Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Փողի մեռածների» Հայաստանում ամեն մի նոր շրջապտույտ նախորդից ավելի ստոր է և այլանդակ»

«Փողի մեռածների» Հայաստանում  ամեն մի նոր շրջապտույտ նախորդից  ավելի ստոր է և այլանդակ»
15.04.2014 | 11:07

Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության, աշխարհում դրա արձագանքի և մեր ներքաղաքական կյանքի շեշտադրումների մասին է «Իրատես de facto»-ի զրույցը քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ։

-ՈՒկրաինական դեպքերից հետո աշխարհում բաժանարար գծերն ավելացել են: Ձեր գնահատմամբ, այսօր աշխարհը ի՞նչ ուղղություն է վերցրել և ո՞ւր է գնում:
-Բաժանարար գծերը ոչ այնքան ավելացել են, որքան փոխվել են նրանց անցկացման տեղերը և ամենակարևորը՝ որակը: Հայտնվել են կեղծ և քողարկված բաժանարար գծեր: Միայն թվում է, թե Արևմուտքի ամբողջականության (Եվրոպա+ԱՄՆ) և Ռուսաստանի միջև է անցնում հիմնական բաժանարար գիծը: Իրականում Եվրոպայի ճնշող մեծամասնության (առաջին հերթին բնակչության, հոգևոր, մտավոր, տնտեսական էլիտայի) և Ռուսաստանի միջև բաժանարար գիծ չկա: Ավելին, կա զգալի համակրանք, իսկ ԱՄՆ-ի հանդեպ՝ համարյա անսքող հակակրանք: Նույնն է վերաբերմունքը համարյա ողջ աշխարհի (այս դեպքում՝ ներառյալ և քաղաքական էլիտան). համարյա անթաքույց հակակրանք ԱՄՆ-ի և համակրանք՝ Ռուսաստանի նկատմամբ:
Այս ամենը պայմանավորված է նրանով, որ իշխող աշխարհակարգը՝ քաղաքակրթական մոդելը (արևմտյան), որի հիմնական կրողն ԱՄՆ-ն է՝ իր ավելի կամ պակաս չափով հավատարիմ մնացած դաշնակիցներով, աշխարհը հասցրել է խոր համակարգային ճգնաժամի (քաղաքական, տնտեսական, ռազմական, էկոլոգիական), որի հիմքում արժեհամակարգային ճգնաժամն է: Բոլորի համար ակնհայտ է, որ այս ամենը պետք է փոխվի, փոխվի անհապաղ. մարդկությանը պետք են նոր արժեքներ, նոր նպատակներ, կյանքի նոր սկզբունքներ: Այս ամենը մարդկության հոգևոր, մտավոր շտեմարանում արդեն կա, բայց դրա դրսևորմանը, կյանքում հաստատմանը խոչընդոտում է, տարրալուծում, դաժան, շատ դեպքերում արյունահեղ հարվածներ հասցնում մոլորակի վրա իշխանություն հաստատած փողի համակարգը, որի առաջին հենարանը ԱՄՆ-ն է:
Ամենազարմանալին այն է, որ ԱՄՆ-ի ժողովուրդը ոչ մի ընդհանուր բան չունի իր կառավարության նպատակների և գործունեության հետ: Ամերիկացիները համոզված են, և տասնամյակներով այդպես էլ կար, որ աշխարհ են ներմուծում ազատության, աշխատասիրության, մարդկային համերաշխության վեհ գաղափարներ: Եթե Ամերիկայի ժողովուրդը համոզվի, որ իր կառավարությունը գործում է ոչ թե այդ, այլ միանգամայն այլ սկզբունքներով, մի հուժկու հարվածով ամեն ինչ կդնի իր տեղը:
-Ասում են՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Այսօրվա ՈՒկրաինայում սրա ծիլերը չե՞ք տեսնում: Հետաքրքիր է, որ բռնապետության դեմ պայքարողները, մասնավորապես Տիմոշենկոն, այսօր հայտարարում են, որ «մոսկալներին» պետք է ատոմային ռումբով վերացնել:
-Տիմոշենկոն ՈՒկրաինայի վերջին հեղափոխության զավակը չէ, նա զավակն է լրիվ այլ երևույթի` ՈՒկրաինայում աշխարհաքաղաքական բախման Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև: Միացյալ Նահանգները ձգտում է ՈՒկրաինան դարձնել արևմտյան աշխարհաքաղաքական համակարգի մասը՝ թե՝ ռազմաքաղաքական, թե՛ քաղաքակրթական, թե՛ տնտեսական հարթություններում: ՈՒկրաինայի ժողովուրդը՝ նրա մտավորականության և երիտասարդության մաքրագույն և նվիրական հատվածը, ապստամբություն բարձրացրեց Մայդանում, որն ուղղված էր անթաքույց կողոպուտի, մարդկային արժանապատվությունը ոտնահարող համակարգի դեմ, որը հաստատվել էր ՈՒկրաինայում, ինչպես հետխորհրդային համարյա բոլոր երկրներում: Միացյալ Նահանգները, որ հմտացած է նման ժողովրդական ընդվզումներն իրենց իրական նպատակներից շեղելու գործում, տիմոշենկոների (Յացենյուկ, Տուրչինով, Կլիչկո և այլք) միջոցով զավթեց ժողովրդական ընդվզման կառավարումը, և այն երկրի նոր որակները հաստատելու հարթությունից տեղափոխեց աշխարհաքաղաքական հարթություն, խոր առճակատում հրահրեց Ռուսաստանի դեմ: Եվ պատահական չէ, որ ստացված «Նոր ՈՒկրաինայում», որը ոչ մի կապ չունի ապստամբած ժողովրդի երազանքների հետ, իշխող արևմտամետ քաղաքական շրջանակի մասը դարձավ թվարկված անձանց հետ, համարյա ողջ օլիգարխիան, որի դեմ ապստամբել է ժողովուրդը, և որը, մեկ այլ օլիգարխ ու կողոպտիչ Յանուկովիչի հետ, ՈՒկրաինայի իբր ռուսականամետ ուժն էր: Նրանք բարձր պաշտոններ զբաղեցրին (նահանգապետեր և ավելի բարձր) և հլու-հնազանդ ենթարկվում են Արևմուտքին:
-Ոչ պակաս մեծ պատերազմ է ընթանում նաև տեղեկատվական դաշտում, որտեղ, կարելի է ասել, Արևմուտքը հաղթում է Ռուսաստանին: Հակառուսականությունը նաև մեզանում է շատացել: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Տեղեկատվական պատերազմն այսօրվա աշխարհում դարձել է ապրելակերպ: Ոչ մի նշանակություն չունի, ինչ է իրականում կատարվում աշխարհում: Մարդիկ իրական բաների մասին որևէ պատկերացում չունեն, փոխարենը գոյություն ունի այն և միայն այն, ինչը հաղորդում են լրատվամիջոցները, ինֆորմացիոն համակարգերը: Այդ հաղորդումները կարող են որևէ աղերս չունենալ իրականության հետ: Մարդկանց համար դրանք իրականություն են, իսկ իրականությունը՝ ոչինչ: Այսօրվա աշխարհը տոտալիտար է ինչպես երբեք: Այդ տոտալիտարիզմն ապահովվում է լրատվացանցի մենաշնորհությամբ (քաղաքակրթական իմաստով Հայաստանի համարյա ողջ լրատվացանցը գտնվում է Արևմուտքի ձեռքում, և նույն վիճակն է համարյա բոլոր երկրներում): Դա լրացվում է նույն վերահսկողությամբ գործող հասարակական, քաղաքական և վերլուծական կառույցներով, որոնք ապահովում են անհրաժեշտ լրատվության արտադրումն ու տարածումը՝ համաձայն համապատասխան կառավարման կետի (որպես կանոն, տվյալ երկրում ԱՄՆ-ի դեսպանատան) հանձնարարականի:
Նույն ՈՒկրաինայի առնչությամբ Դուք հանդիպե՞լ եք մեր լրատվացանցում տեղեկությունների այդ երկրում կատարվող իրադարձությունների իրական պատկերի մասին: Այն է՝ ԱՄՆ-ն ուղղորդեց ընդդեմ օլիգարխիայի ժողովրդական ցասումը սեփական նպատակները սպասարկելու համար և առաջացրեց արյունահեղությամբ հղի առճակատումներ ՈՒկրաինայի ներսում, ՈՒկրաինայի և Ռուսաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի միջև: Ոչ, կհանդիպեք միայն մոգոնած կեղծիքի, ագրեսիվ, արյունարբու Ռուսաստանի ծավալապաշտ կառավարիչների խելակորույս գործողությունների մասին:
-Ղրիմի հանրաքվեից հետո ակտիվացան խոսակցությունները Ղարաբաղի առնչությամբ, սակայն նույն արագությամբ էլ մարեցին: Ինչո՞ւ է երկակիություն դրսևորվում, երբ հարցը Ղարաբաղին է վերաբերում:
-Այսօրվա աշխարհում չկա ոչ մի օրենք, սկզբունք: Օրինական է այն ամենը, ինչը բխում է ԱՄՆ-ի շահերից, մնացած ամեն ինչը անօրեն է:
-Ձեր կարծիքով, աշխարհաքաղաքական այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Ինչպիսի՞ տեղաշարժեր կարող են լինել ներքաղաքական կյանքում:
-Նախ և առաջ չկա «աշխարհաքաղաքական այս իրավիճակ». մենք հայտնվել ենք մարդկության զարգացման այնպիսի փուլում, երբ ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ սրընթաց փոփոխվում է, այդ թվում նաև՝ աշխարհաքաղաքականը, որը ՈՒկրաինայից սկսած և ՈՒկրաինայով սրընթաց վերաճում է գլոբալ կատակլիզմի: Այնպես որ, ոչ թե տեղաշարժեր, այլ հսկայական թռիչքներ և վայրիվերումներ կարող են լինել կյանքի ցանկացած հարթությունում և ամբողջականության մեջ:
-Վարչապետի փոփոխությունը Հայաստանում ինչ-որ բան կարո՞ղ է փոխել:
-Արդեն քառորդ դարը բոլորած, մամոնայի վարդապետություն ընդունած Հայաստանում վարչապետի և ցանկացած այլ պաշտոնյայի փոփոխություն կարող է փոխել միայն մեկ բան՝ որ օլիգարխիական խումբն է առավել «արդյունավետ» կողոպտելու Հայաստանը: Ցանկացած այլ փոփոխության ակնկալիքը կապված է նոր վարդապետության (Նոր Աստված, արժեհամակարգեր), այն իրենց հոգում կրող, այդ վարդապետությամբ ապրող նոր ղեկավարների հետ:
-Տարբեր վերլուծաբաններ պնդում են, որ այսօրվա ներքաղաքական բոլոր ինտրիգները պայմանավորված են 2018-ի նախագահական ընտրություններով: Հնարավոր համարո՞ւմ եք երեք նախագահների «շրջապտույտից» դուրս գալը:
-Խնդիրը ոչ այնքան նշված շրջապտույտից դուրս գալն է, որքան ո՛ւր դուրս գալը: «Փողի մեռածների» Հայաստանում ամեն մի նոր շրջապտույտ նախորդից ավելի ստոր է և այլանդակ: Եվ միայն պատերազմի բովով անցած, մեր ինքնության խորքից եկած արժեքներով և նպատակներով երկիրն ու ժողովուրդը միաբանած ազատամարտիկների, մտավորականների սրընթաց հարձակումը կարող է ընդհատել այդ մահացու գահավիժումը և վերականգնել մեր բնականոն երթը:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ