Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ճանաչել ոչ միայն հերոսներին, այլև՝ հակահերոսներին

Ճանաչել ոչ միայն հերոսներին, այլև՝ հակահերոսներին
05.05.2014 | 19:49

Անկախության տարիներին սեփական հերոսներին, անցյալը չարժևորած և չվերաիմաստավորած Հայաստանի իշխանություններն այժմ էլ փորձում են վերակենդանացնել բոլշևիկյան տարիների ավանդույթները՝ պատմության գզրոցներից հանելով այդ շրջանի կարկառուն դեմքերին:

Երևանի ավագանին օրեր առաջ ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել լենինյան և ստալինյան շրջանի պետական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու առաջարկին: Այդ առաջարկին ընդդիմացել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, որը վկայակոչել է 1937-38թ.թ. Միկոյանի կողմից ստորագրված մի փաստաթուղթ, ըստ որի՝ Ժողկոմխորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանը առաջարկել է ավելացնել գնդակահարությունների և ձերբակալությունների ենթակա հայերի թիվը: Նրանց մեջ, ըստ Դեմոյանի, եղել են հազարավոր քաղաքական գործիչներ, մտավորականներ:
Սոցիալական ցանցերը վերջին օրերին հեղեղված են այդ մասին քննարկումներով, ակտիվ բանավեճերով: Ներկայացվում են Անաստաս Միկոյանի կենսագրության մինչ օրս հանրության մի ստվար հատվածին անծանոթ և մութ էջերը:
ԽՍՀՄ օրոք այլախոհ, նախկին քաղբանտարկյալ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ Անաստաս Միկոյանի արձանի թեմային վերաբերող հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

-Պարոն Արշակյան, օրինաչա՞փ էր Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին Երևանի ավագանու որոշումը:

-Կարծում եմ, որ Անաստաս Միկոյանի արձանի կառուցումը ուշացած է, դա պետք է լիներ վաղուց: Շատ վաղուց: Հենց որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ, մենք պետք է գնահատեինք անցյալը, պետք է տրվեր գնահատական, և մենք պետք է ունենայինք մեր հավաքական կերպարը ներկայացնող հերոսը, ինչպես նաև՝ բացասական հերոսը: Այսինքն՝ պետք է ունենայինք հերոսը և հակահերոսը: Մենք առաջինն ունենք. նա Արամ Խաչատրյանն է: Արամ Խաչատրյանը, կարծում եմ, 20-րդ դարի հայ ժողովրդի հավաքական կերպարն է: Նրա «Սպարտակ» բալետի ինքնատիպ, պայծառ, լավատեսական երաժշտությունը բերում է հետևյալ բանաձևը՝ ո՛չ ստրուկ եմ ուզում լինել, ո՛չ ստրկատեր, կեցցե ազատությունը: Եթե անցկացվեր հարցում՝ «Տարվա հերոսը» և նման թեմաներով, ես կառաջարկեի Արամ Խաչատրյանին՝ իր «Սպարտակ» բալետով: Այն արտացոլում է հայ ժողովրդի ձգտումները, լավատեսական աշխարհայացքը: Բայց չկա մյուս բևեռը՝ հակահերոսը: Իսկ հակահերոսը, կարծում եմ, հենց կարող է լինել Անաստաս Միկոյանը: Այդ մասշտաբի չարագործ, այդքան արյուն թափող, այդքան անողոք, այդքան անազնիվ, նենգ, խորամանկ, դաժան կերպար չունենք մարմնավորող: Հայ ժողովրդի գլխավոր հանցագործը, կարծում եմ, Անաստաս Միկոյանն է: Այդ արձանը պետք է լինի՝ որպես չարիքի մարմնավորում: Եվ մենք չպետք է մեծամտանանք, որ մենք առանձին ժողովուրդ ենք, կառուցող, ստեղծագործող, խաղաղասեր: Մենք պետք է զգոն լինենք և իմանանք, որ մեր մեջ էլ կա Անաստաս Միկոյանի տեսակը, չարագործը, որից պետք է հեռանալ, կատարել բարի գործեր: Շատ վատ է, բայց ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը: Անաստաս Միկոյանի հուշարձանը պետք է դրվի շատ բարձր տեղ, այնտեղ պետք է բերեն խճաքար, և անցորդները պետք է խճաքար նետեն նրա վրա: Ամեն ոք պետք է իր պարտքը համարի խճաքար նետել չարագործի վրա: Մենք ունենք հպարտության հուշարձան, որն Արամ Խաչատրյանն է, ունենք սգո հուշարձան, որը Ցեղասպանությունն է խորհրդանշում և պետք է ունենանք ամոթի հուշարձան, որը կլինի Անաստաս Միկոյանը:

-Երևանի ավագանիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանն ասել էր, որ որոշում կայացրել են քաղաքապետարանի ներկայացրած կենսագրականի հիման վրա, և իրենք ծանոթ չեն ու չեն կարող ծանոթ լինել պետական գործիչների կենսագրության բոլոր էջերին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մինչ օրս այդ մասշտաբի գործիչների կենսագրության բոլոր էջերը չեն գաղտնազերծվել, ներկայացվել հանրության դատին, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչն ինչոց է և որոշումներ կայացնելիս առաջնորդվեն՝ տիրապետելով համապարփակ տեղեկատվության:

-Ես չեմ ուզում անդրադառնալ նախկին նախարար անտեղյակ տիկնոջ խոսքերին՝ երկու պատճառով: Առաջինն այն է, որ, եթե նա չի իմացել այն ժամանակ, չգիտի այսօր, ապա չարժե նրա հետ բանավիճել: Չնայած չիմանալը չի ազատում պատասխանատվությունից: Երկրորդը՝ կա գենդերային խնդիր. ես չեմ նախընտրում վիճել կանանց հետ: Միկոյանի արածների մասին չիմացողները պետք է իմանան, որ բոլշևիզմը, որպես երևույթ, ռուսական իմպերիայի դեմ քաղաքական շարժում էր, և նրա նշանակետը ռուս ժողովուրդն էր: Քանի որ ռուսական իմպերիան բազմազգ երկիր էր, այդ հարվածից բաժին հասավ նաև ազգային փոքրամասնություններին: Նրա նշանակետը ռուս ազնվականությունն էր, թագավորն՝ իր պալատականներով, հոգևորականությունը, ուղղափառ եկեղեցին՝ իր հոգևորականներով, ռուս գյուղացիական համայնքը: Այսինքն՝ բոլշևիզմը պայքարում էր այդ երեք հզոր ուժերի դեմ: Բոլոր բոլշևիկները ձգտում էին ոչնչացնել դասակարգերը: Ով էլ որ մանրամասները չգիտի, գոնե 20-րդ համագումարի որոշումներին ծանոթ է, որը բոլշևիկյան ինքնագնահատականն է տալիս, ինքն իրեն դատապարտող գնահատականն է տալիս: Իսկ այն ժամանակ կար Անաստաս Միկոյանը: Ինձ մտահոգում է ոչ թե այն, թե քանիսն են տեղյակ՝ Միկոյանն ով է եղել, այլ այն, որ ՀՀ իշխանությունում գոյություն ունի ռուսաֆոբների մի մեծ զանգված, իշխանական մանդատով հակառուսներ: Հայաստանը մտնում է Մաքսային միություն, ռուսական ճամբար, ու իշխանական թևում կա հզոր ռուսատյաց ուժ: Եթե դուք հերոսացնում եք Միկոյանին, ապա դուք հերոսացնում եք ռուներին սպանողին: Այդ ինքնաբացահայտումն ինձ զարմացրեց: Մենք գիտենք, թե որքան ռուսասեր կա Հայաստանում, բայց ռուսատյացներին չգիտեինք: Հիմա նրանց էլ իմացանք: Նրանք այն մարդիկ են, որոնք ուզում են հերոսացնել ռուս ժողովրդի դահճին, կարևոր դահիճներից մեկին: Պատմությունը գիտե՞ն, թե՝ չգիտե՞ն, արխիվները բա՞ց են, թե՞ փակ են՝ էական չէ: Իրենք չգիտե՞ն, որ ռուս ժողովուրդը նրան հանցագործ է հայտարարում, ինչպե՞ս են նրան հերոսացնում:

-Ինչու՞ անկախ Հայաստանում չձևավորվեց այն արժեքային համակարգը, որը կարող էր բացառել բոլշևիզմի ռևանշը:

-Մենք ինքնաքննադատող ժողովուրդ ենք: Բոլշևիզմը շատ տգեղ երևույթ էր: Ինչ-որ գարշելի մի բան կար դրա մեջ, և մեր հասարակությունը խորշում էր այդ մասին խոսել: Ես կարծում եմ, որ մենք, որպես զոհ, մեր գնահատականներում կարող էինք խիստ լինել ու դրա համար էլ չենք քննարկել հանցագործ ինտերնացիոնալի մեր բաժինը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ