի կադրերը և սահուն իշխանափոխություն է տեղի ունենում: Դուք այդպիսի տպավորություն չունե՞ք:
-Եթե մեծ ցանկություն ունենաս, աշխարհում կատարվող ամեն ինչ կարող ես փոխշաղկապել։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք նոր կառավարության կազմը, բոլորն էլ առաջին և երկրորդ նախագահների կադրերն են: Անկեղծ ասած, չեմ ցանկանում քննարկել` ով ում կադրն է, քանի որ այս պարագայում դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ նշանակվել են մարդիկ, ովքեր շատ լավ գիտեն իրենց անելիքը, շատ լավ պատկերացնում են խնդիրները:
-Հովիկ Աբրահամյանը, կառավարության ղեկը ստանձնելով, սկսել է պոպուլիստական հայտարարություններով առաջ գնալ: Սա ո՞ւր է տանելու։
-Վեց տարի աշխատել եմ ՀՀ վարչապետի հետ և ուղղակի կասեմ, որ Հովիկ Աբրահամյանին խորթ է պոպուլիզմը: Ինչ բառով էլ դա ներկայացնեք, միևնույն է, չի կպնելու վարչապետին: Նա գործի մարդ է, իսկ գործն ու պոպուլիզմն իրար բացառող բաներ են:
-ԱԺ-ում վարչապետը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը «կոնկրետ» է լինելու: Սա նուրբ ակնարկ է, որ նախորդ կառավարության ծրագիրն այդպիսին չի՞ եղել: «Կոնկրետ» ասելով ի՞նչ նկատի ունի:
-Կառավարության ծրագիրը պետք է տարբերվի ԱԺ-ում հնչող ելույթներից: Լավատեսական ցանկություններ ամրագրել ու թողնել միայն այդ մակարդակում, սա չի կարող ժամանակի փորձությանը դիմակայել: «Հրաշալի» ծրագրեր արդեն տեսել ենք, շատ ճիշտ ձևակերպումներով, հայ մտածողներից մեջբերումներով, բայց հետագայում իրականությունն այլ բան է ուրվագծել: Այս առումով մոտեցումը պետք է պարզ ու հստակ լինի, շարադրանքը` կոնկրետ, ինչին այս կառավարությունը ձգտում է: Առաջիկայում կառավարությունը կներկայացնի գործունեության ծրագիր, և եթե այս մոտեցումն ամրագրված լինի, անձամբ ես կողջունեմ:
-Քաղաքական դաշտում նոր կառավարության կազմն ի՞նչ որակներ կբերի: Իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ են հնարավոր:
-Այլևս կոալիցիոն կառավարություն չկա, և այս պարագայում ԱԺ-ի դերակատարումը կառավարության գործունեության մեջ էապես կբարձրանա: Անելիքներ կունենան և՛ ՀՀԿ-ն, և՛ մնացած խմբակցությունները, բայց վերջիններս` ավելի շատ: Գաղտնիք չէ, հիմա ուժերի որոշակի հավասարակշռություն գոյություն ունի: Կառավարությունը, իր նախաձեռնությունները ներկայացնելիս, առավելագույնս հաշվի է առնելու ոչ իշխանական խմբակցությունների կարծիքները: Այստեղ է, որ նրանց դերակատարությունը պետք է մեծ լինի, որպեսզի և՛ պոպուլիստական մոտեցումներից, և՛ քաղաքական ինչ-ինչ շահերից, դիվիդենդներից բարձր կանգնած լինեն: Նրանց պատասխանատվությունն ընդունված որոշումների որակի մեջ մեծանալու է: Մի բան է, երբ օրենքը մերժում ես, քննադատում ես, մեկ այլ բան, երբ քեզ հնարավորություն է տրվում այդ քննադատությունն ուղղելու որոշակի արդյունքաստեղծ գործունեության: Իսկ այդպիսի հնարավորություն, անկասկած, նրանց տրվելու է: Խորհրդարանական ընդդիմության ասելիքն այս դեպքում պետք է շատ հստակ լինի, որովհետև կրավորական կեցվածք ընդունելով, քվեարկությանը չմասնակցելով ու օրենսդրական նախաձեռնությունները տապալելով առաջ չես գնա: Պիտի նաև փորձեն մատչելի լեզվով բացատրել` ինչու կրավորական կեցվածք դրսևորեցին: Հիմա նոր ժամանակ ենք թևակոխել, որի հրամայականն է գործը, ոչ թե վերամբարձ խոսքը:
-Նշեցիք, որ այս կառավարության գործունեության մեջ էական է լինելու ԱԺ-ի դերը: Զարգացումները ցույց են տալիս, որ չնայած Հովիկ Աբրահամյանը այլևս ԱԺ-ում չէ, այդուհանդերձ շարունակում է իր ազդեցության լծակները պահպանել:
-Ես չգիտեմ ինչ լծակների մասին է խոսքը, բայց վարչապետը բավականին ճկուն քաղաքական գործիչ է: ԱԺ նախագահ աշխատած տարիներին կարողանում էր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ գործնական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա պահել: Սա նաև բնատուր շնորհք է, ամեն մարդու դա տրված չէ: Բնականաբար, առաջիկայում ևս այն անպայմանորեն ի նպաստ մեր երկրի կօգտագործվի:

Հարցազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ