Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հայկական Նյուրնբերգ նշանակում է՝ սուտն ու կեղծիքը չեն կարող անվերջ հաղթանակել

Հայկական Նյուրնբերգ նշանակում է՝ սուտն ու կեղծիքը չեն կարող անվերջ հաղթանակել
24.04.2014 | 01:00

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում փոփոխություններ չի սպասում:
-Եթե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ փոփոխություն լինի, Թուրքիայի դիրքորոշումը պետք է փոխվի: Կունենա՞ Թուրքիան կառուցողական դիրքորոշում, կփոխվի, չի ունենա՝ չեմ բացառում, որ նույն հարաբերությունները մնան: Այո, Թուրքիան տարածաշրջանային հզոր երկիր է, G-20-ի անդամ, ունի շահեր տարածաշրջանում, բայց բոլորը պետք է գիտակցեն, որ երբ խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության մասին, բացառություններ չպետք է լինեն: Չի կարելի առաջնորդվել՝ ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին սկզբունքով: Թուրքիան պետք է առաջինը գիտակցի, որ պետք է հաշտվի սեփական պատմության հետ: Գոնե այսօր ես չեմ տեսնում որևէ լուրջ հիմք, որ Թուրքիան կարող է փոխվել: Ես շատ ուրախ կլինեմ, որ Թուրքիան փոխվի դեպի ժողովրդավարություն, դեպի ազգերի համերաշխություն ու հանդուրժողականություն, բայց քանի Թուրքիայում կա 301 հոդված, քանի դեռ թուրքերը 1915-ը կապում են առաջին համաշխարհային պատերազմի հետ, շատ լավ իմանալով, որ դա ընդամենը հարմար պատրվակ էր՝ բնաջնջելու քրիստոնյա ազգաբնակչությանը, այդ թվում՝ հայերին, փոփոխությունը քիչ հավանական է: Այդ է վկայում նաև վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որտեղ ցավով է խոսում դեպքերի մասին, բայց հղում է անում առաջին աշխարհամարտին: Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի և ճանաչի հայոց ցեղասպանությունը: Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի՝ առանց նախապայմանների հարաբերվելու հարևանի հետ: Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի ու դադարեցնի հարևանի շրջափակումը: Կլինե՞ն այդ քայլերը, բնականաբար քաղաքակիրթ աշխարհի ընկալումները Թուրքիայի վերաբերյալ կփոխվեն: Չեն լինի, պետք է ոչ թե գեղեցիկ խոսքեր լսենք, այլ հստակ քաղաքականությամբ մեր կարծիքը հայտնենք: Այսօր գնդակը մնում է Թուրքիայի դաշտում, խելամիտ ժամկետներն էլ անսպառ չեն:
-Առաջիկայում փոփոխություն չի լինի ասելով՝ նկատի ունեք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը ընտրություններում նորից կհաղթի՞:
-Այո, նրանք հաղթեցին ՏԻՄ ընտրություններում: Բացի դրանից՝ Թուրքիայի քաղաքական իստեբլիշմենտում ես չեմ տեսնում քիչ թե շատ ազդեցիկ կուսակցություն, որի քաղաքական պլատֆորմում կան Հայաստանի ապաշրջափակման, ցեղասպանության ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման դրույթներ: Չկան ազդեցիկ քաղաքական կուսակցություններ ու քաղաքական գործիչներ, որ դեմ եմ Էրդողանի վարած քաղաքականությանը հայկական հարցում: Եթե կան էլ, ավելի շատ քրդական ծագում ունեն և ավելի շատ մարգինալ ուժեր են ու չունեն համաթուրքական ազդեցություն:
-Տարածաշրջանային լիդեր դառնալու համար Հայաստանը Թուրքիայի կոկորդում չի՞ մնում, գոնե իրենց շահերից ելնելով հնարավո՞ր է, որ 100-ամյակին, նաև միջազգային հանրության ճնշմամբ, ցեղասպանությունը ճանաչվի:
-Ես չեմ բացառում, որ ինչ-որ հայտարարություններ կլինեն՝ ականջ շոյող, ինչ-որ միջոցառումներ, բայց իրական քայլեր՝ դժվար թե: Մեր խնդիրը մեկն է՝ ունենալ կանխատեսելի հարևան, որպեսզի Թուրքիան չասի մի բան, անի այլ բան: Թուրքիան տարածաշրջանային լիդերության է գնում, բայց դա Անկարային իրավունք չի տալիս արհամարհել ստորագրված արձանագրությունները, արհամարհել ազգային փոքրամասնությունների իրավունքները, իրականացնել ցեղասպանութուն ու ցեղսպանության ժխտման քաղաքականություն: Քաղաքակիրթ մարդկության խնդիրը պետք է լինի ժխտողականության դեմ պայքարը: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների, մշակութային ցեղասպանության մասին, պետք է պայքարենք ժխտողականության դեմ: Սա միայն հայերիս պայքարը չէ, սա բոլորիս պայքարն է: Մենք 100-ամյակին ընդառաջ պայմանավորվածություններ ունենք մի քանի խորհրդարանների հետ՝ ցեղասպանության թանգարանի հետ համատեղ, կազմակերպել իրադարձությունները ներկայացնող ցուցադրություններ: Արդեն նման պայմանավորվածություն կա Հունաստանի խորհրդարանի հետ, պատգամավորական բարեկամության խմբերը, համագործակցության հանձնաժողովները այդ հնարավորությունը պետք է օգտագործեն՝ շատ կարևոր է, որ եվրոպական պետությունների օրենսդիր մարմիններում կարողանանք իրականացնել այդ ցուցադրությունը, որովհետև ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան քսան անգամ լսել: Պատրա՞ստ է Թուրքիան իր խորհրդարանում նման ցուցադրության, եթե ոչ, նշանակում է՝ շարունակելու են գեղեցիկ խոսքեր ասել ու այդքանով սահմնափակվել:
-Մենք ինքներս ձևակերպե՞լ ենք պահանջատիրության մեր բանաձևը, մենք ի՞նչ ենք ուզում:
-Կարծում եմ՝ այո: ՀՀ նախագահը մի քանի հայեցակարգային ելույթներ է ունեցել: Ինձ համար անկյունաքարային է Դեր Զորում Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ խոսվեց հայրենատիրության, պատմական ճշմարտության և հայկական Նյուրնբերգի մասին: Հայկական Նյուրնբերգ նշանակում է՝ սուտն ու կեղծիքը չեն կարող անվերջ հաղթանակել: Մեզ համար 20-30, 100 տարին շատ մեծ ժամանակ է գուցե, բայց պետության համար դա այնքան էլ մեծ ժամանակ չէ: Պատմությունը շատ դաժան է կեղծիքի նկատմամբ, ճշմարտությունը ուշ թե շուտ վերականգնում է իր դիրքերը: Պետք է պայքարել: Եթե չենք դատապարտում ցեղասպանության ժխտողականությունը, հավասարազոր է խրախուսման: Սա բոլորը պետք է գիտակցեն և միասնական աշխատանք տանեն այլ տերությունների, լոբբիստական կազմակերպությունների հետ: Հույներն ունեն ցեղասպանության խնդիր, ասորիները, բուլղարացիները, եզդիները, մենք պետք է բոլորի հետ համագործակցենք, որովհետև դա մեկ ազգի խնդիր չէ, դա միջազգային խնդիր է, որտեղ իրենց ասելիքն ունեն և իրավապաշտպան կազմակերպությունները, հումանիստական գործունեությամբ աշխարհին հայտնի գործիչները, մշակույթի մարդիկ: Այս ժամանակը պետք է ճիշտ օգտագործվի:
Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի ապրիլի 25–ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ