Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ղրիմի ինքնավարության ճանաչումը Ռուսաստանին բարոյապես պարտավորեցնում է ընդունելու Ղարաբաղի անկախությունը»

«Ղրիմի ինքնավարության ճանաչումը  Ռուսաստանին բարոյապես պարտավորեցնում է ընդունելու Ղարաբաղի անկախությունը»
11.03.2014 | 11:58

ՈՒկրաինական զարգացումների և դրանց արձագանքների շուրջ «Իրատես de facto»-ն զրուցեց ԵՊՀ աշխարհագրու-թյան և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ է կատարվում ՈՒկրաինայում, ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր:
-Այն, որ այդ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ էր իշխող օլիգարխների կառավարությանը, փաստ է: Անհերքելի է նաև այն, որ դժգոհողների մեջ կար փոքրաթիվ, բայց ագրեսիվորեն տրամադրված որոշ զանգված, որն աջակցություն էր ստանում և ֆինանսավորում դրսից՝ երկիրն ապակայունացնելու, իշխանությունը բռնությամբ զավթելու և հակառուսական քաղաքականությունը պաշտոնականացնելու նպատակով: Այդ ծանր իրադրության մեջ պարզ դարձավ, թե ինչ են իրենցից ներկայացնում թե՛ նախագահ Յանուկովիչը, թե՛ երկրի խորհրդարանը, թե՛ իրավապահներն ու զինված ուժերը: Նշված օղակներից և ոչ մեկն ի վիճակի չեղավ ստեղծված քաոսը կանգնեցնելու, երկիրը քաղաքացիական պատերազմից և պառակտումից փրկելու: Եվ այդ քաոսը ավելի խորացնելու, երկրում անիշխանություն ստեղծելու նպատակով Արևմուտքն սկսեց ավելի բացարձակ և ցինիկաբար օգտագործել իր ունեցած բոլոր հնարավորությունները: Նրանց ներկայացուցիչները` արտաքին գործերի նախարարները, կառավարության ղեկավարներն ակտիվորեն մասնակցում էին Մայդանի հանրահավաքներին և ելույթներով, կոչերով ոգևորում մասնակիցներին, հատկապես ագրեսիվ փոքրամասնությանը, որ նրանք չենթարկվեն իշխանություններին, դիմեն կոշտ, ընդհուպ զինված, դիմադրության: Եվ այդ բոլորը կատարվում էին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության շղարշի տակ: Մայդանում ձևավորվեց փոքրաթիվ, ագրեսիվորեն տրամադրված տարր, որը ցանկացած երկրում կա և հարմար իրավիճակում միշտ հնազանդեցնում է հասարակության բոլոր շերտերին, որոնք իրենց հետ համաձայն չեն: Զինված մարդը միշտ թելադրող է լինում: Այդ ագրեսիվ տարրն էլ Մայդանն օգտագործեց իր շահերի համար: ՈՒ եղավ այն, ինչ եղավ: Ցույց տվեք մի երկիր, որտեղ իրավապահին կարող են սպանել և պատասխան չտալ: Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում թող փորձի որևէ քաղաքացի իրավապահի նկատմամբ ուժ կիրառել, «շանսատակ» կանեն: Դրա վառ օրինակը ԱՄՆ-ի «Վոլ-Սթրինգի» իրադարձություններն են, երբ մի գիշերվա մեջ «բուլդոզերներով», մահակներով մաքրեցին հրապարակը ըմբոստացողներից: Այդ ինչո՞ւ իրենց երկրում ոչ մի քաղաքացի իրավունք չունի ձեռք բարձրացնելու իրավապահի վրա, իսկ ուրիշ երկրում, երբ սպանում են իրավապահին, խախտում են օրենքը, իրավապահն իրավունք չունի հակազդելու, որովհետև դա կդիտվի Արևմուտքի կողմից մարդու իրավունքների խախտում: Այս ամբողջ մայդանյան պատկերի վրա ավելի բացահայտվեց Յանուկովիչի և նրա թիմի պատկերը: Պարզվեց, որ նրանք երբեք էլ ռուսամետ չեն եղել, նրանց հետաքրքրել են միայն նեղ անձնական շահերը, թալանած հարստությունն ամեն գնով պահպանելու մոլուցքը: Յանուկովիչը փորձում էր կնքել ասոցացման համաձայնագիր և Եվրամիության խոշորածավալ ներդրումներով փրկել, պահպանել իրենց տնտեսական հարստությունը: Եվրոպան հրաժարվեց նման առատաձեռնությունից: Խոշորածավալ տնտեսական օգնություն ցույց տալու ցանկություն հայտնեց Ռուսաստանը, պայմանով, եթե ՈՒկրաինան մաս կազմի Մաքսային միությանը, որին համաձայնեց ՈՒկրաինան: Իսկ ինչո՞ւ Արևմուտքը սկզբում չխոստացավ խոշորածավալ ներդրումներ կատարել ՈՒկրաինայում, իսկ հիմա, երբ արդեն երկիրը քաշվել է քաղաքացիական պատերազմի մեջ, շռայլորեն խոստանում է ֆինանսական մեծ օգնություն: Արևմուտքին հենց դա էր պետք՝ պատերազմ սկսել երկու եղբայր ժողովուրդների միջև, ինչպես դա արվում է այսօր արաբական աշխարհում: Նման քայլերով Արևմուտքը պարտադրեց Յանուկովիչին, իրենց իսկ ակտիվ մասնակցությամբ, կնքելու այն խայտառակ համաձայնությունը, որը վերջնականապես երկիրը հասցրեց անիշխանության և պառակտման: Իսկ երբ չի գործում իշխանությունը, գործում է հրացանավոր մարդը, գործում են զինված բանդաները, որոնց կարգախոսն էր «Մահ մոսկալներին», այսինքն` ռուսներին, հրեաներին։ Նման ֆաշիստական հայտարարություններով էլ եկան «իշխանության»:
-Ի տարբերություն մյուս երկրների, ՈՒկրաինայում Արևմուտքը շատ ակտիվ էր, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Աշխարհը միաբևեռ դառնալուց հետո Արևմուտքը միշտ էլ աչքի է ընկել իր ակտիվությամբ՝ ցանկացած երկրում անհանդուրժողականություն և պառակտում մտցնելով, լոկալ պատերազմներ հրահրելով, իր շահերից ելնելով ինքնիշխան պետություններ ոչնչացնելով: Իրենց նպատակին հասնելու համար նրանք մշակել և սահմանել են «ժողովրդավարության» սեփական հասկացությունը, ինչն իրենից ներկայացնում է «տրոյական ձի», որը ցանկացած ճանապարհով կարողանում են տեղադրել ցանկացած երկրում: Այդպես քայքայեցին Հարավսլավիան, ռմբակոծեցին Սերբիան, «արաբական գարունով» տրոհեցին հզոր արաբական աշխարհը: Մինչև այսօր էլ հարյուրավոր մարդիկ են զոհվում Իրաքում, Թունիսում, Եգիպտոսում, ի՞նչ է, այնտեղ հաստատվել է «ժողովրդավարությո՞ւն»: Սա մաքուր անգլիական սպանություն է, այսինքն, հարազատները, արյունակիցներն իրար են սպանում, իսկ իրենք «խաղաղարարի», «մարդասերի» դիմակով են հանդես գալիս: Ո՞վ թույլ տվեց ոչնչացնել Իրաքը, ինչո՞ւ այսօր Բուշին ու Բլերին պատասխանատվության չեն կանչում, որոնք շինծու պատրվակով զորք մտցրին այդ երկիր և քանդեցին այն:
Երբ ԱՄՆ-ն ցանկացավ ռմբակոծել Սիրիան, Ռուսաստանը հասկացրեց, որ ձևավորում է 2-րդ բևեռ, որը խիստ անհրաժեշտ է աշխարհին: Արևմուտքը որոշեց տաք պատերազմ կազմակերպել հենց Ռուսաստանի քթի տակ՝ իրար դեմ հանելով երկու եղբայր ժողովուրդներին՝ ռուսներին և ուկրաինացիներին: Երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը թույլտվություն ստացավ անհրաժեշտության դեպքում զինված ուժերը երկրից դուրս գործողության մեջ դնելու, արևմտյան լրատվամիջոցները մեծ վայնասուն բարձրացրին ամբողջ աշխարհում, կազմակերպեցին բողոքի ցույցեր տարբեր երկրներում Ռուսաստանի դեսպանության առջև: Որոշ երկրներ հետ կանչեցին իրենց դեսպաններին և սպառնացին Ռուսաստանի նկատմամբ կիրառել խիստ տնտեսական պատժամիջոցներ, բացի այդ, բացահայտ սկսեցին ռազմական ուժի ցուցադրումը Սև ծովում, որին, ինչպես միշտ, միացավ մարդկության մաշկի վրա որպես պալարախտ գոյացած թուրքական պետությունը: Որտե՞ղ եք դուք, կեղծ մարդասերներ, երբ Սիրիայում իսկական սպանդ է տեղի ունենում, երբ մի ամբողջ քրիստոնեական ժողովուրդ է ենթարկվում բնաջնջման:
Իսկ այն մտավախությունը, թե հնարավոր է, որ ուկրաինական զարգացումները հանգեցնեն համաշխարհային պատերազմի, կարծում եմ, անհիմն է. նախ՝ նման պատերազմում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, այլ դա կլինի ինքնաոչնչացման պատերազմ: Բացի այդ, կա Արևմուտքն իրենց «բռան մեջ» պահող մարդկանց գործոնը, նրանք մեծ հարստությունների տեր են և ցանկացած քայլի կդիմեն այդ հարստությունը պահելու համար: Դժվար թե նրանք գնան իրենք իրենց ոչնչացնող պատերազմի: Արդյո՞ք ռուսներն ուզում են պատերազմ: Ռուսաստանը նույնպես չի գնա ակտիվ գործողությունների, որը մեծ պատերազմի վտանգ կստեղծի, բայց եթե այն պարտադրեն, նա չի էլ փախչի:
-Այսօր, թերևս, ուկրաինական դեպքերից առավել շատ խոսվում է Ղրիմի կարգավիճակի մասին: Մեզանում այս հարցն ավելի խորությամբ է ընկալվում, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի հետ նմանություններ կան:
-Ըստ Արևմուտքի, կոսովոցիների «կառուցվածքն» այնպիսին է, որ նրանք իրավունք ունեն անկախանալու, կամ էլ նրանց անկախությունը բխում է Արևմուտքի շահերից, իսկ Օսիայի, Աբխազիայի, Ղրիմի, Ղարաբաղի բնակիչների «կառուցվածքն» այնպիսին չէ՞, որ նրանք իրավունք ունենան անկախ լինելու, թե՞ նրանց անկախությունը չի բխում Արևմուտքի շահերից: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնախնդրին, այո, կան և՛ նմանություն, և՛ տարբերություն: Ինչպես մենք` հայերս, պաշտպան կանգնեցինք Ղարաբաղի հայությանը և փրկեցինք ոչնչացումից, այնպես էլ ռուսները պաշտպան են կանգնում իրենց արյունակիցներին, ռուսներին` փրկելու ստորացումից, ոչնչացումից: Պարզ է մի բան՝ անկախության ձգտող ամեն մի ազգային փոքրամասնություն իրավունք ունի ապրելու ինչպես ինքն է ցանկանում, դա չպետք է կախված լինի ինչ-որ պետությունների ճանաչել-չճանաչելու ցանկությունից: Ցավոք, Ռուսաստանի դիրքորոշումը մինչ օրս Ղարաբաղի հարցում չի դրսևորվում այնպես, ինչպես Օսիայի, Աբխազիայի դեպքում էր: Ղրիմի ճանաչումը Ռուսաստանին բարոյապես պարտավորեցնում է ընդունելու Ղարաբաղի անկախությունը: Եթե Արևմուտքին մեղադրում ենք, թե ինչու Կոսովոն ճանաչում է, իսկ Ղարաբաղը ոչ, նույն մեղադրանքը կարող ենք նաև Ռուսաստանին հասցեագրել, թե ինչու Ղրիմի և մյուսների անկախությունը ճանաչում է, իսկ Ղարաբաղինը` ոչ: Չէ՞ որ նույն իրավիճակն է:
-Այսօր մեզանում կա «հեղափոխականորեն» տրամադրված մի զանգված, որը կարծում է, թե Հայաստանում էլ պետք է Մայդան լինի, քանի որ այնտեղ հաղթեց ժողովուրդը: Այս կարծիքը ինչպե՞ս կմեկնաբանեք:
-ՈՒկրաինայում հաղթեց զինված ագրեսիվ տարրը և ոչ ուկրաինական ժողովուրդը, որը չի բերի ո՛չ միասնություն, ո՛չ էլ խաղաղություն ՈՒկրաինային: Հայաստանում Մայդան չի կարող լինել, որովհետև մենք մայդանափորձ ապրեցինք 2008-ի Մարտի 1-ին, որը բոլորիս ողբերգությունն էր:
-Դասեր քաղեցի՞նք այդ ողբերգությունից:
-Հայ ժողովուրդը շատ զգույշ է երկրի անվտանգության հարցերում: Դժվար թե անգամ այս պայմաններում, երբ շատ դժգոհություններ ունենք, գնանք նման ծայրահեղությունների: Հիշեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչպես էր մարդկանց գրգռելով հանում փողոց Մարտի 1-ից առաջ և ինչ էր ասում վերջին ելույթում: Գուցե ինքն էլ է հասկացել, որ մարդկանց իրար դեմ հանելը, արյուն թափելը ամենակործանարարն են երկրի համար: Այստեղ պարտվելու ենք բոլորս: Դժգոհությունները պետք է լուծել պետական ինստիտուտների մակարդակով, հետևողական հարցադրումների, քննարկումների, խաղաղ ցույցերի, երթերի միջոցով:
-Ինչպե՞ս ստիպել իշխանություններին իրական բարեփոխումների ճանապարհով գնալ:
-Մենք դժվար ճանապարհ ենք անցել և դեռ մեծ աշխատանք ունենք կատարելու սոցիալական արդարության հասնելու ճանապարհին: Անկախության առաջին օրվանից իշխանության ղեկն իրենց ձեռքը վերցրին մարդիկ, որոնք երկրի տնտեսությունը և սոցիալական արդարությունը պահպանելու պատասխանատվություն չունեցան: Տնտեսության մեջ թույլ տվեցին մեծ սխալներ, որոնք այսօր էլ շարունակվում են որոշ ճյուղերում: Իշխանությունները կատարում են տնտեսության վիճակը բարելավելու որոշակի քայլեր, բայց դրանց բավարար լինելու մասին դեռ վաղ է խոսելը: Հնարավոր չէ մեկ հարվածով լուծել բոլոր խնդիրները: Իշխանությունները չեն կարող անտեսել ժողովրդի աճող դժգոհությունը, պետք է լուծում գտնել, հակառակ դեպքում ստիպված կլինեն ժողովրդի պահանջով կամովին հեռանալ: Մեր տնտեսական վիճակի բարելավման գործում առաջնային դեր կունենա Մաքսային միությանն անդամակցությունը:
-Հայաստանի տնտեսության համար ի՞նչ հեռանկարներ կան այդ միությունում:
-Մեծ տնտեսական գործունեություն ծավալելու դաշտ ենք մտնում: Հայն իր նախաձեռնությամբ միշտ էլ առաջատար է եղել: Ամբողջ մաքսային շուկան մեզ համար դառնալու է տնտեսական գոտի: Կարող ենք խելացի օգտագործել մեր ներուժը և մեծացնել մեր հնարավորությունները: Որոշ էներգակիրների ցածր գներով ներկրումը կխթանի արտադրության զարգացման տեմպերի աճը: Մեր թարմ և պահածոյացված գյուղմթերքների արտահանման ծավալների աճը կխթանի դրանց արտադրության ընդլայնումը, մենաշնորհների կրճատումը, որը կբերի նաև գյուղատնտեսական հողերի արդյունավետ և ինտենսիվ մշակման: Մաքսային միության մեջ մտնելով՝ մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետ, համալիր մշակելու մեր օգտակար հանածոների հանքավայրերը, որը տնտեսությանը մեծ եկամուտներ կբերի: Կառավարությունը մշակում է ՄՄ-ի մեջ մտնելու ճանապարհային քարտեզը, որը մայիսին պետք է ընդունվի ՄՄ անդամների կողմից, դրա հրապարակումից պարզ կդառնան այն առավելությունները, որոնք մենք կունենանք ՄՄ-ին միանալուց:
-ԵՄ-ի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են լինելու։
-Ո՛չ ԵՄ-ը, ո՛չ էլ մենք չենք խուսափում համագործակցելուց, քանի որ դա բխում է երկուսի շահերից էլ, առանց հակադրվելու Մաքսային միությանը: Չէ՞ որ Մաքսային միության անդամները, հատկապես Ռուսաստանը և Ղազախստանը, ակտիվ համագործակցում են ԵՄ-ի հետ: Մենք մեր համագործակցությունը կարող ենք իրականացնել նաև Մաքսային միության միջոցով: Այնպես որ, եվրոպական շատ արժեքներ ընդունելի են մեզ համար:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ