Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Կուտակային պարտադիր բաղադրիչը նպաստելու է բնակչության, այն էլ` բարձրակարգ մասնագետների ու երիտասարդության, արտահոսքին»

«Կուտակային պարտադիր բաղադրիչը նպաստելու է բնակչության, այն էլ` բարձրակարգ մասնագետների ու երիտասարդության, արտահոսքին»
29.04.2014 | 00:19

ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ, ով այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է, հեղինակել է «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական և կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա: Նոր կենսաբանական համակարգի նախագծում և կառուցում» աշխատությունը, որը հրատարակվել է աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» հրատարակչությունում:
Այդ տեսության համար 2011-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտը Արմեն Ավագյանի անունը ներառել է 50 հանճարների ցուցակի մեջ ու գերազանցության համար շնորհել Ալբերտ Էյնշտեյնի մրցանակը: 2010-ին Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնն ընդգրկել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակում և շնորհել իր բարձրագույն` «Միջազգային նախագահական մրցանակ սրբապատկերային նվաճումների համար», նրա կենսագրությունն ընդգրկված է նաև «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ» (ԱՄՆ, 2011), «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան» (Մեծ Բրիտանիա, Քեմբրիջ, 2010, 2014) գրքերում և XVIII դարից հրատարակվող Մարքիուսի «Ով ով է» տարեգրքերում (ԱՄՆ, 2009-2014):

-Պարոն Ավագյան, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահն եք, ԵՄ միջազգային համագործակցության մի շարք ծրագրերի փորձագետ, ԱՊՀ երկրների քիմիայի և նավթաքիմիայի խորհրդի փորձագետ, Ամերիկյան քիմիական ընկերության անդամ: Հեղինակել եք տարբեր երկրների և Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված հարցերի տնտեսական վերլուծություններ: Ակնհայտ է, որ նոր կառավարության հաջողության գրավականը կարող են լինել անհաջողությունների վերլուծությունը և կոնկրետ սցենարների մշակումը: Որո՞նք են Ձեր փորձագիտական եզրակացությունն ու տեսլականը:
-Հայաստանը տնտեսական քաղաքականություն վարելու երկու հնարավորություն ունի` սպասել մինչև ամբողջ աշխարհում հաղթահարվեն ճգնաժամի հետևանքները, հուսալով, որ երկրում իրավիճակը կբարելավվի ինքն իրեն, կամ տնտեսության առողջացման նպատակով իրականացնել բարեփոխումների մեծամասշտաբ ծրագիր` հստակ նախագծելով կարևորագույն սցենարները:
-Սպասելը հազիվ թե արդյունավետ գործելակերպ դիտարկվի, երկրորդ տարբերակի իրականացման ձևերից խոսենք:
-Պատասխանս մի փոքր հեռվից կլինի: Անդրադառնալով Եվրոպայի զարգացող և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական աճին` Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է ՀՆԱ-ի մինչև 1,9 %-ով իջեցում և մատնանշում, որ ՌԴ-ի հետ տնտեսական կապերը լրացուցիչ անորոշություններ են առաջացնում նրանց տնտեսական զարգացման համար: Միաժամանակ ՀԲ-ն այդ երկրներին առաջարկում է հետամուտ լինել կոշտ և կտրուկ բարեփոխումների, ինչը, կարծում եմ, կօգնի ապագա ցնցումների հանդեպ ճկունություն դրսևորելուն և կայուն աճի հիմք կառուցելուն:
Երկրի տնտեսական պոտենցիալը որոշվում է առկա աշխատանքային և նյութական պաշարներով, արտադրանքի և ծառայությունների արդյունավետ զարգացմամբ: Ընդ որում` ինտելեկտուալ պաշարները և նոր տեխնոլոգիաները միատեղ ոչ միայն որոշում են արդյունաբերական աճի հեռանկարը, այլև ցուցանիշն են երկրի տնտեսական անկախության, բարեկեցության, ազգային կարգավիճակի մակարդակի: Գլոբալ տնտեսական կապերի համակարգում մտավոր ռեսուրսների և նոր տեխնոլոգիաների ներգրավվածությունը դարձել է ազգային տնտեսության մրցունակությունը ձևավորող գլխավոր գործոններից մեկը: Ներկայումս զարգացած երկրների ՀՆԱ-ի աճի մոտ 75-80 %-ը ապահովվում է նորարարական ու կատարելագործված տեխնոլոգիաների արտադրանքի մասնաբաժնի հաշվին: Տեխնոլոգիաների արտահանումից ստացված տարեկան շահույթը ԱՄՆ-ում կազմում է 700 մլրդ, Գերմանիայում` 530 մլրդ, Ճապոնիայում` 500 մլրդ դոլար, իսկ նրանց ծառայությունների շուկան կրկնապատկվել է հիմնականում նորարարական արտադրանքի հաշվին: Վերջին տասնամյակում Չինաստանի նոր տեխնոլոգիաների բնագավառի արտադրության ծավալը աճել է 27 անգամ, իսկ նրանց բաժինը համախառն արդյունաբերական արտադրանքում ավելացել է 8,1-ից մինչև 35,4 % ու մեծացել է նրա տեսակարար կշիռը միջազգային գործընթացներում: Համաձայն 2009 թ. ՌԴ ԳԱ գնահատականի` այդ երկրի գիտնականների ներդրումը համաշխարհային գիտական մշակումների ոլորտում կազմել է ընդամենը 2 % (ԱՄՆ` 35%): Հետևաբար, առանց Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների տնտեսություններում նորարարական զարգացման հիմնախնդիրների լուծման, տնտեսական աճը կլինի անկայուն և անմրցունակ: ԱՊՀ երկրների անցումը արդյունաբերության զարգացման նորարարական մոդելի ռազմավարական անհրաժեշտ ընտրություն է:
-Այդ ընտրության անհրաժեշտությունը ՀՀ կառավարությունը վաղուց է գիտակցել և դեռ 1999-ին ինովացիոն քաղաքականությունը հայտարարել տնտեսական զարգացման գերակայություն: Ի՞նչը խոչընդոտեց հաջողություններ գրանցելուն, և արդյո՞ք Մաքսային միությունը (ՄՄ) կարող է դառնալ վերոնշյալի իրականացման գործիք:
-Իհարկե, ՄՄ-ն այդպիսի խնդիրների լուծման գործիք չի կարող լինել: Այդ պարագայում ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արդյունավետ կգործի ձևավորվող Եվրասիական միությունը, հատկապես նորարարական գործիքների մշակման ու կիրառման հանգամանքներում, քանզի այն կարող է դառնալ միության հիմքը` կիրառելով նաև ԵՄ փորձը:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին մասին, այո, ինովացիոն քաղաքականությունը, որպես տնտեսական զարգացման գերակայություն, առաջին անգամ ընդունվեց 1999 թ. ՀՀ նախկին վարչապետ Վ. Սարգսյանի կառավարության գործունեության ծրագրում և մինչև այսօր շարունակական բնույթ է կրում: Սակայն 2000-ից ձախողվել կամ արդյունավետ չեն կատարվել կառավարական ծրագրերը, և այսօր էլ Հայաստանը ինովացիոն արտադրությունների զարգացման համակարգ չունի:
Ընդհանրապես տնտեսական պոտենցիալը դիտվում է միաժամանակ երկու` առկա պոտենցիալ պաշարների (բնական հարստություններ, ներդրումային, աշխատանքային) և առկա պաշարներով նորարարական գործունեություն իրականացնելու ունակության տեսանկյունից: Հայաստանի լեռնարդյունահանող ներուժը մեծ չէ, ինչը պայմանավորվում է փոքր պահուստներով, և կայուն չէ` շուկայական գներից զգալի կախվածության պատճառով: Բացի այդ, մեր հանքարդյունաբերությունը խոցելի ու անպաշտպան է, քանի որ չի կիրառում բավարար չափով նորարարական վերամշակման տեխնոլոգիաներ և չի հետևում ժամանակակից բնապահպանական նորմերին: Ժամանակին ՀՀ ՀՆԱ կառուցվածքում լուրջ ներդրում ունեցող ալմաստագործությունը գրեթե կորցրեց իր նշանակությունը, մեքենաշինությունն այսօր ՀՀ-ում գրեթե բացակայում է, և նրա արտադրանքի արտահանման համակարգի ձևավորման նախադրյալները սահմանափակ են: Քիմիական արդյունաբերությունը գործում է անկայուն և թույլ է դիվերսիֆիկացված, ինչը մտահոգիչ է, քանզի ոլորտը նորարարական տեխնոլոգիաների համար գրավիչ է և կարող է մրցունակ արտադրությունների հիմնադրման հիմք հանդիսանալ, մանավանդ որ ոլորտի գիտական պոտենցիալը պահպանված է:
Մարդկային ներուժի կտրվածքով ասեմ, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 5 տարում Հայաստանը լքել է 225 հազար մարդ: Հայաստանում համախառն պետական պարտքը 2014 թ. հունվարի վերջի դրությամբ կազմել է 4590,7 մլն դոլար, իսկ կատարված բարեփոխումները և արտաքին պարտքի աճը շոշափելի չեն ազդել աշխատատեղերի ավելացման վրա (ՀՀ աշխատունակ տարիքի բնակչություն՝ 2,3-2,4 մլն մարդ, զբաղվածություն՝ 2004 թ. - 1081,7, 2005 թ. - 1097,8, 2006 թ. - 1092,4, 2007 թ. - 1101,5, 2008 թ. - 1183,1, 2009 թ. - 1152,8, 2010 թ. - 1185,2, 2011 թ. - 1175,1, 2012 թ. -1175,8, 2013 թ. - 1172,8 հազ. մարդ): Փաստորեն, նախկին կառավարության հայտարարած գործազրկության մակարդակի նվազումը 60 հազար մարդով մինչև 2025 թ. լուրջ ազդեցություն չի ունենա բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, ինչը վկայում է, որ դեռևս չեն մշակվել վճռորոշ ծրագրեր: Կուտակված պարտքի սպասարկման համար ստացվում են ԵՄ հատկացրած վարկեր, ինչը որոշակիորեն վկայում է, որ նախկինում պետական վարկային ռեսուրսները արդյունավետ չեն օգտագործվել ու չեն նպաստել շահավետ արտադրությունների հիմնադրմանը, և տնտեսությունը կարիք ունի կտրուկ բարեփոխման:
-Կարծես ՀՀ ոչ մի կառավարություն եթե չի բարձրաձայնել, ապա չի էլ ժխտել կտրուկ բարեփոխումների անհրաժեշտությունը: Այս տեսանկյունից Հանրային խորհուրդը ներկայացրե՞լ է կառուցողական առաջարկներ:
-Այո, իհարկե, 2010-ին Հանրային խորհուրդը (ՀԽ) դիմել էր նախկին վարչապետ Տ. Սարգսյանին մեր ենթահանձնաժողովի փորձագիտական` «ՀՀ կառավարության ինովացիոն քաղաքականության արդյունավետությունը և նրա ազդեցությունը տնտեսական զարգացման վրա» եզրակացությամբ և առաջարկություններով, որոնք հիմնավորվում էին նախարարներից ստացված տեղեկություններով: Մեր եզրակացությունում նշված էր, որ ՀՀ կառավարությունը չի կատարել իր իսկ գործունեության ծրագրից բխող ինովացիոն քաղաքականության արդյունավետ գործողություններ, ինչպես նաև մի շարք օրենքների ու իր այլ ծրագրերի պահանջները: Շեշտադրված էր, որ 2000-ին կատարվել է կոպիտ սխալ, քանզի արդյունաբերության մոդեռնիզացիան և ինովացիոն քաղաքականությունը տնտեսական զարգացման գերակայություն հռչակելով հանդերձ իրականացվել են ինստիտուցիոնալ վատթարացումներ. կրճատվեցին արտադրական ենթակառույցները համակարգող փոխվարչապետի պաշտոնը, արդյունաբերության նախարարությունը և ՀՀ կառավարության արդյունաբերության վարչությունը: Այդ իսկ պատճառով կառավարություններին շարունակաբար չհաջողվեց տնտեսական բարեփոխումների համար կազմակերպել թիմային համակարգված աշխատանք և ինովացիոն ոլորտում հասնել նշանակալի արդյունքների: Արտադրության զարգացումը մնաց արտադրության օդը չշնչած մարդկանց տնօրինմանը, և հերոսություն համարվեց ու դեռ համարվում է ոչ թե աշխատեղերի ստեղծումը, այլ պետական պարտքի ավելացումը և աշխատանքային միգրացիային նպաստելը: Իսկ ՀԽ-ի վերը ներկայացված եզրակացությունում առաջարկվել էր կատարել վճռորոշ և արհեստավարժ քայլեր, ձևավորել նոր տնտեսական քաղաքականություն և դրա իրականացման համար լուծում տալ հետևյալ ինստիտուցիոնալ խնդիրներին ու նախաձեռնություններին.
1. ՀՀ նախագահին կից հիմնադրել տնտեսության տեխնոլոգիական զարգացման և տնտեսական մրցունակության բարձրացման հանձնաժողով, օգտագործելով նաև ՌԴ փորձը,
2. նոր տնտեսական քաղաքականության օպերատիվ համակարգման համար ՀՀ կառավարությունում նախատեսել արտադրական ենթակառույցների և ինովացիոն քաղաքականության համակարգող նախարարի պաշտոն և համապատասխան վարչություն,
3. ՀՀ ֆինանսների նախարարությանը կից հիմնադրել ինովացիոն ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների հիմնադրամ,
4. «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին ՀՀ օրենքի» համապատասխան` ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին և հիմնադրամներին նախատեսել ինովացիոն քաղաքականության զարգացման ուղղությամբ գործողությունների ծրագրեր և արտացոլել դրանք կատարողականի հաշվետվություններում:
Սակայն կառավարությունը, ըստ էության, առաջադրված մոտեցումներին չի արձագանքել, հակառակը, ղեկավարվել է մեր կողմից հիմնավորապես քննադատված` Գյումրիում տեխնոպարկի հայեցակարգով, Դիլիջանում գիտաինովացիոն կենտրոնի ու այլ նման տնտեսապես չհիմնավորված ծրագրերով:
-Ներդրումային արդյունավետ միջավայրը կարո՞ղ է նշանակալի դեր ունենալ զգալի քանակով աշխատատեղերի ստեղծման համար:
-Նախկին կառավարությունը այդ ոլորտում կատարել էր մի շարք բարեփոխումներ (կրճատվել են հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների կատարման պարբերականությունները, բարեփոխումներ են իրականացվել արտաքին առևտրին առնչվող տեխնիկական հսկողության մի շարք ոլորտներում, ներդրվել են մաքսային հայտարարագրման և մաքսային ձևակերպումների և իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի հաշվառման էլեկտրոնային համակարգերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել են` 169-ից դառնալով 96, հստակեցվել և կրճատվել են շինարարական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ գործընթացներն ու ժամկետները և այլն: Ընդհանրապես բարելավվել էր Doing Business ցուցանիշը 18 կետով (Հայաստան` 32-րդ, Վրաստան` 9-րդ, Ադրբեջան` 67-րդ տեղերում): Սակայն, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության մեջ նվազում են և հասել են համարյա 2006 թ. մակարդակին (մլն դոլար):


Մտահոգված այդ մարտահրավերներով` 2010-2012-ին մենք դիմել ենք նախկին վարչապետ Տ. Սարգսյանին, իսկ 2013-ին հայտնել ենք նախագահական, որ տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից է դատական համակարգի գործունեության ցածր արդյունավետությունը, քանզի սեփականության անձեռնմխելիության խախտումների դեպքում չի կարելի սպասել տնտեսության զարգացման բնագավառում թե արտաքին, թե ներքին մեծածավալ ներդրումներ: Դատական համակարգում սեփականության իրավունքի անձեռնմխելիության սկզբունքի խախտումները անվստահության մթնոլորտ են ձևավորում, և այդ հանգամանքում կառավարությունը ներքին մարտահրավերներին պատասխանելու համար պարտադրված է լինում ընտրելու ավելի ցածր արդյունավետություն ունեցող մոտեցում` ավելացնելով արտաքին պարտքը:
(շարունակելի)

Հարցազրույցը`
Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3406

Մեկնաբանություններ