Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Կուզենայի, որ բոլոր պաշտոնյաները մեծ հարգանքով թողնեին իրենց աշխատավայրը»

«Կուզենայի, որ բոլոր պաշտոնյաները մեծ  հարգանքով թողնեին իրենց աշխատավայրը»
25.04.2014 | 00:47

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Հովսեփյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ձեր եղբորը «վերաբերող» քննչական միասնական մարմնի մասին օրինագիծն այնքան ձգձգեցին, մինչև հասավ գարուն, շուտով գարունն էլ կավարտվի, իսկ ո՞ւր է տարվա Ձե՛ր եղանակը: Հիմա էլ օրինագիծը ձգողները գնացին ավելի մեծ պաշտոնների, ու ասում են` առաջիկա քառօրյային նույնպես այն չի քննարկվի, որովհետև հարցերը շատ են, հերթը ձեզ չի հասնի:
-Պետք է այդ հարցերն ուղղել համապատասխան հանձնաժողովին և ոչ թե ինձ:
-Հանձնաժողովը շուտով նոր նախագահ կունենա, Դուք էլ բարով-խերով կհասնեք Ձեր մուրազին, ու էլ խոչընդոտներ, կարծես, չեն լինի:
-Այն ժամանակ էլ խոչընդոտներ չկային:
-Չէ, ասում են` Դավիթ Հարությունյանն ու Աղվան Հովսեփյանը զմիմյանս… «փոր էին թափում»:
-Սուտ է:
-Բա Ձեր երրորդ ընկերն ո՞ւր է` Վրեժ Մարկոսյանը, հրես պարոն Նուշիկյանը Ձեր կողքով քայլում է, իսկ ինքը չկա: Ի դեպ, ձեր երրորդությանը` Մարկոսյան, Նուշիկյան, Հովսեփյան, պառլամենտի լրագրողները բարի հումորով «ապարանյան կլան» են անվանում. ո՞ւր է Վրեժը:
-Ճիշտն ասած, չգիտեմ՝ ուր է էս պահին:
-Երևի գնացել է «վրեժ» լուծելու. տեսաք, չէ՞, իր օրերում ինքը կուտակայինին դեմ արտահայտվեց` դեռ էն ժամանակ, պարոն Նուշիկյան, իսկ Դուք դե՞մ եք, թե՞ կողմ (պարոն Նուշիկյանը խելոք, թե` «կողմ եմ»): Պարոն Հովսեփյան, դառնանք քննչական միասնական մարմնին, հիմա Դավիթ Հարությունյանն ավելի մեծ պաշտոնի է, բա որ էլի խոչընդոտի՞ քննչական մարմնի ստեղծմանը:
-Ես Ձեզ խնդրում եմ` նման հարցեր ինձ մի տվեք: Ես արդեն ասացի` նման բան չկա: Այդ մարմինն ստեղծելու համար պարզապես շատ աշխատանք կա անելու, այդ աշխատանքներն են արվում:
-Ասում են` երեք-չորս ամիս է, ինչ Օրբելու վրա այդ «մարմնին» տարածք են հատկացրել, բայց քանի որ օրենքը դեռ չի ընդունվել, չգիտեն` ինչ անեն, ինչպես անեն, ումով անեն:
-Ես տեղյակ չեմ:
-Իսկ մինչ օրենքի ընդունումը Ձեր եղբայրն ինչո՞վ է զբաղված, հանդիպո՞ւմ եք նրա հետ:
-Հա, տանը:
-Տանը նստա՜ծ է:
-Չէ, ոչ թե տանը նստած է, այլ տանն ենք հանդիպում:
-Բա ինչո՞վ է զբաղված ողջ օրը. ախր դժվար է երիտթոշակառու լինելը: Մի ժամանակ սիրում էր ծաղիկներ նկարել, նկարո՞ւմ է:
-Ավելի լավ չէ՞ այդ հարցերը նրան տաք:
-Հա, որ հանդիպեմ` կտամ: Իսկ Դուք ո՞նց վերաբերվեցիք նրան, որ ինքը համբուրեց դատախազության դուռը:
-Շատ լավ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև կուզենայի, որ բոլոր պաշտոնյաները մեծ հարգանքով թողնեին իրենց աշխատավայրը:
-Հա՜, էլի՛, բա չէ՞. ասենք, Հովիկ Աբրահամյանը, արագ-արագ, ափալ-թափալ գնաց, չասաց` մի հատ էս ԱԺ դուռը համբուրեմ, նոր գնամ, մի հատ շնորհակալ լինեմ էս պառլամենտին, որ ինձ համար տրամպլին դարձավ նախագահ, օյ, կներեք, վարչապետ դառնալու համար: Բայց դե, մեր մեջ ասած, պարոն Հովսեփյան, էդ համբույրի մեջ, հավատացյալ, եկեղեցի կառուցած, հայոց տառերն անմահացրած Աղվան Հովսեփյանի համար մի քիչ կռապաշտական ծես կար, չէ՞, կարծես:
-Չէ, չկար:
-Դո՞ւք էլ եք հավատացյալ:
-Գիտե՞ք, ես էլ հիմա կարող եմ Ձեզ հարց տալ։
-Տվե՜ք այսպիսով` փոխում ենք դերերը:
-Սուրճ կխմե՞ք:
-Դա՞ էր Ձեր հարցը:
-Այո։ Կխմե՞ք:
-Հասկանում եմ` «ցրում» եք։ Մի անկեղծ հարց` Ձեզ պառլամենտում լա՞վ եք զգում, մի տեսակ, ոնց որ, շա՜տ մեկուսացած եք:
-Չե՛մ։ Չե՜մ։ Ինձ լավ եմ զգում:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ