Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Հայաստանի Հանրապետություն պետության մասին սկսել են մոռանալ»

«Հայաստանի Հանրապետություն  պետության մասին սկսել են մոռանալ»
29.04.2014 | 00:37

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Ներքաղաքական իրավիճակի Ձեր գնահատականը՝ ելնելով նոր կառավարության ձևավորման գործընթացից:
-Մի անգամ արդեն ասել եմ ու նորից պիտի կրկնեմ, որ անկախ իշխանության եկած մարդիկ կլինեն աշխատասե՞ր, թե՞ ծույլ, կաշխատեն առավոտից իրիկո՞ւն, թե՞ մի ժամ աշխատելուց հետո կգնան քեֆ անելու, քանի դեռ մենք Մաքսային միության շրջանակներում ենք տեսնում մեր ապագան, Հայաստանում իշխանությունները նշանակվելու են, արդար դատական համակարգ չի լինելու, կոռուպցիան օր օրի ավելանալու է, աղքատության ցուցանիշը բարձրանալու է: Անձերից ոչինչ կախված չէ: Ինչ վերաբերում է վերջին օրերին նորանշանակ վարչապետի տարբեր առիթներով հայտարարություններին, դրանք հիշեցնում են ՀՅԴ-ի գործելակերպը՝ դեմ ըլլալով կողմ կըլլանք:
-Նկատի ունեք կենսաթոշակային համակարգի կուտակային բազմաչարչար բաղադրի՞չը:
-Այո, և՝ ոչ միայն:
-ՀՀ նախագահն ասում էր, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու, եղա՞ն այդ փոփոխությունները` Ձեր գնահատականով:
-Որպեսզի կառավարությունում էական փոփոխություններ լինեն, պիտի կառավարության իրական ղեկավար նախագահը էական քայլեր անի: Կա՞ն նման քայլեր: Չկան: Հայաստանը մեծ աշխարհի մի մասն է և չի կարող գործել ոչ համաշխարհային զարգացումներից, ոչ տարածաշրջանից դուրս: ՀՀ նախագահը պիտի ցույց տա, որ Հայաստանը մնում է ինքնիշխան սուբյեկտ միջազգային ասպարեզում, և ինքն այդ ինքնիշխան սուբյեկտի նախագահն է, այլ ոչ թե Պուտինի կամքն ու ծրագրերը Հայաստանում կյանքի կոչող ղեկավարը:
-Այսինքն՝ ի՞նչ պիտի անի նախագահը՝ Ձեր կարծիքով:
-Աշխարհաքաղաքական այս իրավիճակում` երկու հիմնական, անխուսափելի ու անհրաժեշտ քայլ: Առաջին՝ նա պետք է պաշտոնական այց կատարի Թեհրան, հանդիպելու Իրանի նախագահի հետ: Երկրորդ՝ եթե մտադիր է մնալ նախաձեռնողականության շրջանակներում, ինչպես հայտարարում է իր վերջին ելույթներում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ՀՀԿ մեծամասնության շնորհիվ խորհրդարանում պիտի վավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները՝ մանևրելու տեղ չթողնելով թուրքական իշխանություններին: Դրանից հետո Անկարան կամ պետք է ինքը վավերացնի, կամ հրաժարվի սեփական ստորագրությունից ու միջազգային ասպարեզում բացատրություններ տա թե արձանագրությունների չվավերացման, թե սահմանի չբացման, թե ընդհանրապես իր արտաքին քաղաքականության զիգզագների, ուրեմն և ոչ լուրջ քաղաքական գործընկեր լինելու մասին:
-Այս տարի առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ապրիլի 24-ի նախօրեին ցավակցություն հայտնեց 1915-ի դեպքերի կապակցությամբ, դա քաղաքակա՞ն հաշտության քայլ էր:
-Էրդողանի ուղերձն իսկապես աննախադեպ էր, և այդ քայլը պետք է դիտել ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ քայլ՝ որոշակի մտայնություններից ելնելով: Թուրքիան ինքը պիտի անդրադառնա հայ-թուրքական արձանագրություններին, որոնց համար հավասարապես պատասխանատու է, ինչպես և մենք: Պրոբլեմներ կան թե Թուրքիայի, թե Հայաստանի քաղաքական դաշտում: Եթե մենք ասում ենք` ցեղասպանությունը կայացած փաստ է, իրենք էլ ասում են՝ այդպես չէ, բայց երկու կողմերն էլ չեն հրաժարվում բանակցությունների գաղափարից, որևէ լուծում պիտի գտնվի, հակառակ դեպքում ևս 100 տարի մենք կասենք՝ եղել է, իրենք՝ չի եղել: Նման դեպքերում անհրաժեշտ է ներգրավել երրորդ կողմ՝ անաչառ դատավոր: Ցեղասպանությունը բացահայտող ու հիմնավորող փաստեր միայն Հայաստանի կամ Թուրքիայի արխիվներում չեն, Վատիկանից սկսած՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու այլ երկրների տարբեր արխիվներում հազարավոր էջեր կան, որ պատմաբանների ջանքերով կարող են հրապարակվել ու ներկայացնել իրականությունը՝ ինչպես եղել է: Ես անձամբ կասկած չունեմ, որ ցեղասպանությունը ոչ միայն եղել է, այլև ապացուցելի է:
-Դուք կարծում եք, որ թուրք հասարակությունը պատրա՞ստ է իր նախնիների մասին ճշմարտությունն իմանալուն ու ընդունելուն:
-Եթե այս պահին պատրաստ էլ չէ, տարեցտարի թուրք հասարակությունը փոխվում է ու փոխում է իր վերաբերմունքը ոչ միայն ներկայի, այլև անցյալի իրադարձությունների գնահատման վերաբերյալ: Օրհան Փամուկից սկսած՝ թուրք մտավորականները պատրաստ են ասելու ճշմարտությունը, և նրանց լսարանը ոչ միայն մեծանում է, այլև որակապես փոխվում է՝ ընդգրկելով հասարակության տարբեր շերտեր ու տարիքային խմբեր: Գուցե գործընթացներն այնտեղ ավելի արագ են, քան մեզ մոտ:
-Մենք ձևակերպե՞լ ենք մեր պահանջը՝ քաղաքական, տնտեսական, հողային, բարոյական... Ի՞նչ ենք ուզում:
-Այդ հարցի պատասխանը հայ մտավորականները` Վահան Տերյանից ու Եղիշե Չարենցից մինչև Հրանտ Մաթևոսյան, փորձել են ձևակերպել: Հրանտ Մաթևոսյանի, Վանո Սիրադեղյանի ու Այդին Մորիկյանի բանաձևած ճշմարտությունը, ցավոք, անբեկանելի է՝ մենք երևակայական հայրենիքի կողմնակիցն ենք: Արարատից Երևան ճանապարհին Արարատյան դաշտավայրի ամենաբարեբեր հողերի ճամփեզրին ցուցանակներին գրված է, որ վաճառվում է, ցուցանակներն արդեն միայն հայերեն չեն, անգլերեն են, պարսկերեն, արաբերեն, ավելին՝ նաև սեյլեր են առաջարկում: Կրկնում եմ՝ Արարատյան դաշտավայրի ամենաբերրի հողերը: Սա վտանգ չէ, սա սպառնալիք է: Եվ՝ արագ ու արմատական լուծումներ պահանջող խնդիր: Որևէ պահանջ որևէ մեկին ներկայացնելուց առաջ մենք պիտի այդ պահանջը բարձրաձայնելու քաղաքական, տնտեսական, ռազմական ու մարդկային ներուժ ունենանք: Իսկ դա առաջին հերթին պահանջում է Հայաստանի հզորացում, սահմանամերձ գյուղերի ամրացում, տնտեսության վերականգնում, արտագաղթի կասեցում ու ներգաղթի ծրագիր: Այս իրավիճակում ¥«մեծ եղբոր» թևի տակ մտած¤ ինչ-որ պահանջներ ունենալը ոչ միայն ծիծաղելի է, այլև նողկալի: Առավել ևս որ այդ մեծ եղբայրը պատմության բոլոր ժամանակներում բանակցային սեղանի շուրջ նախընտրել է մեր հարևանին ու մաս-մաս ծախել Հայաստանը:
-Դառնանք Իրանին: Ակնհայտ է, որ ՀՀ նախագահը Իրան չի գնում ոչ իր կամքով, այլ Ռուսաստանի ճնշման տակ: Ինչպե՞ս հաղթահարել այդ ճնշումը:
-Հայաստանը իր շահերի պաշտպանությունից ելնելով՝ պիտի վարի նախաձեռնողական քաղաքականություն: Եթե նկատել եք, Հայաստանի Հանրապետություն պետության մասին սկսել են մոռանալ ու Հայաստանը դիտել ընդամենը այլ պետության կցորդ: Հայաստանը նախաձեռնող պետք է լինի Իրանի հետ բարեկամական հարաբերություններին նոր որակ ու նոր մակարդակ հաղորդելու գործում: Մանավանդ՝ Իրանի նոր իշխանությունը հակված է դրան՝ կա թե աշխարհաքաղաքական նպաստավոր իրավիճակ՝ հաշվի առնելով Իրան-ԱՄՆ հարաբերությունների փոփոխությունները, միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացումը, փաստորեն՝ Իրանի նոր կարգավիճակը միջազգային ասպարեզում, երբ աստիճանաբար Արևմուտքը Իրանն սկսում է դիտել իբրև գործընկեր: Առավել ևս՝ նկատի ունենալով Իրան-Թուրքիա մրցակցությունը տարածաշրջանում: Նաև՝ Իրան-Ադրբեջան հակասությունները Կասպից ծովի ընդերքի և Իրանի հյուսիսում գտնվող Ատրպատականի նահանգի հետ կապված: Հաշվի առնելով, որ Իրանի մյուս հարևան Իրաքի և Իրաք-Սիրիա ճանապարհները, դժբախտաբար, առաջիկա տարիներին վտանգավոր կմնան, Իրանի համար ընկալելի ու շահավետ տարանցիկ միակ երկիրը Հայաստանն է: Դրանից միանշանակ օգտվել է պետք: Այս թեմայով արդեն չորրորդ հարցազրույցն եմ տալիս՝ հույս ունենալով, որ իշխանության մեջ կլինի մեկը, որ թերթ է կարդում, ու գոնե կսկսեն մտածել այդ ուղղությամբ, կփորձեն ինչ-որ հարցում ինքնուրույնություն դրսևորել: Միայն այդ ճանապարհով է հնարավոր Իրան-Հայաստան գազամուղի տրանզիտից եկող գումարների հաշվին գազի սակագինն իջեցնել, միայն այդ ճանապարհով է հնարավոր Հայաստանի անվտանգությունը մեծացնել, որովհետև հարվածելով իրանական գազն արտահանող գազամուղին, հարվածում են արևմտյան կապիտալին, իսկ դա լուրջ վահան է Հայաստանի համար: Մեզ միայն այդ մի ճանապարհն է մնացել, այդ հնարավորությունը չօգտագործելու դեպքում Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանի բոլոր տնտեսական ու քաղաքական նախաձեռնություններից, կխորացնի սուվերենության կորուստն ու մեկուսացումը:
-Բացահայտորեն Իրանը դառնում է Ռուսաստանի մրցակիցը, ու Հայաստանը երկու քարի արանքում է հայտնվում:
-Իրանն իր գազային ռեսուրսների և տարածաշրջանային զարգացումների հետևանքով դառնում է ՌԴ-ի մրցակից՝ ինչ դիրք էլ Հայաստանն ունենա կամ չունենա: Դժբախտաբար, տեսնելով Հայաստանի իշխանությունների անտարբերությունը, եթե չասեմ ավելին, Թեհրանը այլ ճանապարհներ է փնտրում և փորձում է իր ծրագրերն իրականացնել Ադրբեջանի միջոցով, որ դուրս է ՌԴ-ի ազդեցությունից: Դա կլինի Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության, ամենախոշոր պարտություններից մեկը քաղաքական ու տնտեսական դաշտում, որը ի վնաս մեզ կաշխատի և Ղարաբաղի հարցի լուծման առումով:
-Ի՞նչ է անում «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակում:
-«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես իր տեսակետները հայտարարել է՝ քաղաքական դաշտի բոլոր իրավիճակների վերաբերյալ: Մենք հստակ ասել ենք, որ Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը անդամակցելու գործընթացը լուրջ վտանգ է Հայաստանի անկախության համար: Մենք նաև հասկանում ենք, որ ՌԴ-ից պորտալարը կտրելու առաջարկը Հայաստանի հասարակության մի ստվար զանգված չի ընդունում կամ որոշակի վախեր, սոցիալական, տնտեսական, որոշ դեպքերում նույնիսկ ֆիզիկական ապահովության վտանգներ է տեսնում, բայց մենք պոպուլիստական կուսակցություն չենք, մենք գիտենք, որ հասարակության մի ստվար զանգված էլ, հիմնականում երիտասարդները, կողմ է Հայաստանի Հանրապետության՝ եվրոպական արժեքներով զարգացման ուղուն: Նույնիսկ իշխանության հարցումների տվյալներով` այդ մարդկանց թիվը 35 տոկոս և ավելին է, իսկ ճիշտ քարոզչության ու ճիշտ աշխատանքի դեպքում, հուսով ենք, կանցնի 50 տոկոսը: Իհարկե, Մաքսային միության և Եվրասիական միության անդամակցության դեմ գործընթացներ կազմակերպելով՝ այս պահին ոչ իրատեսական է հասարակության լայն զանգվածների կամ մեր տեսակետին համամիտ հասարակության որոշ մասը փողոց դուրս հանելը: Բայց դա չի նշանակում, որ հետագայում դա չի արվի: Քաղաքական գործընթացների զարգացումը բազմաթիվ ուղղություններով՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական, տնտեսական ու սոցիալական, անխուսափելիորեն հասարակության ավելի ու ավելի լայն զանգվածների է ներգրավելու Հայաստանի Հանրապետության ապագայի համար իրական, համակարգային փոփոխությունների համար պայքարի մեջ, ու նրանք փողոց են դուրս գալու ոչ թե անձերի փոփոխության համար, այլ Հայաստանը տեսնելու քաղաքակիրթ աշխարհակարգում, ոչ թե 20-րդ դարում մնացած, ժողովուրդներին միայն որպես կենսազանգված ու պետությունների տարածքն էլ կենսատարածք դիտող պետությունների հետ ու ռուսական տանիքի տակ:
-Դա կլինի հերթակա՞ն ընտրություններում, թե՞ ավելի վաղ։
-Ընդհանրապես քաղաքական կուսակցությունները պիտի պատրաստ լինեն քաղաքական գործունեության ցանկացած պահի: Դժբախտաբար, ՀՀ-ում գործող իրական ընդդիմադիր կուսակցությունները չունեն նյութական հնարավորություններ երկարաժամկետ պայքարի համար: Նկատի ունեմ գրասենյակների բացումն այն տեղերում, որտեղ կան կուսակցականներ ու համակիրներ, ներկուսակցական աշխատանքը, գաղափարակից այլ կուսակցությունների հետ համատեղ գործընթացների կազմակերպումը, որը հնարավորություն կտար համապատասխան իրավիճակում անմիջապես գործընթացի մեջ մտնել: Հայաստանում իշխանությունները նման նյութական հնարավորություններ տալիս են միայն այն կուսակցություններին, որ իրենց վերահսկողության տակ են, նրանք էլ՝ իրենց վերահսկողության տակ գտնվողներին: Նրանք ունենում են լրատվամիջոցներ և գրասենյակներ Հայաստանի ողջ տարածքում, որոնք իրական աշխատանք տանում են միայն ընտրությունների շրջանում՝ փող բաժանելու գործելաոճով, և այդ գրասենյակների առաջ հերթեր են գոյանում այդ օրերին: Դա թաքցնել հնարավոր չէ, տեղյակ են թե քաղաքական դաշտը, թե ժողովուրդը: Այն կուսակցությունները, որոնք անկեղծ են հասարակության հետ, որ իրական ասելիք ունեն, ստիպված են գործընթացի մեջ մտնել իրենց նյութական միջոցների համապատասխան, որ լավագույն դեպքում կարող է բավարարել երկու-երեք ամսվա: Այսինքն՝ «Հանրապետություն» կուսակցությունը կարող է Հայաստանում գործող ցանկացած կուսակցության լուրջ մրցակից դառնալ կարճ տարածության վրա, կարճաժամկետ գործընթացների մեջ: Նման իրավիճակներում հակված ենք համագործակցելու նույն գաղափարախոսությունն ունեցող այլ կուսակցությունների, ՀԿ-ների և անհատ քաղաքացիների հետ: Մենք չենք գերագնահատում մեր հնարավորությունները, բայց նաև չենք թերագնահատում:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ