Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Կուտակային պարտադիր բաղադրիչը նպաստելու է բնակչության, այն էլ` բարձրակարգ մասնագետների ու երիտասարդության, արտահոսքին»

«Կուտակային պարտադիր բաղադրիչը  նպաստելու է բնակչության, այն էլ` բարձրակարգ  մասնագետների ու երիտասարդության, արտահոսքին»
06.05.2014 | 10:48

ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ զրույցի շարունակությունը

(սկիզբը` այստեղ)

-ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիր է մշակվել: Մի՞թե սա հստակ գործնական քայլ չէ:
-Այո, այդպիսի նպատակներով գործել էր նախկին ծրագիրը ու մշակվել է նորը, որը, ի դեպ, նպատակաուղղված է արդարադատության նկատմամբ հանրության անվստահությունը առնվազն կրկնակի` մինչև 30-40 % նվազեցնելուն: Այդ ցուցանիշը ներկայումս կազմում է 70-80 %, ինչը ամենևին էլ չի բացատրվում հասարակության մենթալիտետով (2011-ի տվյալներով` Վրաստանում դատարանին վստահում է բնակչության ավելի քան 60 %-ը): ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2011-ից մի շարք խորհրդակցություններ է անցկացրել` նվիրված դատաիրավական համակարգի խնդիրներին և բարեփոխումներին, ու տարբեր ժամանակներում ընդգծել, որ դատական բարեփոխումը պետական բոլոր կառույցներին է վերաբերում: Այսքանով հանդերձ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի զեկույցում ընդգծված է, որ մարդու իրավունքների պաշտպանության ամենամեծ խնդիրը և բացթողումը վերաբերում են արդար դատաքննության իրավունքին և հատկապես դատական իշխանության համակարգում առկա անարդարություններին ու ապօրինություններին, որոնց հիմնական պատասխանատուն ՀՀ վճռաբեկ դատարանն է: Եվրոպական դատարանի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի ապօրինի որոշումներով քաղաքացիներին հասցված վնասները փոխհատուցվել են բյուջեից, այդ թվում` սեփականության իրավունքի անձեռնմխելիության սկզբունքի խախտման համար: Բյուջեին հասցված ընդհանուր վնասը գերազանցում է 500 հազար դոլարը: Սակայն այդ դատարանի նախագահը կամ քաղաքացիական պալատի որևէ դատավոր որևէ պատասխանատության չի ենթարկվել: Ավելին, ՀՀ նախագահի հնչեցրած հրահանգներից հետո մենք դիմել ենք ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանին, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Տ. Դավթյանին (2013 թ. ապրիլ) հետևյալ հիմնական հարցադրումներով.
1. Կարծո՞ւմ եք, արդյոք, որ առկա է ուղղակի կապ սեփականության անձեռնմխելիության սկզբունքի պահպանման դատական համակարգում և բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման,
2. քաղաքացիական գործերով դատաքննությունների ընթացքում դատական համակարգի թերությունները բացահայտող քանի՞ քաղաքացիների բողոք էր ստացվել, կատարվե՞լ էր նախաքննություն կողմի մասնակցությամբ ու ի՞նչ հետևանքներ էին առաջացել,
3. կատարվե՞լ են, արդյոք, համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջների, Ձեր կողմից քաղաքացիական գործերով քաղաքացիների բողոքների հիմքով դատական համակարգի թերությունները բացահայտող ամփոփ դիտարկում ու գնահատում, և ի՞նչ հետևանքներ են առաջացել,
4. ի՞նչ կոնկրետ օրենսդրական փոփոխություններ, գործողության և միջոցառումների ծրագրեր եք կազմել` վերացնելու դատական համակարգում անպատժելիության մթնոլորտը, դատավորների վճիռների անկախությունը բարձրացնելու, ապօրինի ճնշումների ու կոռուպցիոն ռիսկերի իջեցման համար, դատավորներին հաշվետու լինելու և ձեր գործողությունների արդյունավետության բարձրացման քաղաքացիների բողոքներով առկա անարդարությունների և ապօրինությունների դեմ պայքարի համար:
Սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացվել, ինչն ապացուցում է, որ դեռևս ՀՀ նախագահի կարգադրությունները արդյունավետ կիրառություն չեն գտել կառավարության մարմիններում, ինչը, իհարկե, չի նպաստում ներդրումների աճին ու աշխատեղերի ստեղծմանը:
-Սեփականության իրավունքի անձեռնմխելիության սկզբունքի կիրառման տեսակետից ի՞նչ ասելիք ունեք Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի ու ՍԴ որոշման մեկնաբանությունների առնչությամբ:
-2014 թ. «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կենսաթոշակային համակարգերի մարտահրավերների մասին» ՀԲ զեկույցում ցույց է տրված, որ զարգացած երկրներում առկա է այդ համակարգի ճգնաժամը, որը բացատրվում է բնակչության ծերացմամբ, և որպես խնդրի լուծում առաջարկվում է նաև ներգրավել միգրանտներին այլ երկրներից: Այդ ճգնաժամը ծնող հանգամանքները խորապես արտահայտված են Հայաստանում: Այսպիսով, ներկայումս կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդնելը կունենա նույնքան արդյունավետություն, որքան Գյումրու տեխնոպարկը, Դիլիջանում գիտաինովացիոն կենտրոն ու ֆինանսական տարածաշրջանային կենտրոն կազմավորելու կամ կենսազուգարանների ծրագրերը: Կասկած կա, որ օրենքի ընդունման պահին 2010 թ. էկոնոմիկայի նախկին նախարար Ն. Երիցյանը (ներկայումս` ՀՀ ԿԲ փոխնախագահ) մասնակցել է այդ օրենքի մշակմանն ու ներդրմանը` որպես նրա տեղական «հայր», քանզի ոչ մի այլ անձ չէր կարող այդչափ վնասել ՀՀ նախագահի և նախկին վարչապետի հեղինակությանը: Այդ հիմնադրամի հավաքագրած գումարների 65 %-ը պետք է նպաստի զարգացած երկրների կուտակային հիմնադրամների ամրապնդմանը, և զարմանալի չէ, որ այդ մոտեցումները ստացան ՀԲ-ի և Հայաստանում ԱՄՆ դեսպանի օժանդակությունը: Կոպիտ սխալ է նաև այն, որ օրենքի ընդունման պահից ¥2010 թ.¤ չէին մշակվել ծրագրեր, որոնք ապացուցեին հանրությանը, որ այդ գումարների մյուս մասի կիրառումը Հայաստանում իրոք նպաստելու է արդյունաբերության զարգացմանը և չի ուղղվելու պետական պարտատոմսերի գնմանը: Այդ սխալն իր հերթին նպաստեց հանրային անվստահության մթնոլորտի ձևավորմանը: Միաժամանակ 2014 թ. ՌԴ Դուման օրենք ընդունեց, համաձայն որի` ԽՍՀՄ նախկին հանրապետությունների քաղաքացիները ռուսերենին տիրապետելու և ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ: ՈՒրեմն այդ կուտակային պարտադիր բաղադրիչը միայն ու միայն նպաստելու է բնակչության, այն էլ` բարձրակարգ մասնագետների ու երիտասարդության, արտահոսքին զարգացած երկրներ և ՌԴ: Իհարկե, կենսաթոշակային խնդիրները լուծելու ավելի գրավիչ ճանապարհ են ինովացիոն քաղաքականությունը, աշխատատեղերի ստեղծումը և ներդրումային միջավայրի բարելավումը, քանզի ունենք աշխատունակ տարիքի չաշխատող բնակչության մեծ ռեսուրս, որը ներգրավված չէ ՀՆԱ-ի և կենսաթոշակային ֆոնդի ավելացման գործընթացներում: Ասվածի ապացույցն է նաև այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, ունենալով միայն 9-10 հազար աշխատատեղեր (աշխատունակ բնակչության 0,48 %), 3 %-ի չափով ներդրում ունեն համախառն արդյունքում, իսկ խոր անկման ճգնաժամի ժամանակահատվածում աճ գրանցվել էր միայն այդ և գիտության ոլորտներում: ՈՒրեմն, կենսաթոշակային խնդիրների հիմնարար լուծումը նույնպես կարելի էր սպասել նոր աշխատեղերի բացման պարագայում: Ինչ վերաբերում է իմ իրավական մեկնաբանություններին, ինչպես նաև հակաիրավական վարքագիծ դրսևորող որոշ պաշտոնատար անձանց մեկնաբանություններին, ապա դրանց կարիքը չկա, քանզի ՍԴ-ում ապացուցվել է, որ վիճարկվող օրենքի պարտադիր բաղադրիչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը ու համաձայն ՍԴ 649 որոշման մեկնաբանությունների` չի կարող օրենք համարվել, քանզի չի համապատասխանում իրավական որոշակիությանը, և ՍԴ-ն ու պաշտոնատար այլ անձինք իրավասու չեն որևէ ժամանակով սահմանափակելու ՀՀ Սահմանադրության անմիջական գործողությունը:
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի փոփոխությունը:
-Ինչպես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, այնպես էլ տնտեսական ոլորտի նախարարների հանդեպ միշտ էլ հարգալից վերաբերմունք եմ ունեցել, բայց փորձագիտական վերլուծություններում առաջնորդվում եմ ազգային անվտանգության շահերով: Մինչև այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տնտեսական քաղաքականությունը արդյունավետ չի եղել, տնտեսությունը չի դիվերսիֆիկացվել, իսկ գնաճի և հարկային բեռի ավելացման հաշվին կառավարության տնտեսական ձևակերպումները միայն բառախաղ են, քանզի չեն նպաստել հանրության բարեկեցության բարձրացմանը: Հայաստանի ներդրումային մթնոլորտի հանդեպ վստահություն չկա: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նոր կառավարության մարմինները, ղեկավարվելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգներով, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն դատական համակարգի բարեփոխումներին` նպաստելով ներդրումային մթնոլորտի արագ կարգավորմանն ու հետագա զարգացման ռիսկերի նվազեցմանը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մարդկային կապիտալի օգտագործմանը և ձեռնամուխ լինել նոր բարձրակարգ մասնագետների աշխատատեղերի ստեղծմանը: Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի փորձը և կազմակերպչական ունակությունները առաջնահերթորեն պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն` նրա համար իր իսկ երկրում արժանավայել ապրելու հնարավորություն ստեղծելով: Իսկ մեր ենթահանձնաժողովը իր հնարավորությունների սահմանում նպաստելու է ճիշտ ուղղությունների ընտրմանն ու որոշումների կայացմանը: Ինչ կստացվի, կապրենք, կտեսնենք:

Հարցազրույցը`
Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3219

Մեկնաբանություններ